ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԸ

Կյանքի ամենատարբեր հանգամանքներում վիրավորանքը չիրականացված սպասումների արդյունք է: Մարդը սպասում էր, որ իրեն կհասկանան, բայց չհասկացան, կարծում էր, որ իրեն շնորհակալ կլինեն, բայց այդպես չեղավ, դիմացինի մասին այլ կարծիքի էր, բայց պարզվեց բոլորովին այլ բան:

8547
Ինչպես հաղթահարել վիրավորանքը

Վիրավորանքի զգացողությունը մարդու մոտ առաջանում է այնպիսի պահերի, երբ նա վստահ է, որ իր հանդեպ անարդարացի կամ անշնորհակալ են եղել, երբ իրեն խաբված ու վիրավորված է զգում:

Վիրավորանքը ամենավտանգավոր ու բացասական զգացողություններից մեկն է, որ մարդը կարող է ունենալ: Այն ներսից կեղեքում է մարդու հոգին և մթագնում գիտակցությունը:

Իսկ ամենատարօրինակն այն է, որ մեծամասամբ մարդկանց ասես դուր է գալիս այդ զգացողությունը: Նրանք խնամքով պահում են այն և չեն ցանկանում բաժանվել դրանից: Իհարկե, այդ ամենը ենթագիտակցաբար է արվում: Եվ ուրեմն, ի՞նչ է տալիս վիրավորանքը մարդուն: Ինչո՞ւ է նա «ցանկանում» նեղանալ:

ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ «ԴՐԱԿԱՆ» ԿՈՂՄԵՐԸ

Ինչպես հաղթահարել վիրավորանքը

Առաջին «դրական» կողմն այն է, որ մարդը նեղանալով բարձրացնում է իր ինքնագնահատականը: Իհարկե, դա խաբուսիկ, բայց և այնպես «հաճելի» զգացողություն է, հատկապես թերարժեքության բարդույթով մարդկանց համար: Նա իրեն կարևոր ու նշանակալի է համարում և կարծում է, որ իր հանդեպ անշնորհակալ են վարվել, վիրավորել են իր արժանապատվությունը: Եվ մեղավորները «պարզապես սրիկա» են:

Այսպիսի դեպքերում եթե այդ մարդուց ներողություն են խնդրում, ամեն ինչ ավելի վատ է դառնում: Չէ՞ որ եթե ներողություն են խնդրել, ուրեմն հասկացել են, որ նա ճիշտ էր, իսկ նրանք՝ նեղացնողները, սխալ էին ու պարտավոր էին իրենց մեղքն ընդունել:

Երկրորդ տարածված «դրական» կողմն այն է, որ վիրավորված մարդը կարող է կառավարել իրեն նեղացնողին և ստեղծել այնպիսի իրավիճակ, որից ինքը կարող է շահ ստանալ ու բավարարել իր որոշ ցանկությունները:

Ցածր ինքնագնահատականով մարդիկ, օրինակ, իրենց վիրավորանքը ցույց տալով, ստիպում են իրենց վրա ուշադրություն դարձնել: Կանայք փորձում են իրենց վիրավորած ամուսիններից նվեր ստանալ: Տղամարդը, վիճելով կնոջ հետ և իրեն վիրավորված զգալով, կարող է «համոզել» ինքն իրեն, որ նրան դավաճանելու իրավունք ունի: Դե իսկ երեխաներն էլ, իհարկե, ամենից լավ են կառավարում մեծերին նման դեպքերում՝ ստանալով նվերներ, խաղալիքներ, գումար և այլն:

Բայց ի՞նչ անել, եթե հասկացել ես, որ վիրավորանքը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ինչպե՞ս վարվել այդքան լավ փայփայած գանձի հետ:

ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՀԵՏ

Ինչպես հաղթահարել վիրավորանքըԻհարկե, դա հեշտ չէ, հատկապես ամենասկզբում, բայց պետք է կարողանալ աճել և հաղթահարել վիրավորանքը, ավելի վեր կանգնել դրանից:

Ամենից առաջ հիշեք, վիրավորանքի զգացողությունը, նեղացկոտությունը մանկական դրսևորումներ են: Դա բնորոշ է երեխաներին, չէ՞ որ նրանք շատ հաճախ սպասում են, որ ամեն ինչ լավ կլինի և իրենց բոլոր սպասելիքները կիրականանան անկախ իրենց արարքներից: Մինչդեռ հասուն մարդը հիմնական «զենքերը» պետք է լինեն սեփական տեսակետը և իրավունքները պաշտպանելը, դժվար իրավիճակից գլուխը բարձր դուրս գալը, ճիշտ փոխհարաբերություններ կառուցելը, այլ ոչ թե մանկական նեղացկոտությունը:

Անշուշտ մանկությունից որոշ հատկանիշներ կարելի է պահել անգամ հասուն տարիքում, բայց դրանք պետք է լինեն էներգիայով լեցուն լինելը, մանրուքներից ուրախանալն ու մարդկանց ուրախություն պարգևելը, անշահախնդիր սիրելը և այլն: Իսկ մանկությունից մնացած նեղացկոտությունը ընդամենը անվստահություն է սեփական ուժերի հանդեպ, սեփական շահերը պաշտպանելու և արարքների ու խոսքերի համար պատասխան տալու անկարողություն:

Եվ երբ վիրավորված եք ձեզ զգում որևէ բանից, պետք է կարողանաք հանգստացնել ձեր ներսում ապրող երեխային, որ այդ պահին ոտքերը գետնին է խփում ու կամակորություններ անում, և ձեր հասուն ես-ին թույլ տաք իրավիճակն իր ձեռքը վերցնել:

Հենց ձեր հասունության շնորհիվ դուք պետք է դեմ կանգնեք վիրավորվածության վնասակար զգացողությանը, տիրապետեք ձեզ և ձեր բացասական էմոցիաներին: Չէ՞ որ այդպիսի հասուն մարդը կարող է ճիշտ խորհուրդ տալ փոքրիկ, կամակոր երեխային ու նրան հետ պահել սխալ քայլերից:

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԸ

Ինչպես հաղթահարել վիրավորանքը

Եթե որևէ մեկը ձեզ վիրավորել է, ամեն գնով ձգտեք նրան ներել: Փորձեք բացատրություններ գտնել, որոնք կկարողանան նրան արդարացնել: Եվ որքան շատ բացատրություն, այնքան լավ: Մտածեք դրանց մասին, վերլուծեք, շատ հնարավոր է, դուք հասկանաք, թե ինչու այդ մարդը հենց այդ կերպ վարվեց: Առաջնորդվեք այդ մոտեցումով մի քանի անգամ և հետզհետե կզգաք, որ նեղացկոտությունը, վիրավորվածության զգացողությունը հետզհետե պակասում է:

Մեկ այլ տարբերակ է ձեզ վիրավորողին ի սրտե ամենալավ ու բարի բաները մաղթելը: Շնորհակալ եղեք, նրան, ով ձեզ վիրավորել է, ավելի բարձր կանգնեք այդ վիրավորանքից և տհաճ զգացողություններից: Ձեր սիրտը մաքուր պահեք, թույլ մի տվեք, որ վիրավորանքը ներս սողոսկի:

Իհարկե, կա նաև գործնական տարբերակ վիրավորանքըհաղթահարելու համար: Դուք կարող եք հանդիպել այդ մարդու հետ, զրուցել ու քննարկել խնդիրը: Բայց այդ դեպքում էլ դուք այդ զրույցին պետք է գնաք միմիայն դրական տրամադրված, ոչ թե պարզելու, թե ով է իրավացի և ով ոչ, այլ նրա համար, որպեսզի միասին հաղթահարեք վիրավորանքը, հաշտվեք ու ջերմ հարաբերությունները վերականգնեք: Հարցեր տվեք, լսեք պատասխանները, գնահատեք բերված փաստարկները: Այս տարբերակին պետք է դիմել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ կարող եք ունենալ անկեղծ ու կառուցողական զրույց տվյալ մարդու հետ և ոչնչացնել ձեր մեջ եղած բացասական էմոցիաները:

Միշտ հիշեք, որ վիրավորանքը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, այլ ընդհակառակը, առաջին հերթին վնասում է հենց ձեզ:

Աղբյուր

In this article


Join the Conversation