9 ԱՆՎՃԱՐ ՌԵՍՈՒՐՍ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մեր օրերում, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է անգլերենի իմացությունը: Այսօր հենց անգլերենն է այն հզոր միջոցներից մեկը, որը կարող է վերացնել սահմանները ձեր և ձեր արտասահմանցի ընկերների ու գործընկերների միջև, կարող է ձեզ հնարավորություն տալ դուրս գալու համաշխարհային ասպարեզ, ներկայացնելու ինքներդ ձեզ և այն գործը, որը դուք անում եք:

105893
Ինչպես սովորել անգլերեն ինքնուրույն

Ձեզ ենք ներկայացնում 9 անվճար կայք, որտեղ հեշտությամբ կարելի է սովորել անգլերեն ինքնուրույն: Այս կայքերը բազմաթիվ միջոցներ են կիրառում, որպեսզի սովորելու պրոցեսը ձեզ համար լինի հետաքրքիր, ինտերակտիվ ու հեշտ: Դրանցից շատերը հասանելի են նաև հավելվածների տեսքով, այնպես որ կարող եք բարելավել ձեր լեզվական գիտելիքները ամեն հարմար պահի:

Այն մասին, թե ինչպես կարելի է սովորել անգլերեն շփվելով ընկերների հետ սոց.ցանցերում, կարդացեք այստեղ:

IMANGLEREN.WORDPRESS.COM

Այս հայկական բլոգը հայկական բլոգոսֆերայում առաջին կայքն է, որը անգլերենի մասին ուսուցողական նյութեր և տեղեկություններ է տրամադրում հայերենով:

Բլոգում կան բազմաթիվ օգտակար նյութեր և ռեսուրսներ, բառարաններ, դասական գրականություն անգլերեն լեզվով, ինչպես նաև համապատասխան բաժիններ, որոնք սովորեցնում են ճիշտ արտասանել անգլերեն բառերը, ներկայացնում են քերականության ամենակարևոր հարցերը, որոնք իմանալը պարտադիր է անգլերեն խոսել և գրել կարողանալու համար: Բլոգում ներկայացված են նաև անգլերենի այն նրբությունները, որոնք ամենից շատն են շփոթության մեջ գցում սովորողներին:

DUOLINGO

Ինչպես սովորել անգլերեն ինքնուրույն

Duolingo-ն հրաշալի տարբերակ է ինտերակտիվ խաղերի և առաջադրանքների միջոցով անգլերենի բառապաշարը և քերականությունը յուրացնելու համար: Այն սովորեցնում է կարդալ, լսել, հասկանալ և խոսել անգլերեն: Հասանալի է թե կայքի, թե հավելվածի տեսքով:

Duolingo-ում դասերը բաժանված են ըստ թեմաների (ուտելիք, ընտանիք, «to be» բայ և այլն): Այստեղ կան նաև բազմաթիվ խորհուրդներ, բացատրություններ: Դասերը հաղթահարելով` դուք կարողանում եք ակտիվացնել նորերը, նպատակներ եք դնում ձեր առջև և հերթով իրականացնում դրանք: Այս ծառայությունը ոչ միայն սովորեցնում է անգլերեն, այլև հաջողացնում է մոտիվացնել ձեզ այդ ընթացքում:

LINGUALEO

Ինչպես սովորել անգլերեն ինքնուրույն

LinguaLeo պորտալում կարող եք կարդալ հետաքրքիր հոդվածներ, երաժշտություն լսել, սերիալներ դիտել և այս ամենին զուգահեռ՝ յուրացնել անգլերենը, քանի որ այդ ամենից հետո ձեզ տրվում են առաջադրանքներ` սովորածը ամրապնդելու համար:

LinguaLeo-ն նույնպես օգտագործում է խաղային մեթոդներ: Կայքի գլխավոր հերոսը Լեո անունով առյուծիկն է, ով մշտապես քաղցած է, և դա… գիտելիքների քաղց է: Նրան պետք է անընդհատ կերակրել՝ նորանոր դասեր յուրացնելով: Այստեղ կա նաև սոցիալական ցանց, որտեղ դուք կարող եք ընկերներ ձեռք բերել և շփվել նրանց հետ բացառապես անգլերեն լեզվով:

BRITISH COUNCIL

Ինչպես սովորել անգլերեն ինքնուրույն

Սա Բրիտանական խորհրդի կայքն է, իսկական գանձարան անգլերեն սովորելու համար: Այստեղ կարող եք գտնել մեծ ցանկ ինչպես առցանց ռեսուրսների, այնպես էլ հավելվածների: Կայքը ներառում է բազմաթիվ անվճար աուդիո և տեսանյութեր, ինչպես նաև 2000-ից ավելի ինտերակտիվ վարժություններ: Դուք կարող եք գրանցվել, հաղորդակցվել մյուս օգտատերերի հետ և ներբեռնել նյութեր:

Բրիտանական խորհրդի կայքն առաջարկում է նաև համապատասխան բաժին 5-12 տարեկան երեխաների համար՝ զվարճալի, ուսուցողական կայք առցանց բառարանով և քերականական խաղերով, երգերով, պատմություններով ու տեսահոլովակներով: Իսկ ահա LearnEnglish Teens կայքը մշակված է հատուկ 13-17 տարեկան պատանիների համար և համապատասխանում է նրանց հետաքրքրություններին:

BUSUU

Ինչպես սովորել անգլերեն ինքնուրույն

40 միլիոնից ավելի օգտատեր ունեցող այս սոցիալական ցանցում նոր լեզու սովորելով՝ դուք աճեցնում եք ձեր լեզվի ծառը: Սա խաղային երանգ է հաղորդում ուսուցման ընթացքին: Այստեղ կարող եք գտնել ընկերներ տարբեր երկրներից, որոնք ձեզ կօգնեն բառերի կամ նախադասությունների թարգմանության մեջ: Busuu-ն տրամադրում է նաև օնլայն կուրսեր և բառարան:

MEMRISE

Angleren 6

Мemrise -ը շատ հետաքրքիր մի կայք է ավելի քան 200 լեզու սովորելու համար: Ուսուցման ընթացքում օգտատիրոջն առաջարկվում է ընտրել «մեմ» բառը ավելի լավ մտապահելու համար կամ ստեղծել սեփական ասոցատիվ պատկերը: Այս ծառայությունը հասանելի է նաև iOS և Android հավելվածների տեսքով:

Տարբեր խաղային մեթոդներով մարզվում է ձեր հիշողությունը, տեսողական ընկալումը, արագ մտապահումը: Այստեղ առաջարկվում են բազմաթիվ կուրսեր՝ TOEFL, IELTS, գործնական անգլերեն, անգլերեն սկսնակների համար և այլն: Բոլոր կուրսերը անվճար են: Հավելվածը մշակված է մտապահելու աշխարհահռչակ վարպետ Էդ Կուկի կողմից և հիմնված է գիտական լայնածավալ ուսումնասիրությունների վրա:

LEENGOO

Ինչպես սովորել անգլերեն ինքնուրույն

Այս կայքը հատկապես նրանց համար է, ովքեր դժվարանում են բառերը մտապահել: Կայքի ստեղծողները կարծում են, որ բառերը հնարավոր է հիշել միայն համապատասխան կոնտեքստում: Այստեղ դուք կարող եք ունենալ ձեր անձնական բառարանը բոլոր անհրաժեշտ գործառույթներով՝ թարգմանություն, արտաբերություն ձայնային տարբերակով և այլն: Leengoo-ն հետևում է ձեր ուսուցման ընթացքին, առաջարկում է նորից աչքի անցկացնել այն բառերը, որոնք մոռացել եք:

Leengoo-ի միջոցով դուք կսկսեք հասկանալ անգլերեն բանավոր խոսքը, կարդալ, համալրել բառապաշարը, տեսադասեր դիտել, գրքեր կարդալ՝ նոր կամ անծանոթ բառերը ավելացնելով անձնական բառարանի մեջ: Leengoo-ն ունի նաև բջջային հավելված Android-ի համար:

LEARNATHOME

Ինչպես սովորել անգլերեն ինքնուրույն

Այս ծառայությունը ամեն օր կմշակի ձեզ համար տվյալ օրվա առաջադրանքների ծրագիրը, որոնք կատարելու համար բավական է ընդամենը 30 րոպե: Բացի այդ ծրագիրը ինքն է մոտիվացնում ձեզ սովորելու ընթացքում:

Գրանցվելուց հետո ձեզ կառաջարկվի արագ թեստ անցնել, որի միջոցով կորոշվի ձեր լեզվի իմացության մակարդակը: Եթե թեստը բաց թողնեք, սերվիսը ավտոմատ ձեզ կառաջարկի elementary մակարդակը:

Learnathome-ի միջոցով կարող եք սովորել ոչ թե բառեր, այլ ամբողջական արտահայտություններ, կարող եք ստուգել ձեր արած թարգմանությունները, բարելավել արտասանությունը: Այստեղ կարող եք դիտել նաև տեսանյութեր, ֆիլմեր՝ սովորելով հասկանալ ինչպես պարզ ու հոդաբաշխ խոսքը, այնպես էլ արագ խոսքը՝ բնական ձայների ֆոնին: Անգլերեն ֆիլմեր դիտելն ու ամբողջությամբ հասկանալը այլևս անիրականանալի բան չի թվա ձեզ:

PUZZLE-ENGLISH

Ինչպես սովորել անգլերեն ինքնուրույն

Puzzle English-ը խաղային ռեսուրս է, որի միջոցով կարող եք հասկանալ անգլերեն բանավոր խոսքը, ամրապնդել քերականական գիտելիքները, բարելավել արտասանությունը: Այստեղ կան հարյուրավոր ինտերակտիվ դասեր, ինչպես նաև դասավանդողներ, ովքեր կօգնեն յուրացնել նյութը, գրել, կարդալ, հասկանալ անգլերենի քերականությունը և ճիշտ արտաբերել բառերը:

Յուրաքանչյուր փուլ կազմված է տեսական և գործնական մասից: Նախ դուք լսում եք, թե ինչ է ասում դասավանդողը, իսկ հետո ինտերակտիվ թեստի միջոցով կատարում եք առաջադրանքը: Արտահայտությունները, օրինակ, դուք հավաքում եք փազլների միջով: Ամեն փուլն ավարտելուց հետո էլ փոքրիկ քննություն եք հանձնում: Դուք ինքներդ կարող եք ընտրել այն նյութերը, որոնք ուզում եք յուրացնել կամ որոշել դրանց քանակությունը մեկ դասի ընթացքում: Այս ծրագիրը հենց զրոյից կարող է սովորեցնել ձեզ անգլերեն՝ սկսելով այբուբենից:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին