ՍԹԻՎԵՆ ՔՈՎԻ. ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԱՐԴԿԱՆՑ 7 ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐԸ

Այս գիրքը կյանքի կանոնների հավաքածու է, որոնք փոխկապակցված են միմյանց, և որոնցից յուրաքանչյուրը մեծ ուժի է տիրապետում: Դրանք փոխել են շատ շատերի կյանքը, ովքեր կարդացել են գիրքը: Սթիվեն Քովիի տեսություններն ու մտքերը չափազանց արդյունավետ են, և գիրքը կարդալ ու այս սովորույթները յուրացնել Internest.am-ը խորհուրդ է տալիս բոլորին:

8115
Սթիվեն Քովի

Սթիվեն Քովին ամերիկացի տնտեսագետ, խորհրդատու և հեղինակ է՝ մասագիտացած առաջնորդության և կառավարման հարցերում: Նրա անցած կյանքի ճանապարհն իսկապես տպավորում է: Քովին ուներ Հարվարդի համալսարանի MBA կոչում, Brigham Young համալսարանի դոկտորական կոչում, կառավարման տնտեսագիտության մագիստրոսի կոչում, 1999 թվականին ճանաչվել է Լավագույն հռետոր, 1994-ին՝ Տարվա ձեռնարկատեր, ընդգրկված է Ամենաազդեցիկ 25 մարդկանց ցուցակում՝ ըստ Times ամսագրի: Սթիվեն Քովին եղել է Բիլլ Քլինթոնի խորհրդատուն նրա կառավարման ընթացքում: Եվ վերջապես, Սթիվեն Քովին ուներ 9 երեխա և 52 թոռնիկ, ինչը, համաձայնեք, հսկայական ձեռքբերում է:

Այս ամենը թերևս ձեզ կօգնի պատկերացում կազմել այն մասին, որ Քովին պարզապես հերթական բիզնես գրքի հեղինակ չէ: Այն ամենը, ինչ նա փորձում է սովորեցնել ընթերցողին, նա ցույց է տալիս իր օրինակով՝ որպես հեղինակ, որպես հայր, որպես ձեռնարկատեր:

«Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» առաջին` 1989 թվականի հրատարակումից ի վեր, լույս է տեսել աշխարհի 38 լեզուներով և վաճառվել է շուրջ 25 միլիոն օրինակ, աուդիոտարբերակով՝ ավելի քան 15 միլիոն օրինակ:

Երիտասարդ Սթիվեն Քովին

Սթիվեն Քովին հսկայական քանակությամբ աշխատանք է կատարել գիրքը գրելուց առաջ, նա մեծ քանակությամբ գրականություն է ուսումնասիրել առաջնորդ և հաջողակ լինելու վերաբերյալ, ծանոթացել է բազմաթիվ մեծ մարդկանց կյանքին: Գիրքը կարդալուց հետո ընթերցողի ուղեղը իսկապես սկսում է աշխատել այլ կերպ: Այն սեղանի գիրք պետք է լինի թե՛ ձեռնարկատերերի, թե՛ տնային տնտեսուհիների համար: Գիրքն արագ կարդալ չի հաջողվի, այն պետք է ուսումնասիրել, մաս-մաս, փորձել կիրառել Քովի առաջարկած սովորույթները ձեր կյանքում, անհրաժեշտության դեպքում կարդալ նորից ու նորից:

Եվ այսպես, համառոտ առաջարկում ենք ծանոթանալ ամենաարդյունավետ մարդկանց յոթ 7 սովորույթներին:

Սթիվեն Քովի

Քովին բնորոշում է սովորույթը որպես իմացության (ի՞նչ և ինչո՞ւ անել), կարողության (ինչպե՞ս անել) և ցանկության (ուզում եմ անել) համադրություն: Այնպես որ, այս հմտությունները ձեր մեջ զարգացնելու համար պետք է համադրեք այս երեք բաղադրիչները, ուսումնասիրեք տեսական մասը, փորձեք օգտագործել կյանքում և գտնեք մոտիվացիա ձեզ համար, որպեսզի շարունակաբար կիրառեք այս սովորույթները ձեր կյանքում:

ՍՈՎՈՐՈՒՅԹ 1. ԵՂԵՔ ՊՐՈԱԿՏԻՎ

Այսօր ես այսպիսին եմ ինչպիսին կամ` իմ երեկվա արած ընտրության շնորհիվ:

Եղեք պրոակտիվ, վերցրեք ձեզ վրա պատասխանատվություն այն ամենի համար, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում՝ հոսանքի ուղղությամբ լողալու փոխարեն: Ձեր քայլերը, ձեր որոշումները, ամենատարբեր հանգամանքների վերաբերյալ ձեր արձագանքը ամեն ինչ կախված է միայն ձեզնից:

Հաջողակ մարդիկ սովորություն ունեն անել այն, ինչը անհաջողակներն անել չեն սիրում: Բոլորովին պատադիր չէ, որ հաջողակ մարդկանց դուր գա այդ բանն անելը, սակայն նրանք իրենց զգացմունքները ենթարկում են իրենց խնդիրներին:

Կյանքի խաղում պետք է առաջնորդ լինել, հաստատել սեփական խաղի կանոնները և ուղղորդել կյանքն այն ուղղով, որտեղ իսկապես ուզում եք լինել: Դուք պետք է ազդեք այն ամենի վրա, ինչի վրա դուք կարող եք ազդել, կլինի դա ձեր շրջապատը, աշխատանքը, առողջական վիճակը, տրամադրությունը և աշխատանք/հանգիստ հավասարակշռությունը: Այն ամենի հետ, ինչի վրա չեք կարող ազդել, պետք է պարզապես համակերպվել և սովորել ապրել դրա հետ:

Արդյունավետ մարդը մտածում է ոչ թե խնդիրներով, այլ հնարավորություններով:

ՍՈՎՈՐՈՒՅԹ 2. ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴՐԵՔ

Յուրաքանչյուր գործ սկսելով՝ պատկերացրեք ձեր վերջնական նպատակը: Քովին այս սովորույթը կոչում է անձնական առաջնորդություն: Քիչ է որոշել լինել հարուստ կամ որոշել նիհարել: Այդ ամենն ինքն իրեն տեղի չի ունենա, այլ միայն որոշակի գործողությունների ու ջանքերի արդյունքում, որոնք պետք է անել ամեն օր՝ հստակ հասկանալով, թե ուր ենք ուզում հասնել:

Սթիվեն Քովի Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները

Ի դեպ, մեր նպատակները դառնում են նրանք, որոնք իսկապես համապատասխանում են մեր ներքին արժեքներին: Քովին սովորեցնում է դնել պարզ ու հստակ նպատակներ և պնդում է, որ որքան հստակ լինեն այդ նպատակները, այնքան շատ բանի կհասնենք մենք:

Իմանալ և չանելը` նույնն է, ինչ չիմանալը: Կարողանալ և չանելը` նույնն է, ինչ չկարողանալը:

ՍՈՎՈՐՈՒՅԹ 3. ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑԵՔ

Արեք սկզբից այն, ինչ պետք է անել առաջին հերթին: Մի փորձեք միանգամից երկու նապաստակ որսալ: Կենտրոնացեք մի նպատակի վրա՝ այն մեկի, որն ամենից կարևոր նշանակությունն ունի ձեզ համար: Սա անձնական կառավարումն է: Քովին նշում է, որ երրորդ սովորույթը երկրորդ սովորույթի իրականացումն է:

Այս առաջին երեք սովորույթները Քովին համարում է բնավորության զարգացման հիմքը: Սեփական կյանքի ղեկը ձեռքը վերցնելը, անձնական առաջնորդությունն ու կառավարումը կապված են մարդու ներաշխարհի հետ և սովորեցնում են նրան ինքնատիրապետում և ինքնակառավարում:

Այս երեք «անձնական հաղթանակները» գրանցելով միայն՝ մարդը կարող է դառնալ բավականաչափ անկախ և գրանցել արդեն «հասարակական հաղթանակներ»՝ կապված թիմային աշխատանքի, համագործակցության, միմյանց մասին հոգ տանելու և շփումների հետ: Այս երեքը արտաքին արդյունավետության կանոններն են:

Կցանես միտք, կհնձես արարք, կցանես արարք, կհնձես սովորույթ, կցանես սովորույթ, կհնձես բնավորություն, կցանես բնավորություն, կհնձես ճակատագիրդ:

ՍՈՎՈՐՈՒՅԹ 4. ՁԳՏԵՔ ՓՈԽՇԱՀԱՎԵՏՈՒԹՅԱՆ. ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է (WIN-WIN)

Այս սովորույթը Քովին կոչում է միջանձնային առաջնորդություն: Այս սկզբունքի էությունն այն է, որ պետք է մտածել ոչ միայն ինքդ քո մասին, այլև գործընկերներիդ: Ավելի լավ է ունենալ մեծ թխվածքի փոքր կտոր, քան թե փոքր թխվածքի մեծ կտոր:

Իրական հաջողությունը կախված է ներգրավված մարդկանց համատեղ ջանքերից: Ամեն ինչ բոլորին կբավականացնի, և երբ լինի համագործակցություն, կլինի նաև հաջողությունը: Սակայն պետք է գնալ ոչ թե փոխզիջման, այլ ընդհակառակը, փնտրել այլընտրանքային լուծում, որը կբավարարի երկու կողմերին:

Նա, ով լավ տիրապետում է մուրճին, հակված է կարծելու, որ իր շուրջը բոլորը մեխեր են:

ՍՈՎՈՐՈՒՅԹ 5. ՆԱԽ ՓՈՐՁԵՔ ՀԱՍԿԱՆԱԼ, ՀԵՏՈ՝ ԼԻՆԵԼ ՀԱՍԿԱՑՎԱԾ

Սա մարդկային շփման ամենամեծ ճշմարտություններից մեկն է: Սկզբից սովորեք հասկանալ մարդկանց, և հետո միայն հասկացված լինել նրանց կողմից: Իր այս միտքը Քովին բացատրում է հետևյալ կերպ: Նախ ախտորոշեք հիվանդությունը, հետո բուժում նշանակեք: Չէ՞ որ դա այնքան պարզ է ու արդյունավետ: Այն պարզապես անհրաժեշտ է դրական փոխադարձ հարաբերությունների զարգացման համար կյանքի բոլոր ոլորտներում:

Պատկերացնենք, որ դուք դիմել եք ակնաբույժի: Արագ-արագ լսելով ձեր գանգատները՝ նա հանում է իր ակնոցը և այն ձեզ մեկնելով՝ ասում.
– Ահա, դրեք այս ակնոցները, նրանք արդեն 10 տարի հրաշալի ծառայում են ինձ: ես տանը ևս մեկն ունեմ: Վերցրեք և կրեք այն:
Դուք դնում եք ակնոցը, բայց տեսնում եք նախկինից ավելի վատ:
– Սարսափելի ակնոց է,- ասում եք դուք, – ոչինչ չեմ տեսնում սրանով:
– Հնարավոր չէ,- բացականչում է ակնաբույժը, – դրանք ինձ այնքան լավ են օգնում: Մեկ անգամ էլ փորձեք:
– Ես փորձում եմ, բայց ամեն ինչ լղոզված է երևում,- պատասխանում եք դուք:
– Ի՞նչ է ձեզ հետ կատարվում: Հապա փորձեք դրական տրամադրվել,- շարունակում է պնդել բժիշկը:
– Լավ, բայց ես դրականորեն տրամադրված էլ դրանցով ոչինչ չեմ տեսնում:
– Դե, դուք պարզապես երախտամոռի մեկն եք,- բորբոքվում է ակնաբույժը: Եվ սա այն ամենից հետո, ինչ ես արեցի ձեզ օգնելու համար:

ՍՈՎՈՐՈՒՅԹ 6. ՀԱՍԵՔ ՍԻՆԵՐԳԻԱՅԻ՝ ԿՐԵԱՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

Սիներգիայի էֆեկտն այն է, երբ 1+1-ը մեծ է 2-ից: Քովին վստահ է, որ ընդհանուրն ավելի մեծ ուժ է, քան դրա մասերի ուժը՝ իրար գումարած:

Միշտ պետք է փորձել տեսնել այն դրականը, որը կարող է ներդնել թիմի յուրաքանչյուր անդամ գործի զարգացման մեջ, տեսնել թիմակիցների պոտենցիալը և արդեն ունեցած ներդրումը: Միայն սիներգիայի սկզբունքով առաջնորդվելով՝ ընկերության աշխատակիցները կարող են իսկապես առաջ ընթանալ:

ՍՈՎՈՐՈՒՅԹ 7. ՍՐԻ՛Ր ՍՂՈՑԸ

Ինչ վերաբերում է 7-րդ սովորույթին, ապա դա իրար է կապում մնացած բոլոր սովորույթները: Դա անընդհատ ու համաչափ զարգացումն է, ինքնակատարելագործումը: Արդյունավետությունը ցանկալի արդյունքի և ներդրված ջանքերի ընդհանուր պատկերն է:

Չկա ավելի լավ ներդրում, քան ներդրումը քո ուժերի ու զարգացման մեջ:

Սղոցը սրել նշանակում է պահպանել և զարգացնել այն ամենը, ինչ դու ունես։ Դա նշանակում է քո կյանքի չորս բնագավառներում ունենալ ունենալ ինքնավերականգնման հավասարակշռված ծրագիր` ֆիզիկական, սոցիալ/էմոցիոնալ, մտավոր և հոգեկան։ Այս բոլոր ոլորտները մշտապես թարմացվելու, համալրվելու և աճելու կարիք ունեն:

7-րդ սովորույթը նա հրաշալի ներկայացնում է փայտահատի պատմության օրինակով:

Մի մարդ անտառում տեսավ փայտահատի, ով մեծ դժվարությամբ ծառ էր կտրում՝ բոլորովին բութ սղոցով: Նա հարցրեց փայտահատին.
– Այդ ի՞նչ եք անում:
– Ծառ եմ կտրում, արդեն հինգ ժամ!
– Իսկ ինչո՞ւ կանգ չեք առնում, և չեք սրում սղոցը:
– Ինչ է, կու՞յր եք, չեք տեսնում որ ժամանակ չունեմ: Ես պետք է սղոցեմ:

Այս գիրքը միանշանակ խորհուրդ ենք տալիս կարդալ այն մարդկանց, ում հետաքրքրում է անձնական արդյունավետության խնդիրը: Սթիվեն Քովիի այս գիրքը անձնական աճի մասին հիմնաքարային գրքերից մեկն է, և թերևս կարելի է վստահաբար համարել այն այս ժանրի դասական գործերից մեկը:

In this article


Join the Conversation