20-30 ՏԱՐԵԿԱՆ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԴՐԱՆՔ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ

Հրաշալի է լինել 20 տարեկան: Այս տարիքն այնքան որոշիչ է, որ մնացած բոլոր տարիքի մարդիկ այս կամ այն կերպ հիմնվում են հենց դրա վրա: Դեռահասները փորձում են նմանվել նրանց, ովքեր արդեն 20 և ավելի տարեկան են, իսկ շատ մեծահասակներ իրենց այնպես են պահում, ասես դեռ 20-25 տարեկան են:

9383
ամենակարևոր տարիները

Ժամանակակից հասարակությունը մարդու կյանքի այս տարիները պաշտամունքի առարկա է դարձրել: Ասել է, թե հենց սա է կյանքի ամենաանհոգ ժամանակը, վերցրու կյանքից առավելագույնը:

Մինչդեռ հոգեբան Մեգ Ջեյը իր «Կարևոր տարիներ» գրքում ցույց է տալիս, որ 20-30 տարեկանը ոչ թե ոչինչ չանելու և անհոգության շրջանն է, այլ լավագույն ժամանակահատվածը սեփական անձի զարգացման համար:

ՈՒՂԵՂԻ ՀԻՊԵՐԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

Երեխան մինչև 5 տարեկան կարող է հեշտությամբ յուրացնել այն լեզուն, որը լսում է իր շրջապատում: Այս և այլ կարողություններ ուղեղը դարձնում են հիպերակտիվ, նյարդային բջիջների և դրանց միջև կապերի քանակությունը կտրուկ մեծանում է: Այնուհետև, յուրացնելով նոր գիտելիքները, ուղեղն «անջատում է» այն նեյրոնները, որոնց կարիքն այլևս չունի:

Երկրորդ այդպիսի «հնարավորությունների պատուհան» բացվում է հենց 20-30 տարեկանում: Այդ ժամանակ մեր ուղեղն արդեն վերջնական ձևավորվում է, և երրորդ այդպիսի փորձի հնարավորություն մենք այլևս չենք ունենա: Այս շրջանում ուղեղն ի վիճակի է լուծել որակապես այլ առաջադրանքներ՝ մասնագիտական, անձնական և ընտանեկան:

ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ

Այն, ինչ մենք անում ենք 20-30 տարեկանում, ունենում է որոշիչ դեր մեր ողջ հետագա կյանքի համար: Եթե անգամ այս շրջանում չկարողանաք գտնել ձեր հետաքրքրություներին և մասնագիտությանը լավագույնս համապատասխանող աշխատանքը, ապա պետք է գոնե ձեր ժամանակն ու ձեր կարողությունները ներդրում անեք ինքներդ ձեր մեջ: Այդ ամբողջը դառնալու է ձեր կենսական կապիտալը՝ սկսած քննական գնահատականներից, դասընթացներից, վերջացրած շփման կարողություններով, խնդիրներ լուծելու ունակությամբ և այլն:

ԿԱՐԻԵՐԱ ՍԿՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Որքան շուտ սկսեք ձեր կարիերան կամ բիզնեսը, այնքան ավելի լավ: Նա, ով մեկնարկել է 35 տարեկանում, դժվար թե կարողանա հասցնել նրանց հետևից, ովքեր իրենց գործունեությունը սկսել են 20-ում: 20-30 տարեկանում են լինում նաև պաշտոնի բարձրացման հնարավորությունների մեծ մասը, աշխատավարձի բարձրացումը 2/3 չափով և մի շարք այլ ճակատագրական իրադարձություններ:

ԸՆՏԱՆԻՔ ԿԱԶՄԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ընտանիքն ամենակարևորն է կյանքում: Ընտանեկան հարաբերություններն իրենց ազդեցությունն են թողնում կյանքի բոլոր ոլորտների վրա և ամեն ինչ հրաշալիորեն փոխկապակցում իրար: Հենց այդ պատճառով կյանքի ուղեկցի փնտրտուքը չափազանց կարևոր խնդիր է: Ըստ վիճակագրական տվյալների՝ մինչև 20 տարեկանը ստեղծված ամուսնությունները հաճախ ե փլուզվում, իսկ ահա 20-25 տարեկանում ստեղծված ընտանիքները ամենակայունն ու երջանիկն են լինում:

Անշուշտ, միշտ չէ, որ հնարավոր է լինում գտնել երկրորդ կեսին անմիջապես, բայց հաճախ դրա պատճառը հենց մեր մեջ է թաքնված: Մենք բավարարվում ենք ժամանակավոր հարաբերություններով՝ լուրջ հարաբերությունները թողնելով ապագայի համար՝ մտածելով. «Ամեն ինչ ինքն իրեն կդասավորվի, ինչ կարիք կա այդ մասին մտածելու 20 տարեկանում»:

Հոգեբան Մեգ Ջեյը խորհուրդ է տալիս պլանավորել ապագան՝ անձնական կյանքը զարգացնելով անձնական և մասնագիտական աճին զուգահեռ, որովհետև երբ համապատասխան տարիքն անցնում է, զուգընկերոջ որոնումները հիշեցնում են«երաժշտական աթոռներով» խաղը, այն է՝ ազատ աթոռին նստում է նա, ով ամենամոտն է գտնվում:

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՒՆԴ

Պետք է հիշել, որ երեխաներ ունենալու համար ևս 20-30 տարեկանը իդեալական ժամանակահատված է: Մեր օրերում մարդիկ ավելի ուշ են ամուսնանում, հետևաբար ավելի ուշ են երեխա ունենում: Կանանց 1/3 -ը աշխարհում հիմա առաջին երեխային ունենում է 30 տարեկանից հետո: Իսկ շատ հանրահայտ մարդիկ հաճախ երեխա են ունենում 50-60 տարեկանում:

Եվ չնայած ժամանակակից միտումներին՝ մարդու օրգանիզմն  աշխատում է այնպես, ինչպես միշտ է եղել: Կնոջ՝ երեխա ունենալու կարողությունները հասնում են իրենց գագաթնակետին 28 տարեկանում, իսկ դրանից հետո սկսում են հետզհետե մարել:

ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԻՄՔԸ

Փորձեք պատկերացնել. մարդու կյանքի առավել նշանակալի իրադարձությունների 80%-ը տեղի են ունենում մինչև 35 տարեկանը: Հետագայում մենք ընդամենը շարունակում ենք և կատարելագործում այն, ինչ սկսել ենք:

20-30 տարեկանն այն տարիքն է, երբ մենք անցում ենք կատարում ուսումից դեպի աշխատանք, ակնթարթային կապերից դեպի իրական հարաբերություններ, մանկությունից դեպի լիարժեք և հասուն կյանք:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին