ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ՍԽԱԼՆԵՐԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ

Երբեք չի սխալվում այն մարդը, ով ոչինչ չի անում: Իսկ նա, ով սխալներ չի գործում, ընդունում է հրամաններ այն մարդկանցից, ովքեր գործում են դրանք:

7635
Բիզնես գործարարներ, ովքեր իրենց սխալները վերածել են հաջողության

Բիզնեսի զարգացումն ու հաջողությունը կախված են ոչ միայն գրագետ կազմված պլանից, բյուջեի հաշվարկից, թիմից և այլ բաղկացուցիչ մասերից, այլև, որքան էլ տարօրինակ չհնչի, գործած սխալներից:

Այս հանճարեղ ձեռնարկատերերի և նրանց ընկերությունների հաջողությունը շատ դեպքերում որոշվել է հենց նրանց գործած ճակատագրական սխալների արդյունքում: Ի՞նչ սխալներ ու ձախողումներ են ունեցել մարդիկ, ում անունը մենք այսօր ասոցացնում ենք միայն հաջողության հետ, և ի՞նչ կարևոր հետևություններ են արել նրանք դրանցից, ինչպես են ոտքի կանգնել դրանցից հետո, առաջարկում ենք իմանալ այս հոդվածում:

ՍԹԻՎ ՋՈԲՍ

ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ

Չկան հաջողակ մարդիկ, ովքեր չեն գործել սխալներ կամ չեն նահանջել: Կան միայն հաջողակ մարդիկ, ովքեր գործել են սխալներ, բայց հետո փոխել են իրենց ծրագրերը՝ հիմնվելով այդ նույն սխալների վրա: Ես հենց այդ տղաներից եմ:

Սթիվ Ջոբս

Թերևս Սթիվ Ջոբսի անունն այսպես հայտնի չէր լինի ամբողջ աշխարհում, եթե նրա փորձերը, ջանքերն ու նախաձեռնությունները պսակվեին միայն հաջողություններով: Նրա անկումների ու վերելքների բուռն զարգացման ընթացքում եղել են այնպիսի սխալներ, որոնք ճակատագրական նշանակություն են ունեցել Ջոբսի և նրա ընկերությունների համար:

29 տարեկանում Ջոբսը որոշեց, որ իրեն պետք է փորձառու գործընկեր մարքեթինգի ոլորտում և ներգրավեց Ջոն Սքալլիին, սակայն հենց վերջինս էր, որ հետագա երկու տարիների ընթացքում կազմակերպեց Ջոբսին Apple-ից վտարելու գործը:

Սթիվ Ջոբսի սխալ ենթադրություններից մեկն էլ այն էր, որ, գնելով Lucasfilms ընկերությունը և վերանվանելով այն Pixar-ի, նա կարծում էր, որ այն դառնալու է տենիկական սարքավորումների արտադրության ոլորտի առաջատարներից մեկը: Նրա մտքով էլ չէր անցնում, որ Pixar-ին հաջողություն է բերելու անիմացիոն ֆիլմերի արտադրությունը: Բարեբախտաբար, նա դեմ չկանգնեց ընկերության առաջատար մասնագետների՝ կարճամետրաժ ֆիլմեր պատրաստելու ցանկությանը: Արդյունքում աշխատակիցները յուրացրին տեխնոլոգիաները և կարճ ժամանակ անց ստեղծվեց «Խաղալիքների պատմություն» լիամետրաժ մուլտֆիլմը:

Ջոբսը դժվարություններ ունեցավ նաև NeXT համակարգչի համար թիրախային շուկա ընտրելու գործում: Նրա ներկայացրած բազմաթիվ արտադրանքներ անհաջողության մատնվեցին, այդ թվում՝ Apple Lisa-ն, Macintosh TV-ն, Apple III-ը, PowerMac G4 Cube-ը և շատ այլ պրոդուկտներ: Սակայն Ջոբսի հետևությունը այս բոլոր տապալումներից հետևյալն էր՝ մարդիկ շատ արագ կմոռանան, որ դուք սխալ էիք մանրուքներում, եթե ձեզ հաջողվի գտնել կարևոր և հիմնական ուղղություն. Ջոբսի դեպքում դրանք iPod-ը, iPhone-ը և iPad-ն էին:

Ջոբսն ինքն իրենից ներկայացնում էր Apple-ի այն ենթաբաժինը, որը զբաղվում էր շուկայի ուսումնասիրությամբ: Դա չափազանց ռիսկային էր, քանի որ փաստացի ամեն ինչ կախված էր 1 մարդուց, սակայն նրա ճիշտ հարվածները նպատակակետերին հետզհետե ավելացան իրենց թվաքանակով, քանի որ Ջոբսը հետևողականորեն զարգացնում էր իր ստեղծագործական ու մասնագիտական կարողությունները:

ԲԻԼԼ ԳԵՅԹՍ

Բիլլ Գեյթս

Դուք կարող եք ձեզ թույլ տալ մի քանի անգամ սխալվել: Այն, ինչ դուք ձեզ իրավունք չունեք թույլ տալու, դա ինչ-որ բան անել չփորձելն է:

Բիլլ Գեյթս

Բիլլ Գեյթսն այն մարդկանցից է, ովքեր սիրում են իրենց գործած սխալները, սիրում են ուսումնասիրել դրանք, հետևություններ անել և համարում են դրանք իրենց լավագույն օգնականները: Նա չի ամաչում խոսել իր սխալների մասին, այլ, ընդհակառակը, կիսվում է դրանցով հանրության հետ և համապատասխան խորհուրդներ տալիս նմանատիպ սխալներից խուսափելու համար:

2008 թվականին նա հայտարարեց, որ Microsoft ընկերության ամենամեծ սխաներից մեկն այն էր, որ իրենք չփորձեցին զարգացնել ինտերնետ գովազդի և որոնողական համակարգերի ոլորտը, և արդյունքում հետ մնացին իրենց մրցակիցներից:

90-ական թվականների սկզբին դժվար էր ենթադրել, թե ինչ փոփոխություններ է բերելու ինտերնետը: Նրանք կարծում էին, որ Windows փաթեթի մեջ ներառված Internet Explorer ծրագիրը բոլորին բավարարում է, և չէին հասկանում այդ ուղղությամբ շարունակաբար աշխատելու ու կանգ չառնելու կարևորությունը, մինչև այլ որոնողական համակարգեր չկլանեցին շուկայի առյուծի բաժինը: Այսօր ընկերությունը փորձում է լրացնել բաց թողածը:

Բիլլ Գեյթսի սխալներից մեկն էլ այն էր, որ 2001 թվականին նա նշանակեց Սթիվ Բալմերին վաճառքների գլխավոր մասնագետ, ապա և գործադիր տնօրեն, ով ընկերությանը տարավ բոլորովին հակառակ ուղղությամբ: Բալմերի կարծիքով Microsoft-ի մրցակիցները IBM, Sun Microsystems և Oracle ընկերություններն էին: Ինչ վերաբերում էր, օրինակ Yahoo-ին կամ Google-ին, ապա Բալմերը նրանց համարում էր ավելի ցածր կարգի խաղացողներ: Նրա օրոք Microsoft-ը որևէ նոր բան չստեղծեց և շարունակեց միայն վաճառել ու կատարելագործել հին արտադարանքները:

Բիլլ Գեյթսը իր մեծագույն սխալներից մեկն էլ համարում է այն, որ 2000-ական թվականներին իրենք չափազանց զբաղված էին Windows Vista-ի աշխատանքներով, և բոլորովին անտեսեցին և չփորձեցին մուտք գործել բջջային հեռախոսների շուկա:

ՍԵՄ ՈՒՈԼԹՈՆ

Սեմ Ուոլթոն

Սովորեք ձեր սխալների վրա: Մի փնտրեք արդարացումներ: Պատասխանատու եղեք այն ամենի համար, ինչ անում եք: Ամենակարևոր խոսքերը, որ ես երբևէ գրել եմ, գրվել են առաջին Wal-Mart խանութի ցուցանակի վրա՝ «Մենք երաշխավորում ենք ձեր բոլոր պահանջների բավարարումը»: Այդ խոսքերը դեռ գրված են այնտեղ և հենց դրանք են իրականում որոշել ամեն ինչ:

Սեմ Ուոլթոն

Wal-Mart մանրածախ առևտրի հանրահայտ ցանցի հիմնադիր Սեմ Ուոլթոնը իր բիզնեսը հիմնելուց 5 տարի անց հայտնվեց այնպիսի իրավիճակում, որը կարող էր կործանել նրա ամբողջ ստեղծածը:

Երբ 27 տարեկանում նա վարձակալեց տարածք և հիմնեց իր առաջին խանութը, նրա մտքով անգամ չէր անցնում, թե ինչպես իր իսկ հաջողությունը կարող է շրջվել իր դեմ: Բանն այն է, որ Ուոլթոնը տարածքը վարձակալել էր 5 տարի ժամկետով և պայմանագրի մեջ չէր ներառել կետ դրա երկարաձգման հնարավորության վերաբերյալ: 5 տարվա ընթացքում այդ տարածքում աշխատելով՝ Ուոլթոնը առևտրի ծավալներն ավելացրեց ավելի քան 4 անգամ, հաճախորդները սկսեցին ճանաչել Wal-mart խանութն ու օգտվել դրանից: Հասկանալով, թե ինչպիսի տարածքի է այդ պահին տնօրինում՝ սեփականատերը 5 տարին ավարտվելուն պես հրաժարվեց վարձակալությունը երկարաձգել և այդ տեղում հիմնեց նույնպիսի խանութ արդեն իր որդու համար:

Քաղաքում այլ համապատասխան տարածք չգտնվեց, ու թեև Ուոոլթոնը կարող էր հուսահատության գիրկն ընկնել, բայց նա այլ բան արեց: Հավաքեց ճամպրուկներն ու մեկնեց Բենթոնվիլլ քաղաք, որտեղ էլ, դասեր քաղելով իր սխալից, Ուոլթոնը սկսեց նորից գրել Wal-Mart-ի հաջողության պատմությունը:

ԷԼՈՆ ՄԱՍԿ

Էլոն Մասկը

Սխալներ գործելը սարսափելի չէ: Ամենակարևորը ամեն անգամ ինչ-որ նոր բանում սխալվելն է:

Էլոն Մասկ

Էլոն Մասկի մասին մենք մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Նրա սխալների ու անհաջողությունների թիվն այնքան մեծ է, որքան մեծ է, թերևս, հաջողությունների թիվը: Բայց դա չի խանգարել Մասկին առաջ շարժվել՝ սխալներից դասեր քաղելով և հաջողությունների վրա հիմնվելով:

Նրան փաստացի հեռացրել են իր իսկ ստեղծած ընկերությունների՝ PayPal-ի և Tesla-ի գործադիր տնօրենի պաշտոններից, նրա կառավարման օրոք PayPal-ը գրեթե հասել է սնանկացման: Նրա SpaceX հրթիռների արձակումը տիեզերք երեք անգամ ավարտվել է անհաջողությամբ և հրթիռների տեխնիկական վնասվածքներով հենց մեկնարկների ժամանակ: Եվ միայն 4-րդ անգամ, երբ Մասկը ներդրել էր իր ունեցած ողջ գումարը մինչև վերջին ցենտը, խրվել հսկայական պարտքերի մեջ, հրթիռի արձակումը հաջողվեց և ընկերությունը վերածնունդ ապրեց՝ փյունիկի պես վեր հառնելով:

Անհաջողությունների ու սխալների հետևանքները Մասկին օգնեցին հաղթահարել սեփական համառությունն ու դեպի նպատակը մշտապես շարժվելը:

ՌԻՉԱՐԴ ԲՐԵՆՍՈՆ

Ռիչարդ Բրենսոն

Եթե դուք ձեռնարկատեր եք և սխալներ չեք գործել, նշանակում է՝ դուք ձեռնարկատեր չեք:
Ռիչարդ Բրենսոն

Ստեղծել մեծ ընկերություն, հաջողակ բիզնես և ոչ մի անգամ չսխալվել, անհնար է, կարծում է բրիտանացի ձեռնարկատեր Ռիչարդ Բրենոնը: Նա երբեք չի խուսափում խոսել իր սխալների ու վրիպումների մասին: Բրենսոնը միշտ գլխով խրվում է գործի մեջ, և նրա փորձարարությունները ոչ միշտ են ավարտվում հաջողությամբ:

Նրա առաջին սխալներից մեկը Virgin ընկերության հիմադրման հենց սկզբում էր, երբ 19-ամյա Բրենսոնը երկրի տարածքում սկսեց իրացնել արտահանման համար նախատեսված ձայնապնակներ: Նրան հաջողվեց լավ գումար աշխատել, սակայն այս խարդախության համար նրան ի վերջո ձերբակալեցին և ստիպեցին վճարել բոլոր այն հարկերը, որոնցից նա խուսափել էր այդ խարդախության արդյունքում: Բրենսոնը կորցրեց իր բոլոր եկամուտներն ու խնայողությունները, իսկ նրա մայրը վաճառեց տունը, որպեսզի օգնի որդուն վճարել անհրաժեշտ գումարը: Այդ օրվանից սկսած Բրենսոնն այլևս երբեք դեմ չգնաց կամ չփորձեց շրջանցել օրենքը:

Մեկ ուրիշ սխալ Բրենսոնը գործեց Virgin Atlantic ավիաուղիների ինքնաթիռների համար հարմարավետ ու նորարարական բազմակթոռներ պատրաստելու ժամանակ: Ընկերությունը բավական ժամանակ ու միջոցներ ծախսեց դրանց պատրաստման համար, իսկ այդ ընթացքում մոռացավ նախագիծը գաղտնի պահել: Արդյունքում մրցակից British Airways ընկերությունը հասցրեց նույն բանն անել ավելի արագ ու լավ: Իր գործած սխալն ամեն օր աչքի առաջ ունենալ չցանկանալով՝ Բրենսոնը աղբանոցը նետեց բազմաթոռները՝ արդյունքում կրելով 100 միլիոն ֆունտ ստերլինգի վնաս: Հետագայում, անշուշտ, նոր բազմաթոռներ հայտնվեցին նաև Virgin Atlantic-ի ինքնաթիռներում:

Բրենսոնի սխալներից մեկն էլ Apple-ի հետ մրցակցելն էր՝ փորձելով արտադրել սեփական MP3 փլեյեր: Նա ծախսեց ավելի քան 20 միլիոն դոլար, սակայն չկարողացավ ավելի հարմար ու մատչելի փլեյեր արտադրել, քան iPod-ն էր: Արդյունքում նա որոշեց հավատարիմ մնալ ինքն իրեն և չփորձեց մրցակցել այն ոլորտներում, որտեղ ինքն առաջատար չէ: Դա 2003 թվականին էր, սակայն դրանից առաջ Բրենսոնը ևս մեկ անգամ էր փորձել մտնել ուրիշի «բանջարանոցը», երբ որոշել էր արտադրել Virgin Cola գազավորված ըմպելիքը: Ըմպելիքը ոչնչով չէր տարբերվում մյուս բոլոր կոլաներից, իսկ ահա շիշը հիշեցնում էր այդ ժամանակ մեծ փառք վայելող Պամելա Անդերսոնի մարմնի կառուցվածքը: Թեև Անգլիայում ընպելիքը տարածում գտավ, բայց Coca Cola-ն և Pepsi-ն շատ լուրջ ընդունեցին իրենց նոր մրցակցին և փակեցին բոլոր ճանապարհները ԱՄՆ մուտք գործելու համար՝ մեծացնելով իրենց գովազդային արշավների համար նախատեսված առանց այդ էլ մեծ բյուջեները: Ի վերջո Virgin Cola-ն զիջեց իր դիրքերն ու ձախողվեց:

Սակայն այսօր Բրենսոնի սխալներն ու ձախողումներն անհամեմատելի են այն ամեն հետ, ինչ նա ունի այսօր՝ Virgin Atlantic (ավիափոխադրումներ), Virgin Cars (մեքենաների առցանց վաճառք), Virgin Wines (գինիների առցանց վաճառք), Virgin Mobile (հեռախոսային օպերատոր), Virgin Active (ֆիթնես ակումբների ցանց), Virgin Fuels (ներդրողական ընկերություն), Virgin Baloon Flight (օդապարիկներով թռիչքներ իրականացնող ընկերություն), Virgin Brides (հարսանեկան հագուստի խանութների ցանց), Virgin Life Care (առողջական ապահովագրություն), Virgin Cosmetics (օծանելիքի, կոսմետիկայի և բիժուտերիայի առցանց խանութ), Virgin Interactive (վիդեոխաղերի արտադրություն), Virgin Galactic (տիեզերական տուրօպերատոր) և բազմաթիվ այլ խոշոր ընկերություններ, որոնք ներկայանում են մեկ բրենդի ներքո՝ Virgin:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին