ԱՌԱԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Ի՞ՆՉ ԵՆՔ ՆԿԱՏՈՒՄ ՄԵՐ ՇՈՒՐՋԸ

Մեր կյանքում տեղի են ունենում այն իրադարձությունները, որոնց մենք սպասում ենք հոգու խորքում: Դրական սպասումներով ու մտքերով մարդիկ միշտ նկատում են լավն ու լուսավորը իրենց շուրջը, մինչդեռ եթե մարդը սպասում է իր կյանքի հերթական հիասթափությանը, նա անպայման դա էլ կստանա:

4726
Առակ ուշադրության մասին

Ձեզ ենք ներկայացնում մի փոքրիկ իմաստուն առակ. այն սովորեցնում է, որ պետք է աչքերը լայն բացել և տեսնել, որ վատի կողքին միշտ կա նաև լավը: 

Մի ծեր չինացի ուսուցիչ ասաց իր աշակերտին.

-Խնդրում եմ, զննիր այս սենյակը և փորձիր գտնել ու նշել այն ամենը, ինչը դարչնագույն է:

Երիտասարդը նայեց շուրջը: Իսկապես, սենյակում կային շատ դարչնագույն իրեր՝ նկարների փայտե շրջանակները, բազմոցը, վարագույրների քիվերը, գրքերի շապիկները և շատ այլ մանրուքներ:

-Իսկ հիմա, – ասաց ուսուցիչը,- փակիր աչքերդ և թվարկիր բոլոր երկնագույն առարկաները, որ կային սենյակում:

-Բայց ես ոչինչ չեմ նկատել,- շփոթվեց երիտասարդը:

Այդ ժամանակ ուսուցիչն ասաց.

-Բացիր աչքերդ, տես, թե որքան շատ երկնագույն իրեր կան, որոնք վրիպել են քո ուշադրությունից:

Եվ դա ճիշտ էր. երկնագույն ծաղկամանը, նկարի երկնագույն շրջանակը, երկնագույն գորգը:

– Բայց չէ՞ որ սա ծուղակ էր,- նեղսրտեց աշակերտը,- ձեր ցուցումով ես գտա դարչնագույն, այլ ոչ թե երկնագույն իրերը:

Ուսուցիչը հոգոց հանեց, իսկ հետո ժպտաց.

– Հենց այդ էլ ես քեզ ուզում էի ցույց տալ: Դու փնտրեցիր և գտար միայն դարչնագույնը: Այդպես լինում է նաև կյանքում. դու փնտրում և գտնում ես միայն վատը և աչքիցդ վրիպում են ամենալավ բաները:

-Ինձ միշտ սովորեցրել են, որ ես պատրաստ լինեմ վատին, այդ դեպքում, չեմ հիասթափվի,- ասաց աշակերտը,- եթե վատը չկատարվի, դա ինձ համար հաճելի անակնկալ կլինի: Իսկ հակառակ դեպքում, եթե միշտ լավը հուսամ, կարող եմ չափազանց հաճախ հիասթափություններ ապրել:

– Այն համոզվածությունը, որ վատին սպասելն ավելի օգտակար է, մեզ ստիպում է չնկատել այն ամբողջ լավը, որ տեղի է ունենում մեր կյանքում,- պաատսխանեց իմաստուն ուսուցիչը: Եթե սպասում ես վատին, ուրեմն հենց դա էլ կստանաս: Եվ ընդհակառակը, եթե ունենաս դրական սպասումներ և ապրումներ, ամենալավ բաները երբեք աննկատ չեն անցնի քո կողքով:

In this article


Join the Conversation