ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԱՏՈՒԿ «ԲՈՒԵՐԻ» ՀԱՄԱՐ. ԻՆՉՊԵՍ ԱՐԹՆԱՆԱԼ ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ

Ինչպե՞ս հեշտ ու հանգիստ արթնանալ վաղ առավոտյան. այս հարցը թերևս տանջում է մարդկության առնվազն 1/3-ին: Ինչպե՞ս կարելի է «բուից» վերածվել «արտույտի»: Չէ՞ որ հենց «բու» լինելով ենք մենք բացատրում մեր գիշերային ապրելակերպը:

9130
Ինչպես արթնանալ վաղ առավոտյան

Այո, շատերիս օրգանիզմն է այնպես կառուցված, որ վաղ արթնանալը հեշտ չի տրվում մեզ, մինդեռ երեկոյան և անգամ գիշերը մենք մեզ էներգիայով լի ենք զգում: Իսկ երբևէ մտածել եք, թե ինչու բանակում չկան «բուեր» և «արտույտներ»: Որովհետև այնտեղ կա օվա ռեժիմ և կարգուկանոն, որը բոլորին թռչուններից վերածում է մարդկային էակների:

Առույգությունը առավոտյան կամ օրվա երկրորդ կեսին ընդամենը սովորության արդյունք է: Եթե դուք պառկել եք քնելու ուշ ժամի, ապա շուտ արթնանալու մասին խոսք լինել չի կարող: Ստացվում է փակ շրջան:

Եթե ձեր աշխատանքային օրը կախված է միայն ձեզնից, ապա սկզբնական շրջանում ամեն ինչ ձեզ հրաշալի է թվում: Դուք կարող եք քնել մինչև առավոտյան 10-ը: Իսկ երբեմն նաև 11-ը, 12-ը և այլն: Արդյունքում աշխատանքային օրը կարող է սկսվել ժամը 3-ին: Որքան ուշ եք արթնանում, այնքան ավելի դժվար է լինում շուտ քնելը, նախ գործերը ավարտված չեն, և հետո՝ քնելու ցանկություն չկա: Հետևաբար քնելու ժամը անընդհատ հետաձգվում է: Իսկ երբ ուշ եք քնում, չեք էլ կարող շուտ արթնանալ: Հենց այս փակ շրջանն է մարդկանց վերածում բուերի:

ԿԱՆՈՆ 1-ԻՆ: Որպեսզի շուտ արթնանաք, պետք է շուտ պառկեք քնելու:

Այո, դա չափազանց դժվար առաջադրանք է: Դա երբեմն նույնիսկ ավելի դժվար է, քան շուտ արթնանալը: Պետք չէ սպասել, մինչև քնկոտություն զգաք: Պառկեք քնելու միևնույն ժամին: Սկզբնական շրջանում, այո, քնելը դժվար կլինի, բայց փորձեք կիրառել մի քանի հնարքներ:

  • Անպայման անջատեք լույսն ու էլեկտրական սարքավորումները: Մթությունը ազդանշան կտա քնկոտություն առաջացնող հորմոնի արտադրման համար: Եթե քնից առաջ դուք երկար ժամանակ հեռուստացույց եք դիտել կամ նստել եք համակարգչի առաջ, ապա դա որոշ ժամանակով կհետաձգի այդ հորմոնների արտադրումը: Հետևաբար փորձեք խուսափել այդ զբաղմունքներից քնելուց առաջ:
  • Ննջասենյակում եթերայուղերի բույր տարածեք: Այդ նպատակով շատերը խորհուրդ են տալիս օգտագործել լավանդայի, բերգամոտի կամ խորդենու բույրեր:
  • Մի կերեք քնելուց առաջ: Ձեր օրգանիզմը կփորձի մարսել սնունդը և կդժվարացնի քնելու պրոցեսը:

ԿԱՆՈՆ 2-ՐԴ: Արթնանալուց հետո առաջին 5 րոպեն չափազանց կարևոր են և այդ րոպեները դուք պետք է դարձնեք հնարավորինս հաճելի ու հարմարավետ ձեզ համար:

  • 1-ին րոպեԱրթնանալուց անմիջապես հետո մտածեք ձեր սիրելի մարդկանց մասին և այն վայրերի մասին, որտեղ ձեզ անսահման երջանիկ եք զգացել: Հաճելի մտքերն ու հիշողությունները ձեզ լավ տրամադրություն կհաղորդեն: Կարող եք անգամ պատկերացնել ձեր ապագա մեքենան կամ տունը կամ ցանկացած այլ բան և ոգևորված արթնանալ:
  • 2-րդ րոպե Ձգվեք: Դա կարթնացնի ձեր օրգանիզմը: Մի քանի խորը շունչ արեք և հագեցրեք օրգանիզմը թթվածնով:
  • 3-րդ րոպե – Մերսեք ձեր վիզը, կոպերը, հոնքերը և ականջի բլթակները: Դա կապահովի արյան հոսք դեպի գլուխը:
  • 4-րդ րոպեՇփեք ձեռքի ափերը: Դա կլավացնի արան շրջանառությունը:
  • 5-րդ րոպեՍկսեք վեր կենալ անկողնուց: Նստեք անկողնու վրա և մի բաժակ ջուր խմեք: Կարող եք գնալ խոհանոց և ծորակից խմել, սակայն շատ ավելի հարմար է, երբ այն արդեն ձեր կողքին է: Այնպես որ, քնելուց առաջ սեղանին կամ դարակի վրա մի բաժակ ջուր դրեք:

ԿԱՆՈՆ 3-ՐԴ: Վառ գույներ և բույրեր. սրանք ձեր ուղեկիցները պետք է լինեն ամեն առավոտ:

Հագեցրեք դրանցով ննջասենյակն ու խոհանոցը: Վառ գունավորմամբ անկողնային սպիտակեղեն, վարագույրներ, սպասք օգտագործեք:

Տրամադրություն բարձրացնելու և սենյակում անուշ բույրեր տարածելու տարբերակներից մեկն էլ «պոմանդեր» պատրաստելն է: Ամենապարզ «պոմանդերները», որոնք օգնում են արթնանալ, պատրաստվում են ցիտրուսներից:

Ինչպես արթնանալ վաղ առավոտյանՎերցնում եք նարինջ, կիտրոն կամ մանդարին, ծակծկում այն սուր փայտիկով, շփում դարչինով, ապա անցքերի մեջ մեխակի սերմեր խրում: Տեղավորում եք ստացված արդյունքը մի տաք տեղ 1-2 շաբաթով: Դրանից հետո հանում և մի գեղեցիկ ժապավենից կախում խոհանոցի անկյունում: Այս բուրավետ գունդը թարմություն ու անուշ բույր է ապահովում սենյակում շուրջ կես տարի:

Այս ամենը, իհարկե, գործնական խորհուրդներն էին, իսկ ահա այն, թե հանուն ինչի է պետք շուտ արթնանալ, արդեն պետք է հասկանաք դուք ինքներդ և լավ կլինի՝ նախապես: Այն մասին, թե ինչպես գտնել մոտիվացիա, կարող եք կարդալ այստեղ:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին