Մութ տարածությունում հեռախոսը հաճախ իր վրա նաև լապտերի պարտականություններն է վերցնում: Բայց հեռախոսի լույսը կարող է չափազանց վառ լինել ու «կուրացնել» աչքերը: Travelamp կոչվող այս փոքրիկ հարմարանքը ամրացնելով ձեր հեռախոսին՝ դուք այն գիշերային լուսամփոփի կարող եք վերածել:
Travelamp-ը հատկապես պետք կգա ճանապարհորդներին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր սիրում են սենյակում թույլ լույսի առկայություն՝ քնած ժամանակ: Այս գաղափարի հեղինակները Թոզի և Մատիա Ֆոսատտիներն են: Travelamp-ը նրանք պատրաստել են ճկուն սիլիկոնից:
Ճանապարհորդական լուսամփոփի չափերը 5,3 x 5,9 x 9,3 սմ են: Լուսամփոփի «գոտին» բավական ձգվող է և հրաշալի գրկում է հեռախոսը: Այն համապատասխանում է գրեթե բոլոր հեռախոսներին՝ բացառությամբ ֆաբլետների (մեծ էկրանով սմարթֆոնների. անգլերեն` Phone+Tablet):
Travelamp-ը թույլ չի տալիս լույսին անմիջապես տարածվել, այլ ուղղում է դեպի վեր և ավելի մեղմ ու հանգիստ ցրում սենյակում: Իհարկե, Travelamp-ը կծառայի այնքան, որքան կդիմանա ձեր հեռախոսի լիցքավորումը: Դա այս մինի-լուսամփոփի գործածման ամենակարևոր պայմանն է, քանի որ հեռախոսի՝ միշտ միացված լույսը արագ սպառում է մարտկոցի լիցքավորումը:
Travelamp-ը վաճառքում կհայտնվի հոկտեմբեր ամսին, և այն հնարավոր կլինի անմիջապես պատվիրել: Կարելի է նաև նախնական պատվեր ամրագրել: Լուսամփոփի արժեքը $10 է, նախնական պատվերի դեպքում այն կարելի է ձեռք բերել ավելի մատչելի գնով՝ ընդամենը $8-ով:
Join the Conversation