z-library zlib project

ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ՃԻՇՏ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հարզազրույց Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանի հետ։

4605
Աննա Մարտիրոսյան

– Այսօր մարդիկ անհամեմատ ավելի լավ են գիտակցում կրթության դերը։ Մենք արդեն հասկանում ենք, որ միայն ուսման անընդհատությունն է ապահովում մասնագետի որակը և գիտելիքների արդիականությունը։
Ինչպե՞ս է փոխվել գիտելիքի պահանջարկը և դրա հանդեպ վերաբերմունքը վերջին տարիներին։

– Համամիտ եմ, կրթության դերը մեծ է և մարդիկ դա ավելի լավ են գիտակցում: Եթե նախկինում դպրոցն ավարտելուց հետո ընտրում էին մասնագիտություն և հավատարիմ էին այդ մասնագիտությանը ողջ կյանքի ընթացքում՝ անկախ նրանից ճիշտ էին ընտրել այն թե ոչ, ապա հիմա հաճախ են դեպքերը, երբ փոխում են իրենց մասնագիտությունը։ Հաճախ բոլորովին այլ առաջնային մասնագիտություն ունեցող անձինք փոխում են իրենց կարիերայի ընթացքը` ընտրելով այլ ոլորտի մագիստրոսական ծրագիր։ Դա հատկապես ակտուալ է Կառավարման բլոկի մասնագիտությունների համար, երբ մարդիկ աշխատելով որևէ ոլորտում հասնում են մի կետի, երբ հասկանում են, որ մենեջմենթի համալիր գիտելիքներ են պետք, որ կա՛մ հաջողակ ղեկավար դառնան կա՛մ սեփական բիզնեսը սկսեն։
Մյուս հետաքրքիր տենդենցն այն է, որ փոխվել է դիմորդների տարիքը։ Այսինքն՝ եթե նախկինում բակալավրի կրթական ծրագրերին դիմում էին միայն դպրոցն անմիջապես ավարտածները, իսկ մագիստրոսական ծրագրերին դիմում էին բակալարի աստիճանը ստանալուց անմիջապես հետո, ապա ներկայումս մենք հանդիպում ենք դիմորդների ամենատարբեր տարիքային բազմազանության։

– Իսկ ի՞նչ դեր ունի դիպլոմն այսօր։

– Միայն դիպլոմը գրեթե դեր չունի գործատուի համար։ Կարևոր է, թե ինչ է փաստում այն: Արդյոք այդ դիպլոմի տերը բացի տեսական գիտելիքներից, կարողանում է նաև կիրառել այդ գիտելիքները գործնականում։ Այդ պատճառով համալսարանները պետք է ճկուն լինեն և ինքնահոսով չաշխատեն․ հետևեն աշխատաշուկայի զարգացման թրենդներին և դիպլոմ տալուց առաջ ուսանողներին հարստացնեն համապատասխան գիտելիքներով և զինեն արդի հմտություններով։ Օրինակ՝ ԵՄՀ-ում այդ հարցը լուծում ենք մի քանի տարբեր եղանակներով․
Նախ՝ կրթական ծրագրերը կազմվում են շահագրգիռ գործատուների մասնակցությամբ, պարտադիր հաշվի է առնվում նրանց առաջարկները։
Երկրորդ՝ համալսարանում ամենաթարմն ու արդիականը դասավանդում են հենց իրենք՝ գործատուները։
Երրորդ՝ ուսանողին հնարավորություն է տրվում ինքնուրույն կազմել իր անհատական ուսումնական պլանն իր նախընտրած առարկաներով։

Եվրասիա համալսարան

– Շատ ողջունելի է այն փաստը, որ գործատուները ևս մասնակցում են կրթական գործընթացի բարելավմանը, քանի որ այս տարիներին փոխվել է նաև մասնագետների պահանջարկը։ Շատ մասնագիտություններ այլևս արդիական չեն, մյուսներն ընդհակառակը վերջերս են ծնվել և վստահորեն գրավել իրենց տեղը։ Իսկ հայաստանյան գործատուների կողմից ո՞ր մասնագետներն են առավել պահանջված, և որո՞նց պահանջարկը կաճի առաջիկա տարիներին։

– Շատ պահանջված է նախագծերի կառավարումը, հավանաբար պատճառն այն է, որ արագ փոփոխվող միջավայրում կազմակերպությունները շարունակաբար նոր պրոդուկտներ, նոր նախագծեր իրականացնելու և առհասարակ անընդհատ փոփոխվելու պահանջ են ունենում։ Շատ պահանջված են նաև Տեղեկատվական համակարգերը։ Այստեղ հատկապես պետք է շեշտեմ, որ ՏՀ ասելով նկատի չունեմ ուղղակի կոդավորումը։ ՏՀ-ն ավելի լայն է և իր մեջ ընգրկում է ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաները, այլև կառավարումը։ Օրինակ՝ կազմակերպությունները ցանկանում են՝ ծրագրավորողը նաև լավ պատկերացնի բիզնես գործընթացները, որ կարողանա իրականացնել բիզնես գործընթացների ավտոմատացում կամ հետազոտել իմանա, որպեսզի կարողանա վերլուծել տվյալները և այլն։ Հիմա հատկապես հրաշալի պահ է այս մասնագիտությունը մագիստրատուրայում սովորելու համար, քանի որ կառավարությունը վերջերս որոշում կայացրեց, որ Տեղեկատվական համակարգեր մագիստրատուրայում սովորող ուսանողները ուսման վարձը կարող են վճարել իրենց աշխատավարձից տրվող եկամտահարկի հաշվին։ Եվ քանի որ Եվրասիա միջազգային համալսարանում մագիստրատուրան կազմակերպվում է երեկոյան ժամերին և շաբաթ օրերին, ինչպես նաև համադրվում է առցանցը և դեմ առ դեմը, ուսանողները կարող են և՛ աշխատել, և՛ սովորել՝ առանց անգամ ֆինանսական բեռը իրենց վրա զգալու։
Շատ արդիական են նաև թվային մարքեթինգը և էլեկտրոնային կոմերցիան։ Չմոռանամ նշել նաև, որ ՀՀ-ում խոշոր գործատուներից են ֆինանսական կազմակերպությունները, հետևաբար շատ պահանջված են նաև բանկային գործ, ապահովագրական գործ և նմանատիպ մասնագիտությունները։ Սակայն այստեղ էլ նշեմ, որ ուղղակի մասնագիտությունը ձեռք բերելը դեռ քիչ է։ Գործատուները ցանկանում են, որ մասնագետները տիրապետեն իրենց պրոդուկտների վաճառքի հմտություններին, նորարար լինեն, կարողանան նոր պրոդուկտներ մշակել, գործընթացները օպտիմալացնել, հետազոտություններ անել, տիրապետել տեխնիկական հմտությունների, գործիքների և այլն։ Քանի որ նորարար լինելը շատ գնահատվում է հիմա, գործատուները շահագրգիռ են որպեսզի աշխատողներն ունենան միջդիսցիպլինար գիտելիքներ, այսինքն օրինակ ծրագրավորողը նաև մենեջմենթ իմանա, ֆինանսիստը նաև իրավաբանություն իմանա, դեղագործը նաև մարքեթինգ իմանա և այսպես շարունակ։ Մենք ԵՄՀ-ում մեր ուսանողներին տալիս ենք այդ ազատությունը հիմնական և ոչ հիմանական որակավորումների միջոցով (major and minor):

– Լավ, իսկ ո՞վ է ընտրում մասնագիտությունը։ Չէ՞ որ մեր երկրում մասնագիտությունը երեխաների համար հաճախ ընտրում են ծնողները։ Բնականաբար, դրա պատճառով շատ մարդիկ աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ։ Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր։ Որևէ բան փոխվե՞լ է։

– Կարելի է ասել՝ սկսել է փոխվել։ Վերջերս մեր համալսարանում ուսանողական նախագծի շրջանակում այդպիսի հետազոտություն կատարվեց և պարզեցինք, որ այն ուսանողները, որոնց վարձը վճարում են ծնողները, շարունակում են մասնագիտություն ընտրել ծնողների ցուցումով, իսկ այն ուսանողները, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն իրենք են վճարում իրենց վարձը, ավելի ինքնուրույն են իրենց ընտրությունների մեջ։ Մյուս դրական միտումն այն է, որ եթե նախկինում ծնողի ընտրած մասնագիտությամբ մարդիկ իրենց աշխատանքը չսիրելով ապրում էին ամբողջ կյանքում, ապա այժմ բակալավրն ավարտելուց հետո մագիստրատուրան արդեն ավելի գիտակցված են ընտրում։ Սրա դրական կողմն էլ այն է, որ արդյունքում ավելի բազմակողմանի և միջդիսցիպլինար մասնագետներ են դառնում, ինչը նշեցի որ շատ ակտուալ է թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ մեր երկրում։ Այնուամենայնիվ, դեռ շարունակում են ծնողները մեծ դեր խաղալ ինչպես բուհի ընտրության, այնպես էլ մասնագիտության ընտրության մեջ։ Այս պահին միայն դիմորդն է պայքարում դրա դեմ։ Այսինքն՝ դիմորդն, իրեն հասանելի ինֆորմացիան վերլուծելով, ընտրում է մասնագիտությունը, բայց հետո մտնում է պայքարի մեջ իր ընտանիքի հետ։ Երբեմն հաղթանակած է դուրս գալիս, բայց շատ հաճախ՝ ոչ։ Սակայն այս խնդիրը իրականում համակարգային լուծում է պահանջում, այստեղ նաև պետք է պետությունը դեր խաղա և ինչու ոչ՝ բուհերը։ Մեր համալսարանը դրա լուծումը փորձում է տալ պարբերաբար կազմակերպվող առցանց բաց դռներով և մասնագիտական կողմնորոշման հանդիպումներով, որին մասնակցում են և՛ դիմորդները, և՛ ծնողները։ Ծնողին էլ մեղադրել պետք չէ․ ծնողն էլ բավարար չափով իրազեկված չէ, հիմնվում է իր փորձի վրա։

– Եվս մեկ հիանալի նախաձեռնություն 🙂 Հուսանք՝ այս մշակույթն ավելի կզարգանա, իսկ ապագա ուսանողներն էլ ավելի գիտակցված կկատարեն իրենց ընտրությունը։ Ի դեպ, ո՞վ է այսօրվա իդեալական ուսանողը։

– Այսօրվա իդեալական ուսանողը երևի թե տարբերվում է բուհ-ից բուհ, այդ պատճառով ես երևի թե խոսեմ մեր բուհ-ի մասին։ Իմ կարծիքով իդեալական ուսանողը նախ և առաջ սիրում է իր ընտրած մասնագիտությունը և սովորում է ոչ թե գնահատական ստանալու համար, այլ որովհետև իրեն հետաքրքիր է բնագավառը։ Դրա համար մենք ուսանողին տալիս ենք հնարավորինս շատ գործիքներ, որպեսզի նա իսկապես սովորի այն, ինչ սիրում է։ Ուսանողները իրենք են ընտրում են իրենց առարկաները, պրակտիկայի վայրերը, աշխատանքների թեմաները։ Այս ամենը միտված է նրան, որպեսզի նրանք իսկապես ոգևորված լինեն իրենց ուսմամբ։ Իսկ մոտիվացիան և հետաքրքրությունը նպաստում են բարձր առաջադիմությանը։ Եթե ուսանողը պատահաբար սխալ մասնագիտություն է ընտրել, ես նրան իսկապես խորհուրդ կտամ փոխել այն, քանի դեռ ուշ չէ, որովհետև եթե տվյալ մասնագիտության մեջ իր մոտ ոչինչ չի ստացվում, դա դեռ չի նշանակում, որ մեկ այլ մասնագիտության մեջ նա չի կարող լինել իդեալական ուսանող։ Մեր համալսարանն իր ներսում փորձում է լուծել նաև այս խնդիրը, այնպես որ, իդեալական ուսանողը նաև Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողն է:

–  Փաստորեն հիանալի սերունդ է մեծանում, և Հայաստանի տնտեսությունը լավ ձեռքերում կգտնվի։ իսկ ինչպե՞ս է անցնում ուսանողի առօրյան ձեր բուհում։ Պատմեք այն «հավես» բաների մասին, որ ուսանողությունն այդքան քաղցր են դարձնում, իսկ հետո ստիպում են կարոտել մայր ԲՈՒՀ-ը։

–  Իհարկե, այս ամենն ինդիվիդուալ է, սակայն կան բաներ, որ մեր համալսարանում առանձնահատուկ է և կարծում եմ հետաքրքիր փորձառություն է ստեղծում ուսանողների համար։
Միջազգային մթնոլորտը – ճիշտ է, հայ ուսանողները գերակշռում են, բայց քիչ չեն նաև արտասահմանցի ուսանողները, որոնք մեծ բազմազանություն են հաղորդում մեր առօրյային։ Նաև հետաքրքիր միջազգային միջոցառումներ ենք ունենում, որտեղ ականատես ենք լինում տարբեր ազգերի մշակույթներին։ Դա բնականաբար ազդում է ուսանողների աշխարհայացքի ընդլայնման, օտար լեզվով հաղորդակցման հմտությունների և այլնի վրա։
Անմիջական մթնոլորտը – դասախոսների և ուսանողների շփումը միմյանց հետ շատ անմիջական է՝ միևնույն ժամանակ փոխադարձ հարգալից։ Երբեմն դասախոսներին հանդիպում եմ համալսարանական սրճարանում ուսանողների հետ սուրճ խմելիս և ինչ-որ հետաքրքիր թեմայի շուրջ քննարկումներ անելիս։
Քանի որ համալսարանը շատ բաց է բոլորի առաջ, մենք հաճախ ենք ունենում հյուրեր։ Մենք հրավիրում ենք տարբեր ոլորտների մասնագետներ, գիտնականներ, հեռուստատեսային աստղեր, և ուսանողական կյանքն ավելի «հավես» է դառնում։

Նազենի Հովհաննիսյանը Եվրասիա համալսարանում

– Այո, հրավիրված մասնագետների հետ շփումն ուսանողի համար թե՛ հետաքրքիր, թե՛ օգտակար կարող է լինել: Իսկ ԵՄՀ-ի շրջանավարտները հաճա՞խ են այցելում Alma Mater:

– Շրջանավարտների հետ կապը պահվում է։ Անգամ շրջանավարտների հետ կապի մասնագետ ունենք։ Հաճախ նրանց հրավիրում ենք մեր միջոցառումներին։ Շրջանավարտներն ավարտելուց հետո էլ արտոնյալ պայմաններով կարող են օգտվել համալսարանի կողմից առաջարկվող ծառայություններից, անվճար մասնակցել մեր կողմից առաջարկվող կարճաժամկետ դասընթացներին՝ նոր հմտություններ ձեռք բերելու և վերապատրաստվելու համար։ Երբեմն բուհի նախկին ուսանողները վերադառնում են համալսարան և վարպետության դասեր են տալիս ներկա ուսանողներին, երբեմն մեր մոտից ուսանողներ են տանում իրենց մոտ աշխատելու համար։ Վերջապես բակալավր ավարտածները որոշ ժամանակ հետո վերադառնում են մագիստրատուրա, մագիստրոս շրջանավարտներից էլ ունենում ենք ասպիրանտներ։

– Իսկ վերջում 3 խորհուրդ ձեր ապագա ուսանողներին։

– Ճիշտ օգտագործեք ժամանակը սովորելու համար։ Սովորեք լավ մասնագետ դառնալու և ոչ թե քննությունը ստանալու համար։ Համալսարանը ձեզ կտա բավարար ճկունություն ձեզ հետաքրքրող առարակաների մեջ խորանալու, ձեզ հետաքրքրող նախագծերի մեջ ներգրավվելու համար։
Ընտրեք ձեր սիրած առարկաները, վերցրեք դասախոսներից առավելագույնը, բայց և ինքնակրթվեք։ Այդ դեպքում քննությունների մասին մտահոգվելու կարիք էլ չի լինի:
Մեր համալսարանում 2-րդ կուրսից սկսած շաբաթը մեկ օր դուք գնալու եք պրակտիկայի, անպայման արդյունավետ օգտագործեք այդ հնարավորությունը ձեր ստացած գիտելիքները պրակտիկ դաշտում կիրառելու և առավելագույնս փորձ կուտակելու համար։
Մենք խրախուսում ենք անհատականությունը։ Տեսությունը ձեզ համար հիմք է լինելու բազմակողմանի պատկերացնելու մասնագիտությունը, դասախոսները կիսվելու են իրենց պրակտիկ փորձով, որ տեսությունը ավելի իրավիճակային պատկերացնեք, բայց ցանկացած իրավիճակում էլ կան խնդիրների լուծման տարբեր եղանակներ։ Եթե որևէ բանի հետ համաձայն չեք, անպայման արտահայտեք ձեր կարծիքը, առաջարկեք ձեր տարբերակները, մի՛ վախեցեք ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերելուց։ Այսպես են ծնվում ինովացիաները և հայտնագործությունները, և մեր համալսարանը միանշանակ դա խրախուսելու է։

Զրուցեց Լուսինե Նալբանդյանը

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին