ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԼԻՆԵՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՑ

Ինձ հարցնում են երբեմն՝ եթե հետ նայենք, որոնք են մեր ամենամեծ սխալները: Ես կպատասխանեմ. մենք կարծում էինք, որ մեծ երազանքներ ունենք: Իսկ հիմա մենք հասկանում ենք, որ դրանք այնքան էլ մեծ չէին: Երազեք մեծի մասին: Որքան մեծ լինի ձեր երազանքը, այնքան մեծ բաների դուք կհասնեք:

9895

Նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսը այսօր 92 տարեկան է: Նա Իսրայելի նախագահ ընտրվել է 2007 թվականին, երբ արդեն 84 տարեկան էր: Քաղաքականությունից նա հեռացավ միայն 2014 թվականին՝ թողնելով նախագահի պաշտոնը: Իսկ մինչև այդ երկու անգամ նա եղել էր Իսրայելի վարչապետ և երեք անգամ՝ արտաքին գործերի նախարար: Նրա քաղաքական գործունեությունն ավելի քան 70 տարվա պատմություն ունի: Իր կառավարման տարիներին նա ամենածեր ղեկավարն էր ողջ մոլորակի վրա:

Շիմոն Պերեսը կանգնած է Իսրայել պետության ստեղծման ակունքներում: Առաջին իսկ օրից նա նվիրվել է երկրի անվտանգության ու պաշտպանության ապահովման գործին: Յալթայի եվրոպական ռազմավարության (YES) ամենամյա համաժողովի ժամանակ, ամփոփելով իր փորձը, նա արտասանել է թերևս ամենաոգեշնչող ճառերից մեկը:

երազանքները միշտ պետք է ավելի շատ լինեն

«Մենք երազում էինք մեր երկրի մասին, բայց երկիրը, որ մենք ստացանք, երազանք չէր: Դա հողի մի պատառիկ էր՝ Մերձավոր Արևելքի մեկ հազարերորդը: Այդ հողը այնքան էլ լավ չվերաբերվեց մեզ: Այնտեղ ճահիճներ էին, մոծակներ, հարավում անապատ էր ու քարեր:

Ընտրել պետք էր մոծակների ու քարերի միջև: Այդ հողում երկու լիճ կար՝ մեկը մեռած էր, երկրորդը՝ մահանում էր: Հայտնի մի գետ կար, սակայն նրանում ջուր չկար: Ավելի ճիշտ՝ ջուր ընդհանրապես չկար:

Բնական ռեսուրսներ նույնպես չկային՝ ո՛չ ոսկի, ո՛չ նավթ: Այդ ժամանակ ասում էին, որ Մերձավոր Արևելքում կան երկու տեսակի երկրներ՝ նավթային երկրներ ու սուրբ երկրներ: Մերը լիակատար սուրբ էր, որովհետև այնտեղ ընդհանրապես ոչինչ չկար:

Մենք միայնակ էինք: Մենք չունեինք եղբայր՝ կրոնի մեջ, քույր՝ լեզվի մեջ, հարևան՝ պատմության մեջ: Այս ամենը կատարվում էր Հոլոքոստից հետո: Մենք եկանք այստեղ ու ընդհանրապես չգիտեինք, թե ինչ անել: Իրապես չգիտեինք:

Եվ մենք մտածեցինք, որ բնության ամենամեծ հարստությունը մարդն է: Մարդի՛կ հարստացրեցին երկիրը, այլ ոչ թե՝ երկիրը ժողովրդին:

Մենք բոլորս կրթված դարձանք: Իսրայելի ամեն ագարակատեր սկսեց ուսումնասիրել, թե ինչպես զարգացնի գյուղատնտեսությունը առանց ջրի ու առանց հողի: Ես ինքս գյուղատնտեսական իսնտիտուտի ուսանող էի այդ ժամանակ. մենք փորձում էինք տաք ջրով ջրել ծառերը, կարծում էինք՝ այդ դեպքում դրանք ավելի լավ կաճեն:

Դա աշխարհում առաջին գյուղատնտեսությունն էր, որ հիմնված էր բարձր տեխնոլոգիաների աշխատանքի վրա: Ի զարմանս ինձ՝ պարզվեց, որ գյուղատնտեսությունը կարող է գործել՝ հիմնված լինելով ոչ թե հողի բերրիության, այլ բարձր տեխնոլոգիաների վրա: Մենք այսօր ունենք բավականին ջուր: Ջուրը սովորաբար գտնում են, այն չեն հայթայթում: Իսկ մենք սկսեցինք հայթայթել այն:

Եվ դա հաջողվեց մեզ: Մենք սկսեցինք աղազատել ջուրը, հայտանբերել բանջարեղեն, որն այնքան էլ ջուր չի պահանջում:

Ահա մի մեծ գաղտնիք բացահայտեմ. ապագայի համար կարևոր չէ, թե ինչ եք դուք գտնում, կարևորը, թե ինչ եք արտադրում:

Մենք չունեինք ո՛չ մարդ, ո՛չ զինամթերք, մենք երբեք չէինք պատերազմել, ունեինք ընդամենը 450 հազար մարդ, չունեինք հրամանատարներ, չունեինք ռազմական փորձ: ՄԱԿ-ը որոշեց ստեղծել Իսրայել պետությունը, բայց փաստացիորեն պատերազմ էր ընթանում: Ի՞նչ կարող էինք անել՝ երկու բան:

Առաջինը՝ մարդիկ պետք է դառնային խիզախ ու քաջարի:

Նրանք պետք է հասկանային, որ մենք չունենք ընտրություն, մենք պետք է միայն հաղթենք: Եթե գոնե մեկ անգամ պարտվենք՝ վերջ:

Երկրորդ. քանի որ մենք չունեինք զենք, պետք է սկսեինք այն արտադրել:

Ինձ հարցնում են երբեմն՝ եթե հետ նայենք, որոնք են մեր ամենամեծ սխալները: Ես կպատասխանեմ. մենք կարծում էինք, որ մեր երազանքները մեծ էին: Իսկ հիմա մենք հասկանում ենք, որ դրանք այնքան էլ մեծ չէին: Երազեք մեծի մասին: Որքան մեծ լինի ձեր երազանքը, այնքան մեծ բաների դուք կհասնեք:

Ինչո՞ւ եմ սա ձեզ պատմում: Մինչ օրս ես երիտասարդ տղաներին ու աղջիկներին ասում եմ. դուք շատ ավելին ունեք, քան կարծում եք: Մի՛ եղեք ծույլ: Դուք ավելին ունեք, քան երկիրը կարող է առաջարկել ձեզ: Դուք կարող եք արտադրել բաներ, որոնք տրված չեն ձեզ: Սա դաս է բոլորի համար:

Բոլոր մարդիկ մեծ ներուժ ունեն: Բայց բոլորը մի փոքր ծույլ են: Եթե ցանկանում եք հասնել ինչ-որ բանի, պետք է աշխատեք: Ոչինչ երկնքից չի ընկնում: Մենք Իսրայելում շատ ենք աշխատում: Ի՞նչ վատ բան կա դրանում: Ես արդեն 90 տարեկան եմ և երբեք արձակուրդ չեմ վերցրել:

Ինձ ասում են. «Դո՞ւ ինչ է՝ աննորմալ ես: Ե՞րբ ես հանգստանում»: Ես նախընտրում եմ աշխատել: Աշխատանքից ես հաճույք եմ ստանում:

Մի՛ եղեք վատատես. դա նույնպես ժամանակի դատարկ վատնում է, հատկապես, երբ ժամանակները փոխվում են:

Պետք է գնալ գիտության ետևից: Գիտությունը սահմաններ, սահմանափակումներ չունի:

Մի՛ փորձեք լուծել անցյալի հարցերը. ես անգամ վստահ չեմ, որ դա առհասրակ հնարավոր է: Անցյալը ընդհանրապես ոչ մի դեր չի կատարում: Պարզապես ուսումնասիրեք այն, որ կարողանաք չկրկնել հին սխալները: Անցյալում չկա ո՛չ ապագա, ո՛չ հույս:

Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է հիշել, ոչ թե պատկերացնել, և սա ամենամեծ սխալն է:

Ի՞նչ եք ցանկանում հիշել: Բոլոր սխալները, որոնք կատարվե՞լ են: Պատմության վրա չի կարելի ապավինել: Պատմաբանները թագավորների ազդարարներն էին և նրանց, ովքեր իշխանության գլխին էին. նրանք ասում էին այն, ինչ պետք էր:

Մարդիկ վախենում են ինչ-որ բանից, սակայն միայն Աստված գիտի, թե ինչ կլինի վաղը մեզ հետ:

Մեր երիտասարդ սերունդը հիասքանչ է: Բայց ինձ մի բան է զայրացնում՝ նրանք բոլորը ատում են քաղաքագետներին: Նրանք ասում են, իբր քաղաքականությունը կաշառված է, այն նրանց համար չէ: Ես պատասխանում եմ. եթե դուք ազնիվ եք և ուզում եք ազնիվ քաղաքականություն՝ գնացեք և ստեղծեք ազնիվ քաղաքականություն:

Սրանք են բոլոր դասերը, որոնք առել եմ անցյալից:

Մարդիկ նաև հարցնում են ինձ, թե ինչպես մնալ ակտիվ ու գործունյա: Դա շատ հեշտ է: Մտքում հաշվեք ձեր ձեռքբերումներն ու երազանքները: Եթե ձեր երազանքները ավելի շատ են, քան ձեռքբերումները, նշանակում է՝ դուք դեռևս երիտասարդ եք: Եթե հակառակն է՝ դուք ծեր եք»:

In this article


Join the Conversation