15 ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ ՌԵԶՅՈՒՄԵ ԿԱԶՄԵԼԻՍ

Առաջին տպավորություն գործելու համար դուք երբեք երկրորդ հնարավորություն չեք ունենա: Եվ գուցե լավն էլ այն է, որ գործատուի վրա առաջին տպավորությունը մենք գործում ենք մեր ռեզյումեի՝ ինքնակենսագրության միջոցով, չէ՞ որ ճիշտ կազմված լինելու դեպքում ռեզյումեն չի կարմրի մեր փոխարեն:

35620
Ինչպես կազմել ճիշտ ռեզյումե

Իսկ թե ինչպես կազմել ճիշտ ռեզյումե, կիմանաք՝ կարդալով և բացառելով ամենատարածված սխալները, որ հանդիպում են դրանցում:

ԹԱՓԹՓՎԱԾ ՈՒ ԽԱՌԸ ՌԵԶՅՈՒՄԵ

Բարդ, դժվար ընթեռնելի ու անկանոն ռեզյումեներ: Դրանք երբեմն այնքան հաճախ են հանդիպում, որ գործատուն երջանկանում է՝ ստանալով իսկապես գրագետ կառուցված ռեզյումե: Այն պետք է լինի այնպիսին, որ անհրաժեշտ ինֆորմացիան հնարավոր լինի գտնել վայրկենապես:

ՌԵԶՅՈՒՄԵ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է «ՌԵԶՅՈՒՄԵ»

Հիշեք՝ դուք միակ թեկնածուն չեք: Այդ դեպքում, ինչը պետք է  առաջին հերթին ձեզ տարբերի մյուս թեկնածուներից, եթե ոչ ձեր իսկ անունը: Ռեզյումեները ոչ միշտ են տպվում թղթի վրա ուսումնասիրելու համար, այնպես որ, ինքնակենսագրության անվանման մեջ անպայման նշեք ձեր անունը և մասնագիտությունը կամ հաստիքը, որի համար դիմում եք: Չմոռանաք նաև ձեր անունը, հեռախոսի համարը և էլ փոստը նշել նաև նամակի տեքստի մեջ:

ԱՆՀԱՋՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Եթե սովորություն ունեք լուսանկարներում անհաջող երևալու կամ չունեք համապատասխան լուսանկար, պարզապես մի ներառեք այն:  Դուք թույլ կտաք գործատուին ձեր մասին պատկերացում կազմել՝ ձեր որակավորումներից ու փորձից ելնելով: Իսկ առերես հանդիպմանը տպավորություն կգործեք ձեր ողջ հմայքով:

Ինչպես կազմել ճիշտ ռեզյումե

ԾԵԾՎԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատկերացրեք քանի ռեզյումե է ստանում գործատուն: Դուք նրան չեք խաբի լղոզված արտահայտություններով, որոնք կարող էիք նույն հաջողությամբ ուղարկել թե ծրագրավորողի, թե մարքեթոլոգի աշխատանքի համար: Այդպիսի արտահայտություններ հանդիպում են ամեն երկրորդ ռեզյումեում: Դա ամենից վառ ապացույցն է այն բանի, որ դուք չեք ցանկացել ժամանակ ծախսել ձեր ռեզյումեն հենց այդ աշխատանքի համար ուղարկելու համար, այլ պարզապես ուղարկել եք այն իմիջիալոց: Մանրամասն կարդացեք աշխատանքի հայտարարությունը և թե՛ ձեզ, թե՛ գործատուի համար հստակ պատասխանեք այն հարցին, թե ձեր որ հմտությունը օգտակար կլինի տվյալ աշխատանքի համար:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Սիրելի սպորտաձևերի, հոբբիների, անձնական կարգավիճակի, երեխաների քանակի մասին ինֆորմացիան արդեն կարելի է անիմաստ համարել: Այդ ամենը միայն շեղում է գործատուին և թույլ չի տալիս կենտրոնանալ ձեր մասնագիտական կարողությունների վրա:

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՈՒՆԵՆ ԲՈԼՈՐԸ

Կարծում եք՝ դեռ կա՞ն մարդիկ, ովքեր դիմում են աշխատանքի և չգիտեն օգտվել ինտերնետից,  տեքստ հավաքել Microsoft Word-ում կամ աղյուսակ լրացնել  Excel-ում: Ընդգրկեք այն հմտությունները, որոնք ձեզ առանձնացնում են մյուսներից, կամ գոնե ընդգծում են ձեր մասնագիտական կարողությունները:

ԽՈՇՈՐ ԴԱԴԱՐՆԵՐ

Աշխատատեղերը փոխելու ընթացքում խոշոր դադարները ավելի շատ հարցեր կարող են ծնել: Այնպես որ, եթե այդ ընթացքում դուք, օրինակ, աշխատել եք որպես ֆրիլանսեր և առավել ևս նոր հմտություններ եք ձեռք բերել դրանով, ավելի լավ կլինի հենց այդ մասին էլ նշել, այլ ոչ թե 1-2 տարի պարզապես բաց թողնել:

ՍՈՑ. ՑԱՆՑԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐ, ՈՐՈՆՔ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՁԵՐ ՌԵԶՅՈՒՄԵԻՆ

Գործատուների մեծամասնությունն այսօր որևէ մեկին հարցազրույցի կանչելուց առաջ ուսումնասիրում է նրա սոց.ցանցի հաշիվները, հատկապես՝ Facebook-ում ու LinkedIn-ում: Եվ եթե դրանք գտնվում են ամխիթար վիճակում և ձեզ ոչ ամենալավ կողմից են ներկայացնում, ապա լավ կանեք՝ ռեզյումեն ուղարկելուց առաջ կարգի բերեք նաև դրանք:

ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔՈՎ ԳՐՎԱԾ ՌԵԶՅՈՒՄԵ

Դա ավելի շատ շարադրություն է հիշեցնում: Ցանկալի է չեզոք և երրորդ դեմքով գրված ռեզյումե ներկայացնել:

ԼՂՈԶՎԱԾ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Պետք է խուսափել թե՛ շատ համառոտ և թե՛ շատ երկար նկարագրություններից նախորդ աշխատատեղում ձեր պարտականությունների մասին: Ավելի լավ է համառոտ ներկայացնել ձեր աշխատանքի արդյունքները, օրինակ՝ արտադրանք, որի թողարկման գործում մեծ ներդրում եք ունեցել, որակավորում, որ ստացել եք նախորդ աշխատատեղում, հստակ վիճակագրություն վաճառքների աճի վերաբերյալ և այլն:

ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐՃ ԿԱՄ ԵՐԿԱՐ ՌԵԶՅՈՒՄԵ

Ռեզյումեն չպետք է ավելի լինի 2 էջից, բայց այն նաև չպետք է լինի չափազանց կարճ և պարզապես թվարկի ձեր հմտություններն ու աշխատատեղերը: Ձեր յուրաքանչյուր ներկայացրած ինֆորմացիա պետք է հաստատվի մեկ համոզիչ ու կարճ փաստով  կամ նկարագրությամբ:

ՍՈՒՏ

Ստել, չափազանցնել բացարձակապես իմաստ չունի: Չէ՞ որ այն վաղ թե ուշ բացահայտվելու է, կլինի դա հարցազրույցի ժամանակ, թե աշխատանքի ընդունվելուց հետո:

ՍՏԱՆԴԱՐՏ ՌԵԶՅՈՒՄԵ

Յուրաքանչյուր գործատու ցանկանում է տեսնել ռեզյումե, որը ուղարկված է հստակ մասնագետի հաստիքի համար, այլ ոչ թե այնպիսին, որը կարելի է ուղարկել ցանկացած տեղ: Մի ծուլացեք և կազմեք տարբեր ռեզյումեներ, եթե միատեսակ աշխատանք չեք փնտրում:

ԿԻՑ ՆԱՄԱԿ

Եթե մոտիվացիոն նամակի առկայությունը պարտադիր չէ, ապա ավելի լավ է  չուղարկել այն: Հավանական է, որ գործատուն այն չի կարդա և հետո, եթե առանձնահատուկ ժամանակ չհատկացնեք մոտիվացիոն նամակին, այն կարող է ստացվել իմիջիայլոց և ձեր դեմ գործել:

15 ՏԱՐՎԱ ՀՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

Աշխատանքային փորձը այն ընկերություններում, որոնք վաղուց գոյություն չունեն, այնքան էլ հետաքրքիր չէ ձեր ապագա գործատուին: 15 տարվա հնության գործերին չանդրադառնալը չգրված օրենքի պես մի բան է, բայց եթե այն չափազանց կարևոր է ձեզ համար, պարզապես 1-2 տողով ամփոփ տեղեկատվություն գրեք  ձեր վաղ փորձի մասին:

Աշխատանքի դիմելիս հիշեք Սթիվ Ջոբսի խոսքերը.

«Սիրելի աշխատանք գտնելը նույնքան կարևոր է, որքան սիրելի մարդուն գտնելը: Այն զբաղեցնելու է ձեր հիմնական ժամանակը, ուստի այն պետք է անպայման դուր գա ձեզ: Մի դադարեցրեք որոնումները, քանի դեռ չեք գտել այն, ինչ սիրում եք»:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին