ՇՐՋԱԶԳԵՍՏՈՎ ՍԹԻՎ ՋՈԲՍԸ ԿԱՄ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ

Նախորդ տարի հրապարակվեց ամենաազդեցիկ կանանց թոփ 10-յակը: Այդ ցուցակում ընդգրկված են թոփ մոդելներ, երգչուհիներ, դերասանուհիներ, մարզուհիներ… և 1 բիոտեխնոլոգ: Դա 31-ամյա Էլիզաբեթ Հոլմսն է: Նա ԱՄՆ-ի ամենաերիտասարդ self-made միլիարդատեր կինն է, և նրան անվանում են շրջազգեստով Սթիվ Ջոբս:

5728
Սթիվ Ջոբսը շրջազգեստով՝ Էլիզաբեթ Հոլմս

Էլիզաբեթը Theranos դեղագործական ընկերության հիմնադիրն ու համասեփականատերն է: Նրա բիզնեսը գնահատվում է 9 միլիարդ դոլար, որից 4,6 միլիարդը պատկանում են անձնապես Էլիզաբեթին:

Theranos-ի գլխավոր աշխատանքն այսօրվա դրությամբ արյան անալիզի հիման վրա մարդու առողջության դիագնոստիկայի տեխնոլոգիան է: Այն շատ մատչելի է, արագ, անցավ ու տրամադրում է համապարփակ տեղեկատվություն մարդու առողջության մասին:

Theranos-ի նորարարությունը կայանում է նրանում, որ այս տեխնոլոգիան կիրառելու դեպքում արյան մեկ կաթիլը բավական է մոտ 30 տարբեր հետազոտություններ անկացնելու և հսկայական քանակությամբ բժշկական տեղեկատվություն ստանալու համար:

Սթիվ Ջոբսը շրջազգեստով՝ Էլիզաբեթ Հոլմս

Տեխնոլոգիայի վրա Հոլմսն ու իր թիմակիցներն աշխատում էին շուրջ 10 տարի և խիստ գաղտնի էին պահում իրենց ուսումնասիրությունները: Դա էր պատճառը, որ երբ 2014-ին տեխնոլոգիան ցնցեց աշխարհը, Էլիզաբեթ Հոլմսի մասին ոչ ոք դեռ չէր լսել:

Էլիզաբեթը ծնվել է 1984 թվականին փետրվարի 3-ին Վաշինգտոն քաղաքում՝ փրկարարական ծառայության աշխատողի և Կոնգրեսում ծառայողի ընտանիքում:

Փրկարար հոր աշխատանքի պատճառով Էլիզաբեթի մանկությունն անցել է Չինաստանում: Հենց այնտեղ նա սովորեց չինարեն, իսկ ԱՄՆ վերադառնալուց հետո ընդունվեց Սթենֆորդի համալսարանի քիմիական ֆակուլտետ: Սակայն ընդամենը 19 տարեկանում Էլիզաբեթը հասկացավ, որ ուզում է թողնել համալսարանը և սեփական բիզնես հիմնել:

Երբ գալիս է պահը, և դու հասկանում ես, թե ինչի համար ես լույս աշխարհ եկել, դու պարզապես դնում ես ամեն ինչ մի կողմ ու սկսում ես անել այն, ինչ պետք է անես:

Էլիզաբեթ Հոլմս

Էլիզաբեթի ծնողները թույլ տվեցին աղջկան իր ուսման համար նախատեսած գումարը ներդնել ստարտափի մեջ: Չհաշված ընտանիքի կողմից այդ փոքր օգնությունը՝ Հոլմսն ամեն ինչ արեց ինքնուրույն: Վարձակալեց լաբորատորիա, սկսեց հետազոտություններ անել, փնտրել ներդրողների: Քանի որ ստարտափի պոտենցիալը շատ ակնհայտ էր (արյան անալիզներ չափազանց հաճախ են հանձնում), ներդրողների պակաս չեղավ, սակայն խնդիրը նրանց որակն էր: Էլիզաբեթը գիտեր, որ իր ուսումնասիրությունները 1 տարուց շատ ավելի են տևելու, ուստի ստիպված էր հրաժարվել այն ներդրողներից, ովքեր արագ եկամուտ էին ակնկալում:

Սթիվ Ջոբսը շրջազգեստով՝ Էլիզաբեթ Հոլմս

Theranos-ը հիմնադրվեց 2003 թվականին, սակայն աղջկան դեռ երկար տարիների աշխատանք էր սպասվում: Նա շաբաթներով կարող էր դուրս չգալ լաբորատորիայից կամ չկտրվել աշխատանքային սեղանից ու թղթերից գիշեր ու ցերեկ:

Եվ միայն 2013 թվականին Theranos-ը հրապարակեց իր առաջին արդյունքները՝ սկսելով համագործակցել ԱՄՆ-ի ամենախոշոր դեղատնային ցանցի՝ Walgreens-ի հետ:

Հիմա կարելի էր արյան անալիզ հանձնել անմիջապես դեղատանը և ստանալ արդյունքներն ընդամենը մի քանի ժամից: Այդ տարվանից Էլիզաբեթի մասին սկսեցին գրել այնպիսի լրատվամիջոցներում, ինչպիսիք են Fortune-ը, Forbes-ը և The New Yorkerը:

Այս երիտասարդ աղջկան այսօր հարգում են բոլորը: Նրա ընկերության տնօրենների խորհրդում ընդգրկված են անգամ 2 նախկին պետքարտուղարներ՝ Հենրի Քիսսինջերն ու Ջորջ Շուլցը: Գործընկերները նրան բնորոշում են իբրև հանճարեղ անձնավորություն՝ պնդելով, որ նա ավելի շատ գիտնական է, քան ձեռնարկատեր:

Theranos-ը հիմնված է այն հավատամքի վրա, որ սեփական առողջության մասին անհրաժեշտ տեղեկատվություն ունենալը մարդու հիմնական իրավունքներից մեկն է:

Էլիզաբեթ Հոլմս

Սթիվ Ջոբսը շրջազգեստով՝ Էլիզաբեթ ՀոլմսԱսում են՝ Էլիզաբեթի գրասենյակի պատին փակցված է Սթիվ Ջոբսի կենսագրությունը: Նա իսկապես նման է Սթիվ Ջոբսին, անգամ համեստ հագուստը՝ մուգ գույների մեջ և սև բլուզը, որը Ջոբսի զգեստապահարանի անփոխարինելի բաղադրիչն էր կազմում, նույնպես վկայում են այդ մասին: Բացի այդ, Էլիզաբեթ Հոլմսը, ինչպես և Սթիվ Ջոբսը, չի ավարտել բուհը:

Իր հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ իր այս մեծ հաջողությունը հիմնված է եղել իր փոքրիկ թուլության վրա: Բանն այն է, որ արյուն հանձնելու անհրաժեշտությունը, երբ ասեղով ծակում ու բավականաչափ արյուն են վերցնում մատից, չափազանց շատ էր իրեն վախեցնում: Հենց դա էլ եղել է այն դրդապատճառներից մեկը, որ ինքը հիմնի Theranos-ը:

Իր ոգեշնչման աղբյուրը երիտասարդ գործարարը համարում է փրկարար-հորն ու բժիշկ-պապիկին, նշելով, որ ինքն էլ իր տեսակի մեջ է փորձում փրկարար լինել:

Հ.Գ. Վերջին շրջանում Theranos-ի հետազոտությունների վերաբերյալ սկսեցին կասկածներ հնչել: Նշանակվեցին մի շարք ստուգումներ և ուսումնասիրություններ, ինչի պատճառով Forbes-ը վերանայեց իր տեսակետը և Theranos-ի այժմյան արժեքը գնահատեց ընդամենը $800 միլիոն, որը ներառում է ընկերության մեջ արված ուղղակի ներդրումները և մտավոր սեփականության արժեքը: Այնուամենայնիվ, Էլիզաբեթը վստահեցնում է, որ իրենց հետազոտությունները միանգամայն արժանահավատ են, և խոստանում է ապացուցել դա մոտ ապագայում:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին