ԿԱՐԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԱՔ ՀՈԼՄԱՆԻՑ

Զաք Հոլմանը Speaking.io կայքի հիմնադիրն է: Հիմնվելով իր սեփական մեծ փորձի վրա՝ նա ներկայացնում է ամենակարևոր խորհուրդները նրանց համար, ովքեր ուզում են վարպետանալ սեփական մտքերն արտահայտելու, զրույցներ վարելու և ելույթ ունենալու գործում:

3020
Ինչպես պրեզենտացիա անել

Զաքի բոլոր մեկնաբանություններն էլ հետաքրքիր են ու կարևոր: Այս անգամ առաջարկում ենք ծանոթանալ պրեզենտացիա ներկայանցնելու վերաբերյալ Զաք Հոլմանի խորհուրդներին:

ԿԱՐԵՎՈՐ ՄՏՔԵՐ

Մարդիկ, ովքեր կարողանում են լավ պատմություններ պատմել, ձեռք են բերում այդ հմտությունը միևնույն արտահայտությունները կրկնելու շնորհիվ: Փորձեք հիշել stand-up ժանրում ելույթ ունեցող մարդկանց: Գրեթե միշտ հաջող կատակը նրանք մի փոքր ավելի ուշ կրկնում են խոսքի մեջ: Այդ մեթոդը նրանց հնարավորություն է տալիս ավելի ուժեղ կապ ստեղծել լսարանի հետ:

Շատ կարևոր է նաև պրեզենտացիայի ամեն հատվածը ամփոփելը: Այս մեթոդը կիրառում էր Սթիվ Ջոբսն Apple-ի իր բոլոր ելույթների ժամանակ: Նա արտահայտում էր իր հիմնական մտքերը, ապա, ավելի ընդարձակելով, բացատրում դրանք, և այդ հատվածի վերջում կրկին ամփոփում թեման:

Զաք Հոլմանը

ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Պրեզենտացիայի գաղափարն ունենալը դեռ միայն սկիզբն է: Գաղափարը ելույթի վերածելը այնքան էլ հեշտ չէ: Այդ գործում շատ կարևոր է պրեզենտացիայի պլանավորումը: Պլանը կազմելիս պետք է սկսել ընդհանուրից և հետզհետե ավելի մանրացնել պլանը: Ենթադրենք, ձեր պրեզենտացիան 70-ական թվականների ռոք երաժշտության մասին է: Նախ կազմեք ընդհանուր պլանը:

  1. Նախաբան
  2. Մաս 1-ին: 70-ական թվականների մշակույթը:
  3. Մաս 2-րդ: Ինչո՞ւ հասարակությունը նախապատվությունը տվեց այս ուղղությանը:
  4. Մաս 3-րդ: 70-ական թվականների ավագույն ռոք երաժիշտները:
  5. Ամփոփում

Ընդհանուր պլանը կազմելով՝ կարող ենք անցնել ենթակետերին և յուրաքանչյուր մասն ավելի մանր հատվածների բաժանել: Առաջին մասն, օրինակ, կարող է ունենալ հետևյալ ենթակետերը:

ա) Հիպպի հասարակությունը: Հիմնական սկզբունքները:
բ) Փսիխոդելիկ ռոքի առաջացումը հիպպի մշակույթի զարգացման հետևանքով:

Շարունակեք նույն կերպ նաև մյուս մասերի համար: Մանրակրկիտ պլանավորելով ձեր ելույթը՝ դուք վերջում չեք պարզի, որ մոռացել եք ինչ-որ կարևոր բանի անդրադառնալ: Բաժինները պետք չէ շատ մեծ անել, դրանք պետք է անդրադառնան թեմային, բայց ոչ ամբողջությամբ բացատրեն այն: Անշուշտ ձեր կազմած պլանի ոչ բոլոր ենթակետերը կարող են տեղավորվել պրեզենտացիայի մեջ, սակայն այն կազմելով միայն՝ դուք պարզ կտեսնեք, թե որն է կարևոր, իսկ որը՝ ոչ այնքան:

ՍԼԱՅԴՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Զաք Հոլմանը ասում է, որ ինքը հանդիպել է մարդկանց, ովքեր ելույթ են ունեցել թե՛ հարյուրավոր սլայդներով, թե՛ առանց սլայդների առհասարակ: Երկուսն էլ Զաքը համարում է վատ օրինակներ, քանի որ առաջին դեպքում մարդիկ կմտապահեն ստացած տեղեկատվության շատ քիչ մասը միայն, իսկ երկրորդ դեպքում իրենց լսածը տեսողական տեղեկատվությամբ ամրապնդելու հանարավորություն չեն ունենա:

Սլայդների իդեալական թվաքանակ գոյություն չունի: Դրանց թիվը կախված է այն բանից, թե ինչպես եք դուք մատուցում տեղեկատվությունը: Լավագույն միջոցը դա պարզելու համար մի քանի անգամ ելույթ ունենալն է: Կան մարդիկ, ում պետք է ընդամենը մի քանի բառ, որպեսզի զարգացնեն թեման: Մյուսներին պետք է ավելի շատ տեքստ սլայդի վրա:

Սլայդների քանակությունը կախված է նաև ներկայացվող թեմայից: Եթե թեման IT ոլորտին է վերաբերվում, ապա սլայդներ կարող են ավելի շատ պահանջվել, իսկ եթե պրեզենտացիան ավելի շատ պատմության է նման, ապա կարող եք քիչ քանակությամբ սլայդներ օգտագործել:

ԴԱԴԱՐՆԵՐ

Եվս մի հնարք, որը սիրում էր կիրառել Սթիվ Ջոբսը: Հարցը հնչեցնելով՝ պատասխանից առաջ նա մի փոքր դադար էր վերցնում: Խոսողին այդ մի քանի վայրկյանը բավական երկար կարող են թվալ, սակայն լսարանի վրա դրանք շատ ուժեղ ազդեցություն են ունենում: Այդպես դուք լսարանին ցույց եք տալիս, որ այդ հարցի շուրջ մտածում եք հենց այդ պահին, այլ ոչ թե անգիր արած պատասխան եք պատրաստվում հնչեցնել:

Դադարները կարող են ձեր օգտին աշխատել նաև պրեզենտացիայի հաջորդ մասին անցնելուց առաջ: Դադարը պետք է ձգվի 3-5 վայրկյան: Եթե չգիտեք՝ ինչ անել այդ ընթացքում, պարզապես մի կում ջուր խմեք:

ԱՆԻՄԱՑԻԱ ՍԼԱՅԴՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Մտքներովդ անգամ չանցնի 🙂

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Դուք որոշ չափով լարվածություն կզգաք թե՛ առաջին, թե՛ անգամ քսաներորդ ելույթի ժամանակ: Սակայն լարվածության րոպեները հետզհետե կկրճատվեն: Զաքը խոստովանում է, որ իր առաջին ելույթի ժամանակ ինքն էլ սարսափելի լարված էր՝ առաջին րոպեից մինչև վերջինը: Սակայն հաջորդ ելույթների ժամանակ արդեն այնքան էլ երկար չէր լարվում: Ելույթի առաջին րոպեներից արդեն լարվածությունը հետզհետե թուլանում է, և դուք ձեզ զգում եք՝ ինչպես ձուկը ջրի մեջ:

Նյարդերը հանգստացնելու համար կարող եք փորձնական ելույթ ունենալ ընտանիքի անդամների կամ ընկերների առաջ: Այսպես, դուք կնախատեսեք այն բոլոր անհաջող ու անհարմար պահերը, որոնք կարող էին լինել ելույթի ժամանակ:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵԼՈՒՅԹԻՑ ԱՌԱՋ

Լսարանի առջև դուրս գալուց առաջ պետք է ևս մի քանի բան անել.

Անջատեք հեռախոսի ձայնը, իսկ ավելի ցանկալի է՝ ակտիվացրեք Airplane mode ռեժիմը, քանի որ վիբրացիան նույնպես կարող է ձեզ հանկարծակիի բերել ու կտրել մտքի թելը:

Բարձրացրեք հեռախոսի էկրանի լուսավորությունը, մեծացրեք տառաչափը, եթե դրա մեջ նշումներ ունեք արած:

Օգտվեք պրեզենտացիան հեռակա տարբերակով կառավարելու համար նախատեսված հավելվածներից: Այդպես դուք կփոխեք սլայդները, կկառավարեք ժամանակը հեռախոսի միջոցով և ամեն անգամ նոթբուքին մոտենալու կարիք չի լինի:

Գեղեցիկ ու գրավիչ պրեզենտացիա կազմելու գործիքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մաղթում ենք ձեզ տպավորիչ ելույթ:

In this article


Join the Conversation