ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՈՂԸ

Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի պատմության ամենախոշոր ռազմաքաղաքական գործիչներից մեկն է: Նրա մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը: Գարեգին Նժդեհը Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիրն է: Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը:

73626
Գարեգին Նժդեհ

Հայրենիքս և ես`մենք լծորդված ենք իրար, ինչպես հոգի և մարմին, ինչպես նպատակ և միջոց: Նա գերագույն նպատակ է, ես՝ միջոց:

Գարեգին Նժդեհ

Նժդեհի կյանքն ու գործունեությունը ստեղծել են մեր այսօրվա պատմությունը, իսկ նրա թողած հոգևոր ժառանգությունը վիթխարի նշանակություն կարող է և պետք է ունենա նոր սերունդների ձևավորման հարցում:

Չի կարելի օգնել այն ընկածին, ում պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

Հայրենասեր լինել չի նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել: Դա նշանակում է, թե այդ օտարները կարող են մեր թշնամին դառնալ:

Դատապարտելի է նաև պայմանական հայրենասիրությունը: Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:

Երկաթը մաշվում է իր ծնած ժանգից: Մարդը տառապում է իր իսկ անկատարությունից, որն արդյունքն է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների:

Եղի՛ր հպարտ: Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա և մի՛ ստիր: Ստել նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ նշանակում է դադարել մարդ լինելուց:

Թագ ու ձևական իշխանություն փնտրում են այն ոչնչությունները միայն, որոնք անթագ իշխել, թագավորել չգիտեն:

Սպանվում է և առյուծը, առյուծությունը` երբեք:

Անպարտելի է մնում նա, ով մահն է ընտրում իրեն առաջնորդ:

Մեծ պաշտոնները առանց հոգեկան մեծության նման են կավե անդրիի` դրված ոսկե պատվանդանի վրա:

Իրենց տականքները. ահա ազգերի իրական թշնամին:

Հաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թե սպառազեն բռունցքի, այլ ներազեն գերազանցության:

Իր ուժերից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:

Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:

Հոգեպես մանրանում և ճահճանում է միայն ներկայով կլանված հասարակությունը:

Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը:

Հերոս չէ նա, ով գիտակցում է, որ ինքը հերոս է:

Մեր սեփական ցավերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կա՝ մտածել այլոց ցավերի մասին:

Մեր արդարությունից մենք ենք առաջին շահողը:

Հաճախ կաշառվում են պատմաբանները, պատմությունը՝ երբեք:

Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:

Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ անտաղանդ հայի:

Չմնաց, աշխարհում գրեթե չմնաց ցեղ, որ մեր բազկի ուժը չզգար:

Այն օրից, երբ հայը վախենալ սկսեց մահից, օտարը թագավորեց Հայաստանում:

Իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս թշնամանք տածել դեպի որևէ հայ մարդ:

Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:

Եղի´ր բացարձակ, և ո´չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել:

Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն:

Անպետք են այն դասագրքերը` ցամաք անհոգի, որոնց մեջ հայրենիքի մասին խոսվում է ճիշտ այնպես, ինչպես նկարագրվում է Սահարայի անապատը կամ մի հեռավոր կղզի:

Պատերազմիր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից:

Մի օտարի հովանու տակ հայը եզակի և ռազմաշունչ կռվող է, իր սեփական դրոշի տակ` հաճախ անարի, պարտվողական: Նա է միշտ հաղթում, ով արդեն հաղթել է իրեն, այսինքն նա, ով իր մեջ մեռցնելու չափ թուլացրել է մահվան երկյուղը:

Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին