7 ԲԻԶՆԵՍ ԳՐՔԵՐ, ՈՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՕԳՏԱԿԱՐ ԵՆ, ՔԱՆ MBA ԿՈՉՈՒՄԸ

Գրքեր, որոնք կարող են ավելի օգտակար լինել, քան երկար տարիների ուսումնառությունը համալսարաններում: Աշխարհի ամենահաջողակ մարդիկ չեն զլացել կիսվել իրենց փորձով և իրենց արժեքավոր գիտելիքներն ամփոփել են ոչ այնքան երկար և մեծագույն հետարքրքրությամբ ընթերցվող այս գրքերում:

26804
բիզնես գրքեր

Աշխարհն ամեն օր ավելի արագընթաց է դառնում: Քանի դեռ շատերը ժամանակ են ծախսում Բիզնեսի կառավարման ոլորտում դիպլոմ ստանալու վրա, ի հայտ են գալիս երիտասարդ ու նախաձեռնող գործարարներ, ովքեր, յուրացնելով բիզնեսի հիմնական կանոնները և արագ կողմնորոշվելով, կարողանում են սրընթաց վերելք գրանցել:

Այսօր ամենահաջողակ բիզնեսմենների միայն փոքր մասն ունի MBA կոչում, բայց վստահ կարելի է ասել, որ նրանք նույնպես կարդացել են բիզնեսի ու հաջողության մասին արդեն դասական դարձած այս գրքերը:

«ԻՆՉՊԵՍ Է ՄՏԱԾՈՒՄ ՄԱՐԴԸ», ՋԵՅՄՍ ԱԼԼԵՆ
(AS A MAN THINKETH, JAMES ALLEN)

բիզնես գրքեր

Ի՞նչ է սովորեցնում: Մարդկանց մեծամասնությունը վստահ է, որ իրենց կյանքն արդեն իսկ որոշված է ճակատագրով: Այս գիրքը բացատրում է, որ մեր կյանքն այնպիսին է, ինչպիսին մենք ենք դարձնում այն, և հաջողության հասնելու միակ ճանապարհը մեր մտքերը կարգի բերելն է: Դա բիզնեսում հաջողության հիմքն է: Ջեյմս Ալլենի գիրքը ներառված է բոլոր ժամանակների մոտիվացնող գրքերի թոփ տասնյակի մեջ:

Մեջբերում: «Անհատը դառնում է մարդ իր ամբողջ կարողությունների չափով, երբ դադարում է մեղադրել ու բողոքել իր ճակատագրից, փնտրել մեղավորներ իր անհաջողությունների համար: Ղեկավարելով իր բանականությունը՝ նա ընտրում է միայն ուժեղ և ազնիվ մտքերը: Հանգամանքների դեմ պայքարելու փոխարեն նա սկսում է օգտագործել դրանց ընձեռած հնարավորությունները ավելի արագ առաջ շարժվելու համար: Նա ձգտում է անընդհատ իր մեջ բացահայտել նոր ուժեր ու կարողություններ»:

«ՀԱՐՈՒՍՏ ՀԱՅՐԻԿ, ԱՂՔԱՏ ՀԱՅՐԻԿ», ՌՈԲԵՐՏ ԿԻՅՈՍԱԿԻ

(RICH DAD, POOR DAD, ROBERT KIYOSAKI)

բիզնես գրքեր

Ի՞նչ է սովորեցնում: Գիրքը ոչ միայն մանրամասն ներկայացնում է ֆինանսական միջոցները վերահսկելու և կառավարելու եղանակները, այլև բացատրում է, որ բիզնեսի կառուցումն ու տիրապետումն են միակ հուսալի հիմքը հաջողության հասնելու համար: Այս գիրքը կոտրում է այն կարծրատիպը, որ բարձր աշխատավարձի դիմաց աշխատանքը ֆինանսական ապահովվածության միջոց է: «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը սովորեցնում է իսկապես մտածել որպես ձեռնարկատեր:

Մեջբերում: «Հարուստ մարդիկ ձեռք են բերում ակտիվներ: Աղքատ մարդիկ ձեռք են բերում պասիվներ, որոնք սխալմամբ համարում են ակտիվներ»:

«ՈՐՏԵ՞Ղ Է ԻՄ ՊԱՆԻՐԸ», ՍՓԵՆՍԵՐ ՋՈՆՍՈՆ
(WHO MOVED MY CHEESE? SPENCER JOHNSON)

բիզնես գրքեր

Ի՞նչ է սովորեցնում: Բազմաթիվ գրքեր են գրվել նորամուծությունների հսկայական ուժի մասին և այն մասին, թե ինչպես անհատներն ու ընկերությունները պետք է կարողանան արագ հարմարվել փոփոխություններին և դառնան այդ փոփոխությունների մաս: Բայց այդ գրքերից և ոչ մեկը չի եղել այնքան համառոտ, վառ ու տպավորիչ, որքան Սփենսեր Ջոնսոնի այս գիրքը:

Մեջբերում: «Դեպի փոփոխություններ տանող ամենակարճ ճանապարհը սեփական սխալների, սեփական հիմարության ու սխալ պատկերացումների վրա ծիծաղելու կարողությունն է: Այն ձեզ ազատում է ձեր նախկին պահվածքին ու արարքներին վերադառնալու ձգտումից, արագացնում է ձեր առաջընթացը դեպի նորը»:

«ՈՃԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ», ՈւԻԼՅԱՄ ՍԹՐԱՆՔ և ԷԼՎԻՆ ԲՐՈՒԿՍ ՈՒԱՅԹ

(THE ELEMENTS OF STYLE, WILLIAM STRUNK, E.B. WHITE)

 

բիզնես գրքերԻ՞նչ է սովորեցնում:  Մեր ժամանակներում, երբ օնլայն նամակագրությունը, հաղորդակցումը ու քննարկումները դարձել են բիզնես շփման անբաժան մաս, չափազանց կարևոր է ճիշտ ու հասկանալի ներկայանալու կարողությունը: Թեև գիրքը գրված է անգլերեն և հաշվի է առնում անգլերեն լեզվի առանձնահատկությունները, բայց գրքի խորհուրդներն ունիվերսալ են և կարող են կիրառվել ցանկացած լեզվով շփվելիս:  «Ոճի բաղադրիչներ» գրքի հիմունքները յուրացնելով՝ դուք շատ ավելի պատրաստված կզգաք ձեզ ձեր գործընկերների հետ շփման համար:

Մեջբերում: «Համառոտությունը տեքստին էներգիա է տալիս: Նախադասությունը չպետք է պարունակի ավելորդ բառեր, իսկ պարբերությունը՝ ավելորդ նախադասություններ, այնպես, ինչպես գծագրին պետք չեն ավելորդ գծեր, իսկ մեխանիզմին՝ ավելորդ դետալներ: Դա չի նշանակում, որ պետք է գրել միայն կարճ նախադասություններով՝ անտեսելով մանրամասներն ու միայն համատռոտ ներկայացնելով թեման: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր բառ պետք է իր մեջ միտք կրի»:

«ՄԵԿՐՈՊԵԱՆՈՑ ՄԵՆԵՋԵՐԸ», ՔԵՆՆԵԹ ԲԼԱՆՇԱՐ

(THE ONE MINUTE ENTREPRENEUR, KEN BLANCHARD)

բիզնես գրքեր

Ի՞նչ է սովորեցնում: Լավ ղեկավար լինելու մասին ավելի կարճ ու արդյունավետ գիրք դժվար թե հնարավոր լինի գտնել: Բիզնեսի մասին ճիշտ պատկերացումներ այս գրքում այնքան կան, որքան տասնյակ գրադարաններում ու գիտական ուսումնասիրություններում՝ միասին վերցրած:  Յուրաքանչյուր ղեկավար կամ յուրաքանչյուր մարդ, ով ուզում է դառնալ այդպիսին, պարզապես պարտավոր է կարդալ այս գիրքը:

Մեջբերում: «Եթե դուք դեռ չեք կարող ասել, թե ինչ եք ուզում, ապա իրականում դուք խնդիր չունեք: Դուք ընդամենը նվնվում եք: Ձեր առջև խնդիր դրված կլինի միայն այն դեպքում, երբ կա հստակ տարբերություն այն բանի միջև, ինչ տեղի է ունենում, և այն բանի միջև, ինչ դուք իսկապես ցանկանում եք, որ տեղի ունենա»:

«ԻՆՉՊԵՍ ՍՏԵԼ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ» ԴԱՐՐԵԼ ՀԱՖՖ

(HOW TO LIE WITH STATISTICS, DARRELL HUFF)

բիզնես գրքեր

Ի՞նչ է սովորեցնում: Ժամանակակից բիզնեսն անընդհատ ձգտում է ամեն ինչ չափել ու հաշվել: Բայց ոչ ճիշտ մեկնաբանման դեպքում այդ հաշվարկներն ու չափումները կարող են ոչ միայն անօգուտ լինել, այլև վնասկար: Դարրել Հաֆֆի գիրքը արդեն վերահրատարակվել է բազմաթիվ անգամներ, և ձեռնարկատերերի առաջին  սերնդին չէ, որ պատմում է թվերով մանիպուլյացիաների մասին: Այն գրված է շատ հասկանալի լեզվով ու հագեցած է պատկերավոր նկարազարդումներով, այնպես որ մատչելի կլինի անգամ անգլերենի համեստ գիտելիքներ ունեցողներին:

Մեջբերում: «Վիճակագրական թվերի լեզուն անչափ գրավիչ է մարդկանց համար, ովքեր սիրում են սենսացիաներ հորինել, լարել իրավիճակը, խճճել ամեն ինչ կամ հակառակը՝ չափից շատ պարզեցնել: Վիճակագրական մեթոդներն ու տերմիններն անշուշտ անհրաժեշտ են, բայց առանց դրանք ճիշտ մեկնաբանել կարողացող մասնագետի և այդ ամենը հասկացող ընթերցողների, այդ ամենը դառնում է անիմաստ մի բան»:

«ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ», ՕԳ ՄԱՆՏԻՆՈ
(THE GREATEST SALESMAN IN THE WORLD, OG MANDINO)

 

բիզնես գրքեր

Ի՞նչ է սովորեցնում: Եթե դուք չեք կարողանում վաճառել ձեր մտքերը, ծառայությունները կամ ապրանքը, ապա երբեք հաջողության չեք հասնի բիզնեսում: Կարելի է կարդալ հսկայական քանակությամբ բիզնես գրքեր այս թեմայով, բայց դրանք բոլորը մի քանի պարզ ճշմարտությունների տեսքով ամփոփված են Օգ Մանտինոյի այս մեկ գրքում: «Աշխարհի մեծագույն վաճառականը» գիրքը ձեզ կդարձնի ավելի հաջողակ ոչ միայն բիզնեսում, այլև կյանքում առհասարակ:

Մեջբերում: «Ես կապրեմ այս օրն այնպես, ասես այն լինի վերջինն իմ կյանքում: Այս օրը այն ամենն է, ինչ ես ունեմ, և այս ժամերը իմ հավերժությունն են: Ես կդիմավորեմ արևածագը ուրախության ճիչերով, ասես մահապատժի դատապարտված մեկը, ում պատժի իրագործումը հետաձգվել է ևս մեկ օրով: Ես կընկալեմ այս օրը, որպես անգին գանձ: Իմ սիրտը կլցվի երախտագիտությամբ այն մարդկանց հանդեպ, ովքեր երեկ դիմավորում էին արևածագը, բայց այսօր արդեն չկան: Ես իսկապես հաջողակ եմ, որովհետև այս օրվա ժամերը չվաստակած պարգև են ինձ համար: Ինչո՞ւ ես պետք է ապրեմ հավելյալ մեկ օր, երբ ինձնից լավերն արդեն չկան: Գուցե նրանք արդեն հասե՞լ էին իրենց նպատակներին, իսկ ես դեռ պետք է հասցնե՞մ դա անել: Եվ այս օրը ևս մեկ հնարավորություն է ինձ համար դառնալ այն, ինչ ես կարող եմ դառնալ»:

Դե ինչ, եթե դեռ չեք հասցրել կարդալ այս գրքերը կամ դրանց մի մասը, մաղթում ենք հաճելի ընթերցանություն, և թող դրանք իսկապես օգնեն ձեզ` ձեր նպատակներին հասնելու ճանապարհին:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին