ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ՆԱՄԱԿ

Երբեմն աշխատանքի ընդունվելու համար ռեզյումեից բացի պահանջվում է ուղարկել նաև մոտիվացիոն նամակ: Չիմանալով, թե ինչպես ճիշտ մոտիվացիոն նամակ կազմել, աշխատանք փնտրողները հաճախ ուղարկում են այն սխալ ձևակերպումներով կամ ուղարկում են միայն ռեզյումեն:

61026
մոտիվացիոն նամակ

Մոտիվացիոն նամակի ընձեռած հնարավորությունները պետք է ճիշտ օգտագործել, բնութագրել ինքներդ ձեզ այնպես, ինչպես չեն կարող ներկայացնել ռեզյումեն և այլ կցվող փաստաթղթերը՝ միասին վերցրած: Այս գործին պատասխանատու մոտենալով՝ դուք կարող եք գրել այնպիսի մոտիվացիոն նամակ, որը կխոսի միայն ձեր օգտին և կառանձնացնի մյուս թեկնածուների շարքում:

ՈՒՂԵԿՑՈՂ ՆԱՄԱԿ

Մոտիվացիոն նամակը պետք չէ շփոթել ուղեկցող նամակի հետ: Ուղեկցող նամակը պարտադիր բաղադրիչ է աշխատանքի համար դիմելիս ուղարկվող յուրաքանչյուր էլեկտրոնային նամակի համար: Այն գրվում է նամակի բովանդակության հատվածում և ներկայացնում է, թե ով եք դուք, ինչ հաստիքի համար եք դիմում, ինչպես եք իմացել թափուր աշխատատեղի մասին, ձեր մասնագիտական փորձը երկու բառով և այլն:

Երկար տեքստեր գրելու կարիք այստեղ չկա: Նշեք միայն այն ամենակարևոր ինֆորմացիան, որը անհրաժեշտ կլինի գործատուին կամ մարդկային ռեսուրսների մասնագետին ձեզ նկատելու և ձեզ հետ կապվելու համար առանց ռեզյումեն ևս մեկ անգամ բացելու: Ահա այն նվազագույն տեքստը, որը անհրաժեշտ է ներառել նամակի մեջ:

Բարև Ձեզ, հարգելի (անունը, եթե գիտեք),

Կից ուղարկում եմ իմ ռեզյումեն (…) հաստիքի համար: Պատրաստ եմ նաև քննարկել Ձեր առաջարկները (…) ոլորտի այլ հաստիքի հետ կապված: Ինձ հետ կարող եք կապվել ինչպես էլ. փոստով, այնպես էլ հեռախոսով:

(Ձեր հեռախոսահամարը)

Հարգանքներով,
(անուն, ազգանուն)

ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ՆԱՄԱԿ

մոտիվացիոն նամակՄոտիվացիոն նամակը անշուշտ ավելի ծավալուն պետք է լինի, քան ուղեկցող նամակը, բայց չպետք է գերազանցի A4 թղթի ծավալը: Իսկ եթե դուք դեռ աշխատանքային փորձ չունեք, ապա կես էջը լիովին բավարար է: Մոտիվացիոն նամակի նպատակը գործատուին ձեր ռեզյումեից բացի լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելն է ձեր մասին, որոնց հիման վրա նա պատկերացում կկազմի, թե ինչու եք հետաքրքրված այդ աշխատանքը ստանալու համար և ինչպես եք համապատասխանում նշված հաստիքին:

Մոտիվացիոն նամակը պետք է լինի չկրկնվող: Միևնույն նամակը չի կարելի ուղարկել տարբեր հաստիքների համար: Անշուշտ, որոշ հատվածներ կարող եք կրկնել, բայց ոչ ամբողջ նամակը, այլապես մոտիվացիոն նամակի ողջ իմաստը կկորի: Մոտիվացիոն նամակի ստանդարտ ձևաչափերից օգտվել նույնպես խորհուրդ չենք տա, քանի որ դրանք բացարձակապես զուրկ են ինքնատիպությունից, իսկ գործատուն, ստանալով միանման մոտիվացիոն նամակներ, միայն կնյարդայնանա և անմիջապես կբացառի այդպիսի աշխատողների թեկնածությունը:

Փոխարենը, Internest.am-ն առաջարկում է ուշադրություն դարձնել ոլորտի մասնագետների խորհուրդներին և հետևելով այս քայլերին՝ կազմել ճիշտ և արդյունավետ մոտիվացիոն նամակ: Եվ ուրեմն.

  1. Մոտիվացիոն նամակը պետք է լինի հասցեական: Նամակի սկզբում դիմեք ընկերության ղեկավարին կամ մենեջերին՝ կախված, թե ինչ էլ. փոստով եք ուղարկում նամակը, և ով է որպես կոնտակտային անձ նշված աշխատանքային հայտարարության մեջ:
  2. Նշեք, թե որ հաստիքի համար եք դիմում, ինչպես եք իմացել դրա մասին: Վստահ եղեք, որ հաստիքի անվանումը ճիշտ եք նշել:
  3. Չափազանց ուշադիր եղեք տեքստի ուղղագրությանն ու քերականությանը: Թափթփված գրված տեքստը, վրիպակները, առավել ևս ուղղագրական սխալները այսպիսի դեպքերում երբեք չեն վրիպում նամակն ընթերցողի աչքից: Խնդրեք ինչ-որ մեկին ստուգել ձեր նամակը, եթե վստահ չեք ինքներդ ձեզ վրա:
  4. Նշեք տեղեկություններ ձեր կրթության և աշխատանքային փորձի մասին, որի հիման վրա կարող եք հավակնել նշված աշխատատեղին: Հիմնավորեք, թե ինչու եք համապատասխանում այդ գործին: Մասնավոր օրինակներով նշեք, թե ձեր որ փորձառությունը կարող է պետք գալ այդ ընկերությունում աշխատելիս:
  5. Ինքներդ ձեզ գնահատելու և սովորական դարձած (աշխատասեր, նպատակասլաց, ընկերասեր) բառերով ձեզ բնորոշելու փոխարեն նշեք այն հաջողություններն ու ձեռքբերումները, որոնք ունեցել եք նախորդ աշխատատեղերում: Ի՞նչ հմտություններ ու գիտելիքներ եք ձեռք բերել: Ի՞նչ առաջադրանքներ են դրված եղել ձեր առջև, ինչպես եք կատարել դրանք: Աշխատանքային փորձի բացակայության դեպքում նկարագրեք ձեր փորձառությունը պրակտիկայի ընթացքում:
  6. Խոսեք այն քայլերի մասին, որ ինքներդ եք ձեռնարկել մասնագիտական աճ գրանցելու համար՝ լրացուցիչ կուրսեր, սեմինարներ, թրեյնինգներ, մասնագիտական գրականության ընթերցանություն, մասնակցություն տարբեր նախաձեռնությունների: Նշեք ձեր հակումների ու հետաքրքրությունների մասին, եթե դրանք կապ ունեն ձեր մասնագիտության հետ և ձեր օգտին կարող են խոսել:
  7. Ցույց տվեք գործատուին, որ դուք ուսումնասիրել եք ընկերության գործունեության ոլորտը և հասկանում եք, թե ինչպիսի աշխատանքի համար եք դիմում: Ընկերության աշխատելաոճը ուսումնասիրելու դեպքում առաջին հերթին ձեզ համար պարզ կդառնա, այն, թե ինչ կտաք դուք այդ ընկերությանը՝ այնտեղ աշխատելով: Հենց դա էլ պետք է պարզ և գրագետ ներկայացնել մոտիվացիոն նամակում: Շատերը պարզապես բառացիորեն կրկնում են այն ինֆորմացիան, որն ընդգրկված է աշխատանքի հայտարարության մեջ: Եթե չեք ուզում այդ ընկերությունում աշխատել, կարող եք հենց այդպես էլ վարվել:
  8. Մի շողոքորթեք գործատուին: Դա անմիջապես կառաջացնի անվստահություն ձեր հանդեպ և մենեջերին կամ գործատուին բացասաբար կտրամադրի ձեր հանդեպ:
  9. Ընկերության մասին փաստեր և մանրամասներ նշելիս վստահ եղեք, որ այդ տեղեկությունները հավաստի են: Եթե կասկածում եք, նշեք նաև տեղեկատվության աղբյուրը:
  10. Ցույց տվեք, որ դուք տեսնում եք երկարաժամկետ հեռանկարներ, և ցանկանում եք կատարելագործվել ու բացահայտել ձեր ամբողջ պոտենցիալը՝ աշխատելով այդ ընկերությունում:
  11. Ձեր մասին յուրաքանչյուր բնորոշում հիմնավորեք փաստերով, հակառակ դեպքում այդ ամենը միայն դատարկ խոսքեր կլինեն: Բերեք այլ մարդկանց երաշխավորություններ, եթե կան այդպիսիք: Գրեք միայն այնպիսի բաներ, որոնք հետագայում՝ հարցազրույցի ժամանակ կամ արդեն աշխատանքի անցնելուց հետո, կարող եք հիմնավորել և ապացուցել:
  12. Եվ վերջապես, մոտիվացիոն նամակի մեջ ձեզ ոչ ոք չի խնդրում գրել ձեր բացասական կողմերի մասին, այնպես որ, մի արեք դա:

Մենք վստահ ենք, որ պատասխանատվությամբ մոտենալով այս գործին և համապատասխան ժամանակ հատկացնելով՝ դուք կկարողանանք հրաշալի մոտիվացիոն նամակ գրել, որը կառանձնացնի ձեզ մյուս թեկնածուների մեջ և կօգնի հաղթահարել ռեզյումեների ընտրության փուլը: Իսկ թե ինչպես ներկայանալ հարցազրույցին, կարող եք կարդալ այստեղ:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին