ԷՄՈՑԻՈՆԱԼ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Ո՞րն է ընտանեկան կյանքում վեճերի քանակը նվազեցնելու և ներդաշնակ հարաբերություններ ու խաղաղ ընտանեկան կյանք կառուցելու գաղտնիքը: Առաջարկում ենք բացահայտել դա՝ լայֆ քոուչ, «Զարթուցիչ» անձնային աճի թրեյնինգների հիմնադիր Գրիգոր Առաքելյանի այս հոդվածն ընթերցելով:

6037
էմոցիոնալ համատեղելիություն

Մարդիկ կարող են լինել համատեղելի և անհամատեղելի ըստ հորոսկոպի, դաստիարակության, աշխարհայացքի, տեսակետների, բայց այդ ամենից առավել կարևոր է մեկ այլ համատեղելիության տեսակ: Դա էմոցիոնալ համատեղելիությունն է:

Ի՞ՆՉ Է ԷՄՈՑԻԱՆ ԵՎ Ո՞ՐՆ Է ՆՐԱ ԴԵՐԸ

Մինչև էմոցիոնալ համատեղելիությանն անդրադառնալը եկեք պարզենք, թե ինչ են էմոցիաները և ինչպես են դրանք ազդում մեր կյանքի որակի և մեր ինքնազգացողության վրա:

Կյանքի ամենասկզբից մենք փնտրում ու գտնում ենք էմոցիաներ՝ դրական, բացասական կամ չեզոք: Դրական էմոցիաներն ապրելը միշտ էլ հաճելի է. Դրանց շարքին են դասվում հիացմունքը, համակրանքը, սերը, մինչդեռ բացասականներից են ցասումը, զայրույթը, խանդը, վրեժի զգացումը: Կան նաև բազմաթիվ խառը էմոցիաներ: Որքան շատ ու բազմերանգ լինեն էմոցիաները մարդու հոգում, այնքան ավելի բարձր էմոցիոնալ ինտելեկտով օժտված կլինի նա: Դրական էմոցիաները պետք է կարողանալ խառնել միմյանց ու հետաքրքիր համադրություններ ստանալ: Պատկերացրեք, օրինակ՝ ինչ հրաշալի հոգեվիճակ կարող են ստեղծել հիացմունքը, համակրանքը և սերը կողակցի հանդեպ: Մինչդեռ բացասական էմոցիաները պետք է կարողանալ ճանաչել ու ղեկավարել:

Գրիգոր Առաքելյանը
Գրիգոր Առաքելյանը

ԻՆՉՊԵ՞Ս ԿԻՍԵԼ ԷՄՈՑԻԱՆԵՐԸ

Ինչ է տեղի ունենում, երբ մարդիկ միևնույն երևույթի հանդեպ ունենում են տարբեր էմոցիաներ: Օրինակ, տղամարդը ֆուտբոլ է դիտում՝ ոգևորված, հիացած սիրելի թիմով, իսկ ահա կինը խանդում է ամուսնուն այդ նույն ֆուտբոլի հանդեպ: Բնական է, որ երևույթի՝ տվյալ դեպքում ֆուտբոլի հանդեպ տարբեր վերաբերմունքը նրանց բաժանում է միմյանցից: Իսկ եթե տղամարդը ֆուտբոլ է դիտում մի ակումբում, որտեղ կան նույն ֆուտբոլային թիմի երկրպագուներ, խաղի հանդեպ դրական էմոցիաները միմյանց են կապում անգամ անծանոթ մարդկանց ու դարձնում մեկ ամբողջություն:

Այդպես է ցանկացած իրավիճակում. երբ երկու հարազատ մարդիկ տարբեր էմոցիաներ են ունենում միևնույն առարկայի, երևույթի կամ իրավիճակի հանդեպ, դա նրանց հեռացնում է իրարից: Իսկ եթե ունեն նույն էմոցիաները, ապա դա կարող է ջնջել ու չեզոքացնել ցանկացած այլ՝ հորոսկոպայինից մինչև սեռական անհամատեղելիություն:

Եթե ամուսինները իրար հետ ուզում են ապրել ներդաշնակ, նրանք պարզապես պարտավոր են չափազանց ուշադիր լինել միմյանց էմոցիաների հանդեպ, հասկանալ, թե ինչն է օգնում իրենց կողակցին էմոցիոնալ որոշակի ալիքի վրա հայտնվել: Ենթադրենք, կնոջը ոգևորում ու մեծ հաճույք է պատճառում գնումներ կատարելը, իսկ տղամարդուն՝ ֆուտբոլ դիտելը կամ մարզվելը: Առաջին քայլը ներդաշնակ հարաբերություններ կառուցելու համար հենց այդ ամենը նկատելն  է: Իսկ երկրորդ քայլը ԱՊՐՈՒՄԱԿՑԵԼՆ է՝ էմոցիաները իրար միացնելը: Անգամ եթե դուք չունեք նույն վերաբերմունքը այդ երևույթի հանդեպ, ձեր սիրելիին ապրումակցելով՝ դուք զարգացնում եք համապատասխան էմոցիան ձեր մեջ:  Եվ ինչպես հաղորդակից անոթների դեպքում, իրար ապրումակցող մարդկանց էմոցիաները միանում են իրար ու հավասարակշռություն ստեղծում:

հաղորդակից անոթներ

Իսկ եթե հաշվի առնենք, որ դրական էմոցիաները ապրումակցելիս ոչ թե գումարվում են իրար, այլ բազմապատկվում, այն էլ մի քանի անգամ, ապա ստացվում է, որ ապրումակցելը արդեն իսկ բավարար է երջանկության ու ներդաշնակ փոխհարաբերությունների համար:

ԷՄՈՑԻՈՆԱԼ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ԿՅԱՆՔԻ ԲՈԼՈՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ

Հավանաբար նկատած կլինեք, որ զույգերը կյանքի ինչ-որ մի պահից սկսած դադարում միմյանց հասկանալ: Պատճառն այն է, որ նրանց կապողը էմոցիաները այսօր քիչ են կամ չկան: Եթե նրանք կարողանան վերադարձնել այն էմոցիոնալ հրավառությունը, որ կար նախկինում, և մի երևույթի հանդեպ ունենան նույն զգացողությունները, այն է՝ ապրումակցեն միմյանց, ապա դա ցանկացած պարագայում, ցանկացած տարիքում նրանց նորից կմիացնի:

Եթե ուզում եք, որ ձեր կյանքի ամեն օրը լինի նույնքան վառ ու գեղեցիկ, որքան հարաբերությունների ամենասկզբում էր, պետք է շատ լուրջ վերաբերվեք ձեր կողակցի էմոցիաներին ու ապրումակցեք նրան: Փորձեք հասկանալ նրան, փորձեք լսել ձեր ամուսնու սիրելի երգը, դիտել նրա հետ ֆուտբոլ կամ այն հեռուստասերիալը, որը նա սիրում է: Բավարար է ընդամենը մի կայծ, և էմոցիաները կբռնկվեն նաև ձեր մեջ:

էմոցիոնալ համատեղելիությունԱնշուշտ, միայն էմոցիոնալ կապվածությունը չի կարող լուծել բոլոր հարցերը, եթե բավարարված չեն մեր հիմնաքարային պահանջմունքները, ենթադրենք՝ տանը չկա ուտելիք կամ զույգը չի ապրում սեռական կյանքով: Այնպես որ, պետք է առաջին հերթին լուծել կենսական կարևորագույն հարցերը, իսկ հետո անդադար միմյանց ապրումակցել, միասին գնալ արշավ, կինո, միասին ուրախանալ, հուզվել, միասին լաց լինել, միասին հիասթափվել: Այն, ինչ դուք կանեք միասին էմոցիաների առումով, կկապի ձեզ իրար ու կերջանկացնի: Չէ՞ որ անգամ քահանան եկեղեցում պսակադրության ծեսը կատարելիս հարցնում է՝ «Խոստանո՞ւմ ես լինել նրա կողքին ուրախության ու տխրության, հարստության և աղքատության մեջ, հիվանդ և առողջ պահերին, մինչև մահը չբաժանի ձեզ»: Այս մեկ նախադասության մեջ ամփոփված է ապրումակցելու ողջ խորհուրդը:

Այնպես որ, միշտ հիշեք, որ ֆիզիկապես միմյանց կողքին լինելուց զատ և նույնսիկ առավել կարևոր է միմյանց կողքին լինել, հասկանալ և աջակցելհոգեպես:

Սիրեք միմյանց, ապրումակցեք իրար:

Գրիգոր Առաքելյան

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին