ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՎՈՐԵԼ ԱՆԳԼԵՐԵՆ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԼԵԶՎԱԿՐԻ ՀԵՏ ԶՐՈՒՑԵԼՈՎ

Անգլալեզու զրուցակից գտնելը շատ հեշտ է ահա այս սոցիալական ցանցերում, որոնք նախատեսված են հենց լեզուներ սովորելու համար: Դրանց միջոցով դուք նաև կգտնեք բազմաթիվ ընկերներ՝ աշխարհի ամենատարբեր անկյուններում:

16856
ինչպես սովորել անգլերեն սոց. ցանցերում

Ինչպե՞ս սովորել անգլերեն սոցիալական ցանցերից չկտրվելով: Լեզվակրի հետ զրուցելը ոչ միայն հետաքրքիր, այլև չափազանց օգտակար է և ցանկացած լեզու սովորելու համար ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է համարվում:

8 լեզվական ուղղվածության սոցիալական ցանց, որտեղ կարող եք ոչ միայն սովորել ինքներդ, այլև սովորեցնել, եթե գիտեք մեկ այլ լեզու, որը ցանկանում են սովորել սոց. ցանցի օգտատերերը:

SHARED TALK

SharedTalk-ը ամենատարածված սոց.ցանցերից է գիտելիքների փոխանակման և օտար լեզուներ սովորելու համար: Սկզբունքը շատ պարզ է. սովորեցրեք ինչ-որ մեկին ձեր լեզուն, և մեկ ուրիշը ձեզ կսովորեցնի այն լեզուն, որը ցանկանում եք:

Կայքը պատրաստված է լեզուների ուսուցման ամենահայտնի էլեկտրոնային համակարգերից մեկի՝ Rosetta Stone-ի կողմից: Բավական է գրանցվել, նշել, թե ինչպիսի զրուցակից եք փնտրում, նշել ձեր մայրենի լեզուն և այն լեզուն, որը ցանկանում եք սովորել և կայքը կներկայացնի հնարավոր բոլոր թեկնածուներին՝ երկրի, տարիքի, սեռի մասին ինֆորմացիայով ու համառոտ կենսագրությամբ:

LANG-8

Lang-8-ը մեկ այլ նմանատիպ ռեսուրս է նույն սկզբունքով՝ «Դու՝ ինձ, ես՝ քեզ»: Այստեղ լեզվակիրները նաև շատ լավ հետևում են ուղղագրությանը: Դուք կարող եք ձեզ համար գտնել խոսակցական անգլերեն սովորեցնող մեկին, փոխարենը՝ ուղղել սխալները օգտատերերից մեկի գրավոր տեքստերում: Այս ցանցում գրանցված են օգտատերեր աշխարհի 190 երկրներից:

ITALKI

italki-ն հնարավորություն է տալիս լեզուն լավ իմացողներին դառնալ իսկական դասավանդողներ, դասախոսությունների ժամատախտակ ունենալ և սովորեցնել ցանկացողներին: Իհարկե, պրոֆեսիոնալ դասախոսների հետ պարապելու համար հարկավոր է վճարել՝ մեկ կուրսի համար $1-ի չափով: Մինչդեռ զրուցակից գտնելու, շփման, գրառումներ կատարելու, հարցեր տալու և ճիշտ պատասխաններ ստանալու,  քննարկումներ վարելու և ուրիշների աշխատանքներում ուղղումներ անելու համար վճարելու կարիք չկա:

INTERPALS

Interpals-ը լեզվակրի հետ շփման և «լեզուների փոխանակման» ամենամեծ ցանցերից մեկն է, որտեղ գրանցված են օգտատերեր ամենատարբեր երկներից: Ներառված է ավելի քան 100 լեզու:

EASY LANGUAGE EXCHANGE

Easy Language Exchange-ը համեմատաբար նոր, բայց շատ լավ համակարգված ռեսուրս է: Այստեղ հայերենը դեռ ներառված չէ, սակայն եթե այն ձեզ դուր գա, կարող եք փորձել օգտագործել ձեր գիտելիքներն այլ լեզուներում:

LIVEMOCHA

Livemocha-ն ամենամեծ ռեսուրսներից մեկն է: Իր մեջ ներառում է վերը նշված կայքերի հիմնական հնարավորությունները: Այստեղ վճարովի են անհատական պարապմունքներն ուսուցիչների հետ, որոնց հենց ինքներդ կարող եք ընտրել: Ամսական վճարելով $9,99 դոլար՝ ձեզ հասանելի կդառնան նաև կայքի բոլոր կրթական նյութերը:

MY LANGUAGE EXCHANGE

Mylanguageexchange-ը ևս մեկ մեծ սոց. ցանց է, որտեղ նաև բավական մեծ թվով հայեր են գրանցված: Կայքի ինտերֆեյսը հնաոճ է, բայց ռեսուրսների տեսականին բավական հագեցած է: Այստեղ կա ոչ միայն ձայնային, այլև տեքստային չատ, գրադարան, թարգմանություններ, բառային խաղեր և այլն: Կայքում ներառված է 115 լեզու: Զրուցակցի ընտրությունը կարող եք անել ինքնուրույն՝ ըստ ձեզ հետաքրքրող չափանիշների:

BUSUU

Busuu  համակարգը ստեղծել են 36-ամյա Ադրիանը Լիխտեյնշտեյնից և 31-ամյա Բեռնարը Ավստրիայից: Նրանցից յուրաքանչյուրն արդեն իր 4-րդ լեզուն էր ուսումնասիրելում, երբ երիտասարդները հասկացան, որ ցանկանում են ունենալ լեզուների ուսուցման ալտերնատիվ տարբերակ, որը կլինի հետաքրքիր, անվճար և հնարավորություն կտա լեզվակրի հետ միասին աշխատել բնագրի վրա: Կայքում վճարովի սկզբունքով հասանելի են միայն տեսադասերը, թեստերը և լեզվի իմացությունը հաստատող սերտիֆիկատը, որոնց համար պետք է վճարել ամսական 5 եվրոյի չափով: Ներառված լեզուներն այս պահին 12ն են:

Իրականում այս ռեսուրսները բավական նման են միմյանց և ունեն հիմնականում նույն գործիքները: Ձեզ մնում է միայն ընտրել այն մեկը, որը ամենից շատ է ձեզ գրավում: Իսկ լավ ընկեր կամ զրուցակից գտնելով այս սոց.ցացներից մեկում՝ պարզապես կարող եք շարունակել ձեր շփումը Skype-ով կամ Facebook-ով:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին