ԱՍՈՑԱՏԻՎ ԹԵՍՏ. ԽՈՐԱՆԱՐԴԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ

Այս փոքրիկ ասոցատիվ թեստը բավական հայտնի է հոգեբանների շրջանում: Թեստի համար ձեզ պետք կգա վառ երևակայություն, ինչպես նաև թուղթ ու մատիտ, եթե ցանկություն ունենաք նաև պատկերել այն, ինչ կհուշի ձեր երևակայությունը:

10183
Ասոցատիվ թեստ - խորանարդը անապատում

Թեստի հարցերին պատասխանելիս տեսարանները հարկավոր կլինի պատկերացնել ամենայն մանրամասնությամբ, որովհետև դրանք նույնպես շատ կարևոր են:

Եվ այսպես, փորձեք ձեզ պատկերացնել անապատում: Դուք տեսնում եք միայն դեղին ավազ և կապույտ երկինք: Հիմա պատկերացրեք, որ անապատում հայտնվում է մի խորանարդ: Որտե՞ղ է այն տեղավորում ձեր երևակայությունը՝ օդո՞ւմ, թե՞ ավազի վրա:

Ինչպիսի՞ն է այդ խորանարդը: Մե՞ծ, թե՞ փոքր: Կա՞ արդյոք նրա մեջ ինչ-որ բան: Ինչի՞ց է պատրաստված խորանարդը: Ի՞նչ բառերով կցանկանայիք բնորոշել այն:

Հիմա փորձեք այդ տեսարանին ավելացնել աստիճաններ: Որոշեք, թե ինչ նյութից է պատրաստված այն:Որքա՞ն է աստիճանը երկար, որքա՞ն հեռու է այն խորանարդից, որտե՞ղ է տեղադրված:

Որոշեք՝ արդյոք անապատում կան ծաղիկներ: Որտե՞ղ են գտնվում դրանք: Ի՞նչ տեսակի ծաղիկներ են դրանք, ի՞նչ գույնի և քանի՞սն են:

Հիմա ժամանակն է պատկերացնելու մի ձի: Հարկավոր է նրան պատկերացնել ամենայն մանրամասնությամբ: Ի՞նչ գույնի է այն, որքա՞ն մեծ է, ի՞նչ հեռավորության վրա է գտնվում խորանարդից: Փորձեք նկարագրել նրան նաև այլ բառերով:

Եվ վերջին բաղադրիչը փոթորիկն է: Որքան ուժեղ կլինի այն, նույնպես դուք եք որոշում: Որտե՞ղ է այն տեղի ունենում: Ձեր պատկերացրած տեսարանի ո՞ր բաղադրիչներին այն կդիպչի:

Եթե ձեր տեսարանն արդեն պատկերացրիք ամենայն մանրամասնությամբ, կարող եք ընթերցել թեստի մեկնաբանությունը:

Խորանարդը հենց ձեր պատկերն է, ձեր պատկերացումը ինքներդ ձեր մասին իբրև մարդ: Նրա տեղադրությունը ավազի վրա ցույց է տալիս, որ դուք իրատես մարդ եք և գործում եք նախապես որոշած ծրագրերի համաձայն: Իսկ եթե խորանարդը օդում է, ապա դուք երազկոտ անձ եք: Եթե ավազի մեջ խրված, թաղված խորանարդ եք պատկերացրել, ապա այս պահին դուք ճնշում եք զգում ձեզ վրա շրջապատի կողմից: Եթե խորանարդը ուղիղ չի տեղադրված, ապա այս պահին ձեր հոգում ներքին պայքար է ընթանում:

Խորանարդի չափերը ձեր ինքնագնահատականն է: Եթե այն մեծ է, ապա դուք ձեզ համարում եք հաջողակ մարդ: Փոքր խորանարդը ցույց է տալիս, որ ձեզ պակասում է հավատ սեփական ուժերի հանդեպ: Եթե խորանարդը պատրաստված է ամուր նյութից, ապա նշանակում է՝ դուք ամուր բնավորություն ունեք, ձեզ վրա կարելի է հույս դնել դժվար պահերի, դուք միշտ գիտեք, թե ինչպես է պետք վարվել: Ապակյա կամ այլ թափանցիկ նյութից կազմված խորանարդը ցույց է տալիս, որ դուք անկեղծ ու բաց մարդ եք, ում հեշտ է վիրավորել: Եթե ձեր խորանարդի մեջ թանկարժեք քարեր կան, ապա դուք ձեզ առանձնահատուկ մարդ եք համարում:

Այն, ինչ դուք տեղադրել եք խորանարդի ներսում, ձեր ներքին աշխարհի արտացոլանքն է: Եթե դուք խորանարդը դատարկ եք թողել, ապա, ամենայն հավականությամբ, այս պահին չգիտեք, թե ինչ անել: Բառերը, որոնցով բնորոշել եք խորանարդը, վերաբերում են ձեր անհատականությանը:

Աստիճանները խորհրդանշում են այն, թե ինչպես եք դուք փոխհարաբերվում ձեզ շրջապատող մարդկանց հետ: Ուղիղ աստիճանները ցույց են տալիս, որ դուք հեշտությամբ եք նոր ծանոթություններ հաստատում, շփվում նոր մարդկանց հետ: Պտտվող կամ կոր աստիճանները ցույց են տալիս, որ դուք նախընտրում եք խուսափել նոր ծանոթություններից՝ վախենալով խաբված դուրս գալ: Եթե աստիճանները բավականաչափ ամուր են և երկար, նշանակում է, դուք ունեք շատ ընկերներ և մտերիմներ: Այն, թե որքան հեռու է գտնվում աստիճանը խորանարդից, ցույց է տալիս նոր ծանոթություններ հաստատելու ձեր պատրաստակամությունը:

Ծաղիկները երեխաներն են և նրանց նշանակությունը ձեր կյանքում: Եթե դուք դրանք չեք տեղադրել ձեր նկարում, ապա դուք դեռ պատրաստ չեք ծնողական պարտականություններին: Ծաղիկների քանակությունը ցույց է տալիս, թե քանի երեխա եք ցանկանում ունենալ: Եթե ձեր ծաղիկները վառ գույներով են, ապա դուք ամեն ինչ անում եք, որ ձեր երեխաների համար ապահովեք անհոգ ու երջանիկ կյանք: Ծաղիկների չափազանց շատ քանակությունը անապատում նշանակում է, որ դուք կապել եք ձեր կյանքը կամ ցանկանում ենք կապել երեխաների հետ: Եթե խորանարդը ամբողջությամբ ծածկվել է ծաղիկների հետևում, ապա ձեզ հոգնեցրել է երեխաների մասին հոգ տանելը:

Ձին ցույց է տալիս ձեր հարաբերությունները ձեր երկրորդ կեսի հետ: Եթե դուք ուժեղ և մեծ ձի եք պատկերացրել, ապա տեսնում եք կամ սպասում եք այդպիսի որակներ ձեր զուգընկերոջ մեջ: Փոքր ձին ցույց է տալիս, որ դուք նախընտրում եք իշխող դեր խաղալ ձեր հարաբերությունների մեջ: Եթե ձին ազատ զբոսնում է անապատում, ապա այդպիսին են նաև ձեր հարաբերությունները, իսկ եթե ձին կապված է, ապա դուք փորձում եք միշտ և ամեն ինչում վերահսկել ձեր զուգընկերոջը: Այն, թե որքան մոտ է գտնվում ձին խորանարդին, ցույց է տալիս ձեր մտերմության և հուզական կապի ուժգնության աստիճանը:

Փոթորիկը այն անախորժությունների պատկերն է, որոնք հանդիպում են ձեր ճանապարհին: Եթե այն շատ մոտ է գտնվում խորանարդին, ապա դուք ձեր կյանքի լավագույն շրջանը չեք ապրում: Եթե փոթորիկը հեռվում է, ապա դուք այս պահին այնքան էլ չեք անհանգստանում ինչ-որ խնդիրների պատճառով: Եթե փոթորիկը վնասել է պատկերված առարակներից որևէ մեկը, ապա այս պահին դուք ունեք խնդիրներ հենց այդ ոլորտում: Եթե փոթորիկն ավարտվում է, ապա շուտով ձեր կյանքում դրական փոփոխություններ կլինեն:

Այս թեստը կարելի է անցնել մեկից ավելի անգամ, չէ՞ որ կյանքը փոխվում է, փոխվում են մեր պատկերացումները և մեր վերաբերմունքը կայնքի հանդեպ:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին