ՀԵՄԻՆԳՈՒԵՅԻ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը գրական գործունեությամբ զբաղվել է շուրջ 44 տարի։ Նա հայտնի է իր պարզ ու հասկանալի, բայց ոչ պարզունակ տեքստերով։ Ինչպե՞ս ընկալելի ու հասկանալի տեքստեր գրել ընթերցողներին հասանելի լինելու համար։ Ահա մի քանի խորհուրդ Հեմինգուեյից։

4170
Հեմինգուեյ

Այս խորհուրդները կօգնեն բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով առնչվում են տեքստերի հետ, կսովորեցնեն դուրս գալ չորս պատերի սահմաններից և ուշադիր զննել աշխարհը։

Տեքստում կիրառեք համառոտ նախադասություններ

Եթե Հեմինգուեյն ապրեր այս ժամանակաշրջանում, հավանաբար բլոգեր կլիներ։ Նրա գրելաոճը մինիմալիստական է՝ ենթակա, ստորոգյալ, մի քանի լրացում և մակբայ։
Շատերն ընթերցած կլինեն նրա «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած»։ Սա պատմվածքի անվանումն է՝ պարզ ու ընթեռնելի։ Հեմինգուեյի խոսքին բնորոշ չեն ածականները, նրա տեքստերն աչքի են ընկնում բառերի ժլատությամբ, բայց միևնույն ժամանակ մատչելիությամբ։

 

Գրեք կարճ պարբերություններով

Հնարավոր է՝ Հեմինգուեյը գիտեր, որ ցանկացած տեքստ առաջին հերթին ընթերցողին գրավում է կարճ պարբերություններով։ Երկար նախադասություններից կազմված տեքստերն ընթերցողի մոտ ենթագիտակցական վախ են առաջացնում, ինչը հանգեցնում է տեքստերի անհասկանալիության։
Ըստ նրա՝ ներածությունը պետք է ունենա քիչ մանրամասներ, բայց միևնույն ժամանակ գրավի ընթերցողին։

 

Գրեք կենսուրախ ու դրական

Պարզ է, որ այս խորհրդին ականջալուր չէին լինի ո՛չ Կաֆկան, ո՛չ Սարտրը։ Հեմինգուեյին որպես անհատ չի կարելի համարել բացարձակ լավատես, սակայն նրա տեքստերն իրենց մեջ կրում են լավատեսություն ու մեծ հավատ։ Նույնիսկ ամենատխուր պատմվածքներն ու վեպերը որոշակի դրական բան են պարունակում։
Հեմինգուեյը փախչում էր «ոչ» ժխտական մասնիկից ու բացասական ձևակերպումներից։ Թվում է, թե դա սովորական հոգեբանական հնարք է, սակայն մեծ դեր ունի գրական տեքստերում։

 

Օգտագործեք լեզվի ուժը

Հեմինգուեյն իր տեքստերում շատ է օգտագործել բայեր, քանի որ կարծում էր՝ դրանք դինամիկա են հաղորդում տեքստերին, ընդգծում են կարևոր պահերն ու հզոր էներգիա են փոխանցում։
Մի մոռացեք, որ տեքստերը պետք է հստակ պատկերներ առաջացնեն ընթերցողների մոտ։ Եթե դա ձեզ հաջողվում է, ապա ընթերցողի համար տեքստն ընթերցելը կլինի ոչ միայն հաճելի, այլև ինքնաբերաբար մրցակցության դաշտից կվերանան բոլոր մրցակիցները։

 

Գլխավոր կանոնը

Հեմինգուեյը գրում է․«Երբ նոր պատմություն սկսել չեմ կարողանում, ինքս ինձ ասում եմ՝ մի մտածիր, դու կարողացել ես գրել և այժմ էլ կկարողանաս։ Կարևորը մեկ ներկա նախադասություն գրելն է»։
Նա կարծում էր, որ ամբողջ տեքստը կառուցվում է միայն ներկա ժամանակով կամված այս մեկ նախադասության շուրջն ու այն կարելի էր վերածել մեծ տեքստի։ Ըստ նրա՝ այս մեկ նախադասությունը կարող է տեքստի ծավալման լուրջ խթան լինել, եթե իսկապես հավատում եք դրան։
Հաջորդ անգամ, երբ չեք իմանա, թե ինչի մասին գրեք, հետևեք այս երեք պարզ քայլերին՝

  • Մտածեք որևէ կարևոր բանի մասին
  • Գրեք մեկ նախադասություն
  • Ընթերցողներին պատմեք մի հետաքրքիր պատմություն, որը հիմնված կլինի այդ մեկ նախադասության վրա։


    Երկար տեքստեր գրելը մեծ վախ է առաջացնում, ստիպում է կենտրոնանալ դժվարությունների վրա։ Գրելով մեկ նախադասություն՝ մենք կարողանում ենք խուսափել այ վախից ու նախապայման ստեղծել գեղեցիկ պատմության համար։

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին