ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՎՈՐԵԼ ՃԻՇՏ ՎԻՃԵԼ

Կոնֆլիկտներն անխուսափելի են անգամ ամենաներդաշնակ հարաբերությունների դեպքում, բայց, ինչպես պարզվում է, վեճերն էլ կարող են բոլորովին տարբեր հետևանքներ ունենալ. դրանք կարող են դառնալ ավելի մեծ վիրավորանքի ու չհասկացվածության պատճառ, կարող են և դառնալ առաջընթաց քայլ դեպի փոխըմբռնում:

7846
Ինչպես սովորել ճիշտ վիճել

Internest.am-ն այս անգամ առաջարկում է խոսել այն մասին, թե ինչպես վիճել արդյունավետ, առանց սխալների ու բացասական հետևանքների:

Ընդունված է համարել, որ հարաբերությունների վատթարացման պատճառ դառնում են հաճախակի կռիվները, միմյանց չհասկանալն ու բնավորությունների տարբերությունը: Սակայն իրականում բոլորովին էլ այդպես չէ: Իրական պատճառը ոչ թե կոնֆլիկտներն են, այլ դրանց ժամանակ մեր կարծրատիպային պահվածքը:

Ընտանեկան հոգեբան պրոֆեսոր Ջոն Գոթմանը առանձնացնում 4 տեսակի պահվածքային մոդել, որոնք զույգի հարաբերություններում հանգեցնում են վստահության ու ներդաշնակության կորստի կամ նվազման:

1. ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ես հոգնել եմ քո մշտական …», «Քանի անգամ քեզ կարելի է ասել…», «Դու միշտ…», «Դու երբեք….», «Ինչո՞ւ ես նորից … »:

2. ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ ԵՎ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ

Դա քմծիծաղն է, արհամարհական հայացքները, չար ու հեգնական խոսքերը, ձեռք առնելը, ծաղրելը վեճի ընթացքում և այնպիսի արտահայտություններ անելը, ինչպես. «Մի՞թե դու որևէ բան ի վիճակի ես անելու» և այլն:

3. ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՊԱՀՎԱԾՔ

«Ապուշը դու ես», «Մի քեզ նայիր…», «Ես մեղավոր չեմ», «Ամբողջ խնդիրը քո մեջ է, ոչ թե իմ» և այլն: Այս շարքին են դասվում նաև սեփական պատասխանատվությունը ժխտելը, սխալները և ոչ արդարացի լինելը չընդունելը, ներողություն խնդրելը:

4. «ՍԱՌԸ ՊԱՏ»

Այն է՝ սառը լռություն, անտարբերություն դիմացինին պատժելու, նրանից հեռանալու, առանձնանալու և անգամ դուռը շրխկացնելով հեռանալու ցանկությամբ:

Ինչպես սովորել ճիշտ վիճելԵթե այս մոդելները հարաբերությունների ընթացքում կիրառվում են հաճախակիորեն, ապա այդ հարաբերությունները երկար չեն շարունակվի կամ կշարունակվեն, ինչպես դժոխքում: Ուրախ ու երջանիկ կարող են ապրել միայն այն զույգերը, որոնք գիտեն ճիշտ վիճել: Ահա 7 կանոն, որոնք կօգնեն վիճել առանց հիստերիկաների և կարևոր արդյունքների հասնել անգամ ամենազացմունքային պահերին:

1. Դուք չեք փորձում փախչել խոսակցությունից կամ պարփակվել ձեր մեջ, բայց միևնույն ժամանակ ձեզնից յուրաքանչյուրը գիտի, որ կարող է դադար վերցնել, եթե դա իրեն հարկավոր է մտքերը կարգի բերելու, հանգստանալու և նյարդային լարվածությունը թոթափելու համար: Եվ զուգընկերն այդ փաստին հանգիստ ու հասկացողաբար է մոտենում, անգամ եթե նա ունի բազմաթիվ փաստեր, պարաստ է հենց հիմա բանավիճել և այդ լրացուցիչ ժամանակը իրեն հարկավոր չէ:

2. Ձեր հարաբերությունների ընթացքում դուք չեք կուտակում չասված խոսքեր, վիրավորանքներ, դժգոհություն, և այդ պատճառով ձեր վեճերը զերծ են ավելորդ զգացմունքայնությունից և կուտակված նյարդայնությունից: Եթե ձեր սիրելիի պահվածքի մեջ որևէ բան ձեզ դուր չի գալիս, դուք չեք լռում ու համբերում՝ հույս ունենալով, որ դա ինքնաբերաբար կփոխվի, կամ որ դուք մի օր կհաղթահարեք դա: Փոխարենը դուք անմիջապես տեղյակ եք պահում նրան, որ այս կամ այն բանը ձեզ դուր չի գալիս և խնդրում եք չանել դա:

3. Դուք վիճում եք փոխադարձ հարգանքի և իրավահավասարության պայմաններում: Տղամարդը չի լռեցնում կնոջը՝ պատճառաբանելով, որ նրա տեղը խոհանոցն է կամ որ նրա խոսքը արժեք չունի, իսկ կինը չի ստորացնում իր կողակցի տղամարդկային արժանապատվությունը: Չնայած նրան որ կարող են նաև անհամաձայնություններ լինել, դուք ընդունում եք, որ ձեզնից յուրաքանչյուրն ունի սեփական կարծիքն ունենալու իրավունք, և դիմացինը հաշվի է նստում այդ կարծիքի հետ:

4. Դուք միտված եք խնդրի լուծմանը, այլ ոչ թե փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ հնչեցնելուն: Դուք չեք արժեզրկում, ստորացնում ու քննադատում միմյանց, պիտակներ չեք փակցնում, անձնական վիրավորանքներ չեք հնչեցնում միմյանց հասցեին: Եթե դուք ինչ-որ բանից դժգոհ եք, դուք խոսում եք ձեր, ձեր զգացմունքների մասին: «Ինձ դուր չի գալիս (ցավ է պատճառում, նյարդայնացնում է, վիրավորում է, տխրեցնում է) այն (երբ)…» և այս նախաբանին հաջորդում է ինչ-որ կոնկրետ, գնահատողական վերաբերմունք չպարունակող նկարագրություն այն բանի, ինչը ձեզ դուր չի գալիս: Ինչպես նաև առաջարկում եք, խնդրում կամ ցանկություն հայտնում, որ իրավիճակը կամ դեպքերի ընթացքը լինի այս կամ այն կերպ:

5. Դուք միշտ ձեր զուգընկերոջը ցույց եք տալիս, որ սիրում եք նրան, անգամ եթե նա սխալ է գործել, իրեն ճիշտ չի պահել և այլն: Դուք մեկ ընդհանուր միավոր եք հանրության համար, և ցանկացած իրավիճակում մեկդ մյուսի կողքին եք:

6. Ցանկացած կոնֆլիկտային իրավիճակի միակ լուծման տարբերակը համագործակցությունն է: Այն է, յուրաքանչյուրդ արտահայտում է իր տեսակետը, իր անհամաձայնությունն այս կամ այն բանի հանդեպ, իր ցանկությունները, իսկ հետո դուք փնտրում եք լուծում, որը կբավարարի երկուսիդ էլ: Եվ այդպես լինում է միշտ:

7. Եթե որևէ պատճառով համագործակցային տարբերակ հնարավոր չէ գտնել, գոնե կարելի է գտնել փոխզիջման տարբերակ: Այսպիսի դեպքերում լավ են աշխատում փոխհատուցումները. «Դու շատ ես աշխատում և շատ քիչ ես տանը լինում, բայց ես ինձ ավելի լավ կզգամ, եթե դու շաբաթվա մեջ մեկ օր ավելի շուտ գաս, և մենք կարողանանք միասին որևէ տեղ գնալ, կամ եթե հանգստյան օրերից մեկին ինձ թույլ տաս գնալ ընկերուհիներիս հետ հանդիպման, գնումների և այլն»:

Այսպես սովորաբար վիճում են այն զույգերը, որոնց մեջ կա վստահություն, անկեղծություն, փոխըմբռնում և փոխադարձ աջակցություն: Սակայն եթե մինչև հիմա ձեր վեճերը սովորաբար սկանդալների էին վերածվում, հիմա դուք գիտեք, թե ինչ քայլեր են ձեզ հարկավոր ճիշտ և արդյունավետ վիճելու համար:

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին