Այսօր Չինաստանի ամենահարուստ մարդը համարվող Ջեք Ման ունեցել է և վերելքներ, և անկումներ, բայց երբեք և ոչ մի բանից հետո չի հանձնվել: Այսօր նրա ֆինանսական կապիտալը գնահատվում է 37,2 միլիոն դոլար: Internest.am-ն առաջարկում է ծանոթանալ այս հաջողակ ու խելացի բիզնեսմենի խորհուրդներին:
ԳԱՂԱՓԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Եթե քննարկումների ժամանակ ներկաների 90%-ը կողմ է քվեարկում այս կամ այն գաղափարի օգտին, ապա ես այն միանգամից աղբարկղն եմ նետում: Պատճառը պարզ է. եթե այդ բոլոր մարդիկ այդքան պարզ տեսնում են այդ հնարավորությունը, ապա ամենայն հավանականությամբ այդ նույն գաղափարի վրա արդեն իսկ աշխատում են շատ այլ ընկերություններ, և մենք չենք կարողանա առաջատար դիրք գրավել այդ հարցում:
Ի՞ՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ
2001 թվականին ես սխալ գործեցի: Ես իմ աշխատակիցներին, ում հետ հիմնել էի ընկերությունը, ասացի, որ մասնագիտական աճի սահմանը նրանց համար մենեջերի մակարդակն է: Ես կարծում էի, որ բարձրակարգ մասնագետների պետք է որոնեմ դրսում: Այսօր՝ տարիներ անց իմ կողմից աշխատանքի վերցված այդ բարձրակարգ մասնագետներից և ոչ մեկն ընկերությունում չի աշխատում, մինչդեռ այն մարդիկ, ում վրա ես կասկածում էի, այսօր հրաշալի գլուխ են հանում փոխտնօրենի և նույնիսկ ավելի բարձր հաստիքներից:
Ձեռնարկատիրոջ համար ամենաբացասական հատկանիշներն են սնոբ լինելը, իրավիճակն ադեկվատ գնահատել չկարողանալը, արագ տեմպով սկսելը, սակայն այն պահպանել չկարողանալը, առաջ նայելու կարողություն չունենալը:
Ես ունեմ սկզբունք, որով առաջնորդվում եմ. աշխատանքի հանդեպ քո վերաբերմունքը և կայացրած որոշումները ավելի կարևոր են, քան քո կարողությունները:
ԲՈՂՈՔԵԼՈՒ ԵՎ ՓՆԹՓՆԹԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Եթե դուք միայն երբեմն եք ձեզ թույլ թալիս փնթփնթալ, ապա դրա մեջ ոչ մի վատ բան չկա:
Եթե դուք պարբերաբար ընկնում եք դեպրեսիայի մեջ և հաճախ եք բողոքում կյանքից, ապա դա դառնում է հարբեցողության նման մի բան: Որքան շատ եք խմում, այնքան ավելի դժվար է լինում կանգ առնելը: Հաջողության ձեր ճանապարհին դուք կհասկանաք, որ հաջողակ մարդիկ չեն բողոքում և չեն նվնվում:
4 ԽՈՐՀՈՒՐԴ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ
Ո՞րն է իրական ձախողումը: Իրական ձախողումը պայքարի դադարեցումն է:
Ի՞նչ է ճկունությունը: Դուք կհասկանաք, թե որն է ճկունությունը, երբ հաղթահարեք անհաջողությունները, կյանքի դժվար իրավիճակները և հիասթափությունները:
Որո՞նք են ձեր պարտականությունները: Ձեր պարտականությունները ավելի ջանասեր լինելը, ավելի շատ աշխատելը և մյուսներից ավելի շատ հավակնություններ ունենալն են:
Միայն հիմարներն են բերանն օգտագործում խոսելու համար: Խելացին խոսում է գլխով, իմաստունը՝ սրտով:
ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ԱՊՐԵՆՔ ՄԵՐ ՈՒԺԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ
Եթե դուք ձեր ամբողջ ժամանակը ծախսում եք աշխատանքի վրա, դուք վաղ թե ուշ կզղջաք դրա համար:
Ես անընդհատ հիշեցնում եմ ինքս ինձ, որ մենք ծնվում ենք ոչ թե աշխատելու, այլ կյանքը վայելելու համար: Ծնվում ենք այն բանի համար, որպեսզի այլ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնենք, այլ ոչ թե նրա համար, որ մեր ողջ ժամանակը ծախսենք աշխատավայրում:
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մրցակցությունը շախմատային խաղի պես մի բան է: Եթե դուք պարտվել եք, կարելի է խաղալ ևս մեկ անգամ: Իսկ կռվելը բոլորովին էլ պարտադիր չէ:
Եթե ձեր մրցակիցը փոքր է ձեզնից կամ չափազանց թույլ է, դուք, միևնույն է, պետք է վերաբերվեք նրան իբրև հավասարի: Համապատասխանաբար եթե ձեր մրցակիցը շատ ավելի մեծ է ձեզնից, պետք չէ նրանից վախենալ:
Իսկական ձեռնարկատերը թշնամիներ չունի: Հենց դուք հասկանաք դա, ձեզ այլևս ոչ ոք չի կանգնեցնի:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ
Թիվ մեկը հաճախորդներն են: Թիվ երկուսը աշխատակիցներն են: Եվ հետո միայն երրորդ տեղում բաժնետերերն են:
Մանր հնարքներ և առանձնահատկություններ ներառելու փոխարեն կենտրոնացեք հաստատունության և երկարաժամկետ հեռանկարների վրա:
Այսօր դժվար է ու տանջալից, վաղը էլ ավելի վատ կլինի, բայց փոխարենը վաղը չէ մյուս օրը արդեն հրաշալի կլինի:
ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ
Երբ դուք սեփական բիզնես եք սկսում, դա նշանակում է, որ դուք հրաժարվում եք հաստատուն եկամտից, տարեկան բոնուսներից և արձակուրդային օրերից:
Բայց մյուս կողմից ձեր եկամուտները սահմանափակված չեն ինչ-որ բանով, դուք ավելի արդյունավետ կօգտագործեք ձեր ժամանակը և ստիպված չեք լինի դրա համար թույլտվություն խնդրել այլ մարդկանցից:
Իբրև գործընկեր դուք պետք է գտնեք այնպիսի մարդու, ով կլրացնի ձեր կարողությունները: Եվ բոլորովին էլ պարտադիր չէ, որ դա ինչ-որ հաջողակ մեկը լինի:
Եվ միշտ փորձեք այնպես անել, որ ձեր աշխատակիցները աշխատանքի գան ուրախությամբ:
Join the Conversation