86 400 ԴՐԱՄ՝ ԱՄԵՆ ՕՐ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԻ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Պատկերացրեք, որ գոյություն ունի մի բանկ, որը ձեր հաշվին ամեն առավոտ փոխանցում է 86 400 դրամ: Օրվա մնացորդները, սակայն, չեն պահպանվում հաշվի վրա ու չեն փոխանցվում հաջորդ օրվան: Ամեն գիշեր բանկը զրոյացնում է այն ողջ գումարը, որը դուք օրվա ընթացքում չեք օգտագործել։

9422
Ժամանակի արժեքը

Ի՞նչ կանեք այդ դեպքում։ Իհարկե, ամեն օր կփորձեք ծախսել ամբողջ գումարը:

Իրականում, մեզնից յուրաքանչյուրն այդ բանկում հաշիվ ունի։ Եվ գիտե՞ք՝ ինչ է այդ բանկի անունը։ Ժամանակ։

Ամեն առավոտ այդ «բանկը» յուրաքանչյուրիս հաշվին 86 400 վայրկյան է փոխանցում, ամեն գիշեր զրոյացնում հաշիվը և ստուգում, թե մենք իր տրամադրած գումարի որ մասը չենք օգտագործել անհրաժեշտ նպատակների իրականացման համար։

Այս «բանկը» մեր գումարը չի պահում, և ոչ էլ թույլ է տալիս դրանց տեղափոխումն այլ հաշիվների։ Ամեն օր նոր հաշվարկ է սկսվում։ Եթե չենք օգտագործել մեզ տրամադրված դրամը, կորուստը կրում ենք միայն մենք։

Չկա ոչ հետդարձի ճանապարհ և ոչ էլ հաջորդ օրվա գումարն օգտագործելու հնարավորություն: Պետք է ապրել ներկայում՝ օգտագործելով այն ժամանակը, որը մեզ այսօր է տրված։ Ժամանակի ճիշտ ներդրումներ արեք օրվա ընթացքում և փորձեք հասնել առավելագույնին մեկ օրվա ընթացքում։

Մեկ տարվա արժեքը հասկանալու համար հարցրեք ուսանողին, ով կորցրել է ուսման մեկ տարին։

Մեկ ամսվա արժեքն իմանալու համար հարցրեք այն կնոջը, ով ժամանակից շուտ է ծննդաբերել։

Մեկ շաբաթվա արժեքը հասկանալու համար խնդրեք շաբաթաթերթի խմբագրին կիսվել իր ապրումներով:

Մեկ ժամվա արժեքն իմանալու համար հարցրեք այն սիրահարներին, ովքեր հանդիպման ժամին են սպասում։

Րոպեի արժեքի մասին հարցրեք այն մարդուն, ով հենց նոր ուշացավ գնացքից։

Վայրկյանի արժեքն էլ կարող եք գնահատել՝ այն մարդուն հարցնելով, ով ճիշտ այս պահին հաջողացրեց խուսափել ավտովթարից։

Վայրկյանի մեկ հարյուրերորդականի արժեքի մասին հարցրեք այն վազորդին, ով Օլիմպիական խաղերում արծաթե մեդալի է արժանացել։

Գնահատեք ամեն պահը, որը դուք անցկացրել եք ձեզ համար թանկ մարդու հետ:

Հասկացեք, որ ժամանակը չի սպասում մարդուն: Այն, ինչ երեկ էր, արդեն պատմություն է: Այն, ինչ կլինի վաղը, ոչ ոքի տրված չէ իմանալ:

Գնահատեք այն ժամանակը, որն ունեք այսօր և արդյունավետ օգտագործեք այն: 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին