ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԵԿՐԵՏԻՑ ՀԵՏՈ

Ծննդաբերությունից հետո աշխատանքի վերադառնալը սթրեսների լուրջ պատճառ է, իսկ ինչպե՞ս հաղթահարել այն և գրագետ կերպով վերադառնալ նախկին աշխատավայր:

8459
Դեկրետից հետո

ԻՆՉՊԵ՞Ս ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱԼ

Սկզբում, նախ եկեք պարզենք, թե ինչ ասել է դեկրետ կամ ֆիզարձակուրդ: ՀՀ-ում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են 2004 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված ՀՀ աշխատանքային օրենսգրքով:

Մեր երկրում աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ երկու հոդվածով՝ 172 և 173:

Առաջինի դեպքում.
1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

Երկրորդի դեպքում. Երեխայի փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր), տատի, պապի կամ այլ հարազատի (այդ թվում` երեխայի խնամակալ նշանակված անձի) ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը):

Օրենքի համաձայն` ղեկավարությունն իրավունք չունի դեկրետից վերադարձած աշխատակցին այլ աշխատանք առաջարկելու, քանի որ տվյալ աշխատակիցը պետք է վերադառնա այն նույն աշխատանքին, որ կատարել է նախքան արձակուրդ գնալը:

ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՖԻԶԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏՈ

Նախապես գործատուին ներկայացնելով համապատասխան դիմում` Դուք կարող եք վերադառնալ աշխատանքի ցանկացած օր`առանց սպասելու, որ Ձեր երեխան դառնա 3 տարեկան:

Սակայն Դուք պարտավոր եք վերադառնալ աշխատանքի Ձեր երեխայի` 3 տարեկան դառնալու հաջորդ իսկ օրը, քանի որ այդ պահից ի վեր Ձեր ֆիզարձակուրդը վերջանում է և աշխատանքից բացակայությունը կհամարվի անհարկի բացակայություն:

Երբ Ձեր երեխան դառնում է 3 տարեկան, գործատուն իրավասու է Ձեզ աշխատանքից հեռացնել հաջորդ իսկ օրը` աշխատանքի չներկայանալու պատճառով:

Օրենքի համաձայն` ղեկավարությունն իրավունք չունի ֆիզարձակուրդից վերադարձած աշխատակցին այլ աշխատանք առաջարկելու, քանի որ տվյալ աշխատակիցը պետք է վերադառնա այն նույն աշխատանքին, որ կատարել է նախքան արձակուրդ գնալը:

Աշխատանքի վերադառնալիս փորձե′ք պարզել, թե ի՞նչ է փոխվել աշխատավայրում Ձեր բացակայության ընթացքում: Իրազե′կ եղեք տեղի ուենցած բոլոր փոփոխություններին, որպեսզի հետ չընկնեք աշխատանքային ռիթմից:

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՆՈՐ ՌԵԺԻՄԻՆ

Երեխայի ծնունդից հետո Ձեր կյանքը լիովին փոխվում է: Նախքան կյանքի նոր ռիթմին անցնելը փորձե′ք Ձեր օրգանիզմը և ընտանիքի անդամներին նախապատրաստել նոր փոփոխություններին: Հաջողության հասնելու համար հետևե′ք հետևյալ խորհուրդներին.

Փորձե′ք ավելի վաղ արթնանալ: Եթե նախկինում տանից դուրս գալու համար պահանջվել է միայն 15 րոպե, ապա այժմ հաշվի առեք նաև այն հանգամանքը, որ պատրաստվել է պետք նաև Ձեր երեխային:

Խնդրե′ք տան մյուս անդամներին կիսել Ձեր հոգսը, քանի որ այժմ ժամանակը չի բավարարի ամեն-ինչ ժամանակին անելու համար: Սա իր հետ կբերի գերծանրաբեռնվածություն, որն էլ կարող է սթրեսի պատճառ դառնալ:

Հետաձգե′ք նոր գործեր ձեռնարկելը: Եթե նոր ռեժիմն արդեն իսկ ծանր է, ապա զե′րծ մնացեք նոր գործողություններ ձեռնարկելուց:

Ի՞ՆՉ ՎԱՐՔ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ

Երկարատև դադարից հետո աշխատանքի վերադառնալը նման է մեկ այլ աշխարհում հայտվելուն: Ենթագիտակցորեն սկսում եք թերագնահատել Ձեր կատարած աշխատանքը: Փորձե′ք հանգստանալ: Դուք այն նույն վայրում եք, որտեղ մեկ անգամ արդեն իսկ հայտվել եք աշխատելու նպատակով և հասել եք հաջողության: Մի′ խուսափեք հարցնելուց, եթե որևէ բան ստույգ չգիտեք: Ավելի լավ է հարցնել և ճիշտ գործել, քան սխալվել: Որքան շատ փորձեք հարցերի միջոցով լրացնել Ձեր գիտելիքների բացը, այնքան մոտ կլինեք կատարելության:

ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՀԵՌԱՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Եթե Ձեր երեխայի ծնունդից հետո որոշել եք հրաժարվել աշխատանքից, ապա արեք դա խելամիտ կերպով և փորձեք հաշվի առնել բոլոր նրբությունները, քանի որ հնարավոր է` աշխատանքի կրկին վերադառնալու ցանկություն ունենաք հետագայում:

Ճիշտ է` աշխատանքը լքելու համար օրենքի համաձայն բավարար է միայն գրավոր դիմում, սակայն ավելորդ չի լինի նաև երես առ երես զրույցը ` շարունակելով լավ հարաբերույթւոններ ունենալ բոլորի հետ:

Զերծ մնացեք մեղքի զգացումից: Եթե կարծում եք, թե Ձեր այդ քայլով Դուք դժվար կացության մեջ եք գցում որևէ մեկին, ապա հիշեք, որ ամեն ինչ իր բնականոն հունով էր ընթացել նաև Ձեր` արձակուրդում եղած ժամանակ:

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին