11 ՄԻՋՈՑ ՀՐԱՇԱԼԻ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բիզնես գաղափարներ գտնելը հմտություն է, այն, ինչպես և ցանկացած այլ հմտություն, կարելի է զարգացնել և նոր նախագծերի հնարավորություն տեսնել այն ամենի մեջ, ինչ շրջապատում է մեզ: Փորձառու ձեռնարկատերերը իրենց ձեռքի տակ գաղափարների նոթատետր են պահում, որտեղ գրի են առնում նոր նախագծերի մտքերը:

32267
բիզնես գաղափարներ

Yahoo! Labsի նախկին գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, բազմաթիվ ստարտափների (ZonaSpace, ShouldKnow.ru, Geek Picnic, HomeWork, HackDay) հիմնադիր Յուրի Լիֆշիցը ահա թե ինչ խորհուրդներ է տալիս այն մարդկանց, ովքեր ուզում են սեփական գործ սկսել, բայց չգիտեն, թե որտեղ գտնել բիզնես գաղափարներ:

Yuriy Lifshits

ԱՊՐԵՔ ԱՊԱԳԱՅՈՒՄ

Քայլեք ժամանակին համընթաց, հետևեք ամենավերջին նորամուծություններին, կիրառեք ձեր կյանքում այն ամենը, ինչը դեռ երեկ գոյություն չուներ: Կարդացեք նոր հայտնագործությունների մասին: Ապագան ինքնագնաց մեքենաներինը, շարժական գաջեթներինն ու խելացի սարքերինն է:

Փորձեք պատկերացնել, թե ինչ սերվիսներ և ապրանքներ պետք է շրջապատեն դրանց: Հարցրեք ինքներդ ձեզ՝ «Ի՞նչ է լինելու ապագայում» և պատասխանեք, օրինակ, «Ապագայում բոլոր մեքենաները լինելու են էլեկտրական», «Ապագայում ոչ ոք կանխիկ գումարով չի վճարելու» և այլն: Իսկ հիմա մտածեք այն ընկերության մասին, որը հիմնադրելու եք հենց այդ ապագայում:

ԴԱՐՁԵՔ ՀՄՈՒՏ ՄԱՍՆԱԳԵՏ ՈՐԵՎԷ ՈԼՈՐՏՈՒՄ

Կան ոլորտներ, որտեղ անհնար է առաջ գնալ առանց փորձի, օրինակ՝ բժշկությունը, շինարարությունը, անվտանգության համակարգերը և այլն:

Այս ոլորտում ընկերություն հիմնող մարդիկ սովորաբար նախապես ձեռք են բերում այդ փորձառությունը՝ աշխատելով այլ ընկերություններում: Դառնալով «ներսի մարդ»՝ նրանք հմտանում են անհրաժեշտ չափով և նաև հստակ պատկերացում են կազմում այն բացթողումների մասին, որոնք կան դաշտում:

Մայքլ Բլումբերգը աշխատում էր Salomon Brothers ներդրումային բանկում: 1981 թվականին աշխատանքից ազատվելով և ստանալով $10 միլիոն դոլար որպես փոխհատուցում՝ նա բացեց սեփական ընկերությունը՝ Bloomberg L.P.-ն, որը տրամադրում էր ֆինանսական տեղեկատվություն հետաքրքրված ընկերություններին: Այսօր ընկերությունը ոլորտի առաջատարն է, Բլումբերգը՝ Նյու Յորքի քաղաքապետն է, իսկ նրա հարստությունը Forbes ցուցակի 13-րդ հորիզոնականում է:

Դարձեք մասնագետ որևէ կարևոր գործում, հանդիպեք մարդկանց հետ, հասկացեք նրանց խնդիրները և փորձեք լուծել դրանք՝ նոր մոտեցումներով: Հնարավորության դեպքում տիրապետեք 2 այդպիսի ոլորտի, դրանց խաչմերուկում դուք բազմաթիվ նոր հնարավորություններ կգտնեք՝ բժշկություն և վաճառքներ, IT և իրավագիտություն…

բիզնես գաղափարներ

ԼՈՒԾԵՔ ՍԵՓԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Գտեք այն խնդիրը, որը հենց ձեզ է խանգարում: Ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչի համար ձեզ չեն առաջարկում պատրաստի լուծումներ: Այդպիսի խնդիրներ սովորաբար առաջանում են երբ ձեր կյանքում փոփոխություներ են տեղի ուեննում, օրինակ, երբ ծնող եք դառնում:

Մանկական տակդիրների ներկայիս տարբերակը՝ Pampers-ը հայտնագործել է Procter & Gamble ընկերության քիմիկոս-տեխնոլոգ՝ Վիկտոր Միլլսը: Հոգատար պապիկը թոռնիկներին խնամելիս հոգնեց անընդհատ փոխել երեխաների տակդիրները և հենց տեղում հորինեց 20-րդ դարի հրաշքներից մեկը:

Նույնը նաև B2B ընկերությունների դեպքում: Եթե ընկերությունը անընդհատ բախվում է որոշակի խնդրի, որը լուծում չունի, շատ հաճախ ստեղծվում է մեկ այլ ընկերություն, որի նպատակը հենց տվյալ խնդրի համար լուծումներ առաջարկելն է:

Flickr-ը, օրինակ, ստեղծվել էր որպես մի օնլայն խաղի հավելված և նախատեսված էր օգտատերերի նկարները պահելու համար: Խաղն այսօր արդեն գոյություն չունի, իսկ ահա Flickr-ը լուսանկարների համակարգման ու տարածման լավագույն առցանց գործիքներից մեկն է այսօր:

ՓՆՏՐԵՔ ՑԱՎՈՏ ԿԵՏԵՐ

Ուշադրություն դարձրեք, թե որտեղ են մարդիկ գումար ու ժամանակ կորցնում, ինչից են նյարդայնանում, ինչն է ոչ արդյունավետ աշխատում: Հնարավորինս շատ բան իմացեք աղքատության, հիվանդությունների, գործազրկության, խցանումների, աղտոտվածության և բոլոր նմանատիպ խնդիրների մասին: Մտածեք այդ ամենի լուծումների շուրջ և ներկայացրեք ձեր գաղափարները հանրությանը:

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵՔ ԱՐԴԵՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂԸ

Շատ բան մարդկանց համար տհաճ է՝ տան վարձակալությունը, վիզաների ստացումը, ավտոմեքենայի կայանումը, բժշկի այցելությունը: Մտածեք, թե ինչպես այդ ամենը կարելի է դարձնել ավելի հեշտ ու հաճելի: Օգտագործեք նոր տեխնոլոգիաները այդ ամենը վերաիմաստավորելու համար: Օրինակ, ինչպե՞ս պետք է աշխատեն հիվանդանոցները այս թվային դարում, ինչպե՞ս կարելի է սմարթֆոնների միջոցով հեշտացնել տան առք ու վաճառքը կամ վարձակալությունը:

ՄԻՄՅԱՆՑ ԿԱՊԵՔ ԷԺԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ՀԱՐՈՒՍՏ ԳՆՈՐԴՆԵՐԻՆ

Էժան գնելու և թանկ վաճառելու տարբերակը աշխատում է դարեդար: Այսօր դա էլ ավելի հեշտ է, քանի որ տարածական սահմանափակումներ չկան, և ապրանքն ու գնորդը կարող են լինել աշխարհի հակառակ ծայրերում:

ԿՐԿՆՕՐԻՆԱԿԵՔ՝ ԱՆԵԼՈՎ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ

Շատ մեծ ու հաջողակ ընկերություններ են սկսել իբրև կրկնօրինակումներ: Ի՞նչ կարող եք ավելացնել դուք արդեն իսկ իրականացված գաղափարներին՝ կիրառման նոր տարբերա՞կ, ավելի լավ սերվի՞ս, բարձր որա՞կ: Աշխարհում ստեղծված շատ նոր գաղափարներ շարժվում են երկրեերկիր ու ենթարկվելով որոշակի փոփոխությունների՝ նոր կիրառություններ գտնում: Արդեն գոյություն ունեցող գաղափարը փոփոխելն ու օգտագործելը ավելի վստահելի է, քան անհայտ բանի հետևից գնալը:

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ

1980-ական թվականներին Հովարդ Շուլցն աշխատում էր Սթարբաքսում, որն այդ ժամանակ ընդամենը հատիկավոր սուրճի վաճառքով զբաղվող ընկերություն էր: Երբ Հովարդ Շուլցն այցելեց Միլան, ամեն փողոցի վրա սրճարան տեսավ: Մարդիկ այնտեղ ոչ միայն սուրճ էին վայելում, այլև հանդիպումներ էին կազմակերպում: Սրճարանները Իտալիայի կյանքի անբաժան մասնիկն էին, և նրանց թիվն ավելի քան 200.000 էր:

Վերադառնալով ԱՄՆ՝ Շուլցը փորձեց համոզել Սթարբաքսի սեփականատերերին նույնը կիրառել նաև իրենց մոտ, բայց նրա կարծիքն, իհարկե, ոչ ոքի պետք չէր: Շուլցը հեռացավ ընկերությունից և սեփական սրճարանը բացեց: Մի քանի տարի անց նա այնպիսի հաջողության հասավ, որ գնեց Սթարբաքսը նախկին տերերից և վերածեց համաշխարհաին երևույթի:

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՄՏԱԾԵՔ ՆՈՐԱԲԱՑ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մեծ ընկերությունների նոր նախագծերը ստեղծում են բազմաթիվ նոր հնարավորություններ: Եթե արագ արձագանքեք դրանց, ապա կկարողանաք մեծ շուկայի մասը դառնալ:

Երբ 1975 թվականին MITS ընկերությունը թողարկեց առաջին անձնական օգտագործման համակարգիչը՝ Altair 8800-ը, Հարվարդի ուսանողներից մեկը, թերթում այդ լուրը կարդալով, որոշեց, որ այդ համակարգչի համար ծրագրային ապահովում ստեղծելը վատ բիզնես գաղափար չէ: Այդ ուսանողը Բիլլ Գեյթսն էր, ով այդպես ստեղծեց Microsoft-ը:

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵՔ ԱՆՊԵՏՔ ԱՊՐԱՆՔԸ

Վերցրեք կամ ստեղծեք ամենասովորական և ոչ այնքան հաճախ կիրառվող մի իր և սկսեք հարցնել ընկերներին. ի՞նչն է պետք փոխել, որպեսզի նրանք սկսեն օգտագործել այն: Կատարելագործեք ապրանքը և կրկին հարցրեք: Շարունակեք այդ կերպ մինչև ձեր ապրանքը չդառնա մի բան, որ կցանկանան կիրառել միլիոնավոր մարդիկ:

ՇՓՎԵՔ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ

Կան մարդիկ, որոնք ունեն հրաշալի գաղափարներ, բայց չունեն բավականաչափ ժամանակ այդ բոլորի իրականացման համար: Խնդրեք նրանց կիսվել ձեզ հետ: Հաճախ ձեռնարկատերերը ավելի շատ սիրում են իրենց սեփական գաղափարները, իսկ այլ մարդկանց գաղափարները համարում են երկրորդական իրենց համար: Թույլ մի տվեք, որպեսզի ինքնասիրությունը կանգնի ձեր և հրաշալի հնարավորության մեջտեղում:

Այդպես Էլոն Մասկը իր զարմիկներին նվիրեց արևային մարտկոցների տեղադրման և սպասարկան ընկերություն ստեղծելու միտքը: Այսօր Լինդոն և Փիթեր Ռայվերի ընկերությունը՝ SolarCity-ն, գնահատվում է միլիարդավոր դոլարների չափով:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին