7 ՄԻՋՈՑ ԶՐՈՒՑԱԿՑԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մեր ժամանակներում պարզապես անհնար է ապրել առանց մեծ ու փոքր ստերի: Ամեն օր մենք ստում ենք, և մեզ նույնպես ստում են: Բայց կարողանալ տարբերել սուտը ճշմարտությունից, հասկանալ մարդու իրական մտադրությունները, հմտություն է, որը կարող է պետք գալ յուրաքանչյուրիս:

9840
ինչպես բացահայտել զրուցակցի իրական դեմքը

«Ստի հայտնագործումը» ֆիլմը (The Invention of Lying, 2009) պատմում է մի աշխարհի մասին, որտեղ ոչ ոք ստել չգիտի: Մի օր բնակիչներից մեկի ուղեղում ինչ-որ բան «փչանում է», և նա ասում է առաջին սուտը: Թե ինչ է լինում առաջին ստից հետո, կիմանաք՝ ֆիլմը դիտելով: Իսկ մենք առաջարկում ենք խոսել այն միջոցների մասին, որոնք կօգնեն պարզել դիմացինի իրական դեմքը:

ՀԵՏԵՎԵՔ ՄԱՐԴՈՒՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՊԱՀԵՐԻՆ

Երբ մարդը լարված է կամ կրիտիկական իրավիճակում է գտնվում, նա չի կարող ստել կամ «դերեր խաղալ»: Նա գործում է այնպես, ինչպես հուշում են նրան բնազդները, նա պարզապես ժամանակ չունի դիմակ հագնելու համար: Հիշեք ուսանողական տարիները, ձեր ուսանողական ընկերներից քանի՞սն են այդպես «բացահայտվել» քննությունների ժամանակ:

ՀԵՏԵՎԵՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՆԱ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ

Մարդիկ, ովքեր չարացած են աշխարհի դեմ, ամենից առաջ փորձում են ստորացնել սպասարկող անձնակազմին՝ մատուցողներին, հավաքարարներին, վաճառողներին և այլն: Եթե մարդը մատուցողին կանչում է սուլելով, ապա դա վկայում է նրա վատ բնավորության ու անկրթության մասին:

Նա կարող է լինել քաղաքավարի իրենից ավելի բարձր դիրքում գտնվող մարդու հանդեպ կամ նրանց հանդեպ, ումից շահ ունի, բայց փորձելով ինքնահաստատվել սոցիալական ցածր դիրքով մարդու միջոցով՝ նա բացահայտում է իր իրական դեմքը:

ՀԵՏԵՎԵՔ ՄԱՐՄՆԻ ԼԵԶՎԻՆ ԵՎ ԻՆՏՈՆԱՑԻԱՅԻՆ

Սուտ խոսող մարդկանց սովորաբար մատնում են հետևյալ նշանները՝ դադարները զրույցի ընթացքում, աչքերը փախցնելը հարցի պատասխանելիս, խոսակցության թեման փոխելը, արդարանալով խոսելը անգամ այն ժամանակ, երբ ոչ ոք իրենց չի մեղադրում, դեմքին հաճախակի դիպչելը և այլն: Պարտադիր չէ հետևել դիմացինի ամեն ժեստին, բայց այս ամենն ավելի ակնհայտ է դարձնում դիմացինի ոչ անկեղծ լինելը:

ԲԱՄԲԱՍԵՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բոլորս էլ այս կամ այն չափով սիրում ենք բամբասել: Կան նաև մարդիկ, ովքեր ցավոք չունեն չափի զգացում: Խոսելով ընդհանուր ծանոթների մասին՝ դուք կիմանաք, թե որքան են տարբերվում ձեր զրուցակցի իրական մտքերն ու ցուցադրական պահվածքը այդ մարդկանց հետ դեմ առ դեմ լինելիս: Այն, թե ինչպես է նա խոսում այլ մարդկանց մասին, ձեզ պարզ ցույց կտա, որ նույն հաջողությամբ բամբասանքի հերոս կարող եք դառնալ դուք:

ՊԱՐՏՔՈՎ ԳՈՒՄԱՐ ԽՆԴՐԵՔ ԿԱՄ ՏՎԵՔ

Թեև ընկերներից գումար պարտք անելուց և գումար պարտքով տալուց արժե առհասրակ խուսափել, այնուամենայնիվ, եթե ուզում եք հասկանալ դիմացինի իրական էությունը, այս տարբերակը հրաշալի միջոց է դա պարզելու համար: Սակայն հաշվի առեք, որ այն նաև հարաբերություններ փչացնելու ամենալավ միջոցներից մեկն է:

ՃԱՆԱՊԱՐՀ ԳՆԱՑԵՔ ՆՐԱ ՀԵՏ

Որոշակի ժամանակ անցկացնելով տվյալ մարդու հետ, ճանապարհորդության մեկնելով, միևնույն սենյակում մնալով՝ դուք այնքան բան կիմանաք նրա մասին, որ ձեզ համար անմիջապես պարզ կդառնա՝ ուզում եք, որ այդ մարդը շարունակի դեր խաղալ ձեր կյանքում, թե ոչ:

ԳԱՂՏՆԻՔ ՊԱՏՄԵՔ ՆՐԱՆ

Մարդուն պատմելով ձեր գաղտնիքը՝ դուք կհասկանաք՝ արդյոք կարողանում է նա գաղտնիքներ պահել, թե ոչ: Եթե դուք արդեն իսկ չեք վստահում նրան, ապա պատմեք ինչ-որ հորինված գաղտնիք և ստուգեք՝ կվազի՞ նա բոլորին պատմելու այդ մասին, թե՞ ոչ: Այսպես դուք կարևոր գաղտնիքով կիսվելիս չեք սխալվի վստահելի զրուցակցի ընտրության հարցում:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին