ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ. ՋՈԱՆ ՌՈՈՒԼԻՆԳԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այն մասին, թե ինչպես աշխարհի ամենահարուստ գրողներից մեկը կորցրեց ամեն ինչ ավելի շատ բան ձեռք բերելու համար:

7618
Ջոան Ռոուլինգի հաջողության պատմությունը

Երիտասարդ հրաշագործ Հարրի Փոթերի մասին առաջին գրքի հրատարակումից առաջ հրատարակիչները նրան առաջարկեցին թողնել անվան սկզբնատառերը, քանի որ կին հեղինակի աշխատանքը կարող էր վախեցնել տղամարդկանց լսարանին: Գրքի վրա հայտնվեց միայն J.K.Rowling գրառումը: Սակայն երբ գիրքը տարածվեց ամբողջ աշխարհում և միլիոնավոր օրինակներով տպագրվեց, ոչ ոք արդեն սեռական պատկանելության մասին չէր էլ մտահոգվում: Մարդիկ միայն սպասում էին պատմության շարունակությանը…

Ջոան Ռոուլինգը գրում է վաղ մանկությունից: Իր առաջին հեքիաթը պարոն Ճագարի և տիկին Մեղվի մասին գրել է փոքրիկ քրոջ խնդրանքով՝ 5 տարեկանում: Վաղ տարիքում արդեն պարզ էին նրա հետաքրքրությունները՝ գրականություն և լեզուներ: Դպրոցում նրա աշխատանքները կարդում էին ամբողջ դասարանի առաջ, բայց, միևնույն է, նա մեծանում էր ամաչկոտ ու ներամփոփ, և դասընկերները նրան հիշում էին որպես աղջիկ, որ ապրում է իր երևակայական աշխարհում և անընդհատ գրառումներ է անում տետրերի մեջ:

Երբ Ջոանը 15 տարեկան էր, նրա մայրը հիվանդացավ ցրված սկլերոզով և 10 տարի պայքարելուց հետո մահացավ: Այս ողբերգությւոնը ծանր հետք թողեց գրողի հոգում.

«Ամենից շատ ես ցավում եմ այն բանի համար, որ մայրս այդպես էլ չիմացավ, որ ես ի վերջո գրող դարձա: Ես նրան ոչինչ չեմ պատմել Հարրի Փոթերի մասին, սակայն, վստահ ե, որ մայրս շատ կհավաներ նրան»,- պատմում է Ջոան Ռոուլինգը Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում:

Մոր մահից հետո Ջոանը որոշեց կյանքը սկսել մաքուր էջից և մեկնեց Պորտուգալիա՝ անգլերեն դասավանդելու: Այստեղ նա ծանոթացավ իր առաջին ամուսնու հետ: Ամուսնությունից մեկ տարի անց ծնվեց նրանց աղջիկը՝ Ջեսսիկան, իսկ ևս մի քանի անց ամուսինը նորածին երեխայի հետ Ջոանին դուրս արեց տնից:

Առանց գումարի, առանց աշխատանքի և ընտանիքի Ջոանը վերադարձավ Մեծ Բրիտանիա: Հոր հետ Ջոանը չէր շփվում մոր մահվանից հետո, հարազատներից նրա կողքին էր միայն կրտսեր քույրը՝ Դին: Ջոանն աղջկա հետ ապրում էր 70 ֆունտ նպաստով, որը հազիվ բավարարում էր փոքրիկ բնակարանի վարձը վճարելու և ամենէժան սնունդը գնելու համար:

«Ես ինձ համարում էի աշխարհի ամենամեծ անհաջողակը, որին առհասարակ հնարավոր էր գտնել ամբողջ աշխարհում»,– հիշում է Ջոանը: Ամուսնալուծությունը նրա հոգեկան աշխարհի վրա ծանր հետք էր թողել, Ջոանի մոտ խորը դեպրեսիա էր սկսվել:

Ջոան Ռոուլինգի հաջողության պատմությունը

Սակայն հենց այս դժբախտություններն էին, որ դարձան Հարրի Փոթերի գրքերի բանալին: Դժվար է հավատալ, որ այն գրողը, ով այսօր աշխատում է £77 մեկ րոպեում, համաձայնել է Հարրի Փոթերի մասին իր առաջին գրքի համար կանխավճար ստանալ ընդամենը £1500 (~$2300):

Bloomsbury ընկերությունը 13-րդ հրատարակչությունն էր, որին դիմել էր Ջոանը գրքի հրատարակման համար: Նախկին 12-ը մերժել էին նրան, իսկ Bloomsbury-ն համաձայնեց միայն այն պատճառով, որ հրատարակչության տնօրենի 8-ամյա աղջիկը՝ Ալիսա Նյուտոնը, կարդացել էր գրքի առաջին գլուխը և հայրիկից շարունակությունը պահանջել:

Ջոանի համար դա արդեն իսկ հաղթանակ էր: Եվ չնայած որ գիրքը հրատարակվեց ընդամենը 1000 օրինակով, որից 500-ը հրատարակիչը անվճար ուղարկեց գրադարաններ, «Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը» գիրքը ճանաչվեց Տարվա լավագույն մանկական գիրք Մեծ Բրիտանիայում:

ԱՄՆ-ում գրքի հրատարակման իրավունքները աճուրդում վաճառվեցին $100 000-ով: Ջոան Ռոուլինգը ամբողջությամբ կենտրոնացրեց իր ուժերը գրքի հաջորդ մասերի վրա և 2004 թվականին դարձավ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կինը:

Ջոան Ռոուլինգի հաջողության պատմությունը

Գրքի իրադարձությունները հորինված աշխարհում են տեղի ունենում, և այստեղ բարին ոչ միշտ է հաղթում չարին, սակայն գրքերը անհետանում են գրախանութներից վայրկենական արագությամբ՝ 7000 օրինակ 1 րոպեում: 2011 թվականին Ջոան Ռոուլինգը դարձավ առաջին կին գրողը, ով աշխատեց 1 միլիարդ դոլար իր ստեղծագործությունների միջոցով:

Այդ ժամանակներից հետո նա էլ չի հայտնվել միլիարդատերերի ցանկում, քանի որ իր եկամուտների մեծ մասը նա ուղղում է բարեգործությանը: Նա Volant Charitable Trust բարեգործական ընկերության հիմնադիրն է: Հիմնադրամը պայքարում է աղքատության դեմ, օգնում երեխաներին և ոչ ամբողջական ընտանիքներին, ինչպես նաև մարդկանց, ովքեր տառապում են ցրված սկլերոզով:

2015 թվականին Ջոանը դարձավ 50 տարեկան: Նա ներառված է Աշխարհի ամենաազդեցին կանանց հարյուրյակում և 2015 թվականի ամենաբարձր վարձատրվող գրողների ցանկում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Հարրի Փոթերի առաջին գրքի հրատարակումից հետո անցել է 18 տարի: Գրքի առաջին տպաքանակից մնացած գրքերը այսօր վաճառվում են ավելի քան $30 000-ով: Ռոուլինգն արդեն հրատարակել է գրքի 9 սերիա, շարքը դարձել է աշխարհի ամենավաճառվող պատմությունը՝ իր տեղը զիրջելով միայն Աստվածաշնչին, իսկ կինոտարբերակը՝ ճանաչվել է երկրորդը՝ բոլոր երկրներում հավաքված գումարի արդյունքով ($7,723 միլիարդ 8 ֆիլմի համար): Հարրի Փոթերի բրենդը գնահատվում է 15 միլիարդ դոլար: Ջոանը շարունակում է գումար աշխատել նաև գրքի էլեկտրոնային տարբերակից. ի դեպ, նա միակ գրողն է, ով կարողացել է հրատարակիչներից ստանալ իր ստեղծագործության էլեկտրոնային տարբերակի վաճառքի իրավունքը:

Ջոան Ռոուլինգի հաջողության պատմությունը

Նա ստանում է եկամուտ ոչ միայն գրքի սերիաների վաճառքից, այլև այն կոմերցիոն նախագծերից, որոնք այս կամ այն կերպ կապված են Հարրի Փոթերի հետ՝ ֆիլմերի հեղինակային հոնորարներ, հերոսների պատկերով արտադրանքից ստացվող գումարներ և այլն: Հրաշագործ տղայի մասին պատմությունները ընդհանուր հաշվով հեղինակին բերել են £545 միլիոն (ավելի քան $1 միլիարդ):

Հարրի Փոթերի գրքերը Ջոան Ռոուլինգի միակ հաջողված աշխատանքը չէ: 2012 թվականին նա տպագրեց «Պատահական թափուր հաստիք» վեպը՝ նախատեսված դեռահաս ու չափահաս տարիքի ընթերցողի համար: Գրքի համար նրան տրված կանխավճարը կազմեց $8 միլիոն: Վաճառքի առաջին 3 օրերին գրքի վաճառված օրինակների թիվը անցավ 1 միլիոնը:

Ավելի ուշ Ջոանը որոշեց հանդես գալ տղամարդու կեղծանունով և ևս երկու գիրք հրատարակեց՝ «Կկվի կանչը» և «Շերամ», և թեև երկրորդ վեպի հրատարակումից առաջ ճշմարտությունն ի հայտ եկան, Ջոանը շարունակեց հանդես գալ այդ անունով՝ Ռոբերտ Գելբրեյթ:

2008 թվականին Հարվարդի համալսարանի շրջանավարտների առջև ելույթ ունենալով՝ Ջոանը պատմում էր նրանց այն մասին, որ միշտ չէ, որ ստացվում է հենց առաջին փորձից.

«Ձեր տարիքում ինձ ամենից շատ աղքատությունը չէր անհանգստացնում, այլ անհաջողության մատնվելը: Պետք չէ վախենալ անհաջողություններից, դրանք անխուսափելի են: Հնարավոր չէ ապրել և չպարտվել: Թերևս դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դուք ապրում եք այնքան զգույշ, որ ըստ էության կարելի է ասել, չեք ապրում առհասարակ: Իսկ այդ դեպքում դուք միանշանակ անհաջողության եք մատնվում»:

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին