6 ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ ԱՌԱՋ ՃՇՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մինչև աշխատանքային հարցազրույցին ուղևորվելը պետք է նախապատրաստվել դրան հնարավորինս լավ, որովհետև, ինչպես ասում էր Օսկար Ուայլդը, դուք երբեք չեք ունենա երկրորդ հնարավորություն՝ առաջին տպավորություն թողնելու համար: Ահա 6 կարևոր հարց, որոնց պատասխանները ձեզ համար ճշտելով՝ դուք հրաշալի նախապատրաստված կլինեք հարցազրույցին:

9539
հարցեր հարցազրույցից առաջ

Եթե իմանաք, թե քաղաքի որ հատվածում է ընկերությունը, և ինչպես եք այնտեղ հասնելու, ում հետ եք զրուցելու և ինչպիսին է լինելու հարցազրույցը, ապա շատ ավելի ինքնավստահ կզգաք ձեզ: Եվ այսպես.

Ո՞Վ Է ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Գուցե հարցազրույցը անցկացնելու է ձեր ղեկավարը, գուցե HR մասնագետը կամ համապատասխան բաժնի աշխատակիցը: Դուք ձեզ շատ ավելի հանգիստ կզգաք, եթե իմանաք այդ մարդկանց անունները և պաշտոնները: Դուք կարող եք հարցնել այդ մասին հենց այն ժամանակ, երբ ձեզ կհրավիրեն հարցազրույցի: Հակառակ դեպքում կարող եք ուսումնասիրել ընկերության կայքը կամ սոցիալական ցանցերի էջերը:

Ի՞ՆՉ ՁԵՎԱՉԱՓՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Կան հարցազրույցի տարբեր տեսակներ՝ անմիջական հարցազրույց, թեստ, խմբակային առաջադրանք թեկնածուների համար և այլն: Չափազանց կարևոր է ճշտել նաև այս հարցի պատասխանը: Դա ձեզ կօգնի խուսափել տհաճ անակնկալներից, չէ՞ որ թեստի կամ այլ առաջադրանքի համար գուցե ձեզ հարկավոր լինի նախապես պատրաստվել և կրկնել որոշ տեղեկություններ, իսկ եթե ձեզ հնարավորություն են ընձեռելու ներկայացնել ինքներդ ձեզ, ապա կկարողանաք նախապատրաստել ձեր խոսքը:

ՈՐՔԱ՞Ն Է ՏԵՎԵԼՈՒ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Սա հատկապես կարևոր է այն դեպքերի համար, եթե մեկ օրում դուք ունեք մեկից ավելի նախատեսված հարցազրույց: Հնարավոր է հարցազրույցը լինի մի քանի փուլով, ձեզ հետ ցանկանան զրուցել տարբեր պաշտոնատար անձինք, օրինակ նախ՝ HR մասնագետը, հետո՝ գլխավոր տնօրենը: Կամ գուցե հարկ լինի սպասել արդյունքներին, ինչը նույնպես երկար տևի:

Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ՎԵՐՑՆԵԼ ՁԵԶ ՀԵՏ

Երբ իմանաք, թե ինչ ձևաչափով է անցնելու հարցազրույցը, արժե նաև տեղեկանալ՝ արդյոք կա անհրաժեշտություն ռեզյումեից բացի այլ փաստաթուղթ ներկայացնելու հարցազրույցին: Գուցե կարիք լինի ձեր պորտֆոլիոն ներկայացնել կամ ձեր նախկին ձեռքբերումների վկայականները: Եթե դատարկ ձեռքով գաք՝ չիմանալով, թե ինչ են ակնկալում հարցազրուցավարները, դա կարող է կտրուկ նվազեցնել ձեր հնարավորությունները աշխատանքի տեղավորվելու համար:

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

Եթե դուք մեքենայով եք ուղևորվելու տվյալ ընկերություն, արժե ճշտել այդ տարածքում կայանման տեղերի առկայությունը: Հաճախ մոտակա տարածքում կայանման տեղ գտնելը կարող է չափազանց շատ ժամանակ խլել: Համոզվեք նաև, որ այդ տարածքում տվյալ ժամին խցանումները խոչընդոտ չեն դառնա ձեզ համար: Հարցազրույցին ուշացած ժամանելը կարող է մեծ չափով փչացնել տպավորությունը ձեր մասին:

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԳՆՎԵԼ

Եթե հնարովորություն ունեք հարցազրույցից առաջ անցնելու ընկերության գրասենյակի կողքով, ապա կարող եք «աչքի պոչով» նայել, թե ինչպիսի հագուստ են կրում աշխատակիցները, ովքեր ելումուտ են անում գրասենյակ: Ընկերության ներսում գուցե ազատ ոճի հագուստ են կրում, և խիստ կոստյումով ներկայանալով՝ անհարմար վիճակում հայտնվեք:

Կամ էլ հակառակը. հնարավոր է՝ այդտեղ խիստ dress-code է գործում, և ջինսերով ու սպորտային բլուզով ներս մտնելով՝ դուք փչացնեք ձեր մասին առաջին տպավորությունը:

Ահա այս 6 հարցերի պատասխանները ձեզ համար ճշտելով՝ դուք կարող եք շատ ավելի վստահ քայլերով ուղևորվել հարցազրույցին: Խորհուրդ ենք տալիս նաև ծանոթանալ այն հաճախ հանդիպող սխալներին, որոնք թույլ են տալիս մարդիկ հարցազրույցի ընթացքում: Լավ նախապատրաստվելու դեպքում, վստահ ենք, որ ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի կստացվի: Մաղթում ենք հաջողություն 🙂

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին