ԻՆՉՊԵ՞Ս ԶԲԱՂՎԵԼ ԲԻԶՆԵՍՈՎ ՈՒՍՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ. ՌԻՉԱՐԴ ԲՐԵՆՍՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

Սեփական գործ ունենալու ձգտումը ուսանողների մոտ ոչ հազվադեպ հանդիպող երևույթ է: Բացասական փորձի բացակայությունը համարձակություն է հաղորդում, ուղեղը աշխատում է ավելի պայծառ ու կապանքներից ազատ, էներգիան եռում է և հնարավորություն է տալիս օր ու գիշեր առանց հոգնելու աշխատել:

9075
Ինչպես զբաղվել բիզնեսով ուսմանը զուգահեռ

Անշուշտ, մեծ մոտիվացիա է նաև արագ ֆինանսական անկախություն և ճանաչում ձեռք բերելու ցանկությունը:

Ռիչարդ Բրենսոնը ևս իր ձեռնարկատիրական գործունեությունը սկսեց ուսանողական տարիներին՝ ընդամենը 16 տարեկանում Student երիտասարդական ամսագիրը տպագրելով: Այդ ամսագիրը դարձավ բազմաթիվ հաջողություններով և անհաջողություններով լի նրա գործունեության մեկնարկը, սակայն իր երտասարդական ավյունն ու եռանդը Ռիչարդ Բրենսոնը չկորցրեց ողջ կյանքի ընթացքում, ինչի շնորհիվ նրա վերելքները տասնյակ անգամներ գերազանցեցին անկումների չափերը:

Ահա թե ինչ խորհուրդներ է նա տալիս ուսանող-ձեռնարկատերերի նոր սերնդին, ովքեր անհանգստանում են այն մասին, թե ինչպես զբաղվել բիզնեսով, երբ դեռ ուսանող ես և ստիպված ես համատեղել սիրելի գործը ուսման հետ:

ՊԼԱՆ ԿԱԶՄԵՔ ԴԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ

«Եթե դուք սովորում եք մի մասնագիտությամբ, որը իսկապես ձեզ հետաքրքրում է, ապա ժամերով կզբաղվեք դասերով և ընթերցանությամբ», – նախազգուշացնում է Բրենսոնը: Լուծումն այն է, որ պլանավորեք ձեր ժամանակը և հետևեք այդ պլանին:

Դուք պետք է նախապատրաստվեք, որ ձեր ծանրաբեռնվածությունը մեծանալու է, բայց դրանից գլուխ հանելու հմտությունը ձեզ դեռ շատ է պետք գալու: «Ձեռնարկատերերի մեծ մասին միշտ ժամանակը չի բավարարում, բայց իսկապես հաջողակ բիզնեսմենները միշտ պլան ունեն և հետևում են դրան, որպեսզի չխրվեն գործերի ու հոգսերի մեջ»,- գրում է Բրենսոնը:

ՊԱՀՊԱՆԵՔ ԿԱՐԳԱՊԱԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ

Բրենսոնը սեփական փորձով է համոզվել, որ հաճախ շատ դժվար է սովորել, եթե բիզնեսը ավելի ու ավելի է ձգում ձեզ: Հենց դա էր պատճառը, որ նա ի վերջո թողեց ուսումը և շարունակեց զբաղվել բիզնեսով: Բայց այսօր նա կարծում է, որ հրաժարվել մեկից հանուն մյուսի պարտադիր չէ: Բավական է միայն պահպանել կարգապահություն:

«Ընտրեք օրեր և ժամեր թե գործի, թե ուսման համար: Փորձեք կանխատեսել, թե որ պահերին բիզնեսը կարող է կրթությանը խանգարել և կանխեք դրանք»:

ԿԱՐՈՂԱՑԵՔ ՀԱՄՈԶԵԼ ՁԵՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Շատ ծնողների անհանգստացնում է այն փաստը, որ իրենց երեխաները չափազանց մեծ ծանրաբեռնվածություն են վերցնում իրենց վրա՝ փորձելով սովորելուն զուգահեռ սեփական բիզնես սկսել: Բրենսոնը խորհուրդ է տալիս գործընկեր գտնել ձեզ համար, ով գործերի մի մասը կկարողանա վերցնել իր վրա:

«Եթե դուք ցույց տաք ձեր ծնողներին, որ չեք պատրաստվում ամբողջ հոգսը միայն ձեզ վրա վերցնել, նրանք գուցե հավատան, որ ձեր ծրագրերը կարող են նաև աշխատել: Երբ կազմեք ձեր բիզնես նախագիծը, ցույց տվեք այն ձեր ծնողներին, բացատրեք, որ ձեզ համար շատ կարևոր է նրանց կարծիքը և աջակցությունը: Անկեղծ եղեք նրանց հետ, մի թաքցրեք, թե որքան ժամանակ խլելու բիզնեսը, քննարկեք նրանց հետ այն տարբերակները, որոնք հնարավորություն կտան նվազեցնել ուսման վրա բացասական հետևանքները»,– խորհուրդ է տալիս Ռիչարդ Բրենսոնը:

Իրականում Բրենսոնի ծնողները ևս դեմ էին նրա ձեռնարկատիրական մղումներին և կարծում էին, որ նախևառաջ հարկավոր է ավարտել համալսարանը: Ահա թե ինչ նամակ էր գրել Ռիչարդը ծնողներին՝ փորձելով նրանց համոզել հակառակում:

«Ի՞նչ էիր անում դու, հայրիկ, երբ 16 տարեկան էիր: Որսորդության ու ձկնորսության էիր գնում, լողում էիր կամ ժամանակ անցկացնում աղջիկների հետ, գուցե նաև թանգարաններ էիր այցելում կամ օգնում էիր ծնողներիդ այգու գործերում: Դու ազատ ժամանակ ունեիր և կարող էիր զբաղվել այդ գործերով: Քո 16 տարեկանում դու աշխարհն ընկալում էիր այնպես, ինչպես չի ընկալում ներկա սերունդը: Քո կարիերան գրեթե ամբողջությամբ կանխորոշված էր, մինչդեռ այսօր ամեն ինչի պետք է հասնել սեփական ուժերով:

Դուք ասում եք, որ Student-ը իմ փառասիրության և եսասիրության արտացոլումն է: «Հնարավոր է»,- կպատասխանեմ ես ձեզ: Բայց արդյոք դա ավելի եսասիրական է, քան ցանկացած այլ գործ, որ անում է մարդը իր կյանքի ընթացքում: Կարծում եմ՝ դա նույնպիսի զբաղմունք է, ինչպես և ցանկացած այլ բան: Այն կարող է օգուտ բերել շատ մեծ թվով մարդկանց ավելի շատ, քան, օրինակ, կինո գնալը: Իմ կյանքի այսպիսի սկիզբը համալսարանի պես մի բան է, դա նույնքան կարևոր է ինձ համար, որքան քեզ համար կարևոր են եղել ավարտական քննությունները»:

Ըստ Ռիչարդ Բրենսոնի «Կորցնելով անմեղությունը» գրքի

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին