15 ՀԱՐՑ, ՈՐ ԿՕԳՆԵՆ ԳՏՆԵԼ ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

Նպատակն այն է, հանուն ինչի կարելի է արթնանալ վաղ առավոտյան, հանուն որի կարելի է դուրս գալ հարմարավետության գոտուց, հաղթահարել սեփական հնարավորություների սահմանները: Նպատակը կյանքի շարժիչ ուժն է: Եթե դեռ չեք գտել ձեր կյանքի շարժիչ ուժը, ուղղեք այս հարցերը ինքներդ ձեզ:

5068
կյանքի նպատակը

Ձեր կյանքի նպատակը չի կարող լինել անփոփոխ: Աշխարհը փոփոխվում է հսկայական արագությամբ, և մարդկության առաջ բոլորովին նոր հրամայականներ են հայտնվում: Բայց որպեսզի քամու կողմից քշվող տերևի պես շարունակ մի նպատակից մյուսը չշպրտվեք և առաջ ընթանաք ձեր ընտրած կյանքի ուղով, պետք է ունենաք հիմնական, գերագույն նպատակ:

Ահա այդ նպատակը գտնելու համար, հարկավոր է հարցեր տալ ինքներդ ձեզ, լինել առավելագույնս անկեղծ դրանց պատասխանելիս, և ձեր կյանքի հիմնական նպատակը ձեզ համար պարզ կլինի: Վերցրեք թուղթ ու գրիչ ու անցեք գործի:

Ձեր ո՞ր հատկությունները կարող եք համադրել, որպեսզի արդյունքը հետաքրքիր լինի շրջապատի մարդկանց

Կյանքի նպատակը գտնելու համար արժե նախ հասկանալ ձեր սեփական ձեռագիրը: Այդ ձեռագիրը ձևավորվում է ձեր հմտությունների, կարողությունների ու տաղանդների համադրման արդյունքում:

Սթիվ Ջոբսն, օրինակ, հասել էր նման բարձունքների՝ շնորհիվ այն բանի, որ հրաշալիորեն համադրել էր իր մաթեմատիկական և հումանիտար, տեխնիկական և գովազդային, ինժեներական և ստեղծագործական կարողությունները:

Ինչպես նաև Լեոնարդո դա Վինչին, ով ոչ միայն հանճարեղ նկարիչ էր, այլև գյուտարար, գիտնական, մաթեմատիկոս և քանդակագործ: Իր այդ հատկությունները օգտագործելով միասին՝  նա հսկայական ժառանգություն թողեց մարդկությանը և անջնջելի հետք՝ համաշխարհային մշակույթի պատմության մեջ:

Ի՞նչն է ձեզ լցնում էներգիայով

Ի՞նչն է դրական ազդում ձեզ վրա, ինչի՞ց եք էներգիայի մեծ ներհոսք զգում, և հակառակը, ի՞նչն է ձեզ սպառում, խլում ձեր էներգիան: Դրանք կարող են լինել գործեր, սովորույթներ և պարզապես մտքեր: Հետևեք ձեր մտքի ու մարմնի պատասխան ազդակներին և եթե որևէ բանից դուք բացասական էմոցիաներ եք ստանում արդեն երկար ժամանակ, ապա պետք է վերանայել ձեր կյանքի առաջնահերթությունները և սկսել զբաղվել նրանով, ինչից իսկապես հաճույք եք ստանում:

Ինչի՞ մասին եք մտածում լոգանք ընդունելիս

Առավոտյան կամ երեկոյան լոգանքի ժամանակ մենք բացառապես դրական զգացողություններ ենք ունենում: Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք մտածում լոգանք ընդունելիս: Ի՞նչ մտքեր են դրանք: Գուցե դուք մտածում եք ճամփորդությունների՞ մասին, կամ ձեր մտերիմներին ուրախություն պատճառելո՞ւ մասին, կամ ինչ-որ հանճարեղ նախագծի մտքե՞ր են պտտվում ձեր գլխում:

Այն մտքերը, որոնք ձեզ այցելում են այն ժամանակ, երբ, ըստ էության, կարելի է ոչնչի մասին չմտածել, իրականում հենց ձեր կյանքի առաջնահերթություններն են:

Ի՞նչ է հարկավոր հենց ձեզ

Ի՞նչն է հարկավոր հենց ձեզ, այլ ոչ թե ձեր ընտանիքի անդամներին, հարևաններին, աշխատակիցներին, ընկերներին և այլն: Հստակ պատասխանեք այս հարցին: Հարկավոր չէ եսասեր լինել, բայց հասկանալ, թե հենց ձեզ ինչն է երջանկություն ու բավարարվածության զգացում բերում, պարտադիր է: Որքան հաճախ դուք զբաղվեք հենց դրանով, այնքան ավելի երջանիկ ու ազատ կզգաք ձեզ և ավելի թեթև կընթանաք առաջ:

Ինչի՞ մասին եք դուք ամենից հաճախ խոսում ձեր մտերիմների հետ:

Վերհիշեք, թե ինչի մասին եք ամենից հաճախ խոսում ձեր ընտանիքի անդամների, ընկերների, աշխատակիցների հետ, ինչի մասին զրույցներն են ձեզ հաճույք պատճառում: Որպես կանոն հենց այդ թեմաներն են ձեր կյանքի ամենակարևոր առաջնահերթություները և պետք է կենտրոնանալ հենց դրանց վրա:

Ինչի՞ մասին են ձեզ ամենից հաճախ հարցնում մարդիկ

Հավանաբար կա մի բան, որը ձեզ մոտ լավ է ստացվում, որի մասին դոք տեղեկացված եք ձեր շրջապատի մարդկանցից ավելի լավ: Ինչի՞ մասին կարող եք խորհուրդներ տալ, ինչի՞ մասին կպատմեք հետաքրքրված և ոգևորված: Գուցե հենց ա՞յդ ոլորտում պետք է դուք դառնաք չգերազանցված մասնագետ:

Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ

Այն, ինչով դուք զբաղվում եք ազատ ժամանակ, ամենից լավ արտացոլում է ձեր հետաքրքրությունները, կարիքներն ու առաջնահերթությունները: Գուցե դուք սիրում եք ինչ-որ բա՞ն գրել, Photoshop-ում վերամշակել լուսանկարնե՞ր կամ օգնել ձեր ընկերներին տուր-փաթեթնե՞ր ընտրել:

Ի՞նչ եք տեսնում երազում

Երազները ձեր ենթագիտակցության արտացոլումն են, իսկ ձեր ենթագիտակցությունը միշտ գիտի, թե ինչ է ձեզ հարկավոր: Փորձեք հուշումներ փնտրել ձեր երազներում, նրանք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչն է խանգարում ձեզ և իրականում ինչով եք ուզում զբաղվել կյանքում:

Ինչի՞ մասին նորություններ եք սիրում լսել

Որտեղի՞ց եք սիրում ստանալ ինֆորմացիա՝ ինտերնետի՞ց, թե՞ տպագիր աղբյուրներից: Ո՞ր ոլորտից նորություններն են ձեզ համար ամենահետաքրքիրը՝ բիզնես, մշակույթ, ֆինանսներ, հոգեբանություն: Սրան ուշադրություն դարձնելով՝ դուք կհասկանաք, թե որ ոլորտն է ձեզ իսկապես հետաքրքիր և որտեղ կարելի է փնտրել ձեր կյանքի նպատակը:

Ե՞րբ եք վերջին անգամ զգացել, որ դուք իսկապես ապրում եք

Ո՞ր պահերին եք զգում, որ իսկապես ապրում եք: Ե՞րբ է ձեր սիրտն արագ զարկում, ե՞րբ եք ողջ գիտակցությամբ ու սրտով զգում տվյալ իրադարձությունը: Մեկի համար դրանք կարող են լինել ճամփորդություններ, մեկ ուրիշի համար՝ հանրության առջև ելույթ ունենալը, մյուսի համար՝ սեփական ձեռքերով որևէ բան ստեղծելը՝ նկարելը, գրելը, կայք ստեղծելը, հագուստ կարելը և այլն: Ե՞րբ եք զգացել, որ դուք ոչ թե պարզապես գոյություն ունեք, այլ իսկապես ապրում եք:

Ինչո՞վ կզբաղվեիք, եթե հասարակական կարծիքն ընդհանրապես նշանակություն չունենար

Հաճախ մարդկանց իրենց երազանքի ճանապարհին կանգնեցնում է հենց հասրակակական կարծիքը: Ի՞նչ են մտածում իրենց մասին, կծաղրե՞ն արդյոք իրենց, կգնահատե՞ն իրենց արածը, տարօրինակ չի՞ թվա դա մարդկանց համար:

Հասարակական կարծիքը որոշակի թվով մարդկանց անձնական կարծիքն է, որը ոչ մի բանով առավել չէ, քան հենց ձերը: Այդ կարծիքները փաստացի ոչ մի դեր չեն խաղում ձեր կյանքում, ոչինչ դեպի լավը չեն փոխում ու չեն փոխելու: Մոռացեք ուրիշների կարծիքի մասին, պատկերացրեք, որ դուք մեն-մենակ եք: Ինչո՞վ եք ուզում զբաղվել, ինչի՞ն եք ուզում նվիրել ձեր ամբողջ ժամանակը:

Ինչո՞վ կզբաղվեիք դուք, եթե առհասարակ կախում չունենայիք գումարից

Ինքնադրսևորման և կյանքի նպատակը գտնելու ճանապարհին մեծագույն խոչընդոտներից մեկը հենց գումարի խնդիրն է: Շատերն ասում են, որ չեն զբաղվում նրանով, ինչն իսկապես իրենց դուր է գալիս գումարի բացակայության պատճառով: Մինչդեռ միայն սիրելի գործով զբաղվելն է հնարավորություն տալիս մարդուն հասնել երջանկության և մեծ եկամուտների: Եվ երջանկությունն, իհարկե, ավելի կարևոր է:

Ո՞ր անելիքները ձեզ համար ամենից մեծ նշանակությունն ունեն

Հավանաբար օրվա անելիքների որոշակի պլան դուք ունեք: Եթե չունեք, անպայման ամեն օր կազմեք այն: Իսկ հետո նայեք ձեր օրվա անելիքների ցուցակին և հասկացեք, թե որն է ձեզ համար ամենակարևորը այսօր, որն եք դուք ի սրտե ցանկանում ի կատար ածել հնարավորինս արագ: Իսկ վաղվա անելիքների ցանկում ո՞րն է ամենակարևորը, իսկ հաջո՞րդ շաբաթվա ցանկում:

Այն գործերը, որոնք անելով դուք ձեզ առավելագույնս բավարարված կզգաք, տանում են ձեզ դեպի ձեր կյանքի հիմնական նպատակը: Կենտրոնացեք հենց դրանց վրա:

Ի՞նչ կարող եք պատմել ձեր մասին

Եթե ձեզ խնդրեին պատմել ձեր մասին փոքրիկ պատմվածքի տեսքով, ի՞նչ կպատմեիք դուք, ձեր ո՞ր հատկանիշների վրա կկենտրոնանայիք: Եթե ոչ մի բան ձեր միտքը չի գալիս, կենտրոնացեք և փորձեք հորինել այդպիսի պատմություն: Այն պետք է բաղկացած լինի ընդամենը 6-7 նախադասությունից և պարունակի միայն ամենագլխավորը: Երբ կարդաք ձեր իսկ պատմվածքը, պարզ կտեսնեք, թե ինչն է գլխավոր ձեր կյանքում այս պահի դրությամբ:

Համընկնո՞ւմ են արդյոք այն, թե ինչով եք զբաղվում և այն, ինչով կցանկանայիք զբաղվել:

Սա թերևս ամենակարևոր հարցն է: Արդյո՞ք դուք զբաղված եք այն գործով, որով ուզում եք: Իսկ հենց այս պահին դուք էլի դրանո՞վ եք զբաղված: Եվ եթե պատասխանը բացասական է, ապա գործադրեք առավելագույն ջանքերը, որպեսզի թողնեք այն, ինչը ձերը չէ, և սկսեք զբաղվել նրանով, ինչն իրոք հարազատ է ձեր հոգուն:

Եվ հիշեք, ինչպես ասել է Մարկ Տվենը, նա, ով չգիտի, թե ուր է գնում, շատ կզարմանա՝ հայտնվելով բոլորովին այլ տեղում:

In this article


Join the Conversation