POCKET. ՊԱՀՊԱՆԻՐ ՀՈԴՎԱԾԸ՝ ԱՎԵԼԻ ՈՒՇ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Pocket անվանումով հրաշալի գործիքը նախատեսված է ձեր հավանած հոդվածները, տեսանյութերն ու վեբ-էջերը պահպանելու և հարմար պահի աչքի անցկացնելու համար: Internest.am-ը առաջարկում է ծանոթանալ հավելվածի բոլոր գործառույթներին և հնարավորություններին:

4612

Ամեն օր ինտերնետում բազմաթիվ հետաքրքիր հոդվածներ են հանդիպում, և այդ բոլորը պարզապես անհնար է հասցնել ընթերցել: Շատերը ավելացնում են հավանած հոդվածները իրենց bookmark-ների մեջ, սակայն այնտեղ բազմաթիվ այլ պահպանված էջերի մեջ դրանք պարզապես կորչում են, և ժամերով ստիպված ես լինում փնտրել՝ գտնելու կամ էլ հերթական հոդվածի կորստի հետ համակերպվելու համար:

Իրականում կան շատ ավելի հարմար ծառայություններ և հավելվածներ՝ վեբ-էջերն ու հոդվածները հետագա ընթերցանության համար պահպանելու համար: Ամենահին և ամենահարմար ծառայությունը այդ շարքում, Internest.am-ի կարծիքով, Pocket-ն է:

Կարմիր գրպան հիշեցնող լոգոտիպով այս ծառայությունը հրաշալի մտածված ու հարմարեցված է օգտագործողների համար, այն շատ արագ է և հեշտ օգտագործման համար: Նախկինում այն կոչվում էր Read It Later՝ «Կարդա դա հետո»: Pocket-ի դիզայնը շատ պարզ է, հասցված նվազագույնի, և, ինչը շատ կարևոր է նման ծառայությունների համար, շատ հաստատուն է:

Pocket

Pocket կարելի է օգտագործել ցանկացած բրաուզերից՝ Internet Explorer, Chrome կամ Firefox, ինչպես նաև սմարթֆոններից. հավելվածը կարելի է գտնել Google Play-ում և iTunes-ում: Բրաուզերում ծրագիրը գործարկելուց հետո վերին աջ անկյունում կհայտնվի «գրպանիկը», որի վրա հարկավոր է սեղմել ամեն անգամ, երբ ուզեք պահպանել վեբ-էջը:

Այն կարող է լինել ոչ միայն հոդվածի, այլև նկարի, տեսանյութի, սոց.ցանցի էջի կամ ամբողջական կայքի տեսքով: Եթե Pocket-ը ներբեռնել և օգտագործում եք նաև մոբայլ սարքերի վրա, ապա ձեր պահպանած էջը ավտոմատ կավելանա նաև հավելվածի ցանկում:

Pocket

Մոբայլ սարքերի վրա ծրագիրը ձեզ կառաջարկի երկու տարբերակ պահպանված էջը դիտելու համար՝ Web View և Article View: Եթե հոդված եք պահպանել, ապա շատ հարմար է օգտագործել երկրորդ տարբերակը, քանի որ ծրագիրը հեռացնում է ամեն ինչ թողնելով միայն հոդվածի տեքստն ու նկարները: Ցանկացած պահի դուք կարող եք փոխել դիտարկման Web View տարբերակին:

Պահպանված էջերի դասակարգման համար առկա է Tags գործառույթը: Դուք ավելացնում եք բանալի բառեր և ամեն անգամ նոր էջ ավելացնելիս պարզապես նշում եք, թե որ բանալի բառին է այն համապատասխանում: Պահպանված էջերը կարելի է դասակարգել նաև ըստ բովանդակության տեսակի՝ Հոդվածներ, Նկարներ, Տեսանյութեր:

Pocket

Էջերը կարելի է նաև նշել որպես «Հավանած» (Favorite) կամ արխիվացնել, եթե արդեն ընթերցել եք, կամ ջնջել, եթե արդեն հարկավոր չէ ձեզ: Հոդվածն ընթերցելիս կարող եք փոխել տեքստի տառատեսակը (առկա է երկու տարբերակ), և մեծացնել ու փոքրացնել տառաչափը: Կարող եք նաև ընտրել ֆոնային գույնը՝ սև, սպիտակ կամ ավազագույն:

Էջերը կարելի է անմիջապես Pocket-ից տարածել Facebook-ում ու Twitter-ում, ինչպես նաև ուղարկել ընկերներին անհատական նամակով:

Pocket

Վերջերս Pocket-ում նաև հավելյալ գործառույթներ են ավելացել, ինչպես օրինակ, Recommended բաժինը, որտեղ Pocket-ն ինքն է առաջարկում լավագույն հոդվածները՝ հաշվի առնելով ձեր նախընտրությունները: Դրանք ղեկավարել կարող եք նաև ինքներդ, եթե նշեք, որ այսինչ հոդվածը ձեզ դուր չի գալիս կամ արդեն ընթերցել եք այն: Չհավանած հոդվածները կարելի է հեռացնել ցանկից, իսկ հավանածները առանձնացնել:

Ավելի քան 10 միլիոն մարդ օգտագործում է Pocket-ը հոդվածների, տեսանյութերի և այլ տեսակի նյութերի պահպանման համար: Ձեր պահպանած ամբողջ տեղեկատվությունը հավաքվում է մեկ տեղում և հասանելի է լինում ձեր ցանկացած սարքի միջոցով:

Pocket

Չմոռանանք նշել Pocket-ի ևս մեկ շատ կարևոր առավելության մասին. եթե պահպանված էջերը արդեն սինխրոնիզացվել են հավելվածի մեջ՝ տվյալ սարքի վրա, ապա դրանք դուք կարող եք ընթերցել առանց ինտերնետին միացված լինելու:

Ծրագիրն անվճար է: Իհարկե, կա նաև Premium տարբերակ՝ հավելյալ գործառույթներով, ինչպես օրինակ բանալի բառերի ավտոմատացված համակարգն է:

Տարիների ընթացքում ծառայությունը կատարելագործել են՝ հաշվի առնելով բոլոր մանրուքները, և այն դեռ շարունակում է զարգանալ ու հարմարեցվել բոլոր օգտատերերի պահանջներին:

In this article


Join the Conversation