ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ 12 ԱՆՊԵՏՔ ԳԾԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ԱՐԺԵ ԱԶԱՏՎԵԼ

Որո՞նք են այն սովորույթներն ու բնավորության գծերը, որոնք ամենից հաճախ են խանգարում մարդկանց երջանիկ լինել և նրանց կյանքը դաձնում են խնդիրներով ու բացասական մտքերով ծանրաբեռնված:

20307
անպետք բնավորության գծեր

Եթե թույլ տաք այս սովորույթներին ղեկավարել ձեր կյանքը, ապա այն կդառնա իսկական խնդիրների կծիկ, այնպիսին, որ արդեն չեք էլ կարողանա գլուխ հանել, թե ինչն է ձեզ ամենից շատ խանգարում ու փչացնում ձեր տրամադրությունը: Իսկ եթե հենց այս պահից սկսած կարողանաք մեկ առ մեկ ազատվել դրանցից, ապա ձեզ համար լսելի կդառնա ձեր ներքին ձայնը, և դուք կսկսեք ապրել ավելի լիաթոք ու երջանիկ կյանքով:

Դադարեք ապացուցել մարդկանց ձեր իրավացիությունը: Շատ մարդիկ պատրաստ են հարաբերություններ փչացնելու գնով, մարդկանց ցավ պատճառելու և սթրեսային իրավիճակներ ստեղծելու գնով բոլորին համոզել իրենց տեսակետների ճշմարտացիությունը: Տեսակետ փոխելը կամ զրուցակցի տեսակետի հետ համաձայնելը այն խնդիրը չէ, որի համար արժե անցնել վերոնշյալի միջով: Ի վերջո, դուք միշտ էլ կարող եք ապրել և գործել ձեր սկզբունքների համաձայն, բայց բոլորովին պարտադիր չէ այդ ամենը փաթաթել զրուցակցի վզին:

Մի փորձեք ամեն ինչ վերահսկել: Դուք, միևնույն է, չեք կարող ունենալ 100%-անոց վերահսկողություն բոլոր ոլորտների և մարդկանց վրա: Մի փորձեք ստիպել ձեր բարեկամներին, մտերիմներին, երեխաներին ու ընկերներին ապրել այս կամ այն կերպ: Թույլ տվեք նրանց լինել այնպիսին, ինչպիսին կան:

Ազատվեք մեղքի զգացումից: Հաճախ մենք չենք կարողանում երջանիկ լինել կամ վայելել արդեն ձեռք բերածը, եթե նույնը չունեն մարդիկ մեր շրջապատում: Սակայն ավելի հաճախ լինում է հակառակ տարբերակը: Մենք սկսում ենք մեղադրել շրջապատին մեր ունեցածի կամ չունեցածի համար: Մինչդեռ յուրաքանչյուր մարդ իր կյանքի կերտողն է: Եթե ձեր կյանքի ղեկը և ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա վերցնեք, ամեն ինչ ճիշտ հունով կընթանա:

Մի ունեցեք բացասական զրույցներ ինքներդ ձեզ հետ: Այնքան շատ են մարդիկ վնաս հասցնում իրենք իրենց՝ թույլ տալով, որ բացասական մտքերն ու հույզերը կառավարեն իրենց կյանքը: Այդպիսի պահերի մի վստահեք ձեր մտքերին, թույլ մի տվեք նրանց համեզել ձեզ, որ ամեն ինչ վատ է, որ դոք ձեզնից որևէ բան չեք նարկայացնում, որ ոչ ոքի պետք չեք, որ գլուխ չեք հանի և այլն և այլն: Հավատացեք` դուք շատ ավելիին եք ընդունակ, քան կարող եք պատկերացնել:

Վերջ տվեք բողոքելուն: Մարդկանցից, իրավիճակներից ու տարբեր դեպքերից բողոքելը ձեզ դարձնում է դժբախտ, տխուր ու ընկճված: Ոչ ոք ու ոչ մի բան չի կարող մեզ երջանիկ կամ դժբախտ դարձնել, եթե մենք ինքներս դա չցանկանանք:

Մի քննադատեք մարդկանց, ովքեր տարբեր են ձեզնից, տարբեր կերպ են ապրում, տարբեր սկզբունքներ ու արտաքին ունեն: Մի քննադատեք նաև այն իրավիճակները, որոնք չեն համապատասխանում ձեր սպասելիքներին: Այդ ամենը իրավունք ունի գոյություն ունենալ՝ անկախ նրանից, դուք համաձայն եք, թե ոչ:

Մի փորձեք տպավորություն թողնել ուրիշների վրա: Դրա համար առաջին հերթին հարկավոր է սիրել և ընդունել ինքներդ ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: Այդպես դուք կկարողանաք մի կողմ դնել բոլոր դիմակները և մարդկանց հետ լինել այնպիսին, ինչպիսին կաք: Չեք էլ կարող պատկերացնել, թե դա ինչպիսի թեթևություն կբերի ձեր կյանք:

Մի հակառակվեք փոփոխություններին: Փոփոխությունները անհրաժեշտ են, որպեսզի կարողանաք առաջ շարժվել: Չէ՞ որ եթե հետ նայեք ձեր անցած կյանքին, ամենայն հավանականությամբ կտեսնեք, որ ամենահետաքրքիր, ամենալավ բաները ձեր կյանքում տեղի են ունեցել, երբ որևէ բան է փոխվել, երբ դուք որևէ որոշում եք կայացրել ու փոխել ձեր աշխատանքը, ապրելակերպը, շրջապատը: Մինչդեռ միանման անցած տարիները ձեր կյանքին որևէ գույն չեն ավելացրել: Թույլ տվեք, որ փոփոխությունները ավելի լավը դարձնեն ձեզ ու ձեր կյանքը: Ի վերջո յուրաքանչյուր նոր իրավիճակ ձեզ հանարավորություն է տալիս նաև նոր բան սովորել և ինքնակատարելագործվել:

Բաց թողեք անցյալը: Դա շատ դժվար է, հատկապես եթե անցյալը ձեզ ավելի է դուր գալիս, քան ներկան, իսկ ապագան փոքր-ինչ վախեցնում է: Լինում է նաև այն տարբերակը, որ անցյալը չափազանց մռայլ ու վատն է եղել և հագիստ չի տալիս, իսկ դուք ուզում եք վերջապես ջնջել այն ու կյանքը նորից սկսել: Որպեսզի կարողանաք ազատվել անցյալով ապրելու վնասակար սովորույթից, պետք է պարզապես ընդունել, որ անցյալը ձեզ տրված է եղել նրա համար, որպեսզի համապատասխան փորձ ձեռք բերեք, իսկ ներկան այն ամենն է, ինչ դուք ունեք այս պահին:

Փորձեք ազատվել վախերից: Դրանք ընդամենը գոյություն ունեն ձեր գլխում: Դրանք բոլորը դուք ինքներդ եք ստեղծել: Ղեկավարեք ձեր միտքը. դուք ձեր մտքերի տերն եք, այլ ոչ թե ստրուկը:

Դադարեք արդարանալ ինքներդ ձեր և առհասարակ բոլորի առաջ: Ինքներդ ձեր առջև արդարանալով՝ դուք միշտ պատճառներ կգտնեք ինչ-որ բան չանելու, չգործելու, երազանքից հետ կանգնելու համար, իսկ ահա ուրիշների առջև արդարանալով՝ դուք ինքներդ ձեզ սկսում ենք համարել ինչ-որ փոքրիկ ու աննշան երևույթ հանգամանքների և մարդկային հարաբերությունների մեջ: Կորցնում եք ինքնավստահությունն ու դադարում եք հարգել ինքներդ ձեզ:

Մի ապրեք ձեր կյանքը ուրիշների սպասումներին համաձայն: Մարդիկ հաճախ ապրում են այն կյանքով, որը բոլորովին իրենցը չէ: Նրանք ապրում են այնպես, ինչպես ուրիշներն են համարում, որ լավ է իրենց համար, անում են այն, ինչ իրենցից սպասում են ծնողները, ընկերները, ուսուցիչները, հասարակությունը: Մարդիկ մոռանում են իրենց ներքին ձայնի ու իրենց իրական կոչման մասին: Նրանք այնքան զբաղված են ուրիշների սպասելիքները իրականություն դարձնելով, որ կորցնում են վերահսկողությունը իրենց կյանքի վրա:

Փորձեք հասկանալ, թե ինչն է ձեզ երջանկացնում, ինչ եք ուզում իրականում: Ձեր կյանքն այստեղ է և հիմա: Լսեք ձեր ներքին ձայնը և թույլ մի տվեք այլ մարդկանց շեղել ձեզ ձեր իսկական ճանապարհից:

In this article


Join the Conversation