ԴԱՎԻԹ ՅԱՆ. ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՓՈԽԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԻՄԱՑԵՔ՝ ՁԵԶ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿՅԱՆՔ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Դավիթ  Յանը գործարար է, ABBYY ընկերության հիմնադիրը, երիտասարդների համար նախատեսված առաջին շարժական համակարգչի (Cybiko) ստեղծողը, ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսի կառավարման նորարարական համակարգի (iiko) հեղինակը, «Այբ» դպրոցի համահիմնադիրը և այլն, և այլն:

7129
Դավիթ Յան

Կյանքում ինչ-որ բանի պետք է հասնել ու հետո մի լավ բան անել սեփական հայրենիքի համար։ Հայ ժողովուրդը պահպանել է ուժեղ ներքին կապեր, որոնք շատ երկար են պահպանվում, գուցե նաեւ՝ ընդմիշտ։ Մարդիկ կարող են գնալ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, սակայն նրանց ինչ-որ մի բան տանջելու է, մինչեւ սեփական երկրի համար որեւէ բան չանեն։ Ես դա տեսնում եմ սեփական օրինակով, իմ համակուրսեցիների օրինակով. նրանք համարում են, որ հարկավոր է գալ ու մի բան անել սեփական երկրի համար։

Դավիթ Յան

Դավիթ Յանը մեր մեծագույն ժամանակակիցներից և հայրենակիցներից մեկն է: Մարդ, ով անտարբեր չէ Հայաստանի և նոր սերնդի ապագայի հանդեպ: Նրա այս ելույթը «Այբ» դպրոցի շրջանավարտների համար հենց դրա վառ վկայությունն է: Սթիվ Ջոբսի, Բիլլ Գեյթսի՝ երիտասարդ սերնդին ոգեշնչող խոսքերի կողքին միանշանակ կարելի է դնել նաև Դավիթ Յանի այս ելույթը: Անշուշտ, այն միայն «Այբ»-ի շրջանավարտներին չէ ուղղված, այլև այն համարձակ երիտասարդներին, ովքեր լի են իրենց  և իրենց երկրի ապագան փոխելու մեծ ու վառ երազանքներով: 

Ես ուզում եմ ձեզ պատմել մի չինական առակ:

12-րդ դարում ապրում էր մի 80-ամյա իմաստուն ուսուցիչ: Նա հեռավոր լեռներում ապրող մենակյաց էր: Այդ ժամանակներում երկրում սարսափելի կռիվեր էին ընթանում: Երկրի ղեկավար Վեն Վանը փորձում էր կանգնեցնել կռիվները. նա անում էր այն ամենը, ինչ հնարավոր էր, բայց, միևնույն է, դա նրան չէր հաջողվում: Եվ ահա Վեն Վանին պատմեցին այդ ուսուցչի մասին, ու նա ասաց՝ «Գնացեք և բերեք նրան ինձ մոտ»:

Դեսպանը, որ գնացել էր ուսուցչի մոտ, ձեռնունայն վերադարձավ՝ ասելով, որ ուսուցիչը չցանկացավ լսել իրեն: Կայսրը ուսուցչի մոտ ուղարկեց իր նախարարին՝ պատվիրելով գնալ ու բերել ուսուցչին իր մոտ: Սակայն նախարարը նույնպես միայնակ վերադարձավ: «Ուսուցիչը նստած ձուկ է որսում, նա ինձ առհասարակ չի լսում»,– ասաց նա:

Այդ ժամանակ Վեն Վանն ինքը բարձրացավ լեռը, գտավ ուսուցչին ու տեսով, որ նա հանգիստ նստած ձուկ է որսում: Վեն Վանը նստեց նրա կողքին, սպասեց մեկ ժամ, երկու ժամ, և հանկարծ նկատեց, որ ուսուցչի կարթից կախված կեռիկ չկա:

– Ինչպե՞ս ես ձուկ որսում առանց կեռիկի, – զարմացած հարցրեց Վեն Վանը:

– Որովհետև ինձ մոտ գալիս են միայն նրանք, ովքեր իրենք են ցանկանում բռնված լինել:

Այս առակն այն մասին է, որ իրական աշակերտներն իրենք պետք է գտնեն իրենց ուսուցիչներին: Անիմաստ է աշակերտներին ստիպել սովորել: Կսովորի միայն նա, ով իսկապես ցանկանում է սովորել, և նա ինքը կգտնի իր ուսուցչին:

Այսօր ես ուզում եմ ձեզ պատմել կյանքի իմաստի մասին, աշակերտների, ծնողների, ընկերների, ընտանիքի և սեփական գործի մասին: Եվ իմ ելույթի վերջում ես ձեզ՝ բոլոր շրջանավարտներիդ նվեր ունեմ տալու, բայց դա դեռ գաղտնիք է:

Վեն Վանի և ուսուցիչ Ցյան Տայ Կունի առակն այն մասին է, որ ամեն աշակերտ ինքը պետք է գտնի իր ուսուցչին: Դա այն էր, ինչ եղավ մեզ հետ Ֆիզմաթ դպրոցում, երբ մենք ինքներս գտանք մեր ֆիզիկայի ուսուցչին՝ Գագիկ Գրիգորյանին: Մենք ինքներս գտանք նրան, ստպեցինք դպրոցի ադմինիստրացիային բերել նրան դպրոց և մենք սովորեցինք նրանից: Մենք գտանք մեր ուսուցչին, իսկ դուք գտաք ձեր Այբ դպրոցը: Եվ դա արեցիք դուք ինքներդ. դուք ինքներդ պատրաստվեցիք, ինքներդ ընդունվեցիք, ինքներդ ձեր առջև նպատակ դրեցիք և արեցիք դա: Դա չափազանց կարևոր է, դա այն է, ինչ ձեզ տարբերում է շատ ուրիշներից:

Ձեր կյանքում շատ կլինեն մարդիկ, ովքեր կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Բայց միշտ հիշեք, որ դուք ինքներդ պետք է գտնեք այն ուսուցիչներին, առաջնորդներին, այն մարդկանց, ումից դուք ինչ-որ բան կսովորեք: Սակայն մի կարծեք, որ այդ մարդիկ պետք է էականորեն մեծ լինեն ձեզնից: Ես հրաշալի հիշում եմ, երբ 8-րդ դասարանում դուրս եկա դպրոցից և ինձ դիմավորեց մեր դպրոցի 10-րդ դասարանում սովորող Մաթոսը: Նա ինձ ասաց. «Դավիթ, դու լսե՞լ ես Բախի առաջին կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար»: Ես ասացի, որ ոչ, և նա ինձ տարավ իրենց տուն, մենք փակվեցինք իր սենյակում, նա միացրեց ձայնապնակը և մենք լսեցինք Բախի առաջին կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար, հետո նաև այլ կոնցերտներ: Մաթոսն ինձ բացատրեց, թե ինչպես է կառուցված երաժշտությունը և ես միանգամից սկսեցի սիրել դասական երաժշտությունը:

Առհասարակ Ֆիզմաթ դպրոցում բարձրդասարանցիները շատ մեծ դեր էին խաղում մեր կյանքում: Նրանք ամռան արձակուրդներին վերադառնում էին Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտից և մենք խնդիրներ էինք լուծում նրանց հետ: Մեր ընկերները ֆուտբոլ էին խաղում, իսկ մենք խնդիրներ էինք լուծում ու դա մեզ դուր էր գալիս:

Ես նաև ուզում եմ պատմել ձեզ իմ ծնողների մասին: Իմ հայրը չինացի է, մայրս՝ հայուհի: Հայրս ինձ փոխանցել է երկար ժամանակ ինչ-որ բան անելու հատկությունը, իսկ մայրս ինձ փոխանցել է իմ ստեղծագործական միտքը: Մորիցս ես ստացել եմ անընդհատ ինչ-որ նոր բան սկսելու ցանկությունը, իսկ հայրիկիցս՝ գործը մինչև վերջ հասցնելու կարողությունը: Մայրս ու հայրս շատ տարբեր են, սակայն մի բանում նրանք նման են. երկուսն էլ պերֆեկցիոնիստ են: Նրանք կարծում են, որ ինչ էլ որ մարդը անելու լինի, նա պետք է դա անի բոլորից լավ:

Մենք երկար ժամանակ ապրում ենք մեր ծնողների հետ, բայց այդպես էլ չենք իմանում, թե ովքեր են նրանք: Ես ձեզ կպատմեմ մի պատմություն:

Երբ ես ընդունվում էի Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, ես օլիմպիական էի, ես լավ գիտեի մաթեմատիկա, ֆիզիկա, բայց ես հուզվում էի, քանի որ քննությունները իսկապես բարդ էին: Եվ մենք պայմանավորվեցինք, որ այդ ընթացքում ես կապրեմ Դոլգոպրուդնիում (որտեղ գտնվում է Ֆիզտեխը), իսկ ծնողներս՝ Մոսկվայում:

Ամենադժվար ու որոշիչ՝ մաթեմատիկայի բանավոր քննության նախորդ գիշերը հորս զանգահարեց իր հին ծանոթն ու ասաց, որ փոխանցի ինձ, որ ես չեմ ընդունվելու Ֆիզտեխ: «Ես ընդունող հանձնաժողովի հետ կապի մեջ եմ, և նա սև ցուցակում է (իմ անվան ու ծագման պատճառով): Ասա, որ հանկարծ չտխրի, բայց հանձնաժողովն ամեն ինչ անելու է, որ նա չկարողանա հանձնել քննությունը»:

Հայրս առավոտյան ժամը 6-ին գնացքով ճանապարհ ընկավ դեպի Դոլգոպրուդնի: Երբ ես արդեն համալսարանի տարածքում էի, տեսա հորս դարպասների հետևում: Ես մոտեցա նրան ու ասացի.

– Մենք պայամնավորվել էինք, չէ՞, հայրիկ, ինչո՞ւ ես եկել:

Ես հասկացա, որ հայրս ինչ-որ բան է ինձ ուզում ասել: Նա նայեց ինձ ու ասաց.

– Դավիթ, ես պարզապես ուզում էի քեզ հաջողություն մաղթել:

Ուրախ-ուրախ ես գնացի քննության: Ինձ տվեցին մի առաջադրանք, հետո՝ մյուսը, հետո երրորդը, հետո՝ հինգերորդը, հետո՝ ութերորդը, հետո՝ տասնհինգերորդը: Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Մյուսները նստում էին, պատասխանում հինգ առաջադրանքի և գնում: Իսկ ես նստած էի լսարանում, և ինձ տալիս էին արդեն 25-րդ առաջադրանքը: Ես լուծում էի նաև այդ առաջադրանքը: Ես խնդիր էի լուծում առավոտյան 8-ից մինչև ցերեկվա 1-ը՝ 5 ժամ անդադար: Եվ ինձ չէին էլ ասում՝ ես ճիշտ էի լուծում, թե ոչ, ոչ մի գնահատական ինձ չէին նշանակում:

Ես դուրս եկա, երբ ընդունարանն արդեն փակվում էր: Եվ միայն հետո հասկացա, թե ինչ էր կատարվում: հանձնաժողովը սպասում էր այն պահին, երբ ես առաջին անգամ կսխալվեի, որպեսզի կարողանային ինձ կտրել քննությունից: Բայց ես բոլոր առաջադրանքները ճիշտ էի լուծել ու ընդունվեցի Ֆիզտեխ:

Ես չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե հայրս այն ժամանակ խղճար ինձ ու ասեր, որ ինձ փորձելու են կտրել քննությունից: Ես կարծում եմ, որ ծնողներն ունեն ներքին մի հոտառություն:

Չինաստանում կա հրաշալի մի սովորություն: Հյուրերը շնորհավորում են հոբելյարին, իսկ հոբելյարը շնորհավորում է իր ծնողներին, և առաջին հերթին՝ իր մորը: Այսօր դուք հասուն եք դառնում, դուք ընդունվելու եք համալսարաններ, ցրվելու եք ամբողջ աշխարհով, բայց երբեք մի մոռացեք ձեր ծնողներին: Ձեր ծննդյան օրը զանգահարեք նրանց ու շնորհավորեք ձեր ծննդյան կապակցությամբ:

Եվ ես ուզում եմ պատմել ձեզ ընկերների մասին: Ընկերները այն մարդիկ են, ովքեր կսատարեն ձեզ ձեր կյանքում, մարդիկ, ում հետ դուք կիրականացնեք ձեր առաջին գաղափարներն ու նախագծերը: Ձեր ընկերները ձեր թիմն են:

Abby ընկերությունում այսօր աշխատում են ավելի քան 1300 մարդ 13 երկրներում: Սակայն այս ընկերությունը հիմնել են ընկերներ մի համալսարանից, մասամբ նաև՝ մի դպրոցից: Եթե չլինեին իմ ընկերները Ֆիզմաթ դպրոցից ու Ֆիզտեխից, չէր լինի ոչ Abby-ն, ոչ Lingvo-ն, ոչ FineReader-ը, ոչ մի բան: Այնպես որ, պահեք ձեր ընկերությունը ողջ կյանքի ընթացքում: Դա ձեր ուժն է:

Եվ ուզում եմ պատմել ձեզ ընտանիքի մասին: Փնտրեք ձեր սիրելիին, պահպանեք նրան: Ես երջանիկ եմ, որ գտել եմ իմ կնոջը: Մենք միասին ենք ապրում արդեն 25 տարի և ոչ մի անգամ չենք վիճել, թերևս միայն երեխաներին պաղպաղակ գնելու համար: Կարծո՞ւմ եք, որ այն ամենը, ինչ ես անում եմ, միայն իմ գաղափարներն են: Իհարկե ոչ:

Պահպանեք ձեր սիրելիին: Բայց պահպանել ասելով՝ ես նկատի չունեմ պահել վանդակում: Ես նկատի ունեմ՝ տվեք ավելին, քան վերցնում եք: «Ես քեզ սիրում եմ» նշանակում է «ես քեզ ազատ եմ թողնում»:

Եվ վերջապես, ես ուզում եմ պատմել ձեզ սեփական գործի մասին, բայց նախ ուզում եմ ձեզ հարցնել. ձեզնից ով գիտի, թե որն է կյանքի իմաստը, ինչով է տարբերվում շնչավորը անշունչից: Ես չգիտեմ այս հարցի գիտական պատասխանը, սակայն ունեմ իմը: Աստված շնչավոր արարածների մեջ դրել է երկու սկզբունք՝ ինքնապահպանման և սերնդի շարունակության սկզբունքները: Մարդը տարբերվում է կենդանիներից այն բանով, որ նրա մեջ այս երկու սկզբունքները միաձուլվել են իրար: Նա իրեն ասոցացնում է իրպեսների հետ: Ուրիշի ցավը նաև իր ցավն է, ուրիշի ուրախությունը նաև իր ուրախությունն է: Այդ պատճառով ինքն իրեն պահպանելն ու իրեն շարունակելը այլ մարդկանց և իր գործերի մեջ հենց մարդու կյանքի իմաստն է: Շարունակել իրեն իր երեխաների, իր գործերի, մարդկանց հիշողությունների մեջ. ահա թե ինչու իմ վերջին երկու պատմությունները ընտանիքի և սեփական գործի մասին են:

Ովքե՞ր են ձեզնից ցանկանում սեփական գործ ունենալ: Իսկ ովքե՞ր են ցանկանում փոխել աշխարհն ու Հայաստանը դեպի լավը: Կեցցեք: Դա նշանակում է, որ ձեզ հետաքրքիր կյանք է սպասվում: Եվ դա լավ նորություն է: Երկրորդ նորությունը նույնպես լավն է. ձեզ դժվար կյանք է սպասվում, որը ձեզնից պահանջելու է մեծ նվիրում:

Ձեզ համար դժվար է լինելու: Մի անգամ, երբ ես աշխատում էի Lingvo-ի վրա, ես ստիպված էի չքնել 4 օր և 3 գիշեր՝ 84 ժամ շարունակ: Իմ գործընկերները հոգնածությունից քնում էին ոտքի վրա կանգնած:

Ահա այսպիսի երկու լավ նորություն: Իսկ վատ նորություն ես ձեզ համար այսօր չունեմ:

Դուք այսօր դուրս եք գալու այս դպրոցից իբրև հասուն մարդիկ, և իմացեք՝ հենց ձեզ է վիճակված փոխելու Հայաստանը և այս աշխարհը: Ես խոստացել էի ձեզ բոլորիդ գաղտնի նվեր տալ: Գիտե՞ք, թե սա ինչ է: Սա կախարդական պատվոգիր է, ես այն հիմա կտամ բոլորիդ, սա կախարդական ուժ է: Կատակում եմ, ես ոչ մի կախարդական ուժ էլ չեմ կարող ձեզ տալ:

Ձեր կախարդական ուժը ձեր ձեռքերն են, ձեր ուղեղը: Դուք կկարողանաք անել այն ամենը, ինչ կցանկանաք, կարևորը ցանկանալն է: Ձեր ուժը ձեր ձեռքերում է:

In this article


Join the Conversation