ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻԻ 10 ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Անգամ փոքր լսարանի առջև ելույթ ունենալը կարող է շատերի համար սարսափելի փորձություն լինել: Դեյլ Քարնեգիի այս 10 խորհուրդները, որոնք ներկայացնում ենք նրա «Հանրային ելույթի արվեստը» գրքից, կօգնեն ձեզ հաղթահարել վախի զգացումն ու հրաշալի փորձ ձեռք բերել:

6593
Դեյլ Քարնեգի

1. ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԼՍԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

Մարդկանց առջև ելույթը կարող է վախեցնել ձեզ: Կա տեսակետ, որ որքան փոքրաքանակ է լսարանը, այնքան ավելի մեծ է վախը: Այդ վախը հաղթահարելու համար Քարնեգին հետևյալ խորհուրդներն է տալիս:

  • Ելույթը նախապես փորձեք մի քանի անգամ
  • Խորը ուսումնասիրեք թեման
  • Ունեցեք ինչ-որ մի յուրահատուկ ասելու բան
  • Վստահ եղեք, որ հաջողելու եք
  • Վերցրեք ձեզ վրա լսարանի ղեկավարումը

2. ԹԵՄԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Հասկացեք, թե ինչ եք խոսում: Ձեր մտքերը մշտապես պետք է համակարգված լինեն: Եթե կան փաստեր, ուսումնասիրություններ, ապա փորձեք դրանցով հագեցնել ձեր խոսքը: Ելույթի պլան կազմեք, իսկ հետո, երբ պրեզենտացիան պատրաստ կլինի, մի վախեցեք վերանայել ու փոփոխություններ մտցնել դրա մեջ:

3. ԷՖԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՁԱՅՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ

Քարնեգին խորհուրդ է տալիս, որ յուրաքանչյուր նոր դատողություն անելիս ձեր ձայնի բարձրությունը պետք է փոփոխվի: Ելույթի ժամանակ հետևեք, թե ինչպես է փոփոխվում ձեր ձայնը, երբ խոսում եք: Հիշեք՝ որքան շատ հնչերանգներ ունենա ձայնը, այնքան ավելի հաճելի կլինի ձեր լսարանի համար:

4. ԴԱԴԱՐԸ ԵՎ ԴՐԱ ՈՒԺԸ

Դադարները տեղին օգտագործելու իմացությունը կարող է մեծապես բարելավել ձեր հռետորական կարողությունները: Դադարները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով. Կարող են հնարավորություն տալ լսարանին պատրաստվելու նոր միտք լսելու կամ ողջ խորությամբ ընկալելու արդեն հնչած միտքը, ինտրիգ մտցնել ելույթի մեջ և այլն:

5. ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՀԻԱՑՄՈՒՆՔ

Զգացմունքներ ներդրեք ձեր խոսքի մեջ, արտահատեք դրանք: Անգամ եթե սկզբում ձեզ թվա, թե չափն անցել եք, մի անհանգստացեք: Հաճույք ստացեք այն թեմայից, որի մասին խոսում եք: Դա կվարակի ձեր լսարանին, և նա ևս հաճույք կստանա ձեզ լսելով: Որքան շատ հուզի ձեր ելույթը լսարանին, այնքան ավելի լավ ձեր գաղափարները տեղ կհասնեն և կսկսեն քննարկվել:

6. ՁԱՅՆ

Այն ձայնը, որով հանրային ելույթ եք ունենում, չափազանց մեծ նշանակություն ունի: Բայց ինչպե՞ս կարողանալ կառավարել այն: Նախևառաջ փորձեք թուլանալ, չլարվել ու չհուզվել: Հետևեք շնչառությանը, վարժություններ արեք՝ ձայնավորները իրար հետևից ասելով: Դա կօգնի ձեզ լիցաքաթափվել ու պատրաստվել ելույթին:

7. ԺԵՍՏԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԽՈՍՔԻՆ

Ժեստերը պետք է ձեր զգացածի արտահայտությունը լինեն և օգնեն ձեզ փոխանցել այն ամենը, ինչը ցանկանում եք հասցնել ձեր լսարանին: Դրանք պետք է բնական լինեն և անբաժանելիորեն ներհյուսված ձեր ելույթին: Ընթացքում պարզապես հետևեք, որ ձեր շարժումները փոփոխվեն և համապատասխանեն այն ամենին, ինչի մասին դուք խոսում եք այդ պահին:

8. ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԱՄԲՈԽԻ ՎՐԱ

Յուրաքանչյուր ամբոխ առաջնորդի կարիք է զգում: Ղեկավարեք ձեր լսարանին ձեր մտքերի միջոցով և նրան անընդհատ զբաղված պահեք: Հաստատեք ձեզ առաջնորդի դերում և ձեռք բերեք լսարանի հարգանքը: Դա ձեզ հնարավորություն կտա ղեկավարել րան և ստանալ այնպիսի գործողություններ նրանից, որոնք ձեզ անհրաժեշտ են:

9. ՀԱԳԵՑԱԾ ԲԱՌԱՊԱՇԱՐ

Ձեր բառապաշարի յուրաքանչյուր բառ նշանակում է երեք բան. դուք գիտեք այդ բառի նշանակությունը, դուք գիտեք, թե ինչպես է այն համադրվում այլ բառերի հետ, և դուք գիտեք, թե ինչպես է պետք այն օգտագործել: Երբ դուք որևէ նոր բառ եք լսում, փորձեք իմանալ այս երեք բանը այդ բառի մասին: Իսկ եթե լսում եք ձեզ արդեն ծանոթ բառ, որը այլ կերպ է օգտագործվում, դա նույնպես հրաշալի միջոց է ձեր բառապաշարը լրացնելու համար: Եթե բառի գործածությունն անհասկանալի է ձեզ համար, փորձեք փնտրել բառարանում ու մտապահեք նաև այդ նշանակութունը:

10. ՄԱՐԶՎԱԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Դուք հավանաբար ոչ կկարողանաք, ոչ էլ կցանկանաք հիշել ողջ պրեզենտացիան բառ առ բառ, բայց հիմնական մտքերը, որոնք կօգնեն ապահովել սահուն անցում ելույթի փուլերով, միանշանակ արժե հիշել: Դա ընդամենը ձեր պլանը կլինի: Մտապահեք էական մասերը և դրանց հետ կապված որոշակի բառեր:

Դեյլ Քարնեգին այս խորհուրդներն առաջարկել է իր ընթերցողներին դեռ շատ տարիներ առաջ, սակայն դրանք առ այսօր պահպանել են իրենց կենսունակությունն ու օգտակարությունը: Անգամ այս խորհուրդներից մի քանիսի կիրառումը նշանակալիորեն կօգնի ձեզ հաղթահարել հանրային ելույթների վախը, կմեծացնի ձեր ինքնավստահությունը և կդարձնի ձեզ էլ ավելի լավ հռետոր:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին