ՍԱՐՍԱՓԵԼԻ ՔՆՆԱՇՐՋԱՆ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Կապ չունի գերազանցիկ ուսանող եք դուք ու ամեն դասի կազմ-պատրաստ եք լինում, թե ձգած 3-ով (կամ 8-ով) սովորող, որ փորձում է ամեն անգամ «պլստալ»: Միևնույն է, քննաշարջանի մոտենալու հետ բոլորի սիրտն էլ դող է ընկնում:

10822
ինչպես պատրաստվել քննություններին

ԻՆՉՊԵՍ ԵՔ ՍՈՎՈՐԱԲԱՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 

1 ԱՄԻՍ ԱՌԱՋ: Սովորաբար դասախոսները քննական հարցաշարը տալիս են մեկ ամիս առաջ: Այդ մեկ ամսվա ընթացքում դուք ժամանակ առ ժամանակ մտածում եք, որ լավ կլիներ գոնե մի քանի հարց արդեն սկսել սովորել: Բայց ձեր մեջ ապրող ծույլ «ես»-ը համոզում է ձեզ, որ դուք դա դեռ կհասցնեք ու հիմա ավելի կարևոր գործեր ունեք անելու:

8-9 ՕՐ ԱՌԱՋ: Այս պահից դուք սկսում եք հետհաշվարկը: «8 օ՞ր: Հրաշալի է, դեռ շատ ժամանակ կա»: «7: 1 շաբաթում հաստատ ամեն ինչ կհասցնեմ»: «6 օ՞ր: Իդեալական է»: «5: Շատ լավ օր է սկսելու համար»: «4: Դե վերջ, սկսում ենք պարապել»: «3: Ի՜նչ սարսափելի ճակատագիր ունեմ ես»,- մտածում եք դուք քննությունից երեք օր առաջ ու սկսում բոլորի գլուխը տանել ձեր ծանրաբեռնվածության մասին բողոքներով ու չեք մոռանում, իհարկե, Ֆեյսբուքում տխուր ու հուսահատ գրառումների մասին:

2 ՕՐ ԱՌԱՋ: Դուք փորձում եք հիշել՝ ուր եք դրել հարցաշարը, խուճապահար փնտրում եք դասախոսությունների տետրը կամ զանգահարում եք համակուրսեցիներին՝ նրանց տետրերը պատճենահանելու համար: Ի վերջո, երեկոյան նստում եք համակարգչի առաջ ու պատասխանները որոնում Google-ում: Հարցերի 40%-ի պատասխանները այդպես էլ չգտնելով՝ որոշում եք գնալ քնելու և ինքներդ ձեզ խոստանում եք, որ կարթնանաք առավոտյան ժամը 7-ին ու մինչև ուշ գիշեր կպարապեք:

1 ՕՐ ԱՌԱՋ: Ձեր հույսերն ի դերև են ելնում, որովհետև ձեր առավոտը սկսվում է ոչ թե ժամը 7-ին, այլ 11-ին: Բացի այդ պարզվում է, որ դա ամենահրաշալի օրն է ամբողջ ամսվա ընթացքում. դուք ուզում եք մաքուր օդ շնչել, կարոտում եք ընկերներին ու բարեկամներին, հիշում եք ինչ-որ լավ ֆիլմի մասին, մի խոսքով, անում եք ամեն ինչ, միայն թե չսկսեք պարապել:

Երեկոյան ժամը 7-ին ի վերջո հասկանում եք, որ էլ չեք կարող ժամանակ ձգել: Ամեն ինչ շարում եք իրար վրա ու փորձում կարդալ, ամեն 15 րոպեն մեկ մտնում եք Facebook ու, համակուրսեցիներից մեկին ցանցում տեսնելով, թեթևացած շունչ եք քաշում:

Գիշերը ժամը 4-ին դուք հասկանում եք, որ քնելն արդեն անիմաստ է…

Եվ ահա դուք արդեն քննասենյակում եք, քաշում եք տոմսը, փորձում հիշել թեմայի հետ առնչվող գիտելիքներ, որոնք սովորել եք տարվա ընթացքում կամ դպրոցում, լսել եք պատահաբար կամ աչքի եք անցկացրել նախորդ օրվա ընթացքում: Պատասխանում եք, ստանում գանհատական, որը ոչ միշտ է վատը լինում և վերջ…

Հասնում եք տուն, քնում 5-6-7 ժամ, իսկ հետո արթնանում տարօրինակ ու խառը զգացողություններով՝ ո՞վ եմ, որտե՞ղ եմ ես, ինչո՞ւ ես…

«Ես հանձնեցի, ես կարողացա դա անել» մտքի փոխարեն մեր ուղեղում միայն մեկ միտք է. այն, որ մենք պարզապես հոգնած ենք:

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ինչպես պատրաստվել քննություններին

Սկսում ենք պարապել նախօրոք

Որպեսզի խնայեք ձեր նյարդերը (իսկ դրանք, հավատացեք, ձեզ դեռ պետք են գալու), անհրաժեշտ է սկսել պարապելը քննությունից 2 շաբաթ առաջ: Սովորելու գործընթացը սկսելուց առաջ պետք է աչքի անցկացնել հարցերը և գտնել ընդհանրություններ նրանց մեջ: Փորձը ցույց է տալիս, որ հարցերի 20%-ը շատ նման են լինում իրար, այնպես որ մեկի պատասխանը կարող է ընդհանուր առմամբ համապատասխանել նաև մյուսին:

Մի քանի բառ ծածկաթերթիկների մասին

Ծածկաթերթիկներ գրել ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է: Բայց դրանք պետք է գրել, այլ ոչ թե պատճենահանել համակուրսեցիներից կամ ներբեռնել ինտերնետից: Երբ դուք թղթի փոքրիկ կտորի վրա փորձում եք տեղավորել 3 տպագիր էջը, ապա դուք սովորում եք ընտրել ամենակարևորը: Իսկ ահա դրանցից օգտվելու կարիք դուք շատ հնարավոր է այդպես էլ չունենաք, որովհետև ձեր մեխանիկական հիշողությունը հրաշալի գործում է, և դուք կկարողանաք վերարտադրել ինֆորմացիան առանց հուշումների:

Հավանականության տեսության մասին

Եթե դուք սովորել եք 70 հարցից ընդամենը 2-ը, ապա շատ մեծ է հավանականությունը, որ ձեզ կընկնեն հարցեր, որոնք դուք չգիտեք: Հենց դրա համար պետք է գոնե մեկ անգամ կարդալ բոլոր հարցերի պատասխանները: Չէ՞ որ աշխարհի ամենատհաճ իրավիճակներից մեկն այն է, երբ դու գաղափար անգամ չունես հարցի մասին ու կանգնած ես՝ այդ հարցով տոմսը ձեռքիդ:

Քննության նախորդ օրը հանգստի օրն է

Եթե քննության նախորդ օրերին արդյունավետ պարապել եք, ապա վերջին օրը պետք է կազմակերպել արժանի հանգիստ ձեզ համար: Օրն անցկացրեք բնության գրկում կամ հանդիպեք ընկերների հետ, մանկության սիրելի գիրքը կարդացեք, մի խոսքով, ինչ-որ հաճելի գործով զբաղվեք: Պետք է շուտ պառկել քնելու, լավ հանգստանալ և ուժեր հավաքել քննությունը հաղթահարելու համար:

Լավ տրամադրվածություն

Եթե կարծում ես, որ դու կարող ես, դու ճիշտ ես. եթե կարծում ես, որ չես կարող, դու նույնպես ճիշտ ես:

Հենրի Ֆորդ

Ոչ պակաս կարևոր դեր ունի քննության համար ձեր հոգեբանական տրամադրվածությոնը: Վստահ եղեք ձեզ վրա, ժպտացեք, պատասխանելիս մի թաքցրեք ձեր հայացքը, այլ նայեք դասախոսի աչքերին: Հետևեք ձեռքերին. դրանք մատնում են ձեր հուզմունքը: Եթե անընդհատ ինչ-որ բան եք ձեռքում պտտելու, կամ «կոտրատելու» եք ձեր մատները խոսելու ընթացքում, ավելի լավ է առասարակ թաքցնել ձեռքերը սեղանի տակ:

Ամենակարևորը ձեր ուղեղում պետք է պտտվի այն միտքը, որ ձեզ մոտ հրաշալի ստացվելու է ամեն ինչ: Եվ մի՞թե այլ կերպ հնարավոր է:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին