ԹՈՄԱՍ ՖՈՍԹԵՐ․ «ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ․ ԻՆՉՊԵ՞Ս ԸՆԹԵՐՑԵԼ»

Թոմաս Ֆոսթերը մի շարք գրքերի հեղինակ է, Միչիգանի համալսարանի համաշխարհային դասական ու ժամանակակից գրականության պրոֆեսոր։

1371
ընթերցանություն

Շատ հաճախ գրքերն ընթերցում ենք մակերեսայնորեն՝ չնկատելով այն ինֆորմացիան, որն ընկած է գրքի հիմքում։ Գեղարվեստական ստեղծագործության ողջ խորիմաստությունը պայմանավորված է հենց այդ աննշմարելի նշաններով ու սիմվոլներով։
Ինչպե՞ս նկատել այն, ինչ հեղինակը ցանկացել է փոխանցել գրքի միջոցով, ինչպե՞ս ընկալել գրքի հիմնական, բայց ենթատեքստային գաղափարը։ Հենց այս մասին է Թոմաս Ֆոսթերը խոսում իր «Ընթերցանության արվեստը․ ինչպես ընթերցել գրքում»։

Յուրաքանչյուր գիրք մի ճանապարհորդություն է դեպի հեղինակի երևակայական աշխարհը, որտեղ կան բազմաթիվ կերպարներ, հետաքրքիր մտքեր և թաքնված ենթատեքստեր։

 

Ընթերցեք այլ աչքերով

Գիրքն ընթերցելով՝ մենք անգիտակցաբար համեմատություններ ենք անում իրական աշխարհի հետ։ Թ․ Ֆոսթերը խորհուրդ է տալիս ընթերցել ուրիշ աչքերով, այլ տեսանկյունից, որը հնարավորություն կտա տեսնելու այն պատմական, մշակութային, անձնական ու սոցիալական ենթատեքստը, որը հեղինակը դրել է գրքի հիմքում։

Փորձեք մտովի հայտնվել այն ժամանակաշրջանում, որի մասին պատմվում է գրքում։

 

Ենթատեքստային ընթերցանություն

Գրքի նկարագրությունները երբեք բառացիորեն մի ընկալեք։ Գեղարվեստական գրականության մեջ արևը երբեք ուղղակի արև չէ, անձրևը երբեք պատահական չի գալիս։ Մտածեք, փորձեք փոխկապակցվածություն գտնել դեպքերի ու նկարագրությունների միջև, փորձեք զգալ այն տրամադրություններն ու մթնոլորտը, որոնք հեղինակը ձգտել է փոխանցել իր ստեղծագործության միջոցով։

 

Մի մնացեք հերոսի կողքին

Յուրաքանչյուր գործող անձ սյուժեի անբաժանելի մասնիկն է, պատմվածքի շարժիչը, որն ապահովում է ստեղծագործության շարունակականությունը։ Սյուժեի հիմքում գործողություններ կատարող գործող անձերն են, իսկ եթե մտահղացումը զոհեր է պահանջում, ապա հերոսը մահանում կամ ենթարկվում է փորձությունների։
Գեղարվեստական ստեղծագործություններում հերոսներին տրվում է որոշակի դեր, որոնք կատարելով՝ նրանք սյուժեն հասցնում են ավարտին։

Աշխարհագրության կարևորությունը

Գրականության մեջ աշխարհագրությունը տարբերվում է այս գիտության սովորական ընկալումից։ Գրքային աշխարհագրությունը նկարագրում է ոչ թե քաղաքներ, օվկիանոսներ կամ անտառներ, այլ կերպարներ (նայած գրքերում լինում են նաև աշխարհագրական տեղանքների, բնության և այլ նկարագրություններ):
Նկարագրվում են մարդիկ, ովքեր ապրում են մոլորակի տարբեր անկյուններում և այդ վայրերի ազդեցությունը մարդկանց վրա։
Տաղանդավոր գրողը կարող է անել այնպես, որ աշխարհագրությունը առանձին սիմվոլ դառնա, որը տարատեսակ մտորումների տեղիք կտա։

 

Երևակայության թռիչք

Ի՞նչ եք պատկերացնում, երբ տեսնում եք թռիչքի պատրաստ հերոսի։ Կարելի է ենթադրել, որ նա գերհերոս է կամ խելագար։ Սակայն հերոսի թռիչքի մեջ հեղինակն ավելի խորը իմաստ է դնում, քան առաջին հայացքից թվում է։ Թռիչքը կարող է նշանակել ազատություն, սեր, զորություն կամ նույնիսկ՝ փախուստ․ սրանք հեղինակի երևակայության արդյունքն են։

Թույլ տվեք, որ ձեր երևակայությունն էլ կտրվի երկրից ու սկսի ճախրել։

Տարվա եղանակները

Ստեղծագործության մեջ տարվա եղանակների նշանակությունների կիրառումը գրկանության հայտնի հնարքներից մեկն է։ Գարունը նշանակում է երիտասարդություն ու երազանքներ, ամառը՝ հասունություն, սիրային հարաբերություններ, աշունը՝ հոգնածություն, միջին տարիք և անկում, իսկ ձմեռը՝ ծերություն և նույնիսկ՝ մահ։
Գրականության մեջ տարիքի ու ժամանակի կապը գալիս է դեռևս վաղ ժամանակներից ու հիշատակվում դիցաբանության մեջ։

 

Տարօրինակ սիմվոլներ

Հաճախ ստեղծագործության մեջ հանդիպում ենք այնպիսի սիմվոլներ, որոնք որևէ առնչություն չունեն ո՛չ հերոսների, ո՛չ սյուժեի հետ։ Սա նշանակում է, որ պետք է ավելի լայն մտածել ու փորձել հասկանալ, թե ինչու է գրողն օգտագործել այդ սիմվոլը։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է գեղարվետական ոճն այդքան բարդ։ Պատասխանը պարզ է՝ այդպես ընթերցելն ավելի հետաքրքիր է։

Եղեք ուշադիր, նկատեք բոլոր մանրուքները, ընդլայնեք մտահորիզոնն ու ձեր առջև կբացվի այն, ինչ հեղինակը թաքցրել է տողերի արանքում։

In this article


Join the Conversation