ԻՆՉՊԵ՞Ս ԳՏՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԻ

Աշխատանքի ընդունվելու համար հարկավոր է աշխատանքային փորձ, իսկ ինչպես ունենալ աշխատանքային փորձ, եթե առանց դրա հնարավոր չէ աշխատանքի ընդունվել: Հավատացեք՝ այս փակ շղթան այնքան էլ անելանելի չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:

7243
Ինչպես գտնել աշխատանք առանց աշխատանքային փորձի

Ճիշտ մոտեցման, նախաձեռնողականության և մի փոքր էլ հաջողության շնորհիվ դուք կարող եք մասնագիտական աշխատանք գտնել՝ անգամ առանց համապատասխան փորձի:

Նախևառաջ պատրաստ եղեք, որ աշխատանքի փնտրտուքները կարող են երկար ձգվել, բայց իմացեք, որ դուք միակը չեք այդ հարցում: ԱՄՆ-ում համալսարանի շրջանավարտներն, օրինակ, աշխատանք կարողանում են գտնել 6 ամսվա փնտրտուքների արդյունքում, Եվրոպայում 1-ից (Անգլիա, Գերմանիա) 2 տարվա (Հարավային Եվրոպայի երկրներ) ընթացքում: Որպեսզի ձեր ժամանակն անարդյունավետ չանցնի, առաջարկում ենք հետևել այս խորհուրդներին և իմանալ, թե ինչպես գտնել աշխատանք, եթե չունես աշխատանքային փորձ:

ՊԱՐԶԵՔ ՁԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Ամենից առաջ հարկավոր է հասկանալ, թե ինչ եք դուք ինքներդ ուզում: Ինչո՞վ եք ուզում զբաղվել և որտե՞ղ աշխատել: Շատերը կարծում են, որ կարևորն այն է, որ իրենք դուր գան գործատուին և պարզապես ստանան աշխատանք, բայց ոչ պակաս կարևոր է նաև այն, որ այդ գործը և տվյալ ընկերությունը ձեզ դուր գան: Չէ՞ որ ամեն օր ձեր կյանքի առնվազն 8 ժամը դուք անցկացնելու եք այդտեղ:

Ձեր նպատակը պետք է պարզ լինի ձեզ համար, որպեսզի նույնքան լավ կարողանաք ներկայացնել այն ձեր ապագա գործատուին: Ձեր նպատակասլացությունն ու էներգիան հենց այն արժանիքներն են, որոնք փոխհատուցելու են ձեր փորձի բացակայությունը: Երբ ձեզ հրավիրեն հարցազրույցի, առաջին հերթին հարցնելու են, թե ինչու եք դուք ցանկանում աշխատել այդ ընկերությունում: Եվ դա հարցնելու են ոչ թե այն բանի համար, որ ցույց տաք ձեր տեղեկացվածությունը այդ ընկերության մասին, այլ ձեր նպատակների որոշակիությունը հասկանալու համար:

Երբեք չի կարելի գործատուին ցույց տալ, որ ձեզ համար միևնույն է՝ որտեղ կաշխատեք, միայն թե ձեզ աշխատավարձ տան: Ձեր դեմքի արտահայտությունը չպետք է հուշի նրան, որ դուք առանց աշխատանքային փորձի ոչ մի բանի հույս չունեք: Աշխատելու ցանկությունը և պատրաստակամությունը գործատուի մոտ հարգանք են առաջացնում, եթե նա հասկանում է, որ դուք պատահական մարդ չեք, այլ հետաքրքրված, վճռական մարդ, ով պատրաստ է ժամանակ, ուժ և ոգի ներդնել այն գործի մեջ, որով զբաղվելու է:

ԴՈՒՔ ՎՍՏԱ՞Հ ԵՔ, ՈՐ ՓՈՐՁ ՉՈՒՆԵՔ

Այժմ, երբ ձեզ համար պարզ է, թե ինչով եք ցանկանում զբաղվել, պետք է մտածել ինքներդ ձեզ նախապատրաստելու և ներկայացնելու մասին:

Այն, որ դուք դեռ աշխատանքային գրքույկ չունեք, դեռ չի նշանակում, որ դուք չունեք փորձ: Հիշեք այն ամենը, ինչ արել եք դուք ուսանողության տարիներին՝ ինքներդ ձեզ կամ ընկերների համար, գուցե օգնել եք ձեր ծնողներին կամ բարեկամներին բիզնեսի մեջ: Գուցե մասնակցել եք կոնֆերանսների, ինչ-որ կուրսեր ենք անցել, հմտություններ եք ձեռք բերել, պրակտիկա եք անցել համալսարանի կամ սեփական նախաձեռնությամբ: Հիշեք այն ամենը, ինչ արել եք և կարողանում եք անել:

Եթե դուք դեռ ուսանող եք, ապա ոչ մի դեպքում մի սահամանափակվեք միայն համալսարանի դասերով (շատ հաճախ գործատուին աշխատողի համալսարանական կրթությունը պետք չի գալիս, որովհետև այն չափազանց տեսական է), փնտրեք այն ամենը, ինչը կարող է ձեզ հավելյալ փորձ ձեռք բերելու հնարավորություն տալ:

Ուսանողության տարիներին մեզ թվում է, թե մենք չափազանց զբաղված ենք, բայց չափազանց զբաղվածության հետ մենք ծանոթանում ենք ավելի ուշ, իսկ ուսանողական շրջանը հրաշալի հնարավորություն է թե՛ փորձ կուտակելու, թե աշխատելու համար:

Աշխատեք արձակուրդներին՝ թեկուզ և անվճար, կամավորական աշխատանք կատարեք, ավելի փորձառու մասնագետներից խորհուրդներ հարցրեք: Ձեռք բերեք մասնագիտական հմտություններ. եթե ապագա իրավաբան եք, ապա սովորեք փաստաթղթղեր, հայցեր ու պայմանագրեր կազմել, եթե ապագա տնտեսագետ եք, սովորեք ծախսեր հաշվարկել և բիզնես պլաններ կազմել, եթե հետազոտող եք, մասնակցեք տարբեր նախաձեռնությունների, հոդվածներ գրեք, եթե ապագա հաշվապահ եք, սովորեք աշխատավարձ հաշվարկել, վերլուծել ֆինանսական ցուցանիշներ և այլն: Եվ իհարկե, կամայական դեպքում սովորեք լեզուներ:

Այս ամենը նախևառաջ վստահություն կտա ձեզ, և հետո՝ կլրացնի ձեր փորձի պակասը գործատուի աչքում:

ՃԻՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ՁԵԶ ՌԵԶՅՈՒՄԵԻ ՄԵՋ

Իսկ ինչպես ներկայացնել ընկերներին մատուցած օգնությունը կամ պրակտիկան ռեզյումեի մեջ: Երբեք պետք չէ ռեզյումեի մեջ նշել՝ «աշխատանքային փորձ չունեմ»: Ձեզ հարկավոր է պարզապես ճիշտ ներկայացնել ձեր ունեցած փորձը: Ահա մի օրինակ երիտասարդ իրավաբանի համար՝

«Մասնավոր անձինք, ք. Երևան.
Պաշտոն – իրավաբան- խորհրդատու
Պարտականություններ – Քաղաքացիական իրավունքի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում մասնավոր անձանց հետևյալ բնագավառներում՝ իրավաբանական անձնաց գրանցում, սնանկացման ընթացակարգ, բիզնեսի կառավարում, կազմակերպչական լուծումներ և այլն»:

Այս ամենը ճիշտ է և առանց չափազանցության: Բայց այս դեպքում դուք ոչ թե առանց աշխատանքային փորձի ինչ-որ մեկն եք, այլ պարզապես երտասարդ ու խոստումնալից մասնագետ: Դուք ասելու բան ունեք, պարզապես պետք է սթափ գնահատեք ձեր կարողություններն ու փորձը:

Ռեզյումեն ամեն տեղ ուղարկելուց առաջ ծանոթացեք այն կազմելու բոլոր գաղտնիքներին, մի զլացեք ուղեկցող նամակ գրել, թեկուզ և մի քանի տող, որպեսզի HR մասնագետը կամ գործատուն ավելի լավ մտապահի ձեզ և ձեր ռեզյումեն: Չանտեսելով այս բոլոր կանոններն ու նրբությունները՝ դուք մի քանի քայլ առաջ կլինեք ձեր մրցակիցներից: Ռեզյումեի հայերեն ձևանմուշներ կարող եք ներբեռնել այստեղ:

ՍԿՍԵՔ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ. ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ

Երբ ռեզյումեն պատրաստ լինի, գրանցվեք աշխատանքի որոնման կայքերում և տեղադրեք ռեզյումեն դրանցում: Մի անտեսեք նաև LinkedIn-ը: Այստեղ դուք կարող եք պատմել ձեր կարողությունների, հմտությունների, փորձի մասին, ավելացնել կոնտակտներ, հրապարակումներ անել: Դա կլինի ձեր օնլայն ռեզյումեն, հնարավոր է նաև, որ այն չվրիպի HR-մասնագետների աչքից, ովքեր շատ հաճախ են համապատասխան թեկնածուներ փնտրում հենց LinkedIn-ում:

Փորձեք հասկանալ, թե որ ընկերություններում կան ձեզ հետաքրքրող հաստիքները: Երբ գտնեք համապատասխան ընկերություն, ծախսեք ժամանակ և հետաքրքրվեք այդ ընկերությամբ, ուսումնասիրեք նրանց կայքը, էջերը սոց.ցանցերում, կարդացեք հոդվածներ, հարցազրույցներ նրանց մասին, ծանոթացեք այն ապրանքատեսակի հետ, որը թողարկում է այդ ընկերությունը: Այդ ամենը ձեզ պետք կգա նաև հարցազրույցի ժամանակ:

Եթե ընկերությունը աշխատանքի հայտարարություն չի հրապարակել աշխատանքային կայքերում, ապա պետք չէ խուճապի մատնվել: Շատ հնարավոր է՝ նրանք փորձում են գտնել աշխատակից սոց.ցանցերում կամ ընկերների միջոցով: Գտեք ընկերության ղեկավարների և HR-աշխատակիցների էջերը Ֆեյսբուքում: Շատ հաճախ նրանք հրապարակում են հայտարարությունն իրենց անձնական էջերում:

Եթե ոչինչ չգտնեք, ապա հավաքեք ձեր քաջությունն ու նամակ գրեք ընկերությանը՝ գրագետ ու մտածված նամակ: Հիշեք, որ չսպասված նամակը չսպասված հյուրի պես է, այնպես որ, գրեք քաղաքավարի, բովանդակային, և փորձեք չվատնել դիմացինի աշխատանքային ժամանակը:

Նախաձեռնող եղեք: Նինա անունով մի աղջիկ երազում էր աշխատել Airbnb ընկերությունում: Նա որոշեց ուսումնասիրել ընկերության հավանական ընդլայնումը Մերձավոր Արևելքում և այդ մասին կայք պատրաստեց, որտեղ բացատրում էր, թե ինչն այնպես չէ և ինչպես կարելի է բարելավել ընկերության դիրքերը:

Ինչպես գտնել աշխատանք առանց աշխատանքային փորձիՆինան անկեղծ հայտնում էր, որ ցանկանում էր Airbnb-ի թիմի մասը դառնալ: Իսկ ի՞նչ եղավ հետո: Նինայի կայքի հղումը տարածվեց Թվիթերում, նրան նկատեց Airbnb-ի տնօրենը և անգամ Հորդանանի թագուհին ռեթվիթեց Նինայի թվիթը: Սա մի հրաշալի օրինակ է այն մասին, թե ինչպես կարելի է գործատուի ուշադրությունը հրավիրել ձեզ և ձեր կարողությունների վրա:

Բաց մի թողեք հնարավորությունը աչքի ընկնելու համար: Մասնակցեք աշխատանքային տոնավաճառների, միջոցառումների, որտեղ ներկայացված են ձեզ հետաքրքրող ընկերությունները: Հնարավորության դեպքում զրուցեք ներկայացուցիչների հետ, ներկայացրեք ինքներդ ձեզ և նրանց մոտ աշխատելու ձեր մեծ ցանկությունը:

ՄԻ ՎԱԽԵՑԵՔ ԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Շատ սկսնակներ վախենում են խոշոր ընկերություններից, մինչդեռ հենց այստեղ նրանք կարող են ավելի հեշտությամբ աշխատանք գտնել: Փոքր ընկերությունները չունեն ռեսուրս և ժամանակ ձեզ զրոյից սովորեցնելու համար: Նրանք փնտրում են մասնագետ, ով աշխատանքի առաջին իսկ օրից իր վրա կվերցնի համապատասխան պարտականությունները:

Իսկ մեծ ընկերությունենրը մի ամբողջ մեծ մեխանիզմ են, որտեղ կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն կիսվել ձեզ հետ իրենց փորձով: Այս ընկերությունները հաճախ են ձգտում «աճեցնել» իրենց մասնագետներին, բացի այդ աշխատավարձն էլ այստեղ մեծանում է աճման կարգով՝ փորձին զուգահեռ:

Հնարավոր է այս ընկերություններում դուք անմիջապես չստանաք այն աշխատանքը, որի մասին երազում էիք, բայց փոխարենը ստանաք աճելու և փորձ ձեռք բերելու հնարավորություն:

ՃԻՇՏ ՆԵՐԿԱՅԱՑԵՔ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ

Երբ ձեզ հրավիրեն հարցազրույցի, ապա պետք չէ հուզվել ու դողալ գործատուի առաջ: Վստահ եղեք, բայց և ոչ հանդուգն: Երբ ձեզ հարցեր տան, տվեք «բացված» պատասխաններ: Մի ստեք, մի չափազանցրեք ձեր կարողությունները: Եթե ինչ-որ բան չգիտեք, պա մի թաքցրեք դա, աշխատանքի ընթացքում դա վաղ թե ուշ բացահայտվելու է: Հարցազրույցին ճիշտ ներկայանալու մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Հիշեք վերը նշված բոլոր կետերը և արժանիորեն ներկայացրեք ձեզ, ձեր նպատակը, ձեր աշխատելու ցանկությունը, գիտելիքներն ու հմտությունները: Ձեր զրույցից գործատուի համար պետք է պարզ դառնա, թե ինչ եք դուք տալու այդ ընկերությանը: Հիշեք, որ այս աշխատանքը առաջին հերթին ներդրում է ինքներդ ձեր մեջ:

Ձեր առաջին աշխատանքը ձեր աճելու և հմտանալու լավագույն հնարավորությունն է:

In this article


Join the Conversation