ԻՆՉՊԵ՞Ս ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Կադրերի ընտրությունը կազմում է բոլոր ընկերությունների աշխատանքային ծրագրերի պարտադիր մասը: Սակայն, կլինի այն ձեզ համար գլխացավանք ու ժամանակի կորուստ, թե ոչ, իրականում կախված է հենց ձեզանից:

7149
Ինչպես անցկացնել հարցազրույցներ

Նոր աշխատանքի ընդունված անձանց մասնագիտական որակներն ու մոտիվացիան իրականում մեծ ազդեցություն են ընկերության եկամուտների և աճի վրա: Այնպես որ, սա այն խնդիրներից մեկն է, որի վրա, անշուշտ, արժե ուշադրություն դարձնել:

Եվ այսպես, մենք ունենք թափուր հաստիքներ, սուղ ժամանակ և միևնույն ժամանակ բոլորովին ցանկություն չունենք ուսումնասիրել տանյակ կամ հարյուրավոր ռեզյումեներ և անցկացնել նույնքան հարցազրույցներ: Այդ դեպքում ինչպե՞ս արագ ու արդյունավետ կազմակերպել աշխատանքի ընդունման գործընթացը:

Այս մի քանի պարզ հնարքները կօգնեն արդյունավետ կազմակերպել աշխատանքի ընդունելության գործընթացը և գտնել ամենալավ թեկնածուներին:

Հայտարարության մեջ նշեք աշխատավարձի չափն ու աշխատանքի պայմանները

Եթե կա որոշված աշխատավարձի չափ տվյալ հաստիքի համար, ապա ցանկալի է նշել գոնե ստորին շեմը: Նույնը վերաբերվում է նաև այլ կարևոր մանրամասներին, օրինակ, շաբաթ օրն աշխատելուն, չկարգավորված գրաֆիկին և այլ պայմանների: Սա փոքր-ինչ կկրճատի ռեզյումեների հոսքը, դուք գործ կունենաք ձեր ընկերության «գրպանին համապատասխան» թեկնածուների հետ և հարցազրույցի ժամանակ ավելորդ ժամանակ չեք ծախսի:

Դասակարգեք նամակագրությունը

Այն ընթացքում, երբ համապատասխան ժամանակահատվածում ձեր էլ.փոստին ստանում եք աշխատանքի հայտերը, այնտեղ սարսափելի խառնաշփոթ է առաջանում: Կուտակված նամակները կարելի է դասակարգել՝ օգտվելով այս միջոցներից.

• Հայտարարության մեջ անպայման զգուշացրեք, որպեսզի նամակի թեմայի դաշտում գրեն հաստիքի վերնագիրը:
• Ֆիլտրերի միջոցով դասակարգեք նամակները՝ ըստ հաստիքների:
• Եթե ընկերությունը փոքր է, և չունի HR-մասնագետ, կարող եք նույն այդ ֆիլտրերի միջոցով ռեզյումեն ուղղորդել համապատասխան մասնագետին, ով որոշում է կայացնելու տվյալ թեկնածուի վերաբերյալ:

HR մասնագետին վստահեք միայն թեկնածուների ընտրության նախնական փուլը

Շատ ընկերություններում բոլոր հարցազրույցները անց է կացնում HR մասնագետը՝ համապատասխան բաժնի ղեկավարի հետ համաձայնեցված, իսկ երբեմն էլ չհամաձայնեցված հարցաշարով: Ստացվում է ժամանակի անտեղի վատնում:

Դրանից խուսափելու համար HR-մասնագետին հանձնարարեք անցկացնել միայն ռեզյումեների ընտրության փուլը, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև հեռախոսային հարցազրույցը:

Ընտրեք ճիշտ ժամանակ հարցազրույցի համար

Սովորաբար ընկերություններում երկուշաբթի և ուրբաթ օրերը այնքան էլ հարմար չեն հարցազրույցի համար: Ցանկալի է նաև հարցազրույցները նշանակել աշխատանքային օրվա վերջում, որպեսզի գործերը շատ չտուժեն:

Հարցազրույցի ժամանակ չափելի հարցեր տվեք

Ձեզ համար ավելի հեշտ կլինի պատկերացում կազմել թեկնածուի կարողությունների մասին, եթե նրանից ստանաք չափելի հարցերի պատասխաններ: «Քանի՞ տոկոսով են ավելացել վաճառքները Ձեր գործունեության արդյունքում», «Միջինը քանի՞ հաճախորդի եք սպասարկել մեկ օրում» և այլն: Այս հարցերն ավելի շատ են բացահայտում թեկնածուի տեղեկացվածությունն ու ներգրավվածությունը գործի մեջ:

Երբեք մի ստիպեք հարցազրույցի ընթացքում գրիչ վաճառել

Մի օգտագործեք այն բանաձևերը, որոնք հարցազրույցի թեմայով կարելի է գտնել համացանցում: Որքան դուք եք կարդում, թե ինչ հարցեր տալ հարցազրույցներին, այդքան էլ թեկնածուներն են տեղյակ, թե ինչպես պատասխանել դրանց: Հավատացեք, գրիչը կվաճառվի ամենաիդեալական տարբերակով:

Ավելի ճիշտ կլինի շեշտը դնել այն հարցերի վրա, որոնք հնարավորինս լավ կբացահայտեն թեկնածուին և կօգնեն ձեզ հասկանալ, թե որքանով նա կկարողանա իրականացնել իր առջև դրված պարտականությունները:

Փորձեք հասկանալ թեկնածուի հետաքրքրվածությունը

Այն, թե ինչպես է թեկնածուն պատկերացնում սեփական աշխատանքն ու անելիքները, և հենց ձեր ընկերության համար ինչ լուծումներ է տեսնում, ավելի շատ բան կարող է պատմել նրա մասին, քան նրա 5 էջանոց ինքնակենսագրությունը:

Նշանակեք փորձնական օր

Հարցազրույցի և փորձաշրջանի միջև ճիշտ կլինի սահմանել փորձնական օր (կամ նույնիսկ փորձնական կես օր), երբ թեկնածուն կկարողանա ավելի մոտիկից ծանոթանալ աշխատանքին և գործընկերներին, ինչպես նաև ավելի լավ ցուցադրել իր ունակությունները

Փորձեք հասկանալ թեկնածուի մարդկային տեսակը

Վատ մասնագետից միշտ հնարավոր է ստանալ լավ մասնագետ, իսկ վատ մարդուց երբեք լավ մարդ չի ստացվի:

Վստահ ենք, որ այս խորհուրդները կօգնեն ձեզ մի փոքր ավելի սիրել հարցազրույցները:

Լուսինե Նալբանդյան

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին