7 ԽՈՐՀՈՒՐԴ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սիրո՞ւմ եք ճանապարհորդել: Հասցրե՞լ եք շրջագայել աշխարհի տարբեր երկրներով: Ունե՞ք բավականաչափ փորձ ճամփորդություն կազմակերպելու, երթուղի մշակելու ու երկրին ծանոթանալու համար: Եվ գուցե այս ամենի հետ մեկտեղ ցանկանում եք սեփական գո՞րծ սկսել: Այդ դեպքում ի՞նչ կասեք տուրիստական ընկերություն հիմնելու մասին:

13249
ինչպես հիմնել տուրիստական ընկերություն

Internest.am-ն առաջարկում է խոսել այսպիսի բիզնեսի դրական ու բացասական կողմերի մասին, ի՞նչ է հարկավոր տուրիստական ընկերություն հիմնելու համար, ի՞նչ է պետք իմանալ և ինչի՞ց սկսել:

ԽՈՐՀՈՒՐԴ 1. ՄԻ ՈՒՆԵՑԵՔ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ

Ամենից առաջ դուք պետք է իմանաք, որ այս բիզնեսը բավական դժվար է և մեծ եկամուտներ չի բերելու ձեզ: Արդյունավետ աշխատելու դեպքում դուք, իհարկե, կարող եք գումար վաստակել, բայց ոչ անհաշիվ: Եվ թերևս ոչ մի գործ չի բերում հսկայական եկամուտ, եթե այն կապված չէ թմրանյութերի, զենքերի և անօրինական գործունեության հետ, այնպես չէ՞:

ԽՈՐՀՈՒՐԴ 2. ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ

Տուրիստական ընկերությունում դուք վաճառում եք ծառայություն և այդ ծառայության որակն ամբողջությամբ կախված է ձեզնից:

Տուրիզմի աշխարհում կան երկու տիպի խաղացողներ՝ տուրօպերատորներ, ովքեր ձևավորում են «ապրանքը» և տուրիստական ընկերություններ, որոնք իրացնում են այն: Բոլոր տուրիստական ընկերությունները ունեն նույն «ապրանքը», հետևաբար ձեր հաջողությունն ամբողջությամբ կախված է ձեր վաճառքների որակից:

ԽՈՐՀՈՒՐԴ 3. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Պարզեք հաշվապահական և օրենսդրական բոլոր նրբությունները՝ կախված ձեր տուրիստական ընկերության գործունեության տեսակից: Ուսումնասիրեք հարկային օրենսդրությունը, զրուցեք գործող հաշվապահների հետ, ուղղեք ձեր հարցերը մասնագետներին, մինչև ամեն ինչ պարզ լինի ձեզ համար:

ԽՈՐՀՈՒՐԴ 4. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՎԵՔ ԱՆՎԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ

Տուրիստական ընկերությունները Հայաստանում բավական շատ են, առաջարկները հնչում են միանման և, որ ամենավատն է, անգամ անուններն են միատեսակ: Եթե որոշել եք մուտք գործել հենց այս ոլորտ, ապա պետք է անպայման մտածեք, թե ինչպես եք տարբերվելու: Չէ՞ որ անել մի բան՝ պարզապես հերթականը լինելու համար, ձեր իրական նպատակը չի:

Ամենից առաջ փորձեք խուսափել հապավումային անվանումներից: Դա հերթականը դառնալու առաջին ծուղակն է: Եթե ձեր, ձեր երեխայի կամ ձեր մայրիկի անունը որևէ կապ չունի տուրիզմի հետ, լավ կանեք՝ խուսափեք նաև այդ տարբերակից: Ամենաճիշտ ճանապարհն այն է, երբ ձեր ընկերության անվանումն իսկապես իմաստ է ունենում և թեկուզ ասոցատիվ բացատրում է այն գործունեությունը, որով զբաղվում եք:

Ինչպիսի՞ հանգիստ եք պատրաստվում առաջարկել ձեր հաճախորդներին՝ ակտիվ, ծովափնյա, էքստրեմալ, կամ գուցե ավելի հստակ ուղղածություն եք ընտրել՝ բժշկական, ատամնաբուժական, գիտաճանաչողական, հեծանվային, լեռնային, մշակութային: Ձեր ընտրած ուղղվածությունը ամենալավ խորհրդատուն կլինի ձեզ համար:

Իսկ եթե ձեր տուրիստական ընկերությունը այդպիսի ուղղվածություն չի ունենալու, ապա փորձեք պատկերացնել այն զգացողությունները, որոնք կապված են ձեր առաջարկած հանգստի հետ՝ հաճույք, հանգիստ, ծով, արև և այլն: Դուրս գրեք ձեր միտքը եկած բոլոր բառերը և փորձեք թարգմանել դրանք ամենատարբեր լեզուներով:

Մի վախեցեք տառային փոփոխություններ անել, եթե կարծում եք, որ այդպես բառն ավելի բարեհունչ կդառնա: Փնտրեք ու կգտնեք իսկապես լավ անուն: Այս հարցում շտապել չարժե: Դա ձեր այցեքարտն է լինելու ձեր գործունեության ամբողջ ընթացքում: Մի մոռացեք այն մասին, որ անվանումը պետք է հեշտ հնչի նաև արտասահմանցիների համար:

ԽՈՐՀՈՒՐԴ 5. ԼՈԳՈՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ինչպես հիմնել տուրիստական ընկերություն

Ինչպես և տուրիստական ընկերությունների անունները, լոգոները նույնպես բավական միանման կարող են լինել: Այնպես որ, ժամանակ հատկացրեք մրցակիցների լոգոներն ուսումնասիրելու համար: Դուրս գրեք այն ամենը, ինչ չեք ցանկանա, որ կրկնվի ձեր լոգոյի մեջ: Ձեր լոգոն պետք է լինի այնպիսին, որ այն տեսնելով՝ ձեր հաճախորդներն անմիջապես հասկանան, որ դա հենց ձեր լոգոն է:

Մոտավոր պատկերացում ունենալով այն մասին, թե ինչ եք փնտրում՝ արդեն կարող եք որոշել, թե ով պետք է պատրաստի ձեր լոգոն: Հիմնական տարբերակները երեքն են՝ պատվիրել դիզայներական ընկերությունների, պատվիրել ֆրիլանսերների (ինչն ավելի մատչելի է), պատրաստել ինքնուրույն՝ օգտվելով համապատասխան կայքերից, որոնք հնարավորություն են տալիս ինքնուրույն անվճար կամ վճարովի տարբերակով լոգո պատրաստել:

ԽՈՐՀՈՒՐԴ 5. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏԱՐԱԾՔԻ ՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ինչպես հիմնել տուրիստական ընկերություն

Գրասենյակի ընտրությունը նույնպես ամենակարևոր պայմաններից մեկն է: Այն պետք է լինի քաղաքի այն հատվածներում, որտեղ շատ է մարդկանց անցուդարձը: Ցանկալի է, որ գրասենյակի պատուհանները նայեն դեպի փողոց: Մոտակայքում մեծ սուպերմարկետի, կանգառի, մետրոյի կայարանի առկայությունը նույնպես ձեզ միայն օգուտ կտա:

ինչպես հիմնել տուրիստական ընկերություն

Նախևառաջ, ձեզ պետք է մարդկանց մեծ հոսք: Երկրորդ, ձեզ պետք է այդ մարդկանց գրավել՝ հետաքրքիր առաջարկների բաններներով և գրասենյակի ինտերիերի նորաձև դիզայնով:

ԽՈՐՀՈՒՐԴ 6. ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԵՎ ԳՈՎԱԶԴ

Ի տարբերություն բիզնեսի շատ այլ տարբերակների՝ տուրիստական ընկերությունների համար ռադիո, TV և տպագիր գովազդները այնքան էլ արդյունավետ չեն: Բանն այն է, որ ձեր պոտենցիալ հաճախորդը ձեզ հասնելու համար պետք է հնարավորինս քիչ քայլեր հաղթահարի և չհասցնի մոռանալ, թե՛ ձեր ընկերության անվանումը, թե՛ ձեր առաջարկը: Այդ պատճառով ավելի արդյունավետ կլինեն գովազդի այն տարբերակները, որոնց հաջորդ իսկ քայլը հաճախորդին կբերի ձեզ մոտ: Դա կարող է լինել ձեր ընկերության գրասենյակից քիչ հեռու տեղադրված բաններային գովազդը, գովազդը թեմատիկ, թիրախային կայքերում, որոնց հղումները հաճախորդին կբերեն դեպի ձեր կայք և գովազդը սոցիալական ցանցերում:

Եվ ուրեմն, ստացվում է, եթե առաջին գովազդային տարբերակի մասին դուք պետք է հոգաք 5-րդ կետի կատարման ընթացքում, ապա մյուս երկուսի մասին կխոսենք այստեղ:

Ամենից առաջ պետք է ունենալ ճիշտ համակարգված առաջարկների բազա: Այնուհետև այդ առաջարկները պետք է գրագետ դիզայններով ներկայացնել թե՛ սոց.ցանցերում, թե՛ ձեր կայքում: Կայքը, ինչպես և լոգոն, կարող եք պատվիրել թե՛ դիզայներական ընկերություններին, թե՛ ֆրիլանսերներին և թե՛ պատրաստել ինքնուրույն: Ինքնուրույն լոգո, ինչպես նաև կայք պատրաստելու մասին Internest.am-ը մանրամասն կխոսի մոտ ապագայում:

Պետք է սովորել ճիշտ վարել ձեր էջերը սոց. ցանցերում, լինել ուշադիր ձեր հաճախորդների յուրաքանչյուր հարցի հանդեպ, արգելափակել ձեր էջին գրառումներ անելու հնարավորությունները, գրել գրագետ, հայատառ (անգլերենով (ոչ թե լատինատառ հայերենով) գրել միայն անհրաժեշտության դեպքում) և այլն, և այլն:

Սոց.ցանցերի էջերը և ձեր կայքը ձեզ հնարավորություն կտան որակապես տարբերվելու մրցակիցներից: Չէ՞ որ, երբ մենք փնտրում ենք տեղեկություններ մեր ճամփորդության վերաբերյալ, մենք դա սովորաբար անում ենք համակարգչի առջև նստած և ուզում ենք ստանալ ամբողջական անհրաժեշտ տեղեկատվությունը միանգամից: Արեք այդ գործը ձեր հաճախորդի փոխարեն և նա հավելյալ տեղեկությունների համար չի փնտրի այլ աղբյուրներ և այլ տուրիստական ընկերություններ:

ԽՈՐՀՈՒՐԴ 7. ՏՈՒՐՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Travel Agent

Առանց տուրօպերատորների հետ համագործակցելու դուք չեք կարող գործունեություն ծավալել: Ահա մի քանի կարևոր բան, որ պետք է անպայման հաշվի առնել: Շատ նորաբաց տուրիստական ընկերություններ փորձում են համագործակցել այն տուրօպերատորների հետ, որոնք ամենամատչելի տարբերակներն են առաջարկում: Մինդեռ այսպիսի իրավիճակները շատ հաճախ տխուր վերջաբան են ունենում:

Զբոսաշրջիկները, ովքեր դժգոհ են մնում իրենց հանգստից, կամ որ ավելի վատ է, հանգիստը պարզապես չի կայանում (տոմսերը վերջացած են լինում, թռիչքը հետաձգվում է, հյուրանոցում տեղերը զբաղված են լինում), իրենց բարկությունը թափում են ոչ թե տուրօպերատորի. այլ հենց ձեր գլխին, չէ՞ որ այդ դուք եք վաճառել տուրը: Իսկ տուրօպերատորը վերը նշված իրավիճակների մասին չի ցանկանում նախապես տեղյակ պահել ձեզ և զբոսաշրջիկին՝ իր եկամուտը չկորցնելու համար:

Ուսումնասիրեք տուրօպերատորի փորձը, գործունեության պատմությունը, հասկացեք, թե որքանով է այն վստահելի, կարդացեք կարծիքներ, ստուգեք նրանց տրամադրած տեղեկատվությունը: Երբ ընտրություն կայացնեք և սկսեք բանակցություններ վարել, պետք է կնքեք համապատասխան պայմանագիր, ըստ որի դուք կստանաք ձեր վաճառած տուրերի արժեքի 10%-ը:

Երբ այս բոլոր փուլերը հաղթահարեք, ձեզ կմնա միայն համառորեն աշխատել ու գտնել ձեր տեղը տուրիստական ընկերությունների շուկայում: Հոգ տարեք ձեր հաճախորդների մասին այնպես, ինչպես կցանկանայինք, որ հոգ տանեին ձեր ճամփորդության մասին: Արեք ավելին, քան անում են ձեր մրցակիցները, և ամեն օր ավելի կատարելագործեք ձեր ծառայությունների որակը: Արդյունքը՝ հաճախորդների մեծ քանակի և եկամտի տեսքով, երկար չի սապսեցնի իրեն:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին