ԻՆՉՊԵ՞Ս ԺԱՄԱՆԱԿԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՁԵՐ ԿՅԱՆՔԸ

Մեր աշխատունակության վրա ազդում են տարբեր հանգամանքներ, և դրանցից մեկը այն է, թե որքանով ենք կարողանում դասակարգել մեր անելիքները ու հաջողությամբ կատարել դրանք՝ ըստ նշանակված հերթականության ու ժամկետների:

7179

Եթե դեռ չեք կարողանում օրական 5 րոպե հատկացնել գործերի ու ժամանակի պլանավորմանը, ուրեմն առաջարկում ենք միասին քննարկել բոլոր այն օգուտները, որն ունի օրը պլանավորելու կարողությունը:  

1. ԴՈՒՔ ԿԴԱԴԱՐԵՔ ՄՈՌԱՆԱԼ

Մեր ուղեղը զարմանալի համակարգ է, այն կարող է շատ լավ մտապահել այն զգացողությունները, որ մենք ունեցել ենք որևէ ուտեստ փորձելիս, բայց չհիշել նրա անունը, կամ, որ ավելի վատ է, հիշել նմանատիպ մանրուքները, բայց մոռանալ հաջորդ օրը պլանավորած կարևոր գործնական հանդիպման մասին:

Այս խնդրի համար կա մեկ պարզ լուծում, ունեցեք նոթատետր ու գրիչ, պլանավորեք ձեր օրը: Չէ՞ որ եթե ձեր անելիքերի ցանկը ձեր առջև լինի, դրանք մտապահելու կարիք այլևս չեք ունենա, բացի այդ ձեզ չի հետապնդի որևէ կարևոր բան մոռանալու վախը:

2. ԴՈՒՔ ԿՀԱՍՑՆԵՔ ՇԱՏ ԱՎԵԼԻՆ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ

Ի՞նչ եք կարծում, ով կավարտի գնումներն ավելի շուտ. նա՞, ով եկել է խանութ ցուցակով, թե՞ առանց դրա եկածը: Նախապես գործերի ու ժամանակի պլանավորումը կրճատում է յուրաքանչյուր գործի վրա ծախսվող ժամանակը և մի քանի անգամ բարձրացնում է արդյունավետությունը:

ժամանակի պլանավորումը

3. ԴՈՒՔ ԿՀԱՍՑՆԵՔ ԱՄԵՆ ԻՆՉ ԺԱՄԱՆԱԿԻՆ

Երբ անելիքներն արդեն պլանավորված են և ցուցակը ձեր առջև է դրված, ձեր լարվածությունը նվազում է, և փոխարենը աշխատանքի որակն է բարձրանում: Դուք ունեք զգացողություն, որ ամեն ինչ ձեր վերահսկման տակ է: Ինչպես նաև դուք որոշում եք, թե որ գործն է պետք անել առաջինը և երբ ավարտել այն: Դուք կարող եք նաև համակարգել ու խմբավորել նմանատիպ գործերը:

Կրկին խանութի օրինակին նայենք: Գնումների ցուցակ ունենալու դեպքում, մրգերի խանութից  խնձոր գնելով ու կաթնամթերքի խանութ ուղևորվելով, ստիպված չեք լինի նորից մրգի խանութ վերադառնալ, քանի որ մոռացել էիք նաև ձմերուկ գնել: Անիմաստ ժամանակ կորցնելու փոխարեն պարզապես դուք կնայեիք ցուցակին և կխմբավորեիք գնումները:

4. ԴՈՒՔ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՔ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ

Ամեն անգամ, երբ ձեզ շեղում են, դուք դժվարությամբ եք վերադառնում աշխատանքային պրոցեսին: Նույնը տեղի է ունենում հանգստայն օրերից հետո: Առանց գործերի պլանավորման վերականգնողական շրջանն ավելի երկար է տևում: Պլանավորման դեպքում ձեր արդյունավետությունը միշտ բարձր է լինում, և անկախ ընդմիջումից, դուք կարողանում եք արագ վերհիշել, թե որտեղ էիք կանգ առել ու վերադառնալ աշխատանքին:

5. ԴՈՒՔ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԿԱՅԱՑՆԵՔ

Երբ կազմեք օրվա պլանը, ձեր տրամադրության տակ եղած ժամանակի հնարավորություններն ավելի տեսանելի կլինեն ձեզ համար: Օրն անսահամանափակ չէ, և գործերի ցանկում յուրաքանչյուր տող ավելացնելիս ավելի պարզ կտեսնեք. հնարավո՞ր է դա հասցնել, թե՞ ձեզնից գերմարդկային ճիգեր կպահանջվեն: Պլանի բացակայության դեպքում դուք կզբաղվեք այն գործով, որը կընկնի ձեր ձեռքի տակ այդ պահին, իսկ օրվա վերջում կտեսնեք, որ արել եք բազմաթիվ ոչ էական գործեր, իսկ ամենակարևորներն այդպես էլ մնացել են:

Իհարկե, րոպեական ճշտությամբ ամեն ինչ պլանավորել ձեզ չի հաջողվի: Կլինեն մի շարք գործեր, որ կծագեն հենց օրվա ընթացքում: Հնարավորության դեպքում դրանք հետաձգեք հաջորդ օրվան կամ հենց այդ պահին նշեք ցուցակում: Դա ձեզ համար առնվազն բացատրություն կլինի, թե ինչու չհասցրեցիք ցուցակում նշված գործերն անել ամբողջությամբ:

Ամեն դեպքում, որքան մեծ լինի ձեր ձգտումը անընդհատ պլանավորել օրը, շաբաթը և անգամ ամիսը, այնքան քիչ կկորցնեք ժամանակ և էներգիա՝ անելով բոլորովին չպլանավորված գործեր կամ այն, ինչ խնդրում են ձեզ մտերիմներն ու ընկերները, այլ ոչ թե այն, ինչ դուք էիք նախատեսել:

Խորհուրդները՝ ըստ Սթիվ Մաքլեթչիի
«Շտապից մինչև կարևոր»
գրքի

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին