ԱՌԱՎՈՏՅԱՆ ՎԱԶՔԸ ԿՅԱՆՔՈՒՄ ՀՐԱՇԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

Առավոտյան վազքը շատ ավելին է, քան ֆիզիկական լավ ինքնազգացողությունը, առավոտյան վազել սկսելը գրեթե հավասար է նոր կյանք սկսելուն:

8851
Առավոտյան վազքը

Առավոտյան վազքը հրաշալի միջոց է շատ կարճ ժամանակահատվածում կյանքում հրաշալի փոփոխություններ առաջացնելու համար: Այն թերևս ամենաթեթև, բայց ամենաարդյունավետ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է:

Առավոտյան վազքի ժամանակ դուք կարող եք բարելավել ձեր առողջությունը, մարզել ուղեղը, բայց վազքի ազդեցությունը ֆիզիկական փոփոխություններով չի ավարտվում, աստիճանաբար այն սկսում է փոխել ձեր ողջ կյանքը: Ահա թե ինչպիսի անսպասելի հետևանքներ կարող է ունենալ այն:

Վազքը մի մեծ հարցական նշան է, որն ամեն օր հարցնում է ձեզ. «Ո՞վ եք դուք այսօր դառնալու՝ թույլիկ, թե կամային անհատականություն»: Պատասխանը սովորաբար լինում է երկրորդը:

Փիթեր Մայեր, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն

Առավոտյան վազելով՝ դուք կսկսեք հասկանալ մարդու օրգանիզմի անատոմիան ու ֆիզիոլոգիան:

Դուք կհասկանաք առողջ սննդի իրական արժեքը: Երբ տեսնեք, թե որքան դժվարությամբ եք դուք մարզվում տոներից և ճոխ սեղաններով առիթներից հետո, ինքնաբերաբար կսկսեք ավելի շատ սիրել մրգերն ու բանջարեղենները:

Ցանկացած խոսակցության ժամանակ դուք միշտ առիթ կունենաք սեփական ռեկորդներով պարծենալու համար:

Ձեր մտերիմները նույնպես կսկսեն սիրել վազքը: Այլ տարբերակ հնարավոր չէ:

Ձեր օրգանիզմը կսկսի փոխվել: Որովայնի շրջանում ճարպային կուտակումները կպակասեն, իսկ ոտքերն ավելի ամուր ու մկանուտ կդառնան: Այս փոփոխություններն աստիճանաբար տեղի կունենան, բայց այնքան ակնհայտ կլինեն, որ մարդիկ, ում վաղուց չեք տեսել, ձեզ հանդիպելիս զարմանքով ու հիացմունքով կնայեն:

Ձեզ համար այլևս տարօրինակ չի թվա այն, որ ինչ-որ երկրում անցկացվող մարաթոններին մասնակցելու համար աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ պատրաստ են վճարել ինքնաթիռի տոմսի ու մասնակցության համար, կտրել-անցնել հազարավոր կիլոմետրեր, վերնաշապիկին ինչ-որ թղթի կտոր կպցնել ու վազել իրենց պես «տարօրինակ» մարդկանց հետ:

Դուք կփորձեք ձեր ընկերներին համոզել վազել ձեզ հետ միասին ու կհասկանաք, որ դա իկապես շատ դժվար գործ է: Եվ այդպես դուք նոր ընկերներ ձեռք կբերեք: Նրանց հետ ձեր զրույցների թեմաները կլինեն նոր մարզակոշիկներն ու վազքի տեխնիկան, և դա ձեզ այնքան մտերիմ կդարձնի, ասես հազար տարի ճանաչում էիք իրար:

Մարզումները ձեզ իսկական հաճույք կսկսեն պատճառել: Այո, էնդորֆիններն իսկապես գոյություն ունեն և վազքի ժամանակ, առավել քան երբևէ, անում են իրենց գործը:

Եղանակի տեսությունը ձեզ համար ավելի մեծ նշանակություն կսկսի ունենալ:

Կփոխվի ձեր վերաբերմունքը սպորտային հագուստի ու կոշիկների հանդեպ: Սպորտային հագուստ դուք այլևս չեք համարի պարզապես հարմարավետ հագուստը, իսկ սպորտային հագուստը կսկսեք օգտագործել իր իսկական նշանակությամբ, այլ ոչ թե խանութ գնալու համար:

Շուտով ձեր սկզբանական նպատակը հետին պլան կմղվի (դուք կնիհարեք կամ ավելի ամուր առողջություն կունենաք), բայց վազելը թողնել արդեն չեք ցանկանա:

Դուք վերջապես ժամանակ կունենաք նոր երգեր, աուդիոգրքեր լսելու համար, որոնք վազքի ընթացքում ձեզ հրաշալի կմոտիվացնեն ու բարձր տրամադրություն կհաղորդեն:

Երբեմն՝ հերթական տարածությունը շնչակտուր հաղթահարելիս, դուք կխոստանաք ինքներդ ձեզ, որ այլևս երբեք այսքան չեք վազի: Հաջորդ օրը դուք կգերազանցեք նախորդ օրվա արդյունքները:

Վազելիս ձեր ուղեղն այնքան պայծառ կաշխատի, որ դուք կկարողանաք կայացնել օրվա ամենաբարդ ու ամենաարդյունավետ որոշումները: Դուք կմտածեք ձեր նպատակների մասին և այնպիսի փառահեղ գաղափարներ կծնվեն ձեր մտքում, որ ինքներդ էլ կզարմանաք:

Ձեզ այսուհետ ավելի հաճախ կսկսեն տարօրինակ մարդ համարել, իսկ դա արդեն շատ լավ է: Նշանակում է՝ դուք ճիշտ ճանապարհի վրա եք 🙂

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին