ԻՆՉՊԵ՞Ս ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ԵՎ ՉՇԵՂՎԵԼ ԱՆԳԱՄ 2 ՐՈՊԵՈՎ

Քանի՞ անգամ եք աշխատանքի ընթացքում շեղվում: Այդ թիվը բազմապատկեք 25 անգամ: Առնվազն այսքան րոպե դուք ամեն օր կորցնում եք իզուր:

9611
ինչպես կենտրոնանալ աշխատանքի վրա

Իրվայն քաղաքի Կալիֆորնիական համալսարանի պրոֆեսոր Գլորիա Մարկի ուսումնասիրություները ցույց են տվել. մարդը ծախսում է 25, իսկ ավելի ճիշտ՝ 23 րոպե և 15 վայրկյան, որպեսզի կարողանա կենտրոնանալ այն գործի վրա, որով զբաղված էր մինչև ընդմիջվելը:

Այսինքն, 2 րոպե Facebook-ն աչքի անցկացնելու արդյունքում դուք կկորցնեք առնվազն 2 րոպե + 23 րոպե և 15 վայրկան…

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ՇԵՂՎՈՒՄ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Ուսումնասիրությունների համար Գլորիա մարկը և նրա օգնականները 3 ու կես օր հետևել են մի քանի ֆինանսական և տեխնիկական ընկերությունների աշխատակիցների, ովքեր, իհարկե,  այդ ընթացքում ոչնչի մասին չէին կռահում: Հետազոտողները վայրկյան առ վայրկյան գրառել են աշխատակիցների ակտիվությունը: Պարզվել է, որ աշխատակիցները մեկ գործից մյուսին անցում են կատարել 3 րոպե 5 վայրկյան պարբերությամբ: Նրանք իրենց գործը հաճախ ընդհատել են Facebook-ը կամ Twitter-ը աչքի անցկացնելու համար: Հետազոտությունների մեջ չի ընդգրկվել այն ժամանակը, որը ծախսվել է գործընկերների հետ աշխատանքային հարցեր քննարկելու վրա:

Մենք մեր ուղեղն օգտագործում ենք թենիսի գնդակի նման՝ նետելով մեկ այս, մեկ այն կողմ, բայց, ի տարբերություն գնդակի, մեր ուղեղին ժամանակ է հարկավոր սկզբնակետին վերադառնալու համար:

Շեղվելով մենք մեր ռեսուրսները ուղղորդում ենք այլ ուղղությամբ, ծախսում ժամանակ նոր բանի վրա կենտրոնանալու համար, ապա ծախսում նույնքան՝ նախորդ գործին վերադառնալու համար:

Բացի այդ, շեղվելով մենք չենք կարողանում անհրաժեշտ չափով խորանալ մի գործի մեջ: Մենք պարզապես ի վիճակի չենք կենտրոնանալ այդպիսի ռիթմի դեպքում:

Հավանաբար այս տողերը կարդալով՝ դուք մտածում էիք. «Բնական է, ոչ բոլորը կարող են արագ մեկ գործից մյուսին անցնել, բայց ինձ մոտ դա շատ էլ լավ ստացվում է: Ես կարող եմ միաժամանակ աշխատել մի քանի գործի վրա և կենտրոնացած լինել»: Դուք հիմա պարզապես խաբում եք ձեզ: ԴՈՒՔ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԵՔ:

Դեռ 1967 թվականին մենեջմենթի ամենաազդեցիկ տեսաբաններից մեկը՝ Պիտեր Դրաքերը իր «Արդյունավետ ղեկավար» գրքում գրում է.

«Մոցարտը կարողանում էր աշխատել միաժամանակ մի քանի ստեղծագործությունների վրա, և դրանցից յուրաքանչյուրը գլուխգործոց էր դառնում, բայց մյուս տաղանդավոր կոմպոզիտորները՝ Բախը, Հայդնը, Հենդելը, Վերդին, միայն մեկ ստեղծագործության վրա էին կենտրոնանում: Ավարտին էին հասցնում այն կամ կիսատ թողնում հետագայում շարունակելու համար և ապա միայն նոր գործ սկսում: Չի կարող պատահել այնպես, որ յուրաքանչյուր ղեկավար Մոցարտ լինի, այնպես չէ՞»:

ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՎՈՐԵԼ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ

Ձեզ անհրաժեշտ են չընդհատվող ժամանակային չափաբաժիններ ձեր առաջադրանքների վրա կենտրոնանալու համար: Աշխատեք միայն մեկ առաջադրանքի վրա: Անգամ փայլուն մասնագետներին հարկավոր է կենտրոնանալ, որպեսզի արդյունքն էլ փայլուն ստացվի:

Կարծում եք՝ կարելի է աշխատանքից շեղվելը պլանավորե՞լ: Դա պարզապես ծուղակ է: Եթե որոշեք, որ միայն ժամը 3-ին կստուգեք ձեր էլ. փոստը, դուք անընդհատ կմտածեք այդ մասին, և շատ հավանական է, որ ստուգեք ավելի շուտ, անգամ օրվա մեջ մի քանի անգամ:

Intel ընկերությունում, օրինակ, շաբաթական չորս ժամ հատկացվում է կենտրոնացմանը: Այդ ընթացքում աշխատակիցները ոչ մի այլ բանի վրա իրավունք չունեն ժամանակ ծախսել: Ամեն ինչ, գործից բացի, կարող է սպասել: Այդ ժամերը մի քանի անգամ ավելի արդյունավետ են, և այդ ընթացքում աշխատակիցները բազմաթիվ կարևոր գործեր են հասցնում կատարել:

Որոշեք ձեզ համար աշխատանքային օրվա ժամանակահատված, որի ընթացքում դուք չեք ընդհատելու ձեր աշխատանքը: Տեղյակ պահեք այդ մասին ձեր գործընկերներին: Նրանք դա ոչ միայն հարգանքով կընդունեն, այլև ամենայն հավանականությամբ կփորձեն կիրառել նաև իրենց համար:

Եվ մի անհնագստացեք, որ դուք Մոցարտ չեք: Շատ հնարավոր է՝ դուք Բախն եք 🙂

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին