ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԻ ՀԵՏ

Հաջողված բիզնեսի սեփական փորձով կիսվում է գործարար, «ՍԻԼՎԵՐ Ռ.Ե.Ա.» անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Անդրանիկ Հարությունովը։

2979
Անդրանիկ-Հարությունով

– Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել հենց անշարժ գույքով:

– Շատ պատահական ստացվեց։ Ոստիկանությունում էի աշխատում՝ Պետական Պահպանության Գլխավոր Վարչությունում, կարևորագույն օբյեկտների պահպանության գնդում: Աշխատանքս հերթափոխով էր՝ 2 օրը մեկ կամ 3 օրը մեկ տարբերակով:
Ազատ ժամանակ օգնում էի ընկերոջս փոքրիկ անշարժ գույքի գործակալությունում․ այցելում էի, ուսումնասիրում և զուգահեռաբար օգնում: Եկավ մի շրջան, երբ այնտեղ ավելի շատ կարող էի գումար վաստակել (մոտ 3-4 անգամ ավելի), քան ոստիկանությունում: Դե, քանի որ ոստիկանության օրենքով արգելված է այլ զբաղվածություն ունենալ, պարզապես որոշեցի թողնել այդ աշխատանքը:
Այդ ընթացքում ընկերոջս գործակալությունը փակվեց, և ստիպված սկսեցի աշխատել որպես անհատ գործակալ: Ինքս էի զբաղվում գովազդով և բոլոր հարցերով: Աշխատանքային միակ գործիքս հեռախոսն էր, նույնիսկ փոխադրամիջոց չունեի, ավելին՝ գտնվում էի ծանր ֆինանսական դրության մեջ:
Այդ դրության մեջ, սակայն, մի բանում էի համոզվել, որ ամեն ինչ լավ է լինելու։ 😉
Ի դեպ, գովազդում էի ամենաէժան և արդյունավետ տարբերակով՝ թռուցիկներ էի փակցնում տների շրջակայքում գտնվող վահանակների սյուներին: Իսկ եթե ինքս էի հայտարարություններ գտնում, նկարում էի ու տեղադրում անվճար կայքերում: Դա 2010-ական թվականներին էր:
Շուտով գործունեությանս արդյունքում սկսեցի աշխատանքի հրավերներ ստանալ:
Այսպիսով, ընդունվեցի «Կենտրոն» ԱԳԳ՝ որպես գործակալ: Սա շատ օգտակար եղավ, քանի որ հետաքրքիր աշխատանքային գործիքներ, ինչպես նաև շատ հմտություններ ձեռք բերեցի:
Որոշ ժամանակ աշխատելուց հետո որոշեցի դուրս գալ և վերադառնալ անհատ գործակալի աշխատանքին՝ կապս պահելով Կենտրոն ԱԳԳ-ի հետ: Ի դեպ, մինչ այժմ էլ լավ ընկերներ ենք «Կենտրոն»-ի տնօրենի հետ:
Մոտ 6 ամիս անց առաջարկ ստացա այն ժամանակ նորաբաց «Սեյֆ Հաուս» ԱԳԳ-ի տնօրենի կողմից՝ որպես վաճառքի բաժնի ղեկավար: 2012 թվականն էր: Հաջողությամբ ձևավորեցի թիմը, և մինչ 2015 թվականը ղեկավարեցի այն:

– Ինչպե՞ս ստեղծվեց ընկերությունը:

– 2015 թվականին որոշեցի առանձնանալ և ստեղծել իմ սեփական ընկերությունը ՝ «ՍԻԼՎԵՐ Ռ.Ե.Ա.» անշարժ գույքի գործակալությունը: Ինձ շատ օգնեցին եղբայրներս, ընկերներս, և իհարկե, թիմակիցներս: Գրասենյակս առանձնապես մեծ չէր, սկզբում նույնիսկ աշխատում էինք մեկ սեղանով և մեկ համակարգչով: Ինտերնետը ցրում էինք մեկ հեռախոսից և մի քանի հեռախոսներով հայտարարություն տալիս: Մի քանի գործարք անելուց հետո կարողացանք գնել գույք և տեխնիկա, իսկ հինը նվիրաբերեցինք կարիքավոր ընտանիքներին:
Սկզբում շատ բարդ էր: Կարևոր էր կայանալը: Ընկերությունը դեռ երիտասարդ էր, և այն ճանաչում էին ինձնով և այլ գործակալներով: Ինձ համար գերակա խնդիրներից մեկը կայք ունենալն էր, որը շատ արագ կազմակերպեց «Կենտրոն» գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:
Բիզնեսի կառավարման մեջ ո՞ր մասն է ամենաբարդը:
Ամենաբարդ հարցերից մեկը հարազատ մարդկանց կառավարելն է: Ինքներդ եք հասկանում, որ վճռական որոշումներ կայացնելիս դա շատ է խանգարում:

– Ինչպե՞ս լուծեցիք այդ խնդիրը:

– Ժամանակի ընթացքում անձնակազմը փոխվեց, եկան նոր մարդիկ, ինքս էլ սովորեցի անձնակազմի հետ ավելի ճիշտ աշխատել: Ի վերջո, սեփական բիզնեսում այս հարցերն այլ կերպ են լուծվում:
Իսկ հարաբերությունները տուժե՞լ են համատեղ աշխատանքի պատճառով:
Այո, իրականում դա անխուսափելի է հարազատների հետ աշխատելիս, սակայն ամեն ինչ արել եմ հարթելու և ջերմ հարաբերություններ պահպանելու համար:
Կա՞ արդյոք դեղատոմս հարազատների հետ աշխատելու հետ կապված:
Այո, չաշխատել (ժպտում է)։

– Հայաստանում այժմ պատրաստվո՞ւմ են պատշաճ անշարժ գույքի գործակալներ:

– Այո, միայն գործակալություններում, որոնք սեփական միջոցներով ընդունում են աշխատակիցների, ուսուցանում են և դարձնում մասնագետներ: Սակայն այս դաշտը բաց է, չկա որևէ ԲՈՒՀ, որը կարող է պատրաստել մասնագետներ: Աշխատանքը լիցենզավորվող չէ, և ցանկացած անհատ կարող է դառնալ գործակալ: Իհարկե, կան նաև անհատներ, որոնք կազմակերպում են դասընթացներ: Սակայն լավ կլիներ, որ բուհերն անրադառնան այս ոլորտին և պատրաստեն գրագետ մասնագետներ:

Andranik-Harutyunov

– Ի՞նչ սկզբունքով եք ընտրում նոր աշխատակիցներ:

– Ես հաշվի չեմ առնում աշխատանքային փորձը: Կրթությունը, խոսքը, արտաքինը, էթիկան շատ ավելի մեծ նշանակություն ունեն: Մարդը պետք է շփման ճիշտ ոճ ունենա:
Եվս մեկ կարևոր հանգամանք, որը հաշվի եմ առնում, մոտիվացիան է: Կարևոր է հասկանալ, թե մարդն ինչու է ցանկանում աշխատել: Եթե աշխատանքին վերաբերեն որպես հոբբի, ոչինչ չի ստացվի:
Այս գործի համար պահանջվում է մեծ էներգիա և մեծ նվիրում: Շատ են տեղաշարժերը, բանակցությունները… աշխատակիցը պետք է պատրաստ լինի դրան:
Գործակալի խոսքը և արտաքին տեսքը կարևոր է հաճախորդին վստահություն ներշնչելու համար, իսկ պարտաճանաչությունն ու ազնվությունը՝ այդ վստահությունն արդարացնելու համար: Սակայն ցանկացած դեպքում նշենք, որ արտաքինն առաջին տպավորության համար, միևնույնն է, ամենակարևոր գործոններից է:

– Կա տարածված կարծիք, որ գործը և անձնականը չպետք է խառնել իրար: Դուք համաձա՞յն եք:

– Համաձայն եմ, սակայն իմ դեպքը յուրահատուկ է (ժպտում է): Կնոջս աշխատանքի բերումով եմ ճանաչել: Նա մասնագիտությամբ անշարժ գույքի փորձագետ է, և դա իսկապես ինձ շատ է օգնել: Կնոջս նախաձեռնությամբ շատ նորամուծություններ ենք արել, ինչը մեծապես նպաստել է ընկերության զարգացմանը։ Մինչ այժմ կինս իմ լավագույն գործընկերն է ու պարզապես ընկերը, և դա բոլորովին չի խանգարում մեր բիզնեսին: Ունենք նաև շատ համատեղ նախագծեր, որոնք շուտով կյանքի կկոչվեն:

հարցազրույց-Անդրանիկ-Հարությունովի-հետ

– Իսկ ինչպե՞ս էիք փորձում զարգացնել բիզնեսը:

– Բիզնեսը զարգացնելու ամենաճիշտ և փորձված ուղին անձնական աճն է, որին ես շատ լուրջ եմ վերաբերում: Միշտ մասնակցում եմ տարբեր բիզնես-միջոցառումների, սեմինարների, դասընթացների և աշխատում եմ ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ: Կարևոր է նաև ձեռք բերածը ճիշտ կիրառել և ներդնել բիզնեսում:
Հայաստանում ի՞նչ պետք է փոխել բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
Ես միգուցե կնշեի միայն հարկային դրույքների համապատասխանությունն ուսումնասիրելը և ճիշտ սահմանելը, ինչպես նաև մրցակիցներին ստվերից հանելը, քանի որ դժվար է մրցակցել հարկ չվճարող ընկերության հետ:
Իհարկե, այժմ էլ տեղի են ունենում բարեփոխումներ բիզնեսի համար բարենպաստ դաշտ ստեղծելու ուղղությամբ, և ընդհանուր առմամբ մոտիվացված մարդու համար Հայաստանը բիզնեսի համար լավ միջավայր կարելի է համարել:

– Որո՞նք են բիզնեսմենի հաջողության 3 ամենակարևոր գրավականները:

  1. Համարձակություն
  2. Աշխատասիրություն
  3. Բիզնեսմենը չպետք է մնա սեփական երազանքների գերին, այլ դրանք պետք է վերածի ծրագրերի և իրագործի ցանկացած գնով:

Դե ինչ, շնորհակալություն հայտնենք Անդրանիկ Հարությունովին այս բովանդակալից և շատ օգտակար հարցազրույցի համար և մաղթենք մեծ ձեռքբերումներ:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին