ԱՐԴՅՈՔ ԴՈՒՔ ԱՅՆՔԱՆ ԵՐՋԱՆԻ՞Կ ԵՔ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ, ՈՐՔԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅՈՒՄ

Արդյո՞ք մենք այնքան երջանիկ ենք, որքան դա երևում է Ֆեյսբուքի ու Ինստագրամի մեր նկարներում: Ինչպե՞ս գտնել հավասարակշռություն իրական կյանքի ու օնլայն հարթակների միջև և լինել անկեղծ ոչ միայն շրջապատի, այլև ինքներս մեզ հետ: Առաջարկում ենք պարզել դա անձնական աճի փորձագետ, քոուչ Արևիկ Հայրապետյանի հետ:

6094
երջանիկ իրական կյանքում

Եթե Աբրահամ Մասլոուն ապրեր մեր թվային դարաշրջանում, նա միգուցե ներառեր սոցիալական ցանցերում իդեալական անձնական էջ (profile) ունենալու կարիքը մարդկային այլ հիմնարար կարիքների շարքում: Թվում է, թե այսօր սոցիալական մեդիայի բոլոր հարթակները մեզ ավելի ու ավելի շատ հնարավորություններ են տալիս՝ սիրո, պատկանելիության, ինքնագնահատականի բարձրացման մեր կարիքները բավարարելու համար:

Ֆեյսբուքի և Թվիթերի «հավանելու» կոճակները կարծես թե մեզ սիրված զգալու հնարավորություն են ընձեռում, զանազան խմբերը և ֆորումները թվում է, թե բավարարում են պատկանելիության մեր կարիքը, իսկ հետևորդների մեծ քանակը շատերի համար ճանաչված և հարգված լինելու ծանրակշիռ չափանիշ է և նպաստում է իրենց ինքնագնահատականի բարձրացմանը: Բայց հարց է առաջանում՝ արդյոք սոցիալական մեդիայի շնորհիվ մենք իրականում մեզ ավելի սիրված ենք զգում, արդյոք բավարարվում է պատկանելիության և գնահատված լինելու մեր կարիքը:

Իսկ գուցե սա միայն պատրանք է, որին այդքան ուզում ենք հավատալ․․․

Եթե այս երևույթը ավելի հանգամանալից դիտարկենք, ապա կարող ենք փաստել, որ վերջին շրջանում շատ մարդկանց կյանքում մի նոր «հետաքրքիր միտում» է ներմուծվել. այն է՝ ապացուցելու բոլորին՝ որքան իդեալական է իրենց կյանքը, որքան հաջողակ են իրենք, որքան երջանիկ են ինչ-որ մեկի հետ ընկերություն անելու կամ հարաբերություն ունենալու համար: Եվ ահա մեկ այլ հարց է առաջանում՝ արդյոք տվյալ մարդկանց կյանքն իսկապես այնքան հիասքանչ է, ինչպիսին այն ներկայացվում է սոցիալական մեդիայում:

Օրինակ՝ որոշ մարդիկ անպայման ուզում են տեղեկացնել համայն Ֆեյսբուքին, թե ինչ լավ ժամանակ են անցկացնում իրենք իրենց ընկերների հետ՝ որևէ ինքնանկարի (սելֆիի) կամ ճապոնական ինչ-որ ռեստորանում արված գրանցման (չեքինի) միջոցով: Մինչդեռ ժպտացող և երջանիկ ընկերներ պատկերող նկարի հետևում իրականում մարդիկ են, ովքեր կորցրել են միմյանց հետ իրական կապը, ովքեր մոռացել են, թե ինչ է նշանակում միմյանց աչքերի մեջ նայելը և առանց բառերի իրար հասկանալը:

Ե՞րբ եք վերջին անգամ ձեր ընկերների հետ ինչ-որ տեղ գնացել և զգացել իրական հետաքրքրվածություն, կապվածություն և ներկայություն (իհարկե, ես նկատի չունեմ ֆիզիկական ներկայությունը), երբ Դուք պատմել եք Ձեր նոր ծրագրերի մասին կամ խոսել եք մի որևէ տարօրինակ փորձառության մասին, որ վերջերս եք ունեցել:

Շատ դեպքերում Ձեր ոգևորվածությունն ուղղակի անհետացել է, քանի որ Ձեր ընկերը սկսել է միաժամանակ շփվել այլ ընկերների հետ սոցիալական մեդիայով կամ ստուգել, թե ով է հավանել իր վերջին նկարը կամ ինչ նոր գրառում կա իր նորությունների էջում: Ծանոթ է, չէ՞:

Մեկ այլ օրինակ․ մեր առավոտյան մարզումը մարզասրահում լիարժեք չէր լինի, եթե այն արտացոլող որևէ նկար չտեղադրեինք սոցիալական մեդիայում՝ փորձելով ցույց տալ մեր հետևորդներն, թե որքան կարևոր է առողջ ապրելակերպը: Մինչդեռ, իրականում քանի՜-քանի՜ մարզում է, որ բաց ենք թողել կամ որքա՜ն անառողջ ուտելիք ենք ճաշակել: Բայց հազիվ թե անկեղծ գրառում կատարենք սոցիալական մեդիայում այն մասին, թե ինչ տհաճ զգացում է խոստում չպահելը: Ինչո՞ւ… որովհետև դա ստվեր կնետի սոցիալական մեդիայում մեր իդեալական անձնական էջի վրա, որով մենք այդքան «հպարտանում» ենք:

Իսկ ինչ, եթե մենք մի փորձարկում կատարենք և խնդրենք սոցիալական մեդիայում ակտիվ մի օգտատիրոջ, ով ճամփորդում է դեպի Հավայան կղզիներ, չկիսվել այդ կղզիների լողափերի կամ իր հյուրանոցի պատուհանից բացվող աննկարագրելի տեսարանի նկարներով՝ աշխարհով մեկ հայտարարելով, թե որքա՜ն հիասքանչ է անցնում իր արձակուրդը: Համարյա վստահ եմ, որ դա «սրտակեղեք» մարտահրավեր կլինի փորձարկման մասնակցի համար: Նա նույնիսկ գուցե մտածի․ «Ի՞նչ օգուտ Հավայան կղզիներում ճամփորդելուց, եթե դրա մասին ոչ ոք չպետք է իմանա»:

Սոցիալական մեդիան նաև փոխել է միմյանց հետ ծանոթանալու մեր մոտեցումները: Մենք ձգտում ենք մեր նոր ծանոթներին ավելի լավ ճանաչել ոչ թե նրանց հետ իրական և սրտամոտ խոսակցությունների, այլ վերջիններիս սոցիալական մեդիայի անձնական էջերը ուսումնասիրելու միջոցով: Խնդիրն այստեղ այն է, որ մենք չենք հասկանում, որ սոցիալական մեդիան յուրաքանչյուրի ինքնության միայն մի փոքրիկ (և ոչ միշտ ճշգրիտ) մասն է, և տվյալ մարդու մասին իմանալու ավելի շատ բան կա, քան վերջինիս տեղադրած նկարները կամ կատարած գրառումները:

Իրականությունն այն է, որ կան մարդիկ, ում համար իրենց ֆեյսբուքյան անձնական էջն ավելի գրավիչ և կարևոր է, քան իրական կյանքում իրենց ունեցած փորձառությունը:

Կարևոր չէ՝ Դուք իրականում հաճույք ստացել եք Ձեր ճամփորդությունից, թե ոչ, կարևորն այն է, որ Ձեր «ընկերներն ու հետևորդները» իմանան, որ Դուք եղել եք այնտեղ և ունեցել եք այդ «հիասքանչ փորձառությունը»:

Կարևոր չէ՝ Դուք իրականում հաճույք ստացել եք Ձեր ընկերների հետ երեկոյից, թե ոչ. կարևորն այն է, որ Ձեր նախկին ընկերն իմանա, որ «Դուք երջանիկ եք առանց նրա»:

Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել․․․

Այսօր շատ մարդիկ ջանքեր են գործադրում, որպեսզի զերծ պահեն իրենց ֆեյսբուքյան էջերը այն ամենից, ինչը կարող է հարցականի տակ դնել իրենց իդեալական ինքնությունը, քանի որ նրանք գիտեն, որ գործատուները ուսումնասիրում են դիմորդների սոցիալական մեդիայի էջերը ընտրության ընթացքում: Այո, Ձեր երազանքի աշխատանքը ստանալու համար Ձեզ լավագույնս ներկայացնելու իմաստը հասկանալի է:

Միևնույն ժամանակ, որքան տարբեր ու լավը կլիներ աշխարհը, եթե մենք բոլորս փորձեինք այնքան կատարյալ լինել մեր առօրյա փոքրիկ գործերում, որքան որ սոցիալական մեդիայի մեր անձնական էջերում:

Բայց մեզանից քանի՞սն են, որ փորձում են իրենց իրական կյանքի անհատականությունը նույնքան անբասիր դարձնել, որքան սոցիալական մեդիայի մեր պատկերն է:

Շատ ավելի հեշտ է մարդասիրության կոչի գրառում անել սոցիալական մեդիայում, քան օգնել որևէ օտարականի, ով միգուցե ինչ-որ մեկի անմիջական օգնության կարիքն ունի:
Շատ ավելի հեշտ է իրական ընկերության մասին մեջբերում գրառել սոցիալակն մեդիայում, քան աջակցող ընկեր լինել իրական կյանքում:

Շատ բաներ ավելի հեշտ է «անել» և «լինել» առցանց, քան իրական կյանքում:

Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրի իսկական էությունը ոչ թե այն է, թե մենք ինչպես ենք վարվում, երբ ուշադրության կենտրոնում ենք, այլ այն, թե ինչպիսին ենք, երբ մեզ ոչ ոք չի հետևում:

Ըստ իս, իրական երջանկությունն այն է, երբ դու այնքան երջանիկ ես տվյալ պահին, որ նույնիսկ մոռանում ես գրառում անել և համայն աշխարհին տեղեկացնել դրա մասին:

Հարկ է փաստել, որ սոցիալական մեդիան մարդկանց միմյանց հետ կապելու, գաղափարներ կիսելու, միմյանց զորացնելու և աշխարհում դրական փոփոխություններ առաջ բերելու մեծ դեր և կարևորություն ունի: Միևնույն ժամանակ, վստահ եմ, որ յուրաքանչյուրիս անհատականությունը չափվում է ոչ թե մեր ֆեյսբուքյան գրառումներով, այլ մեր իրական կյանքում կատարած քայլերով:

Աղբյուր

Արևիկ ՀայրապետյանԱրևիկ Հայրապետյանը  Kaizen Mastery-ի համահիմնադիրն է: Արևիկը խորապես ուսումնասիրել է անհատական աճին և կազմակերպություններում աշխատակիցների զարգացմանը վերաբերող մի շարք թեմաներ և եկել է այն համոզմանը, որ յուրաքանչյուր անհատ պետք է ձգտի ապրել այնպիսի մի կյանք, որն արժանի է «Գլուխգործոց» կոչվելու:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին