ԽԱՐԻԶՄԱՅԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բավական հաճախ մենք լսում ենք, երբ ինչ-որ մեկի մասին ասում են. «Ինչպիսի՜ խարիզմա ունի»: Թվում է, թե դա՝ խարիզմայով օժտված լինելը, միայն ընտրյալներին է հատուկ: Բայց իրականում այդպես չէ...

10206
հանրային ելույթ

Խարիզման ինչ-որ գաղտնի ու գերմարդկային հատկություն չէ, որին կարող են տիրապետել միայն սահմանափակ թվով մարդիկ: Դա այն չէ, որ կամ ունես, կամ չունես: Խարիզման հմտություն է: «Խարիզմա. ինչպես ազդել, համոզել և ոգեշնչել» գրքի հեղինակ Օլիվիա Կաբեյնը համոզված է այս տեսակետի մեջ: Նրա կարծիքով բոլորովին պարտադիր չէ լինել հմայիչ, շփվող կամ կտրուկ փոխել անհատականությունը խարիզմատիկ երևալու համար:

Այս հոդվածում Internest.am-ը ներկայացնում է մասնագետի խորհուրդները հասարակական ելույթների ժամանակ ձեր խարիզման ընդգծելու համար:

ԿՈՍՏՅՈՒՄ

Խարիզմատիկ կերպարի ստեղծման համար հարկ է սկսել ձեր հագուստի գունային գամմայի ընտրությունից, որով պատրաստվում եք հանրային ելույթ ունենալ: Ձեր կոստյումի գույնը որոշակի իմաստ է պարունակում:

Կարմիր – էներգիա, կիրք: Այս գույնի հագուստ կրում են ունկնդիրներին արթնացնելու, «ոգևորելու» համար,
Սև – ցույց է տալիս վճռական տրամադրվածություն,
Սպիտակ – հուշում է ազնվության, բարեհոգության մասին,
Կապույտ – վստահություն է ներշնչում,
Մոխրագույն – ամենաչեզոք տարբերակն է, բնորոշ է բիզնես ելույթների համար:

Այս նրբությունները հաշվի առնելով՝ դուք կարող եք նաև հետաքրքիր համադրություններ անել՝ այդպիսով, ավելի մեծ տպավորություն գործելով:

ԹԵԹԵՎ ՈՒ ՉՊԱՐՏԱԴՐՈՂ ԵԼՈՒՅԹ

Որպեսզի ձեր ելույթը տպավորվի առանձնահատուկ խարիզմայով, հարկավոր է թեթև և չպարտադրող ելույթ ունենալ: Իսկ դրան կարելի է հասնել՝ ելույթը համառորեն փորձելով: Ձեր փորձը կարող եք նախապես ձայնագրել տեսախցիկով և վերացնել ավելորդ ժեստերը, քայլերը, բառերը:

Դուք կզգաք, թե որքան հաճախ եք օգտագործում «ը-ը-ը», «է-է-է» և այլ ավելորդություններ, որոնք հավանաբար չեք էլ նկատում խոսքի ընթացքում: Խարիզմայով ելույթ ունենալու համար միանշանակ պետք է ելույթը նախապես մի քանի անգամ փորձել: Այլ տարբերակ չկա:

ՏԻՐԱՊԵՏԵՔ ԱՅՆ ՀԱՐԹԱԿԻՆ, ՈՐՏԵՂ ԵԼՈՒՅԹ ԵՔ ՈՒՆԵՆՈՒՄ

Առաջին հերթին գտեք ձեզ համար հարմար ու ազատ կեցվածք: Ձեր ժեստերը պետք է ցույց տան, որ Դուք բաց եք լսարանի առջև, անկեղծ ու ազնիվ եք նրա հետ: Ամբիոնի հետևում թաքնվելը, ձեռքերը կրծքին խաչելը կամ դրանք մեջքի հետևում դրած քայլելը տպավորություն կարող են ստեղծել, որ դուք վախենում եք ինչ-որ բանից, լարված եք կամ, ընդհակառակը, վերևից եք նայում լսարանին: Ընտրեք այն ժեստերը, որոնք ձեր ելույթին կենդանի, բնական ու դինամիկ տրամադրություն կհաղորդեն:

Շատ կարևոր է նաև ձայնի բարձրությունը: Դա հիմնականում կախված է այն բարձրախոսից, որից օգտվելու եք: Ելույթից առաջ խնդրեք վերջին շարքում նստած ներկաներին գնահատել ձեր ձայնի բարձրությւոնը:

ԵԼՈՒՅԹԻ ՈՃԸ

Փորձեք ելույթ ունենալ ոչ ֆորմալ զրույցի տեսքով: Դա մարդկանց վրա թողնում է հռետորի հետ մտերմության տպավորություն: Պատկերացրեք, որ ձեր առջև նստած մարդկանց հետ գտնվում եք ավելի հարմարավետ միջավայրում, և որ իրականում նրանք ձեր մոտ ընկերներն են: Խոսեք նրանց հետ այնպես, ասես ինչ-որ կարևոր գաղտնիք եք վստահում նրանց:

Պետք չէ ելույթը շատ բարդացնել: Մարդիկ առանց այդ էլ շատ գործ ու հոգս ունեն, և կարիք չկա նրանց միտքը ծանրաբեռնել: Որոշեք ձեր հիմնական միտքը և այն հնարավորինս պարզ ու թափանցիկ դարձրեք զրույցի ընթացքում: Ամրապնդեք միտքը 4-5 հիմնավորումներով, որոնց թվում պետք է լինի 1 գրավիչ պատմություն, 1 հետաքրքիր վիճակագրություն և 1 վառ ու տպավորվող փոխաբերություն:

ԸՆԹԱՑԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵԼՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Եթե դուք սխալ եք թույլ տվել, լեզվի սայթաքում եք ունեցել կամ ինչ-որ կարևոր միտք եք մոռացել, կարիք չկա դրա համար կարմրել, խառնվել իրար ու իրավիճակի վերահսկողությունը ձեռքից բաց թողնել:

Հայտնի հռետորները, բիզնեսմենները հաճախ դիտմամբ են սխալներ թույլ տալիս իրենց խոսքում, որպեսզի ավելի մտերմիկ շփում ստեղծեն իրենց և ունկնդիրների միջև:

Այս գործողությունները ձեզ կօգնեն ընդգծել ձեր խարիզման և իսկապես հիշվող ելույթ ունենալ: Խորհուրդները ներկայացված են ըստ Օլիվիա Կաբեյնի «Խարիզմա. ինչպես ազդել, համոզել և ոգեշնչել» գրքի:

Կարդացեք նաև ելույթը սկսելու և ամփոփելու հետաքրքիր տարբերակների մասին:

In this article


Join the Conversation