ԵԳԻՊՏՈՍ. Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ԵԳԻՊՏՈՍ ՄԵԿՆՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԸ

Ծովափնյա հանգստի սիրահարները Եգիպտոս կարող են մեկնել տարվա ցանկացած եղանակի, բացի այդ ավիատոմսերը Հայաստանից Եգիպտոս թռչելու համար բավական մատչելի են, ինչը ավելի գրավիչ է դարձնում հանգիստը այս արաբական երկրում:

28023
Եգիպտոս

Ամեն տարի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են Հայաստանից մեկնում Եգիպտոս, և հատկապես նրանք, ովքեր չեն կարողացել հանգստի մեկնել ամռանը: Վերջիններս իրանց վաստակած հանգիստը փորձում են վայելել տաք ու արևոտ Եգիպտոսում:

Եգիպտոս

Եթե արդեն հասցրել եք լինել Եգիպտոսում, ապա ամենայն հավանականությամբ պատկերացում ունեք երկրի առանձնահատկությունների և տեղի բնակիչների մշակույթի մասին: Իսկ ահա անփորձ զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում նախապես տեղեկացվել այդ ամենի մասին՝ անհարմար իրավիճակներից խուսափելու համար: Եվ այսպես, ի՞նչ պետք է իմանա զբոսաշրջիկը Եգիպտոս մեկնելուց առաջ:

ՎԻԶԱ

Այս տարվա մայիսից Եգիպտոս մեկնելու համար վիզան պարտադիր է բոլոր երկրների քաղաքացիների համար: Եգիպտոսի վիզայի համար անհրաժեշտ է Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանատան գրասենյակ ներկայացնել անձնագիր և լուսանկար: Վիզայի արժեքը $16 է: Հասցեն՝ Սեպուհի փողոց, 6ա:

ԺԱՄԱՅԻՆ ԳՈՏԻ

Եգիպտոս

Եգիպտոսի ժամային գոտին հետ է մնում երևանյանից 2 ժամով: Բանկերն ու պետական հաստատությունները այստեղ աշխատում են ամեն օր` բացի ուրբաթ ու շաբաթից, ժամը 8:30-15:30: Պաշտոնական ոչ աշխատանքային օրը Եգիպտոսում ուրբաթն է: Խանութները հանգստավայրերում որպես կանոն աշխատում են 10:00-13:00 և 17:00-ից մինչև կեսգիշեր:

Եգիպտոսում պատրաստ եղեք նրան, որ չվերթները կարող են ուշանալ մի քանի ժամով. դա այստեղ սովորական երևույթ է: Առհասարակ Եգիպտացիները յուրահատուկ վերաբերմունք ունեն ժամանակի հանդեպ: Մի քանի ժամով ուշանալը կամ առհասարակ պայամնավորված վայր չգալը նրանց  համար միանգամայն ընունելի է:

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ

Եգիպտոս

Եգիպտոսի դրամական միավորը եգիպտական ֆունտն է: Դրամը փոխանակել եգիպտական ֆունտի այնտեղ, իհարկե, ձեզ չի հաջողվի, այնպես որ, նախապես վերածեք ձեր գումարը դոլարի: Դոլարը փոխանակել դուք կկարողանաք յուրաքանչյուր եգիպտական բանկում, բայց եղեք ուշադիր: Փոխարժեքները բանկերում կարող են խիստ տարբերվել միմյանցից:

ԵՂԱՆԱԿԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Եգիպտոսում կլոր տարին տաք եղանակ է, բայց յուրաքանչյուր ամիս ունի իր առանձնահատկությունները: Սեպտեմբերը հրաշալի ամիս է հանգստի համար, քանի որ ծովի ջերմաստիճանը շատ բարենպաստ է: Հոկտեմբերը համարվում է թավշյա սեզոն, այս շրջանում բացվում են կորալները, ինչը պարզապես հիասքանչ տեսարան է:

Նոյեմբերը համարվում է սերֆինգի համար լավագույն ժամանակը, թեև եղանակն արդեն փոքր-ինչ վատանում է: Դա շարունակվում է նաև դեկտեմբերին, թեև զբոսաշրջիկների հոսքի վրա դա չի անդրադառնում, քանի որ նրանք գալիս են վայելելու Նոր տարին տաք երկրում: Դեկտեմբերին հատկապես խորհուրդ է տրվում հանգիստը Շարմ-էլ-Շեյխում: Հունվարին եղանակը ցրտում է, կարող է իջնել անգամ մինչև +10, թեև ծովի ջերմաստիճանը մնում է բարենպաստ: Ամենահարմար ծովափը հունվարին Թաբան է:

Եգիպտոս

Փետրվարին եղանակը սկսում է տաքանալ. զբոսաշրջիկները տարվա այս ամսին նախընտրում են Նուվեյբա ծովափը: Մարտ ամսին տարեց զբոսաշրջիկները կարող են հրաշալի հանգստանալ Եգիպտոսում և հագեցնել իրենց օրգանիզմը վիտամիններով, քանի որ սկսվում է մրգերի սեզոնը: Սակայն մարտին լինում են նաև ավազե քամիներ, այնպես որ, պետք է համապատասխան հագուստ վերցնել: Ապրիլին Եգիպտոսում ելակի և նռան սեզոնն է: Մայիսը Կարմիր ծովի ափին հանգստանալու ամենալավ ժամանակներից մեկն է համարվում: Հունիսին և հուլիսին ամենաշոգ ժամանակն է այստեղ +40-50, ավելի բարենպաստ են համարվում Կահիրեն և Հուրգադան, որտեղ ջերմաստիճանը մինչև +34-36 է: Օգոստոսին նույնպես դեռ շատ շոգ է: Ջրի ջերմաստիճանը հասնում է մինչև  +29:

ՀԱԳՈՒՍՏ

Հյուրանոցի տարածքում կարող եք հագնվել այնպես, ինչպես կուզեք, իսկ փողոցում պետք է ավելի զուսպ լինել: Թե կանանց, թե տղամարդկանց խորհուրդ չի տրվում քայլել արաբներով լցված փողոցում շորտերով կամ ուսերը բաց վերնաշապիկներով: Դա պետք է հաշվի առնել նաև ռեստորաններում ընթրելու ժամանկ: Զբոսանքների և էքսկուրսիաների ժամանակ ցանկալի է կրել թեթև կտորներից կարված, բայց մարմինը, հատկապես՝ ուսերն ու ծնկները, ծածկող հագուստ: Չմոռանաք նաև գլխարկի մասին, ինչի կարիքը հատկապես կա՝ հաշվի առնելով շոգ եղանակը:

ՏԱՔՍԻ

Եթե որոշել եք տաքսի նստել, ապա իմացեք, որ այստեղ գումարը չի կազմավորվում անցած կիլոմետրերից: Գնի մասին պետք է նախապես պայմանավորվել՝ տաքսի նստելուց առաջ՝ նշելով այն վայրը, ուր ուղևորվում եք: Եթե մոռանաք այդ մասին, ուղևորության վերջում վարորդի պահանջած գինը կարող է ձեզ խիստ զարմացնել:

ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ

Եգիպտոս

Եգիպտոսում շատ են խանութներն ու շուկաները: Այստեղ կարելի է ձեռք բերել ամենատարբեր հուշանվերներ: Հիշեք, որ 3 լիտրից ավելի ալկոհոլային խմիչքներ չի թույլատրվում դուրս բերել երկրից:  Արգելվում է նաև կորալների և խխունջների մեծ քանակություն դուրս բերել երկրից:

Առհասարակ ծովային նյութերից պատրաստված հուշանվերների ընտրությունը այստեղ շատ մեծ է: Յուրահատուկ են նաև պապիրուսի թերթերի վրա պատկերված նկարները:  Մեծ է ընտրությունը նաև կալյանի, հոտավետ յուղերի, անուշահամ քաղցրավենիքների, կարկադե թեյի և տեղական հագուստի համար: Սա այն է, ինչով սիրում են հպարտանալ եգիպտացիները:

Եգիպտոսում ընդունված է գնի շուրջ սակարկելը: Վաճառողները պարզապես հաճույք են ստանում այդ գործից: Եվ եթե ձեզ էլ է դա դուր գալիս, ապա շատ հանարվոր է սակարկելու արդյունքում դուք ձեռք բերեք տվյալ իրը նախնական գնից շատ տարբեր գնով: Իսկ եթե վաճառողը զգա, որ դուք սակարկել չեք կարողանում, ապա հատուկ կբարձրացնի գինը: Նա այդպես կվարվի նաև՝ ձեզ մոտ նկատելով թանկարժեք տեխնիկա, այնպես, որ թողեք դրանք հյուրանոցում կամ թաքցրեք պայուսակի մեջ:

Պետք է նաև նշել, որ վաճառողները շատ համառ ու կպչուն են, և կարիք չկա նրանց լսել՝ քաղաքավարությունից ելնելով: Ծովափին նույնպես ձեզ շատ մանրավաճառներ կմոտենան կամ մարդիկ, ովքեր տարբեր ծառայություններ կառաջարկեն: Նրանցից վերջնականապես ազատվելու միակ ճանապարհը կտրուկ մերժելն է:

Ուշադիր եղեք, եթե ձեզ քաղաքավրի կերպով օգնություն առաջարկեն, օրինակ՝ ուղեկցել, որևէ բան ցույց տալ, լուսանկարել: Վերջում ամենայն հավանականությամբ նրանք դրա համար ձեզնից գումար կպահանջեն:

ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ

ԵգիպտոսԵգիպտոսի ամենամեծ թվով հուշարձանները գտնվում են Լյուքսոր քաղաքում: Այն գտնվում է Նեղոսի ափին՝ Կահիրե քաղաքից ոչ հեռու: Այստեղ են գտնվում  Կարնակի տաճարը, Ամենհոթեպ թագավորի կողմից կառուցված Ամոնի տաճարի փլատակները, Սֆինքսների շղթան, երկու հսկայական օբելիսկներից մեկը, 1886 թվականին կառուցված Ձմեռային պալատը:

Լյուքսորի մոտակայքում կարելի է այցելել Մրգերի կղզի, որտեղ զբոսաշրջիկներին տանում են մեծաթիվ նավակներով, ինչպես նաև Մեռյալների քաղաք:

Եգիպտոս

Գիզայի բուրգերը միակն են, որ պահպանվել են աշխարհի Յոթ հրաշալիքներից: Ամենամեծ՝ Հեֆրենի բուրգի դիմաց է կանգնած հանրահայտ Սֆինքսը` մարդու գլխով և առյուծի մարմնով առեղծվածային արարածը: Ամեն երեկո այստեղ տեղի են ունենում լուսային և երաժշտական շոուներ, որոնք էլ ավելի խորհրդավոր են դարձնում տեղանքը:

Անչափ հետաքրքիր վայր է Կահիրեի Հնությունների թանգարանը, որը կառուցվել է 1900թվականին: Այստեղ կարելի է տեսնել ավելի քան  120.000 ֆանտաստիկ հնէաբանական գտածոներ:

Հիշեք, որ էքսկուրսիաների գնալիս հարկ է ձեզ հետ անձնագիր վերցնել:

Եգիպտոս

Եգիպտոսի մյուս կարևոր խորհրդանիշը բուրգերից հետո ուղտերն են: Կա կարծիք, որ ուղտ նստելը մի գին է, իսկ ուղտից իջնելը՝ մեկ այլ գին: Անշուշտ անազնիվ եգիպտացիներ կարող են հանդիպել, բայց դա հիմնականում պատահում է ավելի խուլ տարածքներում: Տուրիստական թեժ կետերում, երբ մեծ քանակությամբ մարդ կա, դա դժվար թե պատահի: Ցանկալի է ուղտերով զբոսանքի համար ուղևորվել մեծ խմբով և երբեք ոչ միայնակ:

ԵՎՍ ՄԻ ՔԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ԿԱՆՈՆ

ԵԳԻՊՏՈՍ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Եգիպտոս

Եգիպտոսի փողոցներում պետք է զուսպ լինել: Այստեղ չի կարելի հարբած վիճակում շրջել փողոցում, ինչպես նաև ծխել: Չի կարելի նաև տեղացիներին առաջարկել խմել ձեզ հետ:

Չի կարելի լուսանկարել մարդկանց դեմքերը՝ առանց նրանց թույլտվության:

Եգիպտացիները սովոր են թեյավճար ստանալ: Պատվերի 5%-ը լիովին բավարար է:

Չի կարելի խմել ջուր ծորակից: Այն պետք է գնել կրպակներում ու խանութներում: Հյուրանոցում ջուրը բավական թանկ արժե:

Եգիպտոս

Չի կարելի դիպչել ծովային կենդանիներին: Դրանցից շատերը թունավոր են: Խորհուրդ է տրվում նաև խայթոցներից խուսափելու համար ծովում կոշիկ կրել: Նեղոսի ջրերը մտնել նույնպես պետք չէ: Այն լի է բակտերիաներով:

Անպայման վերցրեք ձեզ հետ արևապաշտպան քսուք: Այն այստեղ ոչ միայն հարկավոր է արևից պաշտպանվելու համար, այլև այն պատճառով, որ այստեղ այն հնարավոր է ձեռք բերել միայն շատ թանկ գնով:

Երկրի փողոցներում կա զբոսաշրջային ոստիկանություն, որի օգնությանը կարելի է դիմել անհրաժեշտության դեպքում: Օգնությունն անվճար է:

Եգիպտոսը իսլամական երկիր է: Այստեղ շատ են գրված ու չգրված կանոնները և դրանք խախտել միանշանակ չարժե, հատկապես եթե հարցը վերաբերվում է կրոնական հարցերին: Լինելով զգույշ ու տեղեկացված՝ կարելի է իսակպես վայելել այս հրաշալի հանգստավայրի արևոտ եղանակը, ծովը, համեղ մրգերն ու հիասքանչ տեսարժան վայրերը:

In this article


Join the Conversation