Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԸ. ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ, ՈՎՔԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԵՐՏԵԼ

Ո՞վ է վարչապետը, և ի՞նչ նշանակություն ունի դա պետության համար: Մի տեղ նա կարող է լինել հլու կամակատար, իսկ մեկ ուրիշ երկրում դառնալ այն մարդը, ով կփոխի երկրի զարգացման ընթացքը, կկերտի ոչ միայն երկրի, այլև գուցե աշխարհի պատմությունը:

6139
Ինչ կարող է անել վարչապետը

Առաջարկում ենք ծանոթանալ այն մեծագույն առաջնորդների հետ, ովքեր ղեկավարել են իրենց երկրները տարբեր ժամանակահատվածներում և անջնջելի հետք են թողել մարդկության պատմության մեջ:

ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ

Ուինսթոն ՉերչիլՈւինսթոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի պատմության ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն է: Նա Միացյալ Թագավորության վարչապետն էր 1940-ից 1945 թվականներին, ապա նաև 1951-ից 1955-ին:

Չերչիլին իրավամբ համարում են 20-րդ դարի քաղաքական մեծագույն առաջնորդներից մեկը: Նա ոչ միայն ռազմական և քաղաքական գործիչ էր, այլև պատմաբան, գրող, լրագրող և նկարիչ: Նա Մեծ Բրիտանիայի միակ վարչապետն է, ով արժանացել է Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում, և առաջինն էր, ում շնորհեցին ԱՄՆ-ի պատվավոր քաղաքացու կոչում:

Որպես առաջնորդ՝ Չերչիլը մասնակցում և հետաքրքրվում էր ամեն ինչով, ինչը ուղիղ կամ անուղղակի կերպով կապված էր երկրի կառավարման հետ: Նա միշտ ձգտում էր լինել իրադարձությունների կենտրոնում, ձգտում էր դեպի վտանգը, սակայն նաև գիտեր կառավարել իրեն:

Առանձնահատուկ դեր Չերչիլը խաղաց այն ժամանակ, երբ նրա հայրենիքի գլխին կախված էր Հիտլերի և նրա աջակիցների վտանգը: Ասում են, որ հենց նրա իմաստության ու փորձառության շնորհիվ Անգլիան կարողացավ հավաքել իր ուժերն ու թշնամուն դիմավորել արժանի կերպով: Երբ շատերն էին մտածում հանձնվելու մասին, Չերչիլը այն եզակիներից էր, ով մինչև վերջ հավատում էր հաղթանակին և ոչինչ չէր ուզում լսել պարտության կամ հանձնվելու մասին:

Նրան համարում էին արտակարգ իրավիճակների վարչապետ և նա ճշտությամբ կարողանում էր որոշել վտանգի չափը՝ առանց փոքրացնելու կամ չափազանցնելու այն: Չերչիլը հրաշալի կարողանում էր կառավարել ոչ միայն մարդկանց, այլև վտանգները: Բացի այդ, Չերչիլը հրաշալի հռետոր էր և պատերազմի տարիներին նրա ելույթները ռադիոյով հսկայական լսարան էին հավաքում՝ մարդկանց հոգում հպարտություն և լավատեսություն սերմանելով Բրիտանիայի համար:

ԴԱՎԻԹ ԲԵՆ ԳՈՒՐԻՈՆ

Դավիդ Բեն ԳուրիոնԴավիդ Բեն Գուրիոնը Իսրայելի պետության հիմնադին ու Իսրայելի առաջին վարչապետն էր: Նրա հասակն ընդամենը 150 սմ էր: Նա թերևս 20-րդ դարի ամենափոքրամարմին առաջնորդն էր, բայց դա միայն հասակին էր վերաբերում:

Գուրիոնը դեռ հինգ տարեկանում որոշեց, թե որն է իր կյանքի գերագույն նպատակը ու շարժվեց այդ ուղղությամբ իր կյանքի հետագա վեց տասնամյակների ընթացքում:

Նա վստահ էր, որ հայրենիքը նվեր չեն տալիս ու չեն ստանում, չեն ձեռք բերում քաղաքական համաձայնությունների արդյունքում, չեն գնում ոսկով ու չեն նվաճում բռունցքներով: Այն ստեղծում են սեփական քրտինքով: Գերմարդկային ջանքերով նա ստեղծեց Իսրայելի փոքրիկ պետությունը և ամբողջ աշխարհին ստիպեց հաշվի նստել իր երկրի հետ: Այսօր թերևս քչերն են կարողանում հիշել, որ Իսրայել երկիրը միշտ չէ, որ գոյություն է ունեցել, այլ ընդամենը կես դարից փոքր-ինչ ավելի:

1948 թվականի մայիսի 14-ին նա պաշտոնապես հռչակեց Իսրայել պետության ստեղծումը, և առաջինը ստորագրեց Իսրայելի անկախության հռչակագիրը: Բեն Գուրիոնը առաջնորդեց Իսրայելը 1948-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում, իսկ հետո դարձավ Իսրայելի առաջին վարչապետը: Նա բազմաթիվ պետական ինստիտուտներ կառուցեց ու երկրի զարգացմանն ուղղված բազմաթիվ ազգային ծրագրեր իրականացրեց։ Հենց նա էր համակարգում աշխարհով մեկ տարածված հսկայական թվով հրեաների ներգրավումը պետության կայացման գործին։

Բեն Գուրիոնին հաջողվեց իրականացնել իր իդեալիստական երազանքները, որովհետև միևնույն ժամանակ նա միանգամայն իրատես մարդ էր, չէր խուսափում անգամ ամենածանր ու ամենակեղտոտ աշխատանքը կատարելուց, կարող էր լինել և դաժան, և խորամանկ, եթե դա պահանջում էր Գործը: Կյանքում ամեն ինչից շատ նա նվիրված էր իր թիմակիցներին, բայց պատրաստ էր նաև «զոհել» նրանց, եթե նրանք կանգնում էին այդ Գործի ճանապարհին:

Նա կարողանում էր կառավարել մարդկանց, ոգեշնչել աշխատել ու կռվի դուրս գալ, կարողանում էր մարդկանց մեջ գտնել ու արթնացնել ամենալավն ու վեհը: Նա հակված չէր ավելորդ շատախոսության ու ժամավաճառության, իսկ Իսրայելի անվտանգության հարցերում նա որդեգրեց երկու կարևորագույն սկզբունք, որոնց երկիրը հետևում է առ այսօր:

  1. Իսրայելի բանակը պետք է ուժեղ լինի արաբական բոլոր երկրների բանակներից միասին վերցրած:
  2. Իսրայելը երբեք չպետք է զինված կոնֆլիկտ ունենա եվրոպական, ամերիկյան կամ ռուսական բանակների հետ:

Թայմ ամսագիրը Բեն Գուրիոնին ճանաչել է 20-րդ դարի 100 առավել ազդեցիկ մարդկանցից մեկը: Իսկ Շառլ դը Գոլը պնդում էր, որ Դավիդ Բեն Գուրիոնը միջազգային մասշտաբի քաղաքական գործիչ է, մարդ, ում դեմքը արդեն իսկ խորհրդանշում է Իսրայելի վերածնունդն ու անխուսափելի զարգացումը:

ՄԱՐԳԱՐԵՏ ԹԵՏՉԵՐ

Մարգարետ ԹետչերՄարգարետ Թետչերը Մեծ Բրիտանիայի միակ կին վարչապետն էր:  Այն, թե ինչպես նա կարողացավ զարգացնել երկրի տնտեսությունը 3 անգամ ավելի արագ, քան իրեն նախորդած 3 վարչապետները՝ միասին վերցրած, թե ինչպես կարողացավ խաղաղության հասնել Ֆոլկլենդյան կղզիներում, շատերի համար եղել և մնում է հանելուկային: Մի բան պարզ է. Թետչերը եղել է դարի կինը, ով կարողացել է զգալի հաջողություններ գրանցել թե՛ տնտեսական առումով, թե՛ քաղաքական: Թետչերին բաժին ընկած ժամանակահատվածը, մեղմ ասած, այնքան էլ բարենպաստ չէր: Նրա ձևավորած կառավարությունը պետք է լուծեր սոցիալական և տնտեսական քաղաքականության մի շարք հիմնախնդիրներ:  Նա ստիպված էր վարել կոշտ ներքին քաղաքականություն վարել, որն առավել հայտնի է «թետչերականություն» անվամբ:

Բոլոր դեպքերում  Թետչերն արեց ավելին, քան իր նախորդները, կարողացավ պետական տնտեսության խորտակվող նավի ղեկանիվն արագ ու արդյունավետ պտտել, և թերևս չգտնվեր մեկ ուրիշը, որ կարողանար այդպես լավ գլուխ հանել ստեղծված իրավիճակից:

Սակայն վերաբերմունքը նրա նկատմամբ երբեք միանշանակ չի եղել: Նրան կոչում էին «Երկաթե Լեդի» այն համառության համար, որով նա վարում էր իր քաղաքականությունը: Երբ նա խորհրդարան էր գալիս, առաջին շարքերից լսվում էր. «նորից այս գրողի տարած կինը», իսկ հետևի շարքերից քթի տակ մրթմրթում էին ՝ «վհուկ»: Նա պատվով կարողանում էր ընդունել բոլոր քննադատություններն իր հասցեին և ասում էր. «Երբեք մի լսեք քննադատություններ ձեր հասցեին, որովհետև անգամ եթե դուք կարողանայիք քայլել ջրի վրայով, ապա համոզված եղեք, որ կգտնվեր մեկը, ով անպայման կասեր. «Տեսեք, նա նույնիսկ լողալ չգիտի»»:

Նա վճռական էր, տրամաբանող, սառը և զուսպ: Նա գտնում էր, որ կարևոր չէ, կին ես դու, թե տղամարդ, կարևորն այն է, որ լինես լավագույնը քո ոլորտում, լինես ավելի լավը, քան մնացած բոլորը:

ԻՆԴԻՐԱ ԳԱՆԴԻ

Մարգարետ ԹետչերԻնդիրա Գանդին Հնդկաստանի առաջին կինը-վարչապետն էր: Նա ընտրվեց Հնդկաստանի վարչապետ 3 անգամ՝ իրար հաջորդող ընտրություններին (1966-1977) և չորրորդ անգամ՝ 1980-84թթ.: Նա խելացի և հմուտ քաղաքական գործիչ էր: Հնդիկ ժողովուրդը նրան համարում էր «Հնդկաստանի մայր», խաղաղության, ազատության ու արժանապատվության պահապան: Նա Հնդկաստանի անկախության համար պայքարող Ջավահառլալ Նեռուի դուստրն էր, ով հետագայում` երկրի անկախացումից հետո, ընտրվեց որպես Հնդկաստանի առաջին վարչապետ:

Երբ Ինդիրան 2 տարեկան էր, նրա հորն այցելեց Մահաթմա Գանդին, ու նկատեց ակտիվ ու հետաքրքրասեր աղջնակին: Նա դեռ այդ ժամանակ մեծ ապագա կանխատեսեց Ինդիրայի համար: Երբ Ինդիրայի հայրը վարչապետ դարձավ, Ինդիրան սկսեց օգնել նրան բոլոր գործերում: Նա օգնում էր հորը քաղաքական ելույթներ պատրաստել, ուղեկցում էր նրան բոլոր հանդիպումների ու շրջագայությունների ժամանակ:

1960-ական թվականների սկզբին մահացան Ինդիրայի ամուսինն ու հայրը: Ուշքի գալով ծանր կորուստներից՝ նա որոշեց զբաղվել ինքնուրույն քաղաքական գործունեությամբ: Երբ Ինդիրան վարչապետ ընտրվեց, արդեն 49 տարեկան էր: Նրա քաղաքական կարգախոսը աղքատության դեմ պայքարն էր։ Նա ազգայնացրեց բանկերը, արագորեն զարգացրեց արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: Նրա ջանքերի շնորհիվ Հնդկաստանը կարողացավ ամբողջությամբ ապահովել ինքն իրեն գյուղմթերքով և այս առումով առաջին անգամ երկար տարիների ընթացքում դարձավ անկախ:

Ինդիրա Գանդին, լինելով խելացի ու իմաստուն կին, ասես նախազգում էր իր մոտալուտ մահը և սպանությունից մի քանի օր առաջ ելույթ ունեցավ՝ ասելով. «Այն օրերը, որոնք ինձ մնացել են ապրելու, ես նվիրելու եմ իմ ժողովրդին ծառայելուն: Եվ երբ ես մեռնեմ, թող իմ արյան յուրաքանչյուր կաթիլ սնի կյանքը Հնդկաստանում և այն ավելի ուժեղ դարձնի»: Կարճ ժամանակ անց նա սպանվեց իր իսկ թիկնապահների ձեռքով, ովքեր նրա վրա արձակեցին 20 փամփուշտ: Նրա մահը ողբերգություն էր հնդիկների համար, և նրանք առ այսօր Ինդիրային հիշում են մեծագույն հարգանքով ու սիրով:

ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒ

ՍինգապուրԼի Կուան Յուն Սինգապուրի առաջին վարչապետն էր, մարդ, ով կարողացավ հաղթահարել փոքրիկ քաղաք-պետության առջև կանգնած անհաշվելի թվով խոչընդոտները և գտնել այն ճանապարհը, որը տանում է դեպի հաջողություն: Նա կառավարեց երկիրն ավելի քան 30 տարի և դարձրեց այն աշխարհի առաջատար երկրներից մեկը՝ ըստ երկրի ՀՆԱ ցուցանիշի:

Կուան Յուն հրաշալի ստրատեգ էր և դիվանագետ: Նա կարողանում էր լավ կապեր ստեղծել մեծ երկրների հետ և խոշոր ներդրումներ ներգրավել երկրի տնտեսությունը զարգացնելու համար: Փաստացի նա ստեղծեց Սինգապուրը զրոյից, այն հողի վրա, որտեղ չկար անգամ խմելու ջուր և ավազ՝ շինարարության համար: Նա Սինգապուրը դարձրեց օազիս «առաջին աշխարհի» երկրների համար «երրորդ աշխարհի» տարածաշրջանում, ստեղծեց տնտեսություն, որով երկիրը կարող էր մրցակցել իր խոշոր հարևանների հետ: Նա համախմբեց ու կրթեց բնակչությանը, փոխեց մարդկանց մտածելակերպն ու ապրելակերպը:

Նա ընտրում էր դպրոցների լավագույն շրջանավարտներին ու կրթության ուղարկում արտասահմանյան բուհեր, իսկ հետո աշխատանքի ընդունում կառավարությունում, ինչի շնորհիվ կառավարությունը տարեցտարի ավելի մեծ արդյուքններ էր գրանցում: Նրա օրոք Սինգապուրը դարձավ էական խաղացող ֆինանսական շուկայում: «Դա վստահություն էր, որը մենք հավաքեցինք փշուրներով: Մենք սկսեցինք ամրապնդել վստահությունը Սինգապուրի հանդեպ՝ իբրև վայր, որտեղ կարելի է ազնվորեն զբաղվել բիզնեսով»,- պատմում է Սինգապուրի վարչապետը:

Լի Կուան Յուին նաև հաջողվեց ասիական երկրում վերացնել կաշառակերությունը՝ ձերբակալելով անգամ իր ամենամոտ հարազատներին: Նա մահացավ 2015 թվականին՝ իր հետևից թողնելով ուժեղ, զարգացած, առաջատար մի պետություն, երկիր, որտեղ չկան անկարգություններ, կեղտոտ փողոցներ ութափառաշրջիկներ:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին