ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ BOW-X. ԹԻԹԵՌՆԻԿ-ՓՈՂԿԱՊՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԸ

Ինչպե՞ս պատրաստվեց առաջին թիթեռնիկ-փողկապը, ինչպե՞ս ամենատարբեր «բնավորություններով» թիթեռնիկները տարածում գտան երիտասարդների շրջանում, ի՞նչ դժվարություններ է հաղթահարում թիթեռնիկների «վարպետը»` սիրելի գործը դարձնելով բիզնես: Այս և այլ հարցերի մասին՝ Bow-X-ի հիմնադիր և հեղինակ Հովհաննես Արզումանյանի հետ զրույցում:

6861
Bow-X

Երբ քո ներքին «ես»-ը համարձակ է ու արտահայտություն է փնտրում, այն ցանկանում է դրսևորվել ամեն ինչում՝ մտքերում, արարքներում, նաև քո արտաքին տեսքում: Իսկ եթե արդեն գտել ես ինքդ քեզ, կարող ես նաև օգնել ուրիշներին ազատ ու անկաշկանդ դրսևորվելու հարցում, օրինակ՝ այնպիսի փոքրիկ, բայց խոսուն աքսեսուարի միջոցով, ինչպիսին թիթեռնիկ-փողկապն է:

Այն կարող է պատմել իր տիրոջ մասին, ավելին, քան կարելի է ենթադրել, եթե պատրաստվել է հմուտ ձեռքերի կողմից և համապատասխանում է կրողի ներքին էությանն ու ցանկություններին:

Ահա այս նպատակով Bow-X թիթեռնիկները հայտնվեցին Հայաստանում՝ փնտրելով ու գտնելով իրենց տերերին: Նրանք բոլորը դուրս են եկել Հովհաննես Արզումանյանի արհեստանոցից:

Bow-X

Ինչպե՞ս գտար Bow-X-ի գաղափարը: Ինչպե՞ս հասկացար, որ դա հենց այն է, ինչով ուզում ես զբաղվել:

Թիթեռնիկը, որը պատրաստել էր դերձակը իմ նշանադրության համար, չհավանեցի, որոշեցի ձևափոխել, ստացվեց: Այնուհետև կնոջս մոտ գաղափար առաջացավ համադրել կտորի վրա տպագրությունը (որով և զբաղվում էի այդ ժամանակ) ու թիթեռնիկը: Ստացվեցին առաջին պատկերներով թիթեռները:

Ցուցահանդես-վաճառքի ժամանակ ցուցադրված տեսականին միանգամից սպառվեց (չէինք սպասում նման արձագանքի): Հասկացա, որ գտել եմ երկար փնտրելուց հետո:

Բոլոր թիթեռներին փակցվում է մեր լոգոտիպը և որ ատադրված է Հայաստանում: Դա պարտադիր պայման է:

Bow-X

Ունեի՞ր մրցակիցներ, երբ սկսեցիր աշխատել:

Երբ սկսեցինք, հայաստանյան շուկայում չկար նման բան, համենայնդեպս այդպիսի ծավալներով: Մի փոքր ուշ իմացանք որ մեկ հոգի զբաղվում է թիթեռներ պատրաստելով, սակայն առանց տպագրության, սովորական գործվածքներից: Տպագրությամբ թիթեռների նորամուծությունը մեզ է պատկանում: Այնուհետև սկսեցին ի հայտ գալ մի քանի հոգի:

Որո՞նք էին առաջին պատվերներդ:

Սկզբից պատրատում էի ամեն ինչին վերաբերվող թիթեռներ, այսինքն տպագրվող պատկերների թեմատիկան բազմազան էր ու պատահական ընտրված: Ամենը, ինչ ակտուալ էր, տեղ էր գտնում թիթեռների վրա` Բոբ Մարլի, Գտնված երազ, նավակներ, Մայքլ Ջեքսոն, Ֆեյսբուք, Ежик в тумане և այլն:

Առաջին վաճառքը եղավ ցուցահանդեսի ժամանակ, իսկ պատվերներ եղան դրանից անմիջապես հետո, երբ Ֆեյսբուքում էջ բացեցինք, որը նույն բուռն արձագանքն ունեցավ, ինչպես ցուցահանդեսի ժամանակ: Ամենաառաջին պատվերը եղել է Բրեժնևի պատկերով թիթեռնիկը 🙂

Bow-X

Ամենաբուռն արձագանքն ու տարածումը ստացան մեր ազգային, ավանդական զարդանախշերով, կարպետային, տարազային թեմատիկայով թիթեռները:

Ի՞նչ թիթեռնիկներ են սիրում մարդիկ: Ո՞ր աշխատանքներդ են ամենից մեծ պահանջարկ վայելում:

Սկզբից մարդիկ ընտրում էին այն, ինչը իրենց հոգեհարազատ էր: Որոշ մարդիկ սովետական մուլտֆիլմերով թիթեռները, երեխաների համար ընտրում էին մանկական թեմաներով, երաժիշտները երաժշտական թեմաներով, դերասաները թատրոնին կամ կինոյին վորաբերվող թեմաներով:

Bow-X

Այնուհետև, երբ սկսեցինք ավելի համակարգված թողարկել (այսինքն ընտրում էինք որևէ թեմա, օրինակ Աֆրիկա, դպրոցական, հարսանեկան, սիրո տոնին նվիրված, ազգային և այլն), արդեն մարդիկ ընտրում էին ըստ նպատակահարմարության: Այսպես. սեպտեմբերի մեկի ժամանակ օրինակ` շատ էին ընտրում Մաշտոցով թիթեռներից, հարսանիքների ժամանակ դասական ձևերից և այդպես շարունակ:

Bow-X

Սակայն ամենաբուռն արձագանքն ու տարածումը ստացան մեր ազգային, ավանդական զարդանախշերով, կարպետային, տարազային թեմատիկայով թիթեռները: Այդ թիթեռները ոչ միայն մեր երիտասարդության կողմից սիրվեցին, այլ նաև սփյուռքի մեր հայրենակիցները մեծ ոգևորությամբ ընդունեցին, ու պարբերաբար ես ստանում եմ նրանցից պատվերներ:

Ո՞րն է քո ամենասիրելի թիթեռնիկը, ու արդյոք ինքդ ամեն օր կապում ես քո աշխատանքներից:

Ամեն օր չեմ կրում, միայն ցուցահանդեսների ժամանակ, և այն էլ այնպիսի թիթեռներ, որոնք սովորականից տարբերվում են (պարզապես ուշադրություն գրավելու համար): Սիրելի թիթեռները շատ են:

Bow-X

Ես անում եմ այն, ինչ ինձ հաճույք է պատճառում: Իմ աշխատանքը ինձ չի ձանձրացնում, չեմ հոգնում շատ երկար աշխատելուց: Ոգեշնչվում եմ նոր բան ստեղծելուց և երբ ուրիշները այդ նորը գնահատում են ըստ արժանվույն:

Քո թիթեռնիկներով նաև Հայաստանն ես փորձում ներկայացնել: Ի՞նչ արձագանքներ ես ստանում արտասահմանցիներից:

Բոլոր թիթեռներին փակցվում է մեր լոգոտիպը և որ ատադրված է Հայաստանում: Դա պարտադիր պայման է: Նույնիսկ արտասահմանից մեծաքանակ պատվերի առաջարկներ են եղել, բայց պայմանով, որ չփակցվի նման բան, սակայն միանգամից մերժում են ստացել:

Որոշ արտասահմանյան օնլայն վաճառքի հարթակներում մենք ներկայացնում ենք մեր արտադրանքը: Արտասահմանցիները և հատկապես արտերկրում բնակվող հայերը մեծ սիրով ու ոգևորությամբ են վերաբերվում: Հատկապես նշում են, որ արձակուրդների ժամանակ, երբ որ լինեն Հայաստանում կդիմեն մեզ: Եվ այդպես էլ լինում է:

Bow-X

Քո թիթեռնիկները փոքրիկ «մշակութային հեղափոխություն» էին: Ինչպե՞ս են դրանք փոխում մարդկանց:

Թիթեռնիկ կրելու սովորույթը մեզ մոտ շատ վատ էր զարգացած: Անկեղծ ասած` հիմա էլ այդ առումով բավականին հետ ենք որոշ երկրներից: Մեր երիտասարդները շատ լավ են հագնվում, սակայն այդ հագուստի աքսեսուարը մեծամասամբ բացակայում է: Հատկապես տղաները կոմպլեքսավորվում են (թեև թիթեռնիկը համարվում է ի սկզբանե տղամարդու հագուստի պարագա): Հիմնականում թիթեռներ կրում էին առիթների, երեկույթների ժամանակ, դեպքից դեպք:

Մեր «հեղափոխությունը» կայացավ նրանում, որ ավելի մասսայական դարձրեցինք թիթեռնիկ կրելու սովորույթը՝ շնորհիվ մեր բազմազան ու բազմաբնույթ տեսականու: Հիմա ընտրելու շատ մեծ հնարավորություն կա, քանի որ ամեն թեմայով, ամեն առիթի համար ունենք որևէ բան, կամ էլ եթե չունենք, պատրաստելը շատ հեշտ է:

Bow-X

Հայաստանում պետք է ունենանաք թիթեռնիկ-փողկապների և դրանց հետ առնչող այլ պարագաների հատուկ մասնագիտացված խանութ-սրահը: Նպատակ ունենք ներակայանալ և նաև մրցակցել արտասահմանյան շուկայում:

Ի՞նչ դժվարությունների առաջ ես կանգնել աշխատանքիդ ընթացքում: Ի՞նչ կասկածներ ես ունեցել:

Անկեղծ ասած` չեմ համարում դրանք դժվարություններ: Ավելի շատ խնդիրներ, որոնց համար պարզապես լուծում է պետք գտնել: Կասկածներ ունեցել եմ, որ թիթեռնիկային այդ բումը, որ առաջացավ մեր շուրջը, շուտով կմարի, և ստիպված մեկ այլ բան պետք է փորձել: Այդպես էլ եղավ իրականում. ստիպված եղա փնտրել նոր բաներ, բայց ոչ թե այլ ոլորտներում, այլ հենց թիթեռնիկների մեջ:

Իրականում դա շատ լավ խթան էր և մինչև հիմա էլ խթան է հանդիսանում ստեղծագործելու, նորություններ մտցնելու համար: Դրանից ավելացավ մեր տեսականին, ավելացան թիթեռների տեսակները (հոտավետ թիթեռներ, կաշվե թիթեռներ, ասեղնագործած թիթեռներ, փայտյա թիթեռներ և այլն), ինչպես նաև ավելացան պարանոցին կապվող այլ աքսեսուարներ (փողկապներ, բոլո-փողկապներ, կանացի օձիքներ և այլն):

Bow-X

Ինչպե՞ս ես պատկերացնում Bow-X-ի ապագան:

Հայաստանում պետք է ունենանաք թիթեռնիկ-փողկապների և դրանց հետ առնչող այլ պարագաների հատուկ մասնագիտացված խանութ-սրահը: Նպատակ ունենք ներակայանալ և, ինչու չէ, նաև մրցակցել արտասահմանյան շուկայում, մասնավորապես` Վրաստան, Ռուսաստան, Եվրոպական որոշ երկրներ, ԱՄՆ և այլն:

Հայաստան լինի թե Հնդստան, ոչ մի կապ չունի. չստացողի մոտ միշտ էլ չի ստացվի: Իսկ համառներն ու իրենց ուժերին վստահողները վաղ թե ուշ կհասնեն իրենց ուզածին: Կարևորը փորձելն է: Փորձել… փորձել… փորձել… փորձել…

Դու անում ես այն, ինչ ամենից շա՞տն ես սիրում:

Ոչ. ամենից շատ սիրում եմ քնել ու կիթառ նվագել: Ես անում եմ այն, ինչ ինձ հաճույք է պատճառում: Ես զբաղվում եմ իմ սիրելի գործով: Իմ աշխատանքը ինձ չի ձանձրացնում, չեմ հոգնում շատ երկար աշխատելուց: Ոգեշնչվում եմ նոր բան ստեղծելուց և երբ ուրիշները այդ նորը գնահատում են ըստ արժանվույն:

Bow-X

Ի՞նչ խորհուրդ կտաս մարդկանց, ովքեր կարծում են, որ ինչ ուզում է՝ անեն, մեկ է՝ Հայաստանում «չի ստացվի»:

Խորհուրդ կտամ նախ և առաջ անել այն ինչը ամենաշատն են սիրում: Չաշխատել մի միջավայրում, մի աշխատավայրում, որտեղ տհաճություն են զգում ամեն առավոտ: Հայաստան լինի թե Հնդստան, ոչ մի կապ չունի. չստացողի մոտ միշտ էլ չի ստացվի:

Իսկ համառներն ու իրենց ուժերին վստահողները վաղ թե ուշ կհասնեն իրենց ուզածին: Կարևորը փորձելն է: Փորձել… փորձել… փորձել… փորձել…

In this article


Join the Conversation