4135

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Երևանում «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսով մեկնարկեց թվով արդեն 11-րդ Digitec Expo տեխնոլոգիական ցուցահանդեսը: Այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը:

2004թ.-ից առ այսօր ԴիջիԹեքը շարունակում է ստեղծել բարենպաստ միջավայր տեխնոլոգիական ընկերությունների և հասարակության շփման համար, ներկայացնում է հայաստանյան ՏՏ ոլորտի ձեռքբերումներն ու ներգրավում նաև միջազգային առաջատար ընկերություններին:

2004թ.-ին առաջին ԴիջիԹեքում ներկայացված էին 20 հայկական ընկերություններ, 2014թ-ին մասնակիցների թիվը արդեն 150-ի հասավ, նրանց կազմում էին նաև մի շարք արտասահմանյան առաջատար ընկերություններ: ԴիջիԹեք Էքսպո 2015-ի մասնակիցների թիվն աննախադեպ է՝ ավելի քան 170 ընկերություն աշխարհի 10 երկրներից: Իսկ այցելուների թիվն, ըստ նախնական տվյալների, գերազանցելու է 40.000-ը:

ԴիջիԹեք Էքսպո
Կարեն Վարդանյանը

ԴիջիԹեք Էքսպո ցուցահանդեսի կազմակերպիչ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության նախագահ Կարեն Վարդանյանը նշում է.

Ցուցահանդեսի շնորհիվ երեխաները կտեսնեն ապագան, երիտասարդները կկարողանան օգտվել տեխնոլոգիաներից, իսկ մեծերը վստահ կլինեն, որ իրենց ձեռք բերած տեխնոլոգիական առաջընթացը շարունակվում է և զարգանում:

ԴիջիԹեք Էքսպո 2015-ի մասնակիցների թվում կարելի է տեսնել այնպիսի հանրաճանաչ բրենդների, ինչպես Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix ընկերություններն են: Կարեն Վարդանյանը հույս է հայտնում, որ ԴիջիԹեքում մասնակցությունը ավանդույթի համաձայն կխրախուսի նրանց Հայաստանում ստորաբաժանումներ ստեղծել, այնպես, ինչպես ժամանակին եղավ հանրաճանաչ IBM, National Instruments և այլ ընկերությունների դեպքում:

ԴիջիԹեքը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու հայկական արտադրության ընկերություններին ու ստարտափներին, որոնցից շատերը արդեն միջազգային շուկան են հասցրել նվաճել կամ պատմելու շատ բան ունեն վերջին տարվա իրենց ձեռքբերումներից:

Digitec2015-1GG TAXI

ԴիջիԹեք Էքսպո 2015-ի ցուցահանդեսի մուտքի մոտ կարող եք տեսնել ggTaxi-ի տաղավարը: Եթե անգամ դեռ չեք հասցրել օգտվել այս ծառայությունից, ապա անպայման լսել եք նրա մասին: Հիմնադիրների համառ աշխատանքի շնորհիվ ggTaxi-ն արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել Հայաստանում և ծրագրում է դուրս գալ նաև միջազգային շուկա:

ԴիջիԹեք Էքսպո
ggTaxi-ի հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը

ggTaxi-ն սոցիալական տաքսի է, որը հնարավորություն է տալիս առանց զանգի տաքսի պատվիրել, ընտրել ձեր տարածքին ամենից մոտ գտնվող մեքենան ու քարտեզի վրա հետևել նրա ընթացքին, ինչպես նաև գնահատել վարորդին ու նրա սպասարկման որակը: ggTaxi-ն հաշվի է առնում իր հաճախորդների յուրաքանչյուր կարծիք ու նկատառում և, օր օրի մեծացնելով իր հետ համագործակցող տաքսիստների թիվը, հեղափոխում է նաև հայաստանյան տաքսիի մշակույթն առհասարակ:

ԴիջիԹեք Էքսպո
ggTaxi-ի հիմնադիրներ Խաչատուր Գրիգորյանն ու Արտաշես Թովմասյանը՝ ձախից

ggTaxi-ի հավելվածը կարող եք ներբեռնել AppStore-ից և Google Play-ից: Ի դեպ, շուտով հասանելի կլինեն հավելվածների թարմացված ու բարելավված տարբերակները:

ZANGI

Շատ ավելի կատարելագործված հնարավորություններով ու հետաքրքիր նորամուծություններով է ներկայանում նաև Skype-ի հայկական մրցակից Zangi-ն:

ԴիջիԹեք Էքսպո
Zangi-ի հմայիչ օպերատորները

Zangi-ն տրամադրում է անվճար և բարձր որակի զանգեր ու տեսազանգեր կատարելու հնարավորություն նույնիսկ ծայրահեղ թույլ ինտերնետի պարագայում: Այն օգտագործում է նվազագույն ռեսուրսներ հեռախոսից և ապահովում է բացարձակ անվտանգություն: Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը նշում է, որ այն, ի տարբերություն Skype-ի և Whatsapp-ի, ոչ ոք չի գաղտնալսում:

ԴիջիԹեք Էքսպո
Zangi-ի հայերեն sticker-ները

Այսօր Zangi-ն ունի ավելի քան 300.000 օգտատեր, որոնց միայն կեսն են Հայաստանից: Մինչդեռ նախագիծն ամբողջությամբ հայկական արտադրանք է: Ի դեպ, այն նաև առաջին հավելվածն է, որ առաջարկում է հայերեն sticker-ներ, որոնք շատ գրավիչ են և ավելի քան արդիական: Sticker-ները հավելվածում վճարովի են, սակայն ԴիջիԹեք Էքսպո 2015-ի 3 օրերի ընթացքում Zangi-ի տաղավարից դրանք կարելի է ձեռք բերել անվճար:

Չմոռանաք ներբեռնել նաև հավելվածը AppStore-ից և GooglePlay-ից:

TRUTHLY

Այս տարի առաջին անգամ ԴիջիԹեքին մասնակցում էր նաև Truthly ստարտափը, որը հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ անկեղծ, բայց անանուն կարծիքներ իրենց մասին և ինքնակատարելագործվել, կամ հակառակը՝ ցանկանում են ինչ-որ բան ասել ծանոթներից մեկին, բայց խուսափում են դա անել դեմ առ դեմ:

ԴիջիԹեք Էքսպո

Truthly-ն շարունակում է ավելացնել իր օգտատերերի թիվը և հնարավորությունների սահմանները: Շուտով Truthly-ում հնարավոր կլինի ստեղծել խմբեր և այդ խմբերի ներսում անանուն քննարկումներ իրականացնել: Ընկերություններն, օրինակ, կարող են ստեղծել իրենց խումբը հարթակում և ստանալ անկեղծ հետադարձ կապ իրենց աշխատակիցներից:

ԴիջիԹեք Էքսպո
Truthly-ն փնտրելիս

Truthly-ն հասանելի է web տարբերակով, այն կարելի է ներբեռնել հավելվածի տեսքով՝ AppStore-ից, իսկ շուտով կթողարկվի նաև Android տարբերակը:

EYE CARE PLUS

Նախորդ տարի շուկայում հայտնված Eye Care Plus հայկական հավելվածը նույնպես ներկայացված էր ԴիջիԹեք Էքսպո 2015-ին: Այն նախատեսված է աչքերի տեսողության ստուգման, մոնիտորինգի և բարելավման համար: Այն առաջին հերթին օգնում է հասկանալ, թե տեսողական ինչ խնդիրներ ունի մարդը, որից հետո վերականգնողական ինտենսիվ վարժությունների օգնությամբ տեսողությունը բարելավվում է:

ԴիջիԹեք Էքսպո
Eye Care Plus-ի տաղավարը ԴիջիԹեքում

Eye Care Plus-ը այսօր արդեն ներկայանում է նոր դիզայնով, համալրված թեստերով, խաղերով, ինֆորմատիվ բաժնով և այլ հնարավորություններով: Հավելվածը կապ է ստեղծում մասնագիտացած բժիշկների հետ, և օգտատերերը կարող են բժիշկներին հարցեր ուղղել:

ԴիջիԹեք Էքսպո

Հավելվածն առայժմ կարելի է ներբեռնել միայն Google Play առցանց խանութից, սակայն մինչև տարվա վերջ այն հասանելի կլինի նաև iOS սարքերի օգտատերերի համար: Այս տարվա ընթացքում Eye Care Plus-ը հասցրել է նաև հաղթել «Seedstars Երևան» ստարտափների մրցույթում:

ԴիջիԹեքի Էքսպո 2015-ի մյուս մասնակիցների մասին կարդացեք այստեղ:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին