ՄԱՐԴ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԻՏԻ ՍՏԱՆԱ ԺԱՄԱՆԱԿԻՆ. ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու, այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որ այդպես էլ չունեցա: Ախր առանց հեծանիվ ի՞նչ մանկություն:

13096

Մանուկ հասակում ես երազում էի փայլուն, պսպղան հեծանիվ ունենալ. անգամ ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ ու նայում… երազումս էլ էի տեսնում…

Եվ, վերջապես, տնեցիները խոստացան, որ հեծանիվ կառնեն: Վրա հասավ հանդիսավոր օրը: Մեր ամբողջ ընտանիքը մորս՝ Սանամի գլխավորությամբ շարժվեց դեպի խանութ: Մայրս հագել էր իր միակ տոնական զգեստը և գլխավորում էր երթը: Նրա հետևից քայլում էի ես՝ ձեռքիս ինձ վստահած դրապանակը: Հետո դրամապանակից հանեցի փողը և ամուր սեղմեցի ափիս մեջ. այդպես երազանքս ասես ավելի մոտ էր թվում ինձ, ու ջերմանում էր հոգիս: Իմ հետևից քայլում էին քույրերս և բակի բոլոր երեխանները՝ փոքր եղբորս՝ հպարտ-հպարտ քայլող Աբոյի գլխավորությամբ, ով ժամանակ առ ժամանակ մոտենում էր ինձ ու նայելով աչքերիս մեջ՝ խնդրում. «Կտա՞ս քշեմ»: Ես խորիմաստ լռում էի, քանի որ չէի ուզում կաշկանդել ինձ ավելորդ խոստումներով: Ու հանկարծ ինչ-որ տեղ՝ շատ մոտիկ, հնչեց. «Խոսում է Մոսկվան, խոսում է Մոսկվան…»:

…Ես երկար կանգնած էի ցուցափեղկի մոտ, ուր փայլում էր իմ երազանքը՝ «Սեզա՛մ, բացվի′ր…», իսկ դռան վրա մեծ կողպեքն էր ու ինչ-որ մեկի արագ ձեռքով գրված թուղթը. «Փակ է պատերազմի պատճառով»: Չորսուկես տարի իմ մանկության երազանքը մնաց փակ դռան հետևում…

…Տարիներ շարունակ, տարբեր գործուղումներից վերադառնալով, ես որդուս համար բերում էի կարմիր, կանաչ, երկնագույն հեծանիվներ: Ու տղաս, մեկ-երկու րոպե քշելով, գնում էր «կռիվ-կռիվ» խաղալու: Մի կողմ ընկած մնում էինք ես ու հեծանիվները: Ու մի անգամ ես բարձրացրի հեծանիվը, նստեցի ու քշեցի հենց սենյակում: Վրեժ լուծեցի իմ մանկության համար ու հասկացա մի պարզ բան. մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին՝ և՛ օրորոցայինը, և՛ առաջին հեծանիվը…

Մհեր Մկրտչյան

Հատված Հ․ Պապիկյանի և Շ․Սահակյանի հեղինակած «Լույս» գրքից

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին